Հա

Քաղաքական

04/08/2021 - 14:30

«Շարունակելու եմ պայքարը նոյնկերպ, անկախ նրանից, նստած կը լինեմ ներքեւում թէ վերեւում». ԱԺ փոխնախագահի թեկնածու Ի. Սաղաթելեանը ելոյթ ունեցաւ ԱԺ-ում

Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամավոր, խորհրդարանական ընդդմիութեան կողմից ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրւած Իշխան Սաղաթելեանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելոյթն ամբողջութեամբ.

«alikonline.ir» - Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, խորհրդարանական ընդդմիութեան կողմից ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրւած Իշխան Սաղաթելեանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելոյթն ամբողջութեամբ.

Սիրելի՛ հարենակիցներ,

Ազգային ժողովի նիստին առցանց հետեւող մեր քաղաքացինե՛ր,

Ազգային ժողովի բարձր ամբիոնից առաջին հերթին խօսքս ուղղում եմ Ձեզ։

Այսօր «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրւել եմ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու։

Շնորհակալութիւն եմ յայտնում գործընկերներիս այս վստահութեան համար:

Շնորհակալութիւն եմ յայտնում նաեւ «Պատիւ ունեմ» դաշինքի գործընկերներիս՝ իմ թեկնածութիւնը պաշտպանելու եւ աջակցելու համար:

Թիւր ընկալումներից խուսափելու համար՝ ի սկզբանէ ուզում եմ յստակեցնել, որ իմ թեկնածութեան առաջադրումը ոչ պաշտօնի ձգտում է, ոչ էլ իշխանութեան հետ քաղաքական համաձայնութիւնների, կուլիսային պայմանաւորւածութիւնների արդիւնք, այլ մեր երկրի մայր օրէնքի՝ Սահմանադրութեան 104-րդ յօդւածով սահմանւած նորմ, համաձայն որի՝ Աժ նախագահի տեղակալներից մէկն ընտրւում է ընդդիմադիր խմբակցութիւնների կազմում ընդգրկւած պատգամաւորների թւից։

Սա քաղաքական համակարգի փոխզսպումների, հակակշիռների, ընդդիմութեան քաղաքական իրաւունքների ապահովման եւ իրացման հիմնական պահանջներից է։

2015 թ. սահմանադրական փոփոխութիւնների արդիւնքում քաղաքական ընդդիմութեանը վերապահւեցին խորհրդարանական մի շարք կարեւոր լիազօրութիւններ, որոնք ժողովրդավարական պետութեան՝ քաղաքական համակարգում հաւասարակշռութեան ապահովման կարեւոր գործօն են։

Այն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարութեան, կայունութեան եւ միջազգային վարկանիշի համար։ Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական պահանջ է եւ ենթակայ է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնութեան նախասիրութիւնից եւ քմահաճոյքից:

Այլ պայմաններում մենք գուցէ կարող էինք արձագանգել խորհրդարանական մեծամասնութեան՝ բանակցութիւնների միջոցով, համախոհութեամբ ԱԺ ղեկավարութիւն եւ այլ մարմիններ ձեւաւորելու առաջարկին։

Սակայն,

- մենք չենք կարող համաձայնութիւն ունենալ մի իշխանութեան հետ, ում օրօք կորցրեցինք մեր հայրենիքի մի կարեւոր մասը,

- մենք չենք կարող համաձայնութիւն ունենալ մի իշխանութեան հետ, ում օրօք ունեցանք հազարաւոր զոհեր, տասնեակ հազարաւոր վիրաւորներ եւ տնաւեր մարդիք,

- մենք չենք կարող համերաշխ լինել մի իշխանութեան հետ, ում գործունէութեան արդիւնքում վտանգւած է մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը,

- մենք չենք կարող պայմանաւորւել մի իշխանութեան հետ, ով մեր ընկերներին կեղծ մեղադրանքներով, օրէնքի եւ Սահմանադրութեան կոպիտ խախտումներով պահում է կալանքի տակ, իսկ մեր միւս թիմակիցներին ենթարկում քաղաքական բռնաճնշումների եւ հետապնդումների՝ իրենց քաղաքական հայեացքների համար:

Այդքանով հանդերձ՝ մեր եւ օրւայ իշխանութեան հակադրութիւնը անձնական եւ անհատական չէ. այն աւելի խորը եւ գաղափարական հիմքեր ունի:

Ընդդիմութեան եւ իշխանութեան հակադրութեան բուն առարկան հայութեան, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների ներկային ու ապագային վերաբերող տեսլականն է:

Եթէ փորձեմ կարճ ձեւակերպել կամ բանաձեւել, ապա ընդդիմութեան տեսլականն է՝

- կերտել լիարժէք պետութիւն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնութիւնը եւ զարգանալ՝ առաջ մղելով ազգային-կենսական շահերը։

Իշխանութեան քողարկւած տեսլականն է (ուշադրութիւն՝ քողարկւած, քանի որ ձեռնարկւած քայլերը եւ գործողութիւնները յայտարարւած նպատակների հետ առնչութիւն չունեն)

- պահպանելով պետութեան նոմինալ գոյութիւնը՝ ձերբազատվել ազգային ինքնութիւնից, հրաժարւել մեր սերունդների անժամանցելի իրաւունքներն ու շահերը պաշտպանելու առաքելութիւնից։

Մենք մերժում եւ անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրւայ իշխանութեան այս պատկերացումները՝ համարելով այն ինքնաոչնացման եւ կործանման ճանապարհ:

