Հա

Քաղաքական

01/08/2021 - 11:20

Թշնամութիւնից դէպի հպատակութիւն

Կարդացի յուլիսի 29-ին վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի Ռուսաստանին ուղղւած, հայ-ադրբեջանական սահմաններին ռուսական խաղաղապահներ տեղակայելու աղիողորմ խնդրանքը։ Սպասելի՞ էր արդեօք․․․ Ինձ համար՝ այո։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Կարդացի յուլիսի 29-ին վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի Ռուսաստանին ուղղւած, հայ-ադրբեջանական սահմաններին ռուսական խաղաղապահներ տեղակայելու աղիողորմ խնդրանքը։ Սպասելի՞ էր արդեօք․․․ Ինձ համար՝ այո։

Հայ քաղաքական միտքը դարերի ընթացքում քննադատական հայացքով չդիտարկեց անցած տասնամեակների սխալները, դասեր չքաղեց անցեալից եւ հերթական անգամ ընկաւ իր իսկ լարած ծուղակը՝ վերջնականապէս կորցնելով ինքնիշխանութիւնը։

Խօսքս արտաքին քաղաքականութեան, մասնաւորապէս Ռուսաստանի հետ յարաբերութիւնների մասին է։ Ինչպէս ժամանակին անդրադարձել էի «Անկախութեան մանկական հիւանդութիւնը» յօդւածում (https://hetq.am/hy/article/119985), այժմ էլ կրկնեմ հիմնական մտքերը․ 

Հայ քաղաքական միտքը, սկսած 19-րդ դարից Ռուսաստանին դիտարկել է կամ՝ փրկիչ, կամ՝ թշնամի։ Առաջին դէպքում մենք մեզ չենք դիտարկել, որպէս պետական ժողովուրդ եւ Ռուսաստանին դիտարկել ենք, որպէս հովանաւոր, ամէն կերպ նրան հաճոյանալով։

Երկրորդ՝ Ռուսաստանին թշնամի համարելով, մենք ոչ թէ դրանով, այսպէս կոչւած Հայաստանի անկախութիւնն ենք պաշտպանել, այլ իրականում փնտրել աւելի լաւ հովանաւորներ, որպէս այդպիսիք դիտարկելով արեւմուտքը։ Արդիւնքում, անհեռատես քաղաքականութեան հետեւանքով, ունեցել ենք անդառնալի կորուստներ։

Փորձեմ ասւածը ներկայացնել, առնւազն վերջին տասնամեակների պատմութեամբ։

Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տէր-Պետրոսեանին եւ Ռոբերտ Քոչարեանին չէի համարի ոչ հակառուսական, ոչ հակաարեւմտեան գործիչներ։ Նրանք գալով իշխանութեան, անկախ նախկինում իրենց ունեցած կողմնորոշումներից, հասկացել էին, որ մեր տարածաշրշանում գլխաւոր խաղացողները Թուրքիան եւ Ռուսաստանն են, եւ որ արտաքին քաղաքականութիւնը պէտք է վարել ելնելով այս իրականութիւնից։ Եւ այն բացարձակապէս չէր նշանակում թշնամանալ արեւմուտքի հետ։

Իմ կարծիքով, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը երեք նախագահների մէջ ամենաարեւմտամէտ ղեկավարն էր։ Փաստե՞ր՝ խնդրեմ․

