Հա

Քաղաքական

25/07/2021 - 12:00

«Ադրբեջանական ԶՈՒ-ը յուլիսի 23-ին եւ 24-ին կրակել են Վերին Շորժա գիւղի սարատեղի կոչւող բնակավայրի ուղղութեամբ, հրահրել հրաձգութիւն». ՄԻՊ

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը երէկ՝ յուլիսի 24-ին ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինւած ուժերը 2021 թ. յուլիսի 23-ին անմիջապէս ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գիւղի սարատեղի կոչւող բնակավայրի մօտ հրահրել են հրաձգութիւն։

«alikonline.ir» - ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը երէկ՝ յուլիսի 24-ին ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինւած ուժերը 2021 թ. յուլիսի 23-ին անմիջապէս ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գիւղի սարատեղի կոչւող բնակավայրի մօտ հրահրել են հրաձգութիւն։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը։

«Մասնաւորապէս, յուլիսի 23-ին` ժամը մօտ 20։00-ից մինչեւ 00։30-ը ընկած հատւածում ադրբեջանական զինւած ուժերը տարբեր տրամաչափի զէնքերից ինտենսիւ կրակել են հայկական զինւած ուժերի դիրքերի վրայ, ինչպէս նաեւ կրակել են սարատեղի կոչւող բնակավայրի ուղղութեամբ։

Սարատեղին այն վայրն է, որտեղ սեզոնային՝ գարնան, ամռան եւ աշնան ամիսներին բնակւում են մի քանի տասնեակ քաղաքացիական բնակիչներ եւ արօտավայրում արածեցնում իրենց եղջերաւոր կենդանիներին:

Բնակիչների տեղեկացմամբ՝ կրակոցներով ադրբեջանական զինւած ուժերը լրջագոյն վտանգ են ստեղծել իրենց կեանքի եւ ֆիզիկական անվտանգութեան համար, խաթարել են ողջ բնակավայրի հանգիստը: Ստիպւած են եղել ողջ գիշեր պատսպարւել:

Կրակոցների պատճառով են միայն յաջորդ օրն առաւօտեան` յուլիսի 24-ին, ժամը 07։00-ի սահմաններում իրենց կովերից մէկին յայտնաբերել ադրբեջանական կրակոցներից սատկած վիճակում (նկարներում քաղաքացիական բնակչի սատկած կենդանին է):

Նշւածից բացի, ահազանգեր են ստացւել այն մասին, որ ադրբեջանական զինւած ուժերը կրակել են նաեւ յուլիսի 24-ին, առաւօտեան ժամը՝ 11։30-ից մինչեւ 12։00-ի սահմաններում։

Վերին Շորժա գիւղի սարատեղի բնակավայրի տները 2021թ. մայիսի 12-ից յայտնւել են ադրբեջանական զինւած ուժերի ուղիղ թիրախում այն պահից, երբ նրանք անօրինական ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։

Աւելին, նրանք տեղակայւած են քաղաքացիական տներից մօտ 150մ հեռաւորութեամբ:

Ադրբեջանական զինւած ուժերի արարքները յանցաւոր են: Դա հիմնաւորւում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք, Ազատ եւ Վերին Շորժա գիւղերի անմիջական հարեւանութեամբ ադրբեջանական զինւած ուժերի վերջին օրերին սանձազերծած կրակոցների ֆոնին եւ նաեւ ապացուցւում է այն փաստով, որ այդ հատւածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից վերջին ժամանկներս զոհւել կամ վիրաւորւել են ՀՀ զինւած ուժերի զինծառայողներ:

Փաստերն ակնյայտ ապացուցում են, որ ՀՀ սահմանային, մասնաւորապէս` Գեղարքունիքի, Սիւնիքի եւ վերջին օրերին նաեւ Արարատի (օրինակ` Երասխ գիւղ) մարզերի բոլոր այն հատւածներում, որտեղ քաղաքացիական բնակավայրերի հարեւանութեամբ ներկայ են ադրբեջանական զինւած ծառայողներ, նրանց պահւածքը նույնն է` կրակոցներ, կենդանիների գողութիւններ, խոտքաղի ու բերքահաւաքի խոչընդոտներ, սպառնալիքներ եւ այլն:

Այլ կերպ ասած, 2021թ. յուլիսի 23-ի եւ 24-ի կրակոցները եւս մէկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինւած ուժերի ինքնին ներկայութիւնը ՀՀ քաղաքացիական բնակավայրերի հարեւանութեամբ, Սիւնիքի համայնքների միջեւ ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կեանքի իրաւունքի խախտում է:

Նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականութեան, ազատ տեղաշարժի, անասնապահութեամբ զբաղւելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու եւ միւս կենսական իրաւունքները: Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու բնականոն կեանքը:

Ընդ որում, յուլիսի 23-ի ադրբեջանական կրակոցների փաստը Գեղարքունիքի մարզում պաշտօնապէս հաստատել է նաեւ ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։