Հա

Քաղաքական

24/07/2021 - 10:25

«Սեւ լճի յարակից տարածքում Ադրբեջանը մէկ յարկանի քարէ շինութիւն է կառուցել. պատրաստւում են այնտեղ ձմեռն անցկացնել». Գորիսի փոխքաղաքապետ

Ադրբեջանցիները շարունակում են ակտիւ շինարարական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքում՝ չսպասելով անգամ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Եոլեանը «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում տեղեկացրեց, որ ադրբեջանցիները շինարարական-ինժեներական ակտիւ աշխատանքներ են ծաւալում ընդհուպ ՀՀ տարածքում՝ Որոտանում, Շուռնուխում, անգամ Սեւ լճի տարածքում։

«alikonline.ir» - Ադրբեջանցիները շարունակում են ակտիւ շինարարական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքում՝ չսպասելով անգամ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին։ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Եոլեանը «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում տեղեկացրեց, որ ադրբեջանցիները շինարարական-ինժեներական ակտիւ աշխատանքներ են ծաւալում ընդհուպ ՀՀ տարածքում՝ Որոտանում, Շուռնուխում, անգամ Սեւ լճի տարածքում։

Որոտանի ճանապարհով երթեւեկողները կարող են անզէն աչքով էլ տեսնել, որ ներքեւի հատւածում ադրբեջանցիները շինարարութիւն են անում։

«Որոտանի մասով շինարարութիւնը վերջնական տեսքի բերւած չէ, մի փոքր շուտ է ասել, թէ իրենք ի՞նչ պլաններ ունեն ու ի՞նչ են փորձում կառուցել։ Բայց որ ե՛ւ Շուռնուխի, ե՛ւ Որոտանի հատւածում որոշակի ակտիւութիւն նկատւում է, շինարարական աշխատանքներ են իրականացնում՝ դա փաստ է, անզէն աչքով տեսանելի է։ Ցանկացածը, ով անցնում է այդ ճանապարհով, տեսնում է, որ որոշակի աշխատանքներ թշնամու կողմից իրականացւում են՝ բայց թէ ի՞նչ, տեսանելի չէ»։

Որոտանում տարբեր տեսակի տեխնիկա է աշխատում, այդ թւում տրակտորներ։ Նրա խօսքերով՝ աշխատանքներն իրականացւում են Որոտանում՝ բնակավայրերին մօտ տարածքում՝ Ճանապարհի ներքեւում, ինչը հոգեբանական լարւածութիւն է ստեղծում։ «Մարդիկ տեսնում են՝ մեքենաներ են մօտենում, տեխնիկա է աշխատում, տարբեր քննարկումների, շահարկումների առիթ են տալիս, այս պահի դրութեամբ այդ հոգեբանական գործօնն է, որ ազդեցութիւն է ունենում բնակավայրի բնակիչների վրայ»,- ասաց նա։

Որոտանի ճանապարհին վերջերս լարւածութիւն չի նկատւում, միջադէպեր չեն գրանցւել, բայց ինչպէս Եոլեանը նշեց, ժամանակը ցոյց է տւել, որ երբեմն-երբեմն որեւէ միջադէպ է լինում կամ ժեստեր են ցույց տալիս, ագրեսիւ պահւածք դրսեւորում։

Խօսելով Սև լճի մասին եւ տեղեկութիւնների մասին, որ ադրբեջանական կողմը վերահսկում է լիճը, Եոլեանը նշեց, որ ՀՀ տարածքում երեք ամսից աւելի գտնւող ադրբեջանցիները հասցրել են մէկ յարկանի քարէ շինութիւն կառուցել լճի տարածքում, ինչն անզէն աչքով տեսանելի է։

«Հիմնական բարձունքները իրենց վերահսկողութեան տակ են։ Բացի դրանից, եթէ որեւէ մէկը ուզում է անզէն աչքով տեսնել այնտեղ ի՞նչ է կատարւում, կարող է մօտենալ ու տեսնել, որ Սեւ լճի յարակից տարածքում թշնամին արդէն քարէ շինութիւններ է հասցրել կարճ ժամանակում կառուցել։ Իհարկէ, միւս ափից նայելիս, անզէն աչքով տեսանելի չէ, թէ շինութիւնները ինչ նպատակով են։ Ոչ միայն չեն պատրաստւում հեռանալ, նաեւ այնտեղ պատրաստւում են ձմեռն անցկացնել։ Ձմռանը սարսափելի ցուրտ է լինում այնտեղ եւ բաւականին բարդ բնակլիմայական պայմաններ են, գուցէ հէնց այդ նպատակով են նրանք կառուցում այդ շինութիւնները»։

Հայկական կողմից, ըստ Եոլեանի, ոչինչի չի արւում ամրանալու համար նշւած տարածքում։ Փոխքաղաքապետն օրեր առաջ եղել է նշւած հատւածում ու փաստում է՝ աշխատանքներ չեն տարւում։

Խօսելով համայնքապետերի նկատմամբ բռնաճնշումների մասին, նրանց բերման ենթարկելու եւ միեւնոյն ժամանակ ադրբեջանական կողմի աշխատանքների ակտիւացման մասին՝ Եոլեանը յաւելեց, որ բոլոր գործերը, որ կարւում են առանց որեւէ հիմնաւորման, ժամանակը ցոյց կը տայ, որ այդ ամէնը ուղղակի ձեւական ու կարւած գործեր էին։

«Իհարկէ, այդ ամէնը ցոյց է տալիս, որ մենք ունենք խնդրայարոյց իրավիճակ եւ փաստացի այս պահին Սիւնիքն առանց համայնքների ղեկավարների է։ Համայնքները, որոնք ունեն բազմաթիւ սահմանային խնդիրներ, անվտանգութեան հետ կապւած հարցեր, փաստացի այսօր ղեկավարները կալանաւորւած են։ Այստեղ կայ դիտաւորութիւն եւ յատուկ նպատակ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։