Հա

Քաղաքական

25/07/2021 - 13:30

Ոչ մի թիզ

Ինչպէ՞ս կը բնութագրէք, այն քաղաքական գործչին, ով գալիս է իշխանութեան հետեւեալ կարգախօսով «Քանի դեռ Ղարաբաղը չի միաւորւել մայր Հայաստանի հետ․․․ պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ յետոյ, իշխանութեան գալով, պատրաստակամութիւն յայտնում նոյն Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Կարծում եմ այս պարագայում կարող է լինել երկու բացատրութիւն։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Ընտրիր ամենադժւար ճանապարհը եւ դու մրցակիցներ չես ունենայ։

Շառլ Դէ Գոլ

 

Նոյեմբերի 9-ի նւաստացուցիչ պարտութիւնից անմիջապէս յետոյ ակտիւացան արցախեան յաղթանակը փուլ առ փուլ մսխելու գաղափարախօսները։ Տպաւորութիւնն այնպիսին է, որ նրանք ոչ թէ առնւազն ցաւում են հայրենիքի կարեւոր հատվածի կորստի  համար, այլ չարախնդում․ «Բա որ ասում էինք։ Ա՛յ, տեսաք, որքան ճիշտ էր Լեւոն Տէր-Պետրոսեանը, որ 1997թ․ առաջարկում էր արժանապատիւ խաղաղութիւն՝ զիջումների դիմաց։ Միեւնոյնն է մենք ի վիճակի չէինք պահել այդ տարածքները։ Ողջ միջազգային հանրութեան դէմ մենք չէինք կարող դիմադրել։ Ադրբեջանը տնտեսապէս զարգանում էր, իսկ մենք հնարաւորութիւն չունէինք նրանց հետ մրցելու, շրջափակման պայմաններում», եւ այլն, եւ այլն։ Ոմանք մեղադրում, բաց նամակներով են դիմում Ռոբերտ Քոչարեանին, Սերժ Սարգսեանին, իբր «ոչմիթիզհողական» լինելու համար, ոմանք էլ՝ հակառակը, թէ միեւնոյնն է բոլորն էլ ստիպւած էին լինելու գնալ զիջումների։

Մի քանի առիթներ ունեցել եմ անդրադառնալու վերոնշեալ տեսակէտներին, բայց քանի որ դրանք հետեւողականօրէն շարունակւում են եւ այս քարոզչութիւնը, իրականում արդարացնում պարտութիւնը եւ լուրջ հակադարձումներ չկան, որոշեցի եւս մէկ անգամ պատասխանել պարտութեան եւ Արցախի յանձնման կողմնակիցներին։

«Խաղաղ» ճանապարհով պարտութեան գաղափարախօսներին փորձեմ հակադարձել հարցերով, դրանց հնարաւոր պատասխաններով եւ առաջարկութիւններով․

1. 1988թ․ սկսւեց արցախեան շարժումը, որի միակ նպատակն էր Արցախի եւ Հայաստանի վերամիաւորումը։ Ձեզնից շատերը ականատես եւ մասնակից էք եղել 1988թ․ մեկնարկած արցախեան շարժմանը։ Ձեզնից ոմանք եղել են «Ղարաբաղ» կոմիտէի անդամներ, համակիրներ, հետագայում նոյն «Ղարաբաղ» կոմիտէի հենքի վրայ ստեղծւած «Հայոց Համազգային Շարժման» անդամներ եւ համակիրներ։ Այդ նոյն շարժման շնորհիւ դարձել էք պատգամաւորներ, ստացել պետական պաշտօններ։

Ձեր կողմից պաշտելի Լեւոն Տէր-Պետրոսեանը եղել է «Ղարաբաղ» կոմիտէի անդամ, հետագայում ՀՀՇ վարչութեան նախագահ։ Արցախեան շարժման ալիքի վրայ նա դարձաւ Հայաստանի Գերագոյն խորհրդի նախագահ, հետագայում Հայաստանի նախագահ։

