Հա

Քաղաքական

20/07/2021 - 20:00

«Հայաստան» դաշինքը որոշում է վերցնել պատգամաւորական մանդատները. յայտարարութիւն

Այս պայմաններում «Հայաստան» դաշինքը, կարեւորելով դեռեւս 2020 նոյեմբերին սկսւած ժողովրդական շարժման եւ ընտրութիւններին իրեն ձայն տւած առնւազն 270 հազար քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է վերցնել պատգամաւորական մանդատները՝ ստանձնելով նաեւ խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատւութիւնը:

«Հայաստան» դաշինքը յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հայրենակիցնե՛ր

Սահմանադրական դատարանը յուլիսի 17-ի իր որոշմամբ Հայաստանում անցկացւած արտահերթ ընտրութիւնների արդիւնքն անվաւեր չճանաչեց։ Անտեսելով վարչական ռեսուրսի օգտագործման, Սահմանադրութեան եւ օրէնքների խախտման ու կեղծիքների բազմաթիւ փաստերը, տեղի տալով իշխող քաղաքական խմբակի ճնշումներին՝ Բարձրագոյն դատարանը հրաժարւեց Սահմանադրութեամբ իրեն վերապահւած առաքելութիւնից։

Արդիւնքում՝ երկրում ստեղծւած ներքաղաքական ճգնաժամը յաղթահարելու հնարաւորութիւնը ոչ միայն չօգտագործւեց, այլեւ աւելի խորացաւ՝ վտանգելով Հայաստանի պետականութեան գոյութիւնն ու երկրի տարածքային ամբողջականութիւնը։

Այս պայմաններում «Հայաստան» դաշինքը, կարեւորելով դեռեւս 2020 նոյեմբերին սկսւած ժողովրդական շարժման եւ ընտրութիւններին իրեն ձայն տւած առնւազն 270 հազար քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է վերցնել պատգամաւորական մանդատները՝ ստանձնելով նաեւ խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատւութիւնը:

Մենք ամբողջութեամբ գիտակցում ենք մեր պատասխանատւութիւնը մեր ընտրողների, Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի հայութեան առջեւ՝ այս կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող, նոր որակի իշխանութիւն ձեւաւորելու, հայութեան ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու եւ զարգացման ուղի դուրս բերելու հարցում։

Պայքարը շարունակւում է։

«Հայաստան» դաշինք

20.07.2021 թ.

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։