1. Նախագահ դառնալուց մէկ տարի անց, 2009թ․ Սերժ Սարգսեանը նախաձեռնեց, այսպէս կոչւած հայ-թուրքական «ֆուտբոլային» դիւանագիտութիւնը։ Պա՞րզ չէ, որ այն ունէր ընդգծւած հակառուսական ուղղութիւն։ Հայ-թուրքական յարաբերութիւնները «բարելաւելու» դէպքում, յաջորդ քայլը կը լինէր ռուսական ռազմաբազայի հեռացումը, չէ՞ որ այլեւս Հայաստանին վտանգ չէր սպառնայ Թուրքիայի կողմից։ Սակայն, Թուրքիան պահանջեց նաեւ Արցախի կարգաւորում, այն է՝ Արցախի յանձնումը Ադրբեջանին։ Չգիտեմ, պատրա՞ստ էր արդեօք Սերժ Սարգսեանը դրան։ Կարծում եմ՝ ոչ, հաշւի առնելով նաեւ, ժողովրդական մեծ ընդւզումը։ Հրաժարւելով իր իսկ նախաձեռնած հայ-թուրքական սիրախաղից, բայց արդէն լինելով խոցելի վիճակում, յաջորդ քայլով Սերժ Սարգսեանը 25 տարով երկարաձգեց հայ-ռուսական համաձայնագիրը ռուսական ռազմաբազայի հարցով։

Սակայն, նոյն թւականին, Հայաստանի բարձրագոյն պարգեւ շնորհեց, Ռուսաստանի թշնամի գործիչ Միխայիլ Սահակաշւիլուն, վրաց-ռուսական պատերազմից մէկ տարի յետոյ՝ ցոյց տալով իր հաւատարմութիւնը արեւմուտքին։

2. Մինչեւ 2013թ․ Սերժ Սարգսեանը մեծ քայլերով Հայաստանին տանում էր դէպի եւրոասոցացման։ Հէնց այդ տարի Ռուսաստանը, ի պատասխան դրան, սկսեց միլիարդաւոր դոլարների զէնքի վաճառքը Ադրբեջանին։ Զգալով մօտալուտ վտանգը, Սերժ Սարգսեանը արագօրէն հրաժարւեց եւրոասոցացումից եւ անսպասելիօրէն, Հայաստանը յայտնւեց Մաքսային միութեան, հետագայում ԵԱՏՄ-ի կազմում։ 

3. Այնուհետեւ Սերժ Սարգսեանի գլխաւորած Հայաստանի հանրապետական կուսակցութիւնը (ՀՀԿ), անդամակցեց եւրոպական ժողովրդավարական կուսակցութիւնների (ԵԺԿ )միութեանը: Հետաքրքրական է, թէ արդեօ՞ք ԵԺԿ-ն Հայաստանը համարում էր կայացած ժողովրդավարական պետութիւն, իսկ ՀՀԿ-ին ժողովրդավարական արժէքներին հաւատարիմ կուսակցութիւն։

Շարքը կարելի է շարունակել, օրինակ ՀՀԿ-ի ստեղծած քաղաքական դպրոցի դասընթացավարներից էր թունդ արեւմտամէտ, հակառուս Ստիոպա Սաֆարեանը, Աժ արտաքին յարաբերութիւնների նախագահին կից խորհրդում, նոյնպէս արեւմտամէտներ, հակառուսներ էին։

Ի՞նչ եմ ցանկանում այս ամենով ասել, որ Հայաստանը պէտք է մերժէ՞ր արեւմուտքին եւ կուրօրէն ծառայէր Ռուսաստանի՞ն։ Բնաւ՝ ոչ։ Սակայն Հայաստանը պէտք է հաշւի առնէր մեր տարածաշրջանի իրողութիւնը, յատկապէս մեզ համար կենսական նշանակութիւն ունեցող Արցախի հարցը եւ որպէս Ռուսաստանի դաշնակից, մնար վստահելի գործընկեր։ Մնալով Եւրամիութեան Արեւելեան գործընկերութեան (ԱԼԳ) անդամ, սերտօրէն համագործակցէր ԵՄ-ի հետ, բայց ոչ աւելին։ Օրինակ, Ադրբեջանը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակից պետութիւն չէր, բայց եւ ԵՄ ԱԼԳ անդամ, հաշւի առնելով իր համար առաւել քան կարեւոր Արցախի հարցը, ձեռնպահ մնաց ԵՄ ասոցացումից։ Զայրացա՞ւ արդեօք դրանից ԵՄ-ն։ Բնաւ՝ ոչ, աւելին, շարունակեց պաշտպանել Ադրբեջանի, այսպէս կոչւած, տարածքային ամբողջութեան թեզը։ Իսկ Հայաստանը, ԵՄ կողմից ընկալւեց որպէս թոյլ, Ռուսաստանից կախեալ երկիր, իսկ Ռուսաստանի կողմից, որպէս անվստահելի գործընկեր։ Եւ պատահական չէր, ԵԱՏՄ ստեղծման առաջին օրը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի արհամարհական խօսքը, որն էլ պատասխանի չարժանացաւ։ Ինքս այն ժամանակ կողմ էի ոչ թէ կամ-կամ, այլ ոչ-ոչ տարբերակին եւ կարծում եմ այդ դէպքում ԵՄ-ն ըմբռնումով կը վերաբերւէր մեզ, իսկ Ռուսաստանը՝ յարգանքով։