Ինչպէ՞ս կը բնութագրէք, այն քաղաքական գործչին, ով գալիս է իշխանութեան հետեւեալ կարգախօսով «Քանի դեռ Ղարաբաղը չի միաւորւել մայր Հայաստանի հետ․․․ պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ յետոյ, իշխանութեան գալով, պատրաստակամութիւն յայտնում նոյն Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Կարծում եմ այս պարագայում կարող է լինել երկու բացատրութիւն։ Առաջինը, որ մարդը իշխանութեան գալուց եւ իր կարծիքով իրական պատկերը ընկալելուց յետոյ հասկացել է, որ իր նախկին ցանկութիւնն անիրականալի է եւ փորձում է խաղալ «ռեալ պոլիտիկ»։ Չէ՞ք կարծում,որ այս դէպքում քաղաքական եւ մարդկային բարոյականութիւնը պահանջում է տւեալ գործչից հրապարակայնօրէն ընդունել իր սխալները, ներողութիւն խնդրել ժողովրդից, հրաժարական տալ եւ հեռանալ քաղաքականութիւնից։ Երկրորդ բացատրութիւնն առաւել քան դաժան է։ Մարդը, առանց հաւատալու Արցախի եւ Հայաստանի վերամիաւորմանը, օգտագործելով արցախեան շարժումը գալիս է իշխանութեան եւ արդէն, նոյն իշխանութիւնը պահելու համար փորձում ազատւել Արցախի բեռից (կարող եմ բազմաթիւ փաստեր բերել, սկսած 1992թ․ «Կոմսոմոլսկայա պրաւդա» թերթին տւած հարցազրոյցից) եւ վայելել իշխանութիւնը։ Ինչու բեռ, քանի որ Արցախի պաշտպանութեան համար պէտք էր օր ու գիշեր տքնել, աշխատել։ Նոյնը վերաբերում է ձեզ։ Եթէ դուք դէմ էիք Արցախի ազատագրմանը, ինչո՞ւ մասնակցեցիք շարժմանը, դարձաք պատգամաւորներ, ստացաք պաշտօններ։ Համարձակութիւն ունենայիք դէմ լինելու Արցախի ազատագրմանը, թէ՞ դուք նոյնպէս այն օգտագործեցիք սեփական շահերի համար։ Ի դէպ, այսօր էլ դեռ ուշ չէ, խոստովանելու համար, որ սխալւել էք ժամանակին եւ պէտք չէր սկսել արցախեան շարժումը, ներողութիւն խնդրէք եւ հեռացէք քաղաքական-հասարակական կեանքից։

2. Հայաստանի ոչ մի ղեկավար չի եղել «ոչմիթիզհողական»։ Եւ Ռոբերտ Քոչարեանը եւ, յատկապէս Սերժ Սարգսեանը բանակցութիւններ են վարել, այսպէս կոչւած փոխզիջումների շուրջ։ Երբ տարիներ առաջ, Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տարիներին լինելով պաշտպանութեան նախարար, Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, ձեզնից շատերն ընդվզեցին։ 2016թ․ արդէն ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Դմիտրի Կիսելիովին տւած հարցազրոյցում յայտարարեց, որ պատրաստ է Ադրբեջանին զիջելու 7 շրջանները։ Արդէն վերջերս Սերժ Սարգսեանն աւելի անկեղծացաւ, ասելով, որ թէկուզ իրեն դաւաճան համարէին, ինքը պատրաստ էր յանձնելու առնւազն 5 շրջաններ, Արցախի անորոշ կարգավիճակի դիմաց։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարեանին, ապա նա նոյնպէս դէմ չի եղել փոխզիջումային տարբերակներին։ Բայց, ուղղակի ծիծաղելի է, երբ նրա հետ են կապում, իբր Մեղրին յանձնելու տարբերակը։ Բերում են բանակցութիւնների ընթացքում ներկայացւած տարբեր առաջարկութիւններ, որոնց մէջ, իհարկէ եղել է նաեւ Մեղրին փոխանակելու տարբերակը։ Եւ ի՞նչ, եթէ Ադրբեջանն առաջարկել է այդ տարբերակը, ուրեմն ի՞նչ․․․ Այս մարդիկ, չգիտես ինչու «մոռանում» են, որ նախկին լրագրող, այսօր իրենց պաշտելի վարչապետը 2001թ․, իր թերթում հրապարակել է իր հեղինակած «Մենք ու մեր շահերը» յօդւածը, ուր բաց տեքստով ասում է Մեղրին յանձնելու օգտակարութեան մասին։ Իսկ ինչ գիտէք, որ Ադրբեջանը չի առաջարկել նաեւ Սեւանի կամ Երեւանի փոխանակման տարբերակը նոյնպէս: Երկաթեայ տրամաբանութիւն՝ եթէ Ադրբեջանն առաջարկել է, ուստի ․․․ Ի դէպ, այսօր Ադրբեջանի նախագահը բացայայտ է ասում իր նկրտումների մասին Սեւանի, Սիւնիքի եւ Երեւանի մասին։ Կարո՞ղ ենք պնդել, որ Նիկոլ Փաշինեանն իր համաձայնութիւնն է տւել։ Այս դէպքում, առաւել քան հաւանական է։ Այսպիսով, յարգելիներս, չէ՞ք կարծում, որ ձեր մեղադրանքները երկրորդ եւ երրորդ նախագահներին, որպէս «ոչմիթիզհողականների» որեւէ քննութիւն չեն բռնում, այլ հետապնդում են զուտ նեղ կուսակցական, անձնական շահեր։

