Հա

Քաղաքական

04/08/2021 - 13:00

«Չեմ կարող երեւակայել, թէ ինչ կարող է անել Վաշինգտոնում մի անփորձ անձ, որ որեւէ գաղափար չունի դիւանագէտի աշխատանքից». Յարութ Սասունեան

Դեռ տարեսկզբին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանն իր տելեգրամեան ալիքում գրառում էր կատարել` տեղեկացնելով, որ «Իմ քայլը» խմբակցութեան ղեկավար Լիլիթ Մակունցը, որը յայտնի է՝ որպէս Նիկոլ Փաշինեանի անգլերէնի ուսուցիչ, շուտով հէնց Փաշինեանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակւելու:

«alikonline.ir» - Դեռ տարեսկզբին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանն իր տելեգրամեան ալիքում գրառում էր կատարել` տեղեկացնելով, որ «Իմ քայլը» խմբակցութեան ղեկավար Լիլիթ Մակունցը, որը յայտնի է՝ որպէս Նիկոլ Փաշինեանի անգլերէնի ուսուցիչ, շուտով հէնց Փաշինեանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակւելու:

Ընդամէնն օրեր անց Մակունցը պարզաբանեց, որ հարցն օրակարգում է:

Ու քանի որ Միքայէլ Մինասեանի փոխանցած բազմաթիւ տեղեկութիւններ հետագայում հաստատւում են, այս մէկի հաստատումն էլ չուշացաւ. Մակունցն օգոստոսի 2-ին նշանակւեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտօնում:

Մակունցի նշանակումն իրարամերժ գնահատականների արժանացաւ: Ինչպէս Հայաստանում, այնպէս էլ՝ Սփիւռքում քննադատութիւնների պակաս չեղաւ. շեշտում էին՝ Մակունցը համապատասխան փորձառութիւն չունի:

Ի դէպ, անգամ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջում տիկին Մակունցի նշանակման մասին ծանուցման ներքեւում մեկնաբանութիւնները բացասական էին:

«Կալիֆորնիա Կուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանը 168.am-ի հետ զրոյցում նշեց՝ հայկական բազմաթիւ կառոյցներ արդէն յայտնել են իրենց անհամաձայնութիւնը ԱՄՆ դեսպանի փոփոխութեան հարցով. դէմ են Մակունցի նշանակմանը. «Ես լրիւ հակառակ եմ Մակունցի նշանակմանը. դա կոպիտ սխալ է վարչապետի կողմից, որ նման մէկը նշանակւի, այն էլ՝ Ամերիկայում:

Մակունցին չի կարելի նշանակել նոյնիսկ փոքր մի երկրում Հայաստանի դեսպան, որովհետեւ ինքը դիպլոմատիկ փորձ չունի, եւ վարչապետը մեծ սխալ է անում՝ այսպիսի անփորձ մի մարդու նշանակելով աշխարհի ամենահզօր, թիւ մէկ երկրի մայրաքաղաքում որպէս ՀՀ ներկայացուցիչ: Բոլոր երկրներում՝ անգամ ամենափոքր, յետամնաց երկրում, երբ հերթը գալիս է որոշելու, թէ ում են նշանակելու ԱՄՆ-ում այդ երկրի դեսպան, ընտրում են իրենց ամենափորձառու դեսպանին եւ նրան են ուղարկում Վաշինգտոն, ոչ թէ՝ որեւէ մէկին, որ իրենց մտքով անցնի, կամ իրենց մտերիմն է (այդպիսի բան նոյնիսկ ամենայետամնաց երկրները չեն անում)՝ մանաւանդ այս վիճակում, երբ Հայաստանը հազարումէկ լուրջ հարցեր ունի, եւ լուծումը չենք կարող գտնել. այս ծանր վիճակում ուղարկել մի շատ անփորձ անձ՝ որպէս Վաշինգտոնում դեսպան, լրիւ անհասկանալի է եւ վնաս է տալու Հայաստանի շահերին»:

Յարութ Սասունեանը անդրադարձաւ նաեւ նախկին դեսպան Վարուժան Ներսիսեանի աշխատանքին՝ նշելով, որ նա արդէն իսկ բազմաթիւ կապեր էր հաստատել ամերիկեան իշխանութիւնների հետ. «Չեմ կարող երեւակայել, թէ ինչ կարող է անել Վաշինգտոնում մի անփորձ անձ, որ որեւէ գաղափար չունի դիւանագէտի աշխատանքից: Աւելի վատն այն է, որ մինչեւ վերջերս մենք ունէինք դեսպան Վարուժան Ներսիսեանը, որը շատ կարող անձնաւորութիւն է եւ հոյակապ աշխատանք է տարել վերջին երկու տարիներին եւ ունէր մի տարի եւս, մանաւանդ այս օրերին, որ նման դեսպանի աշխատանքը մեծապէս գնահատելի է:

