Հա

Քաղաքական

31/07/2021 - 11:05

Փաշինեանի հերթական հեքիաթը. չիմացութի՞ւն, թէ՞ սովորական խաբէութիւն

Մօտ 10 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել էր, որ հաղորդակցութիւնների բացումը հնարաւորութիւն կը տայ Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դէպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

Մօտ 10 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել էր, որ հաղորդակցութիւնների բացումը հնարաւորութիւն կը տայ Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դէպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն:

«Բացի այդ, մենք սկսել ենք երկաթուղու կառուցում դէպի Հայաստանի սահմանը: Մենք պէտք է մեր տարածքում դնենք աւելի քան 100 կմ հիմնական եւ երկաթուղային գծեր` մինչեւ Հայաստանի հետ սահմանը, իսկ Հայաստանի տարածքում՝ շուրջ 40 կմ»,- ասել էր նա:

Կառավարութեան այսօրւայ (յուլիս 29, Խմբ.) նիստի ժամանակ Նիկոլ Փաշինեանը կրկնել է Ալիեւի յայտարարութիւնը, որ Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցութիւն ունենայ դէպի Նախիջեւան, Վրաստան, Իրան, Հայաստանը՝ Ադրբեջանով դէպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան:

Ալիեւը գիտի՝ ինչի համար է նման յայտարարութիւն անում, ինչ խնդիր է գլոբալ առումով լուծելու: Արդեօ՞ք Փաշինեանը գիտակցում է, թէ Ադրբեջանը ինչ խնդիր է փորձում լուծել: Եթէ ոչ՝ վատ է, որովհետեւ թշնամու նպատակները պէտք է մանրակրկիտ իմանալ եւ ըստ դրա սցենարներ ու հակասցենարներ մշակել:

Եթէ Փաշինեանը գիտի եւ խաբում է ժողովրդին, ինչպէս պատերազմից առաջ, դրա ընթացքում եւ յետոյ, առաւելեւս վատ է, որովհետեւ այս դէպքում գործարքի «հոտ» է գալիս:

 

Ի՞նչ կերպ է այսօր Ադրբեջանը «մտնում» Իրան, ինչի՞ համար է պէտք Հայաստանը

- Ադրբեջանն այսօր Իրանի հետ կապ է ապահովում հիմնականում Աստարա քաղաք-նաւահանգստի միջոցով՝ ցամաքային:

- Ղազւին-Ռաշթ-Ասթարա երկաթգիծն էլ կառուցւում է, որպէսզի ստեղծւի նաեւ երկաթգծային կապ:

- Ադրբեջան-Իրան ծովային կապն ապահովւում է Կասպից ծովի ափին գտնւող Անզալի նաւահանգստի միջոցով: Ընդ որում, այս նաւահանգստի միջոցով Իրանը ծովային կապ ունի ե՛ւ ՌԴ-ի, ե՛ւ Ղազախստանի հետ, ե՛ւ Թուրքմենստանի հետ:

- Ադրբեջանը մտադիր է օդանաւակայաններ ունենալ Վարանդայում (Ֆիզուլի), որը կը գործարկւի մինչեւ այս տարւայ վերջ, Կովսականում (Զանգելան)՝ յաջորդ տարի, եւ Լաչինում, որն էլ պատրաստ կը լինի 2023 թւականին:

- Նպատակ կայ վերականգնել Բաքու-Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Նախիջեւան-Երեւան երթուղային գիծը: Այս հարցը ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման փաթեթային տարբերակի օրակարգում է եղել:

Մօտ 2 ամիս առաջ Ալիեւը յայտարարել էր, որ տրւել է Հորադիզ-Ագբանդ երկաթուղու կառուցման մեկնարկը, այսինքն, կառուցւելու է Օրդուբադից մինչեւ Հայաստանի հետ սահման 15-16 կիլոմետր երկարութեամբ բացակայող տեղամասը:

Նա նաեւ նշել էր, որ հետագայ ծրագրերի մէջ է՝ «կապել Զանգելանը Արեւմտեան Զանգեզուրի, ապա նաեւ Օրդուբադի միջոցով՝ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ»:

Ի դէպ, 2020-ի նոյեմբերի 13-ին Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, թէ ցանկանում են, որ Հայաստան-Իրան երկաթուղին աշխատի՝ Նախիջեւանով:

Յաւելենք, որ ադրբեջանական լրատւամիջոցները գրել էին, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսէյ Օւերչուկի՝ Բաքու այցի շրջանակում օրակարգային յատուկ թեմա է եղել «Հիւսիս-Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքով ենթակառուցւածքների փոխգործակցութիւնը եւ դրա ճիւղաւորումը Բաքու-Զանգեզուրի/Մեղրիի միջանցք-Ջուլֆա-Իրան երկաթգծային ճանապարհի վերականգնման միջոցով:

Ադրբեջանը կարեւորում է աւտոմոբիլային հաղորդակցութեան վերականգնումը Զանգեզուրի միջանցքի միջոցով, ինչպէս նաեւ Նախիջեւան-Շախբուզ-Գորիս-Լաչին-Ստեփանակերտ-Աղդամ-Բարդա-Եւլախ աւտոմայրուղիները, որոնք անցնում են Զանգեզուրի հիւսիսային մասով եւ միմեանց կապում աշխարհագրական տարբեր շրջաններ:

Մի բան յստակ է՝ Ադրբեջանը գործում է Թուրքիայի հետ, այն է՝ ի շահ «Մեծ Թուրան» ծրագրի, որից ելնելով՝ փորձելու է վերջնականօրէն վերացնել հայկական պետականութիւնը՝ կրճատելով, վերցնելով ռազմավարական, կենսական նշանակութեան այն տեղանքները՝ Գեղարքունիքի արեւելեան կողմը, Սիւնիքի հատւածը, Տաւուշի գիւղերը, որոնց միջոցով ՀՀ-ն այսօր կապւում է արտաքին աշխարհի հետ: Այսինքն՝ կտրել ՀՀ-ի՝ արտաքին աշխարհի հետ կապը, եւ թողնել այնպիսի Հայաստան, որն իրենցից կախման մէջ կը լինի:

 

Ո՞րն է Իրանի շահը

Իրանը նախընտրում է Վրաստանի եւ Սեւ ծովի հետ կապ ունենալ բացառապէս ՀՀ տարածքի վրայով: Դա բխում է Իրանի անվտանգային եւ ռազմավարական շահերից:

Ըստ էութեան, այսօր Իրանը դէպի Վրաստան, եւ յատկապէս՝ դէպի ՌԴ կապն ապահովում է Ադրբեջանի տարածքով:

Ի դէպ, դեռ անցած տարի 168.am-ը գրել էր, որ Իրանում գեներացնում են տեսակէտ, որ եթէ պիտի Մեղրիի միջանցք տրւի Ադրբեջան-Նախիջեւան կապի համար, մի միջանցք էլ պիտի տրւի Նախիջեւանի տարածքով, որ Իրանը կարողանայ կապ ունենալ ՀՀ-ի հետ եւ ՀՀ-ի վրայով դէպի հիւսիս:

 

168.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։