3. Հայաստանում «ոչմիթիզհողականներ» էին իրենց համարում Ժիրայր Սեֆիլեանն ու ընկերները։ Բայց զարմանալիօրէն նրանք 2008թ․ նախագահական ընտրութիւններին աջակցեցին Արցախը Ադրբեջանի կազմում տեսնող Լեւոն Տէր-Պետրոսեանին։ Յետոյ նորից դարձան «ոչմիթիզհողականներ», ստեղծեցին «Սասնայ ծռեր» հերոսական խումբը, դէմ դուրս եկան իրենց ասելով «լաւրովեան պլանին», գրաւեցին ՊՊԾ գունդը, որի արդիւնքում զոհւեցին երեք ոստիկաններ եւ իրենց ասելով ձախողեցին պլանը։ Նրանք հռչակում էին Կուր-Արաքսեան հանրապետութիւն։ 2018թ․ մասնակցելով ընտրութիւններին, «Սասնայ ծռերի» ցուցակում պատւաւոր տեղ էր զբաղեցնում մի անձնաւորութիւն, ով հայ-ադրբեջանական բանակցութիւններում, կողմ էր հայկական կողմի միակողմանի զիջումների։ Սակայն, 2020թ․ պատերազմի ընթացքում, պարտութիւնից յետոյ, ոչ մի քայլ, ոչ մի ապստամբութիւն։ Կարելի՞ է արդեօք եզրակացնել, որ նրանք դէմ էին «լաւրովեան պլանին», բայց կողմ՝ «չգիտեմինչ-թուրքական պլանին»։

4. 2016թ․ քառօրեայ պատերազմի արդիւնքում, այսպէս կոչւած «գրաւեալ տարածքներից» թշնամին տիրացաւ շուրջ 400 հեկտար տարածքի։ Սերժ Սարգսեանն այդ տարածքն անւանեց «անպէտք հողեր»։ Եւ այսօրւայ զիջումների կողմնակիցներն ինչպիսի աղմուկ-աղաղակ բարձրացրեցին։ Նրանք ցոյցեր, երթեր էին կազմակերպում, գոչում «հող յանձնողին, յանձնենք հողին»։ «Սասնայ ծռերին» աջակցում, ձերբակալւում էին՝ հայհոյելով զիջումների կողմնակիցներին։ Նրանց մէջ էր նաեւ այսօրւայ պարտութեան պատասխանատուն։ Այսօր, երբ կորցրել ենք Արցախը, թշնամին Հայաստանի Հանրապետութեան տարածքում է, այդ նոյն մարդիկ ոչ միայն չեն լռում, այլեւ կրծքով պաշտպանում պարտութեան պատասխանատուին։ Այսօր, դուք ձեր «սկզբունքներն» էք յանձնել հողին։ Առայժմ այսքանը ձեր մասին։ Այժմ ներկայացնեմ իմ անձնական կարծիքը։

1988թ․ սկիզբ առած եւ  1994թ․ յաղթական հրադադարով չաւարտւած պատերազմը, մեր դարաւոր պատմութեան մէջ երկրորդ մեծ հրաշքն էր։ Առաջինը, բնականաբար Սարդարապատն էր, որի շնորհիւ ստեղծւեց Հայաստան։ Մեր երկրորդ հրաշքը պէտք է դառնար մեր պետութեան գաղափարախօսութիւնը եւ զարգացման, հզօրացման գրաւականը։ Անմիջապէս պէտք է Հայաստանը ճանաչէր Արցախի Հանրապետութիւնը եւ նրա հետ ռազմաքաղաքական դաշինք կնքէր, դէ ֆակտօ դառնալով մէկ պետութիւն, ապագայում դէ իւրէ միաւորւելու հեռանկարով։ Բայց ի՞նչ պահանջես յաղթանակին չհաւատացող, բայց «Ղարաբաղ» կոմիտէի անդամ, նախագահից։