Նախագահ Բայդէնի իշխանութեան օրերին ունենք աւելի հայանպաստ դիրքորոշում, ինչը պէտք է օգտագործել, լաւ կապեր հաստատել ԱՄՆ իշխանութիւնների հետ, Վարուժան Ներսիսեանն այդ դերն արդէն կատարել է, հոյակապ կապեր է հաստատել Վաշինգոտնում, եւ իր մեկնելով՝ այդ բոլոր դրական կապերը խզւելու են, մի նոր անձ է գալու, որը սկսելու է 0-ից: Տեսնենք, թէ ինչ կարող է անել, եւ վերջին հարցն էլ կապւած է ամերիկահայութեան հետ. ամերիկահայ զանազան գլխաւոր կազմակերպութիւններ գրաւոր յայտարարեցին, որ իրենք հակառակ են Մակունցին եւ չեն ուզում, որ դեսպան Ներսիսեանը փոխւի: Երբ Մակունցը գայ ԱՄՆ, ամերիկեան իշխանութիւնների հետ աշխատանքից բացի՝ պէտք է ուզենայ գործակցել ամերիկահայ համայնքի եւ կազմակերպութիւնների հետ. Դա էլ մեծ խնդիր է յարուցելու իր համար, քանի որ ամերիկահայութիւնն ընդհանրապէս դէմ է իր նշանակմանը, ինչն էլ լաւ առիթ չի լինելու, որ ինքը կարողանայ գործակցել մեծաթիւ ամերիկահայերի հետ, որոնք նաեւ հզօր տնտեսական ուժ ունեն եւ մասնակցում են «Հայաստան» հիմնադրամի աշխատանքներին, նւիրատւութիւններին, գալիս են Հայաստան եւ ներդրումներ են անում: Կը տեսնենք, թէ այդ բոլորն ինչ կը լինեն այս նոր անփորձ դեսպանի նշանակումով»:

Վարչապետի կողմից նման նշանակումների տրամաբանութեան համատեքստում նա նաեւ յիշեցրեց երկու արտգործնախարարների հրաժարականի մասին՝ նկատելով, որ արտգործնախարարը ոչ մի դերակատարութիւն չունի, որեւէ հարց որոշելու իրաւասութիւն չունի. «Վարչապետն ինքնագլուխ եւ ինքնակամ որոշում է ամէն ինչ, նոյնիսկ որոշումից առաջ ոչ միայն չի խորհրդակցում ԱԳ նախարարի հետ, այլեւ յետոյ էլ չի տեղեկացնում իր որոշման մասին:

Այդ է պատճառը, որ երկու արտգործնախարար հրաժարւեցին վերջին ամիսներին. եթէ այդպէս շարունակւի, ես մի առաջարկ ունեմ վարչապետին, որ ընդհանրապէս չնշականակի ոչ մի նոր արտգործնախարար. ինքը նաեւ ստանձնի արտգործնախարարի պաշտօնը, որովհետեւ բոլոր որոշումներն ինքն է ընդունում, եւ եթէ այսպէս շարունակւի, նոյնիսկ կարիք չունենք այլ նախարարների. բոլոր նախարարների որոշումները կարող է վարչապետն ընդունել ինքնագլուխ եւ այդպէս միահեծան իշխել Հայաստանի վրայ:

Այս խօսքերը ես ասում եմ մեծ ցաւով. վարչապետը եկել էր իշխանութեան՝ խօսելով ժողովրդավարութեան, հանդուրժողականութեան մասին, բայց տեսնում ենք՝ այն փոքր ժողովրդավարութիւն էլ որ կար նախկինում, այդ էլ վերացւեց եւ կործանւեց, ու հիմա ունենք ոչ թէ ժողովրդավարութիւն, այլ ունենք դիկտատուրա, դժբախտաբար»:

Նրա համոզմամբ՝ թէեւ թղթի վրայ վարչակազմը խորհրդարանական է, բայց իսկութեան մէջ՝ խորհրդարանը որեւէ լիազօրութիւն չունի:

«Հայաստանում բոլոր որոշումներն ընդունւում են մի մարդու կողմից, որը վարչապետն է: Այսպիսով, պէտք է ասել, որ Հայաստանում վարչապետական իշխանութիւն է եւ ոչ թէ խորհրդարանական,- նշեց «Կալիֆորնիա Կուրիէր» թերթի խմբագիրը՝ յաւելելով, թէ չի կարծում, որ քաղաքական տարբեր ուժեր կը կարողանան զսպել իշխանութեան միահեծան որոշումները,- նախագահի պաշտօնը պրոտոկոլային է, Ազգային ժողովը պէտք է իսկական Ազգային ժողով դառնայ, որպիսին չէ։ Վարչապետն ինչ ասում է, դա է անում Ազգային ժողովը (այդտեղ էլ բալանս չկայ), դատարանները իշխանութիւնների ազդեցութեան տակ են, եւ միակ որոշում առնողը վարչապետն է»:

Հարցին՝ արդեօք արդէն նաեւ խորհրդարանում ներկայացւած ընդդիմութիւնն ի վիճակի՞ է ինչ-որ բան փոխել երկրում, Յարութ Սասունեանը պատասխանեց.

«Քանի որ ընդդիմութիւնը փոքրամասնութիւն է, եւ որոշումներն ընդունւում են մեծամասնութեան ձայնով, ընդդիմութիւնը չի կարող որեւէ որոշիչ դեր խաղալ այդտեղ, որովհետեւ պարզապէս քւէներ չունեն։ Բայց, անշուշտ, կարող է բողոքել, քննադատել, ցաւոտ հարցեր բարձրացնել եւ ներկայացնել մեր ժողովրդի ուշադրութեանը: Դա՛ է ընդդիմութեան անելիքը, բայց, դժբախտաբար, չի կարող որեւէ որոշիչ դեր խաղալ նոր Ազգային ժողովում»:

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։