Այսպիսով, լինելով արեւմտամէտ գործիչ, Սերժ Սարգսեանը փորձում էր արեւմտաասոցացւել, բայց եւ թէկուզ ուշացումով, զգալով թուրքական վտանգը, հրաժարւում դրանից եւ նետւում Ռուսաստանի գիրկը, վստահութիւն չվայելելով, ոչ Ռուսաստանի, ոչ արեւմուտքի կողմից։

Յիշում եմ, Սերժ Սարգսեանի իշխանութեան տարիներին, Հայաստանում արեւմտեան առանցքային երկրներից մէկի դեսպանի հետ խօսակցութիւնը։ Խօսքը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների մասին էր։ Խօսակցութեան ժամանակ դեսպանն անկեղծացաւ եւ ասաց, որ Հայաստանի իշխանութիւնն իրենցից երաշխիքներ է պահանջում, եթէ ռուսական ռազմական բազան հեռանայ, ապա արդեօ՞ք դրան կը փոխարինեն արեւտեան զօրամիաւորումները։ Իմ հարցին, թէ ի՞նչ պատասխան տւեցիք, դեսպանը ժպտաց եւ թօթափեց ուսերը։ Մէկ այլ ընդունելութեան ժամանակ, արդէն իշխանափոխութիւնից յետոյ, արեւելաեւրոպական դեսպանատան աշխատակիցն իր գլխին էր հաւաքել Հայաստանի հակառուս գործիչներին եւ քննարկում մօտ ապագայում ռուսական ռազմաբազայի հնարաւոր հեռացման հարցը։ Իմ հարցին, թէ այդ դէպքում, ով կերաշխաւորի, որ Թուրքիան չի յարձակւի Հայաստանի վրայ, դիւանագէտը համոզւած պատասխանեց․ «Աւետիք, իմացէք, երբեք Թուրքիան չի յարձակւի Հայաստանի վրայ»։ Ինչպէս ցոյց տւեց 44-օրեայ պատերազմը, դիւանագէտը միանգամայն «ճիշտ» էր․․․

Շատ չխորանամ 2018թ․ առեղծւածային իշխանափոխութեան մէջ։ Միայն արձանագրենք, որ իշխանափոխութիւնից յետոյ, առաջին անգամ Հայաստանում իշխանութեան եկաւ, արդէն, ոչ այնքան արեւմտամէտ, որքան յստակ հակառուսական քաղաքական ուժ (եթէ այդ ուժին կարելի է քաղաքական համարել)։

Թւարկենք իշխանութեան գալուց յետոյ Նիկոլ Փաշինեանի հակառուսական քայլերի ոչ ամբողջական ցանկը․

- Քրէական հետապնդում ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իւրի Խաչատուրովի նկատմամբ։

- ԱԱԾ ներխուժում եւ ստուգումներ Ռուսաստանին պատկանող երկաթուղային ընկերութիւնում։

- Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի մտահոգութեանը այդ դէպքերի կապակցութեամբ, Նիկոլ Փաշինեանի տղայական պատասխանը․ «Թող ադապտացւեն»։

- Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունելութիւնը։ Նիկոլ Փաշինեանը, ոչ միայն օդանաւակայանում, այլեւ նախագահական նստավայրի առջեւում նրան չդիմաւորեց։ Աւելին, հնարաւորութիւն տրւեց Վրաստանից ժամանած լրագրողին սադրիչ հարց ուղղել Պուտինին։

Շարքը կարելի է շարունակել մերձիշխանական գործիչների հակառուսական արտայայտութիւններով։ Իսկ ի՞նչ էք կարծում, այս ամենը չէ՞ր տեսնում եւ եզրակացութիւններ անում Ռուսաստանը։

Եթէ մի կողմ դնենք դաւադրապաշտական տեսութիւնը, ապա վերը թւարկւած գործողութիւնները բաւական էին Ադրբեջանին դրդելու պատերազմի։ Եւ ի՞նչ էք կարծում, եթէ Հայաստանը «հերոսաբար քցում է» իր հզօր դաշնակցին, արդեօ՞ք մեր թշնամի երկրներ Թուրքիան եւ Ադրբեջանը չպիտի օգտւէին իրենց համար ստեղծւած բարենպաստ իրավիճակից։

Եւ կարծես, Հայաստանի հակառուս գործիչները մտածում էին, որ զոհաբերելով Արցախը, մի կողմից Ադրբեջանն ու Թուրքիան կը բաւարարւեն, միւս կողմից՝ «մնաս բարով, Ռուսաստան»։

Ինչեւէ, Արցախը յանձնելուց յետոյ, Ադրբեջանը շարունակում է գրաւել Հայաստանը։ Եւ Նիկոլ Փաշինեանը հանդիպում եւ ջերմ քննարկումներ անում հակառուս մարդ-կուսակցութիւնների հետ, միաժամանակ իրեն կորցրած, աղերսում Ռուսաստանին․ «Հասէ՛ք, փրկէ՛ք, հայ-ադրբեջանական սահմաններին ռուսական զօրքեր բերէք»։ Ահա եւ քեզ ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստան։ 

Ուշացումով, աւելի ճիշտ կործանարար քաղաքականութեան հետեւանքով, «դուխով» Նիկոլ Փաշինեանը հասկացաւ, որ առանց հաշւի առնելու ռուսական գործօնը, հնարաւոր չէ պահպանել նոյնիսկ միջազգայնօրէն Հայաստանի ճանաչւած սահմանները, հաստատել խաղաղութիւն, թէկուզ Արցախի կորստի եւ հազարաւորների կեանքի գնով եւ վերջ դրեց հայոց պետականութեանը։ Իսկ Ռուսաստանն այլեւս Հայաստանին չի դիտարկում որպէս ոչ միայն դաշնակից, այլեւ պետութիւն։ Եւ ցաւօք, ոչ միայն Ռուսաստանը։