Հետագայում Արցախի ճանաչման, առնւազն երեք առիթ է տւել Ադրբեջանը՝ Ռամիլ Սաֆարովի հերոսացման օրը, քառօրեայ պատերազմը եւ վերջապէս, անցեալ տարւայ պատերազմի վերսկսումը։ Հայաստանում պետական եւ հասարակական մակարդակով պէտք է լինէր հետեւեալ կարգախօսը․ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում եւ վերջ» (Սերժ Սարգսեանն այս արտայայտութիւնն արեց, բայց արդէն ոչ որպէս նախագահ, մեծ ուշացումով)։ Այս քաղաքականութեան տրամաբանական շարունակութիւնը պէտք է լինէր քրէական պատասխանատւութեան ենթարկել, բոլոր նրանց, ովքեր խօսում էին Արցախի Ադրբեջանի մաս լինելու մասին։ Իսկ այդպիսիները բոլորին են յայտնի։ Բազմաթիւ օրինակներ կարող եմ բերել, բայց բաւարարւեմ մէկով։

2000թ․ Մոսկւայում կայացած մի իրաւապաշտպանական համաժողովի ժամանակ, Հայաստանի պատւիրակներից մէկն առաջարկութիւն արեց, որ համաժողովի անունից նամակ ուղղւի Եւրոպայի Խորհրդին, որ Հայաստանին մերժեն ԵԽ անդամակցութիւնը, քանի որ Հայաստանը ագրեսոր է եւ օկուպացրել է Ադրբեջանի 20%-ը։ Բարեբախտաբար, Հայաստանը ներկայացնող երկրորդ պատւիրակը խափանեց բանաձեւի ընդունումը։ Իսկ ինչու էր, այսպէս կոչւած, նոյն միջազգային հանրութիւնը, որը միատարր չէ, հայկական կողմին ստիպում գնալ զիջումների։ Շատ պարզ պատճառով՝ ստիպում են նրան, ով յայտարարում է իր կողմից զիջումների պատրաստակամութեան մասին։ Ի դէպ, զիջումների մասին։

Ցանկացած միակողմանի զիջում, թէկուզ այո՝ մի թիզ հող, ընկալւում է որպէս թուլութիւն եւ հակառակ կողմը նորանոր պահանջներ է ներկայացնում։ Զիջող կողմն այլեւս անընդունակ է դիմադրելու, եւ եթէ փորձի, ապա պատերազմով կը զիջի, քանի որ մէկ անգամ զիջելով արդէն հոգեբանօրէն պարտւած է։ Միակողմանի զիջում, նշանակում է՝ պատերազմ։ Տէր-պետրոսեանական մտավարժանքները, թէ այ այսքանը զիջելով բացւում էին կոմունիկացիաները, յետոյ ․․․  եւ այլն, որեւէ քննութիւն չի բռնում։ Ի՞նչ երաշխիք ունէիք, որ թէկուզ մի թիզ հող զիջելուց յետոյ, նոր զիջումների պահանջով, նորից չէին փակւի, թերեւս չբացւած կոմունիկացիաները։ Հա, միջազգային հանրութիւնը թոյլ չէր տայ։ Իսկապէ՞ս, բաւ է, օրինակներ չբերեմ, միայն Կիպրոսի օրինակը բաւարար է յիշենք նաեւ մեր հարեւան, թշնամի Ադրբեջանի բոլոր ժամանակների ղեկավարների տարածքային նկրտումների մասին։ Դեռեւս խորհրդային տարիներին, Ադրբեջանը մետր առ մետր, գիւղ առ գիւղ գրաւում էր Հայաստանի տարածքները, նաեւ նպատակաուղղւած փոխում Հայաստանի ժողովրդագրական պատկերը։ Հետագայում Աբուլֆազ Էլչիբէյը խոստանում էր ոտքերը լւանալ Սեւանում, ռմբակոծում էր Կապանը։ Այնպէս որ ոչ մեծահոգի Իլհամ Ալիեւի յոխորտանքներից մի զարմացէք։ Նա շարունակում է ադրբեջանական վաղեմի երազանքի իրականացման ծրագիրը։ Բա՞, յարգելի «խաղաղասէրներ»։

