Հա

Քաղաքական

27/07/2021 - 12:45

«Մենք այսօր կախւած ենք թուրքի ախորժակից ու ադրբեջանցու ցանկութիւնից»․ ազատամարտիկ գնդապետ

Նիկոլ Փաշինեանը դիտաւորութեամբ, քայլ առ քայլ կործանեց Արցախի եւ Հայաստանի զինւած ուժերը, եւ մենք այսօր Ադրբեջանի դէմ անպաշտպան ենք։ Թշնամին Արցախի գրաւեալ տարածքներում 6 զօրամաս է կառուցել արդէն, 8 զօրատեսակ եւ 12 հազար զինւոր է տեղակայել։ 9 ամսւայ ընթացքում Հայաստանը ոչ մի մետր խրամատ չի փորել։ Շուտով տեռորիստներով Երեւանն է լցւելու, որովհետեւ անպաշտպան ենք։ 

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը դիտաւորութեամբ, քայլ առ քայլ կործանեց Արցախի եւ Հայաստանի զինւած ուժերը, եւ մենք այսօր Ադրբեջանի դէմ անպաշտպան ենք։ Թշնամին Արցախի գրաւեալ տարածքներում 6 զօրամաս է կառուցել արդէն, 8 զօրատեսակ եւ 12 հազար զինւոր է տեղակայել։ 9 ամսւայ ընթացքում Հայաստանը ոչ մի մետր խրամատ չի փորել։ Շուտով տեռորիստներով Երեւանն է լցւելու, որովհետեւ անպաշտպան ենք։ Միլիոնաւոր հայկական պետհամարանիշեր ունեն, հայկական անձնագրերով շուտով գալու են Երեւան. Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց գնդապետ, ազատամարտիկ Վոլոդեա Յովհաննիսեանը։

Նրա խօսքով՝ Հայաստանն այսօր թոյլ, ոչնչացման եզրին կանգնած երկիր է, որի հետ հաշւի նստող չկայ։ Այս վիճակից, ըստ նրա, դուրս կը գանք այն ժամանակ, երբ երկիրը կազատւի թուրքահպատակ իշխանութիւնից։

«Հայաստանի բանակը թէեւ մեծ մասնակցութիւն չի ունեցել պատերազմին, բայց, չգիտես ինչու, մարտունակ չէ։ Մեր բանակը պատրաստ չէ դիմակայելու այսօրւայ մարտահրաւէրներին։ Բանակը ոչնչացնելուց յետոյ Փաշինեանը ոչնչացրեց Սիւնիքի ինքնիշխանութիւնը եւ Սիւնիքի այն համայնքապետերին, որոնք պատերազմի ժամանակ ստեղծել էին պաշտպանական որոշակի մեխանիզմ։ Մենք այսօր կախւած ենք թուրքի ախորժակից ու ադրբեջանցու ցանկութիւնից»,- նշեց ազատամարտիկ գնդապետը։

Վոլոդեա Յովհաննիսեանն ասաց՝ այսօրւայ իշխանութիւնը Հայաստանը դարձրել է բանդա. կործանում են ամէն ինչ, թանկացնում շուկան, թալանում, որ պարգեւավճար բաժանեն իրար։

«Երբ Փաշինեանը եկաւ իշխանութեան, կատարեց 4 դաւաճանական քայլ. առաջինը՝ վերացրեց բանակի հեղինակութիւնը, մարտունակութիւնը, կառավարման համակարգը։ Երկրորդը՝ վերացրեց այն պայմանագրերը, որոնցով մենք կարող էինք ժամանակակից տեխնիկական միջոցներ, թռչող սարքերի դէմ պայքարի միջոցներ ունենալ։ 19 թւին նա վերացրեց այդ պայմանագիրը, մերկացրեց օդը։ Երրորդը՝ մեզ միջազգային ասպարեզում դրեց այնպիսի խեղկատակ իրավիճակում, որ մենք մեկուսացանք։ Չորրորդը, որն ամենասարսափելին է, նա Հայաստանը ներսից բաժանեց թշնամական ճամբարների։ Մենք կորցրեցինք մեր ազգային նպատակը»,- ասաց գնդապետ ազատամարտիկը։

Գնդապետը նշեց՝ այն վիճակը, որի միջով այսօր Հայաստանն է անցնում, իսկ հայաստանցիներն անտարբեր են, մեզ հասցնելու է եղեռնի։ Նրա խօսքով՝ այսօրւայ իշխանութիւնը մեզ տարաւ ծրագրւած պարտութեան։

«Բաւական է գերագոյն գլխաւոր հրամանատարի մի քանի սխալ որոշում, եւ գլխատւում է բանակի կառավարման համակարգը։ Պաշտպանութեան նախարար դրեցին ճարպիկ ՆԱՏՕ-ական գործակալի, ԳՇ պետ դրեցին բանակի ամենաթոյլ սպաներից մէկին, Արցախի պաշտպանութեան նախարարին փոխարինեցին, չգիտես՝ ումով եւ ինչով։ Գնդերի, կորպուսների փորձառու հրամանատարներին հանեցին, ուղարկեցին թոշակի։ Չորս գեներալ-գնդապետից երեքին դատի տւեցին, հեղինակազրկեցին Արցախի յաղթանակը, յետոյ յայտարարեցին, որ թուրքը գալիք պատերազմին չի մասնակցելու, ժողովրդի ուշադրութիւնը շեղեցին»,- Yerkir.am-ին ասաց Վոլոդեա Յովհաննիսեանը։

Նա ասաց, որ այն SU-երը, որոնք ձեռք բերեցինք նախորդ տարի, ընդամէնը ֆոտոսեսիայի համար էին, հայկական զինուժի համար անպէտք, որովհետեւ թռիչքը թանկ է, հրթիռ էլ չկայ։

«Փաշինեանը յայտարարեց՝ մարտական հերթապահութեան են դրւած այդ օդանաւերը։ Մարտական հերթապահութիւն՝ առանց հրթիռների։ Եւ այդ ստախօսը խաբեց իր ոհմակի հետ։ Նրանք սուտ են ասում՝ առանց ամաչելու։ Փաշինեանը ոչնչացրեց դաշտային խոհանոցները՝ ապահովման կարեւորագոյն օղակը։ Զինւորը սնւում է կոնսերւայով՝ 1 օր, երկու, երեք... Նա վերացրեց ապահովման օղակը՝ վարունգ-պոմիդոր-կլուբնիկով։ Բանակը չի պարտւել, պարտւեց իշխանութիւնը։ Երբ նայում ենք, թէ քանի անգամ է առաջարկւել ռազմական օգնութիւն, բայց Նիկոլը մերժել է, մենք տեսնում ենք, որ կար նպատակ, որ Ադրբեջանը պէտք է գրաւէր Շուշին, չէզոքացնէր Արցախի անկախութեան բոլոր գործընթացները, փոքրիկ անկլաւ դարձնէր, որը կը գտնւէր Ադրբեջանի օղակում, ճանապարհները կը լինէին նրանց հսկողութեան տակ, իսկ Զանգեզուրը մշտապէս կը մնար հարւածի եւ հարցականի տակ»,- Yerkir.am-ին ասաց Վոլոդեա Յովհաննիսեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։