Նիկոլ Փաշինեանի Ռուսաստանին ուղղւած աղաչանքը, սւիններով ընդունեցին հակառուս գործիչները։ Նրանք անհանգիստ շարժումներ են անում․ դիմել ՄԱԿ, ԵԱՀԿ եւ այլն։ Ոգեւորւած յղումներ են անում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի ասուլիսի թեզերին։ «Մէջբերումներ» են անում ասուլիսից եւ ընթերցողին թւում է, թէ Ֆրանսիան պատրաստ է պատերազմել Ադրբեջանի, բնականաբար նաեւ Թուրքիայի դէմ, յանուն Հայաստանի։ Բարեբախտաբար համացանցում ներկայացւել է դեսպանի իրական խօսքերը, որոնք ոչ մի առնչութիւն չունեն «մէջբերումների» հետ։ Յարգելիներս, համոզւած եմ ասում, եթէ դուք լինէիք Հայաստանի ղեկավար եւ գործէիք նոյն կերպ, ինչպէս վերջին երեք տարիներին գործեց ձեր պաշտելի վարչապետը, ապա դուք նոյնպէս ունենալով աւելի շատ իրական , նաեւ դաժան փաստեր եւ տեղեկութիւններ, ստիպւած կը լինէիք ձեր հակառուսական հերոսական կեցւածքից յետ շրջւել, եւ այս անգամ սողալ Ռուսաստանի առջեւ։ Եւ եթէ Ռուսաստանը երկար աղաչանքներից յետոյ, որոշի այնուամենայնիւ զօրամիաւորումներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմաններում, ապա ի դժբախտութիւն ձեզ՝ հակառուսներ, եւ ամօթ բոլորիս, սահմանամերձ գիւղերի բնակչութիւնը «օրհնելու է էն սհաթը»։ Եւ այս ամենի մեղքն ընկած է ձեր պաշտելի Նիկոլ Փաշինեանի եւ իհարկէ ձեզ վրայ։

Այսպիսով եւս մէկ անգամ շեշտեմ, որքան վտանգաւոր է Ռուսաստանին հաճոյանալն ու քծնելը, առաւել վտանգաւոր է Ռուսաստանի հետ թշնամանալը, քանի որ թշնամանքին յաջորդում է արդէն ոչ թէ քծնանքն, այլ հսկայական կորուստներից յետոյ, ուղղակի սողալը նրա առջեւ։ Նորից կրկնեմ, այո՛ Ռուսաստանը հզօր պետութիւն է եւ ամէն դէպքում չենք կարող նրա հետ յարաբերութիւններում լինել հաւասարը հաւասարի դիրքերում։ Բայց, կարելի է գործել փոխադարձ յարգանքի, վստահութեան եւ շահերի հարթութեան մէջ, առանց յետին՝ «քցելու» մտքի։ Ի տարբերութիւն մեզ, Ռուսաստանն ունի դարաւոր պետական, աւելին՝ կայսերական աւանդոյթներ, համապատասխան ծառայութիւններ, դիւանագիտութիւն եւ մեր պարզունակ, գաւառական «շուստրիութիւնը» նախապէս «կարդում» եւ որոշումներ է կայացնում։ 

Այս ամենից յետոյ, Ռուսաստանն իր ազդեցութիւնը տարածաշրջանում պահպանելու համար, արդէն ոչ թէ յենւում է Հայաստանի, այլ յաղթող կողմի՝ Ադրբեջանի վրայ։ Ադրբեջանը փայլուն ձեւով օգտւում է ստեղծւած աշխարհաքաղաքական իրավիճակից։ Իհարկէ, հասնելով բաղձալի նպատակին, Ադրբեջանը վերջնականապէս դուրս է թողնելու Ռուսաստանին տարածաշրջանից։ Չգիտեմ , գիտակցու՞մ է այս ամենը Ռուսաստանը, թէ՞ այլ ելք այսօր չունի։

Յ․Գ․ Կարծիք կայ նաեւ, որ Նիկոլ Փաշինեանի կոչը ռուս խաղարարարներ տեղակայելու մասին, սադրանք է ուղղւած Ռուսաստանին։ Այսինքն, Ռուսաստանի կողմից կոչին չարձագանքելու դէպքում, կը յայտարարի որ այլեւս ռուսական ռազմաբազան Հայաստանում աւելորդ է։ Հնարաւո՞ր է արդեօք այս տարբերակը։ Չեմ բացառում։ Այդ դէպքում, Ադրբեջանն էլ իր հերթին կը պահանջի ռուս խաղարարարների հեռացում Արցախից եւ ․․․այն կը նշանակի Արցախի վերջնական հայաթափում եւ Հայաստանի հանրապետութեան, այս անգամ՝ թրքահպատակութիւն, իր բոլոր հետեւանքներով։

 

Hraparak.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։