Արցախի ճանաչումը բոլորովին չէր նշանակի բանակցութիւնների աւարտ եւ պատերազմի վերսկսում, յատկապէս 1994թ․։ Հակառակը՝ նոյն միջազգային հանրութիւնը, Մինսկի խումբը վերջապէս կը հասկանար, թէ որն է հայկական կողմի ցանկութիւնը եւ աւելի յարգանքով կը վերաբերւէր մեզ։ Այ, այդ դէպքում կարելի էր խօսել փոխզիջումների մասին։ Ամէն դէպքում Արցախի ճանաչումից յետոյ պէտք էր շարունակել բանակցութիւնները փոխզիջումների շուրջ։ Բայց ինչպիսի՞ փոխզիջումների։ Նախ, այլեւս Արցախի կարգավիճակի հարցը հայկական կողմի համար բանակցութիւնների առարկայ չէր լինում։ Տարածքային զիջումների քննարկումներին հայկական կողմը բարձրացնում էր դաշտային Արցախի՝ Գետաշէնի, Մարտունաշէնի  եւ այլ գիւղերի հայաթափումն ու դրանց փոխարէն Արցախի մաս համարւում Քարվաճառն ու Քաշաթաղը։ Կը համաձայնէր արդեօ՞ք Ադրբեջանը։ Իհարկէ՝ ոչ։ Ինչպէս չէր համաձայնի ցանկացած այլ տարբերակի, բացի ե՛ւ Արցախը, ե՛ւ մնացեալ տարածքները վերադարձնել եւ ճանաչել որպէս Ադրբեջանի անքակտելի տարածք, հետագայում բարձրացնելով նաեւ առնւազն Սիւնիքի հարցը։

Եւ այո, թող բանակցութիւնները տեւէին տարիներ, եթէ կուզէք դարեր։ Այդ տարիների ընթացքում Հայաստանն ու Արցախը, ողջ հայ ժողովուրդը ատամները սեղմած պէտք է զարգացնէին տնտեսութիւնը, ռազմական արդիւնաբերութիւնը, բանակը, մինչեւ կը ստեղծւէր մեզ ձեռնտու աշխարհաքաղաքական իրավիճակ։ Դժւա՞ր կը լինէր։ Իհարկէ, բայց այդպիսի նպատակ ունենալու դէպքում՝ իրականանալի։ Շրջափակում կոչւածը, պէտք է ոչ թէ խոչընդոտ հանդիսանար, այլ խթան զարգացման համար։ Եւ մենք կունենայինք, իսկապէս այն բաղձալի արժանապատիւ խաղաղութիւնը, որի մասին դայլայլում են «խաղաղասէրները»։ Վերջերս կարդացի Շառլ Դէ Գոլի հանճարեղ արտայայտութիւնը․ «Ընտրիր ամենադժւար ճանապարհը եւ դու մրցակիցներ չես ունենայ»։

Այո, տեսականօրէն այս ամէնը հնարաւոր էր։ Բայց Հայաստանում չձեւաւորւեց նման կամային, նպատակաուղղւած, նւիրեալների քաղաքական վերնախաւ։ Նրանք պէտք է հրաժարւէին առանձնատնային շքեղ կեանքից եւ իրենց ասկետական կեանքով օրինակ ծառայէին ժողովրդին։ «Ամէն ինչ Հայաստանի եւ Արցախի համար» նշանաբանով ապրելու դէպքում, պէտք է բացառւէին դղեակաշինութիւնը եւ շքեղ կեանքը, անկախ դրանց օրինական եկամուտներով կառուցւած լինելուց։ Բանակում ծառայելը պէտք է օրինաչափութիւն եւ պատւաբեր լինէր իւրաքանչիւրի համար։

Սակայն, յարմարւողականութիւնը, նիւթապաշտութիւնը՝ «լաւ ապրելու» մոլուցքը, որն արտյայտւեց նաեւ տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումներով կործանեց Արցախը եւ շարունակւում է ողջ Հայաստանի կործանումը։

Այո, այս ամենի համար պատասխանատու են բոլորը՝ Հայաստանի իշխանութիւնները, քաղաքական-հասարակական գործիչները, ժողովուրդը, մի խօսքով՝ բոլորս։ Բայց, ամէն դէպքում, մինչ 2020թ․ շատերս ապրում էինք արցախեան յաղթանակով։ Եւ այս մեծ ողբերգութեան թիւ մէկ պատասխանատուն եւ յանցագործը այսօրւայ պաշտօնակատար կոչեցեալն է, իր մանկուրտներով։

Այսօր կարելի է վստահաբար պնդել, որ այո՛ արցախեան շարժումը սխալ էր, քանի որ մենք չունէինք ազգային նպատակ եւ յաղթողի հոգեբանութիւն, իսկ հայ ժողովրդի համար «լաւ ապրելու» դրախտը ԽՍՀՄ-ն էր, պետութիւն, որտեղ դու դարդ ու ցաւ չունես։ Չես մտածում քո երկրի անվտանգութեան, զարգացման մասին։ Այդ ամէնը հոգում է ԽՍՀՄ կայսրութիւնը եւ դու «լաւ ես ապրում»։  

Յ․Գ․ Հերթական անգամ յայտարարում եմ, պատրաստ եմ ցանկացած ընդդիմախօսի հետ բանավէճի։

 

Aravot.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։