Հա

Քաղաքական

22/07/2021 - 19:00

«Եթէ իրենց թւում է` կարող են մեր ընկերներին առեւանգել ու խօսել կառուցողական յարաբերութիւններից, չարաչար սխալւում են». Ի. Սաղաթելեանն արձագանգել է Ն. Փաշինեանին

Նիկոլ Փաշինեանն այսօր կառավարութեան նիստում շնորհաւորեց ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առթիւ եւ կառուցողական աշխատանքի կոչ արեց:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանն այսօր կառավարութեան նիստում շնորհաւորեց ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առթիւ եւ կառուցողական աշխատանքի կոչ արեց:

 

Hraparak.am-ը հետաքրքրւեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելեանից, թէ շնորհակալութիւն յայտնելո՞ւ են Փաշինեանին իրենց շնորհաւորելու համար, կամ ո՞րն է իրենց արձագանգը այդ շնորհաւորանքին:

«Շնորհաւորանքի արձագանգելու խնդիր չկայ, որովհետեւ մենք ասել ենք, որ այս ընտրութիւնների արդիւնքների հետ համաձայն չենք, եւ այս իշխանութիւնը, ըստ էութեան, վերարտադրւել է՝ օգտագործելով իր վարչական ռեսուրսները, բազմաթիւ ընտրակեղծիքների դէպքեր, համատարած բռնաճնշումներ, որը նաեւ շարունակւում է մինչ այս պահը»,- ասաց Սաղաթելեանը:

 

- Նիկոլ Փաշինեանն այսօր կառավարութեան նիստում խօսեց նաեւ համագործակցային, ատելութեան խօսքից, բռնութեան խօսոյթից, վիրաւորանքից, արժանապատւութիւնը նւաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի մասին ինչպէս խորհրդարանական, այնպէս էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանգը սրան:

- Նախ պէտք է արձանագրել, որ ատելութեան խօսքը քաղաքական դաշտ ներմուծել է վարչապետի պաշտօնակատարը: Անցնող երեք տարիներին շարունակական բռնութեան կոչեր հնչեցրել է հէնց ինքը՝ փռեմ ասֆալտին, թաթիկներդ կտրեմ եւ այլն, ինքն էր մուրճը վերցրել եւ ընկել փողոցները, ինքն էր հասարակութեանը բաժանել սեւերի եւ սպիտակների: Հետեւաբար՝ պէտք է սկսի հէնց իրենից, եւ այդ ամենի հասցէատէրը մենք չենք: Մենք միշտ էլ դէմ ենք եղել ատելութեան խօսքի տարածմանն ու անցնող երեք տարիներին մշտապէս խօսել ենք դրա կործանարար հետեւանքների մասին:

 

- Նա նաեւ յայտարարեց, որ իր կուսակցութիւնը ԱԺ-ում եւ դրանից դուրս տրամադրւած է կառուցողական, փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած աշխատանքի, կարելի է ասել՝ Փաշինեանն ընդդիմութեանը հաշտութեան ձեռք է մեկնում, դուք պատրա՞ստ էք սեղմել այդ ձեռքը:

- Այս իմաստով՝ նրա այդ յայտարարութիւնն այն շարքից է, որ ասել մի բան, անել ամբողջովին մէկ այլ բան: Եթէ իրենց թւում է, որ կարող են մեր ընկերներին առեւանգել, մեր համակիրներին, աջակիցներին ձերբակալել, ճնշել, Արցախի մեծագոյն մասը յանձնել թշնամուն, երկիրը կանգնեցնել աղէտի եզրին ու գալ մեզ հետ խօսել կառուցողական յարաբերութիւններից, չարաչար սխալւում են: Այս պահին մեր ֆրակցիայի երկու պատգամաւոր, ըստ էութեան, առեւանգւած է: Միւս երկու քաղաքապետերը՝ Առուշ Առուշանեանն ու Մանուէլ Փարամազեանը, ինչպէս եւ դաշինքի մի շարք այլ անդամներ ու համակիրներ, կամ ձերբակալւած են, կամ հետապնդւում են իրաւապահ մարմինների կողմից: Ուստի, Նիկոլ Փաշինեանը նման ելոյթից առաջ պէտք է անէր երկու քայլ՝ ազատ արձակէր բոլորին եւ դադարեցներ բռնաճնշումները, փակէր սոցցանցի՝ իր կամ իրեն սատարող օլիգարխների կողմից ֆինանսաւորւող կեղծ էջերը, հրատապ կարգով փակէր նաեւ բոլոր այն անյայտ ու յայտնի կայքերն ու իւթուբեան ալիքները, որոնք ամէն րոպէ տարածում են բացարձակ կեղծ, մոլորեցնող ու պառակտիչ նիւթեր: Բնականաբար, վերը թւարկւածը չի կարող կատարել այսօրւայ ելոյթի հեղինակը, քանի որ իր իշխանութեան հիմքերում ընկած է հէնց այդ ամէնը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։