Ահա սա է մեր եւ օրւայ իշխանութեան հակադրութեան բուն պատճառը, առարկան եւ էութիւնը:

2021 թւականի յունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնը, ըստ էութեան, չհանգուցալուծեց համակարգային ճգնաժամը։ Այն նորանոր դրսեւորումներ է ստանում՝ սպառնալով պետականութեան գոյութեանը: Վտանգւած է մեր երկրի տարածքային ամբողջականութիւնը: Խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Ես շարունակում եմ պնդել, որ այսօրվա իշխանութիւնն ի վիճակի չէ դիմագրավելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, ուստի այս իշխանութեան հետ ապագայ չկայ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հանդէս գալով իբրեւ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու, ցանկանում եմ ներկայացնել իմ գործունէութեան առանցքային մի քանի ուղենիշներ եւ սկզբունքներ.

- նախ, Սահմանադրութեամբ ընդդիմութեանը վերապահւած Ազգային ժողովի փոխնախագահի գործունեութիւնը ծառայելու է անցնող ամիսներին քաղաքական-հրապարակային պայքարի ելած իմ ընկերների, հազարաւոր մեր զինակից, գաղափարակից հայրենակիցների պահանջներին, որոնք իրաւացի են. երկիրը պատերազմում պարտութեան տարած, 2020 թւականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն յայտարարութիւնը ստորագրած իշխանութիւնը պէտք է հեռանայ,

- Ազգային ժողովի փոխնախագահ ընտրւելու դէպքում դառնալու եմ ընդդիմութեան ձայնը ԱԺ նախագահութիւնում եւ խորհրդում: Լիարժէք իրացնելով փոխնախագահին տրւած լիազօրութիւնները, հակազդելու եմ այն բոլոր վտանգներին ու սպառնալիքներին, որոնք կանգնած են մեր պետականութեան առջեւ: Վստահ եղէք՝ ԱԺ փոխնախագահի իմ այդ կարգավիճակը չի փոխելու ո՛չ մեր առաջնահերթութիւնները, ո՛չ էլ մեր ընդհանուր պայքարի թիրախներն ու օրակարգերը։ Ես շարունակելու եմ իմ պայքարն այս դահլիճում՝ անկախ նրանից՝ նստած կը լինեմ ներքեւում թէ վերեւում: Ես շարունակելու եմ իմ պայքարը Բաղրամեան պողոտայում, Ազատութեան հրապարակում եւ բոլոր այն հարթակներում, որտեղ դրա կարիքը կայ:

- Ազգային ժողովի փոխնախագահի աշխատանքը եւս մէկ լրացուցիչ գործիք է ընդդիմութեան համար, որով հնարաւոր է քաղաքական հարթակ բերել եւ հետապնդել ազգային-պետական շահը սպասարկող քաղաքական օրակարգեր:

- Ի հեճուկս իշխանութիւնների որդեգրած քաղաքականութեան՝ ես, իբրեւ համահայկական քաղաքական ուժի ներկայացուցիչ եւ Հայ Դատի կենրոնական խորհրդի անդամ, նպաստելու եմ սփիւռքի հետ վստահութեան վերականգնմանը, խորացնելու եմ Խորհրդարանի եւ Հայ Դատի աշխարհասփիւռ գրասենեակների միջեւ գործակցութիւնը՝ ի նպաստ Արցախի, Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արտահերթ ընտրութիւններում դուք մեզ քւէարկել էիք ոչ միայն մեզ ԱԺ գործուղելու, այլ նախեւառաջ մեր միջոցով օրւայ իշխանութեանը հեռացնելու, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների առջեւ ծառացած նոր սպառնալիքները կանխելու, մեր ժողովրդի արժանապատւութիւնը վերականգնելու, արժանապատիւ խաղաղութիւն հաստատելու, երկիրը բնականոն զարգացման հուն տեղափոխելու եւ, ի վերջոյ, ուժեղ Հայաստան կերտելու համար։

Թէեւ ընտրութիւնների միջոցով դեռեւս մեզ չի յաջողւել լուծել այդ խնդիրը, սակայն այս ամբիոնից եւս մէկ անգամ յայտարարում եմ, որ մեր համատեղ պայքարը կանգ չի առել:

Չփոխւեց իշխանութիւնը, բայց փոխւեց ընդդիմութիւնը։ Նոր իշխանութիւնը դարձաւ հին իշխանութիւն։ Արդիւնքում՝ ունենք հին իշխանութիւն եւ նոր ընդդիմութիւն։

Նոր ընդդիմութեան խնդիրն է ձեւաւորել ազգային իշխանութիւն, ով կը կասեցնի պետականութեան կործանման այս ընթացքը, ով կը կատարի երկրի սեփական սահմանների անձեռնմխելիութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու իր հիմնական գործառոյթը, կը հաստատի արժանապատիւ խաղաղութիւն, պետականութիւնը կը վերադարձնի ժողովրդին, Հայաստանը կը դարձնի ապրելու երկիր:

Սիրելի հայրենակիցներ. երկրում գոյութիւն ունեցող համակարգային ճգնաժամը յաղթահարւած չէ, հետեւաբար՝ մեր գնահատումները նոյնն են, օրակարգն անփոփոխ, այս իշխանութիւնը պէտք է հեռանայ:

Պայքարը շարունակւում է…

Շնորհակալութիւն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։