Հա

Քաղաքական

20/07/2021 - 18:10

Երասխի շուրջ ստեղծւած իրավիճակը յետընտրական առաջին, ու, ցաւօք, ոչ վերջին գինն է. «Պատիւ ունեմ» դաշինքը յայտարարութիւն է տարածել

Յունիսի 20-ի խայտառակ ընտրութիւններից անցել է մէկ ամիս: Աղաղակող ապօրինութիւնները այդ զաւեշտի չարեաց փոքրագոյնն էին: Առաւել մեծ չարիք էր դրանց արդիւնքում կապիտուլեանտի «յաղթանակի» ազդարարումը, ինչը մահացու հարւած է Հայաստանի պետականութեանը, ինքնիշխանութեանը եւ արժանապատւութեանը: Այս մասին յայտարարութիւն է տարածել «Պատիւ ունեմ» դաշինքը:

«alikonline.ir» - Յունիսի 20-ի խայտառակ ընտրութիւններից անցել է մէկ ամիս: Աղաղակող ապօրինութիւնները այդ զաւեշտի չարեաց փոքրագոյնն էին: Առաւել մեծ չարիք էր դրանց արդիւնքում կապիտուլեանտի «յաղթանակի» ազդարարումը, ինչը մահացու հարւած է Հայաստանի պետականութեանը, ինքնիշխանութեանը եւ արժանապատւութեանը: Այս մասին յայտարարութիւն է տարածել «Պատիւ ունեմ» դաշինքը:

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւում է.

«Հայաստանի սահմաններին ստեղծւած իրավիճակը, Երասխի շրջակայքում տեղակայւած մարտական դիրքերի ուղղութեամբ վերջին օրերին դրսեւորւող լարւածութիւնը խորը մտահոգութիւնների տեղիք են տալիս:

Կապիտուլեանտ իշխանութիւնների՝ մեր հասարակութեանը խոստացւած անարժանապատիւ խաղաղութիւնը ոչ միայն մեր երկրին կայունութիւն, անվտանգութիւն եւ իրական անդորր չի բերել, այլեւ էապէս մեծացրել է նոր ագրեսիայի հաւանականութիւնն ու մեր անվտանգութեանը սպառնացող վտանգները»:

Պէտք է արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի բաւարարւել պատերազմում եւ պատերազմից յետոյ կորզած զիջումներով, այլ օգտւելով Հայաստանի իշխանութիւնների անարժանապատիւ կեցւածքից, ապիկարութիւնից, իրադրութիւնը սխալ գնահատելու որակներից, առաջ է քաշել նոր կապիտուլեացիոն օրակարգ:

Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ անկախ այս սահմանային լարւածութեան բուն նպատակներից, դրդապատճառներից, անխուսափելիօրէն աճում են, ինչը յղի է անդառնալի հետեւանքներով:

Անվտանգութեան համակարգի անհրաժեշտ վերանայումների փոխարէն սրանք զբաղւած են ընդդիմախօսների նկատմամբ տոտալ ճնշումների, սպառնալիքների եւ կալանաւորման գործողութիւններով, իսկ «մուրճի գործածումը» միայն ներքաղաքական ենթատեքստ ունի:

Մնացած բոլոր դէպքերում, յատկապէս՝ արտաքին թշնամիների հետ յարաբերութիւններում մկանների ցուցադրումը փոխարինւում է գլխիկորութեամբ, ընկճւածութեամբ եւ ծնկի իջնելու մեծ պատրաստակամութեամբ:

Կեանքի է կոչւում՝ «ներսում մուրճ, դրսում՝ սկուտեղ» քաղաքականութիւնը:

Ինչպէս բազմիցս զգուշացրել ենք, տւեալ իրողութիւնը էլ աւելի է թուլացնում Հայաստանի դիրքերը թէ տարածաշրջանում, թէ աշխարհում:

Երասխի շուրջ ստեղծւած իրավիճակը յետընտրական առաջին, ու ցաւօք, ոչ վերջին գինն է, որ վճարւում է ամուլ իշխանութիւնների վերարտադրութեան համար: Նման դէպքերը կրելու են շարունակական բնոյթ եւ ախտահարելու են ինչպէս հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը, այնպէս էլ Արցախի կտրտած բնագծերը:

Գործող իշխանութիւնն այս խնդիրները միայն խորացնելու է ու ներքաշի բոլորիս հերթական վտանգաւոր ոլորապտոյտի մէջ՝ յղի նոր տարածքային եւ մարդկային կորուստներով, ընդհուպ մինչեւ Հայաստանի պետականութեան վերջնական կործանում:

Կապիտուլեանտների հետագայ պաշտօնավարումը մեր երկրին նոր արկածախնդրութեան շեմին է կանգնեցնելու, եւ որքան արագ սրանք հեռանան, այդքան կը մեծանայ մեր վիրաւոր երկիրը վերականգնելու, կեանքը բնականոն հուն վերադարձնելու հաւանականութիւնը:

«Պատիւ ունեմ» դաշինքը հնարաւոր բոլոր միջոցներով շարունակելու է պայքարը այս իշխանութիւնների կամայականութիւնների, ապօրինութիւնների զսպման ուղղութեամբ՝ որպէս գլխաւոր նպատակ ունենալով նրանց հեռացումն ու մեր ժողովրդին իրական ու արժանապատիւ խաղաղութիւն եւ անվտանգութիւն բերելու առաջնահերթութիւնը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։