Հա

Քաղաքական

29/07/2021 - 13:00

«Գեղարքունիքում վիրաւորւած զինծառայողները հաստատել են՝ իրենք կանխում են ադրբեջանական ԶՈՒ-երի կրակոցները ՀՀ գիւղերի ուղղութեամբ եւ կատարում են բնակչութեան անմիջական պաշտպանութեան գործառոյթ». ՄԻՊ

Այսօր Գեղարքունիքում վիրաւորում ստացած զինծառայողները հոսպիտալում Մարդու իրաւունքների պաշտպանի ներկայացուցիչներին հաստատել են, որ իրենք կանխում են ադրբեջանական զինւած ուժերի կողմից ՀՀ գիւղերի ուղղութեամբ արձակւող կրակոցները եւ կատարում են ՀՀ քաղաքացիական բնակչութեան անմիջական պաշտպանութեան գործառոյթ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«alikonline.ir» - Այսօր Գեղարքունիքում վիրաւորում ստացած զինծառայողները հոսպիտալում Մարդու իրաւունքների պաշտպանի ներկայացուցիչներին հաստատել են, որ իրենք կանխում են ադրբեջանական զինւած ուժերի կողմից ՀՀ գիւղերի ուղղութեամբ արձակւող կրակոցները եւ կատարում են ՀՀ քաղաքացիական բնակչութեան անմիջական պաշտպանութեան գործառոյթ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

Մասնաւորապէս, երէկ՝ 2021 թւականի յուլիսի 28-ին Մարդու իրաւունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինւորական հոսպիտալ եւ տեսակցել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչեւ Վերին Շորժա գիւղերի ուղղութեամբ ադրբեջանական զինւած ուժերի հրահրած կրակոցներից վիրաւորում ստացած զինծառայողներին:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրոյցներ: Զինծառայողները տեղեկացրել են, որ ադրբեջանական զինւած ուժերը վերջին օրերին կրակոցներ են արձակում հայկական դիրքերի եւ մօտակայ գիւղերի ուղղութեամբ: Զինծառայողները յայտնել են նաեւ, որ յուլիսի 28-ին՝ ժամը 03:40-04:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմի կրակոցներն աւելի ինտենսիւ են դարձել:

Ընդ որում, ադրբեջանական զինծառայողները կիրառել են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թւում՝ ականանետներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ եւ այլն:

Ադրբեջանական զինծառայողները թիրախաւորել են հայկական դիրքերի հարեւանութեամբ գտնւող քաղաքացիական բնակավայրերը՝ Գեղարքունիքի գիւղերը, որոնց պաշտպանութեան արդիւնքում էլ հայ զինծառայողները ստացել են տարբեր վիրաւորումներ:

Այցի ընթացքում ուսումնասիրւել են վիրաւորում ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, նրանց առողջական վիճակը քննարկւել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ: Զինծառայողները ստացել են տարբեր վիրաւորումներ (ուսահոդի, դէմքի, ազդրի եւ այլն), չորս զինծառայողներից մէկի վիճակը բժիշկները գնահատել են թեթեւ ծանրութեան, երկուսինը՝ միջին, միւսինը՝ ծանր:

Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփւում են հաւաքագրւած տեղեկութիւնները: Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրութեան ներքոյ է:

ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանը եւս մէկ անգամ նշում է, որ ադրբեջանական զինւած ուժերի ծառայողների կրակոցներն արձակւում են ՀՀ գիւղերի անմիջական հարեւանութեամբ, այդ թւում՝ գիւղերի ուղղութեամբ: Փաստերը հաստատում են, որ ադրբեջանական կրակոցներն ամէն անգամ հնարաւոր է լինում կանխել միայն ՀՀ զինւած ուժերի պատասխան կրակոցների շնորհիւ, ովքեր պաշտպանում են մեր բնակիչների իրաւունքները, կեանքն ու խաղաղութիւնը:

Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական իշխանութիււնները կրում են այսօրւայ կրակոցներով բնակիչների իրաւունքների խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանութեամբ նրանց իրաւունքները խախտելու եւ վիրաւորում ստացածների առողջութեանը հասցւած վնասի համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։