Հա

Քաղաքական

07/08/2021 - 12:35

«Ադրբեջանի համար ռազմավարական կարեւորութիւն ունի Բերձոր քաղաքում ոչ թէ հայերի, այլ հէնց ադրբեջանցիների բնակւելը». Նայիրի Յոխիկեան

Լրագրող, վերլուծաբան Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «2020թ․ պատերազմից յետոյ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ յայտարարեց, թէ համաձայն չի Բերձոր, Աղաւնօ եւ Ներքին Սուս համայքները հայկական կողմին մնալու որոշման հետ, եւ պէտք է Արցախը ՀՀ-ին կապող այլ ճանապարհ կառուցւի։ Այսինքն, ըստ Ալիեւի, Գորիսից Ստեփանակերտ գնալու համար առաջիկայ 3 տարւայ ընթացքում մենք պէտք է կառուցենք նոր ճանապարհ, որը շրջանցելու է առնւազն Բերձոր քաղաքը։

«alikonline.ir» - Լրագրող, վերլուծաբան Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«2020թ․ պատերազմից յետոյ Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ յայտարարեց, թէ համաձայն չի Բերձոր, Աղաւնօ եւ Ներքին Սուս համայքները հայկական կողմին մնալու որոշման հետ, եւ պէտք է Արցախը ՀՀ-ին կապող այլ ճանապարհ կառուցւի։ Այսինքն, ըստ Ալիեւի, Գորիսից Ստեփանակերտ գնալու համար առաջիկայ 3 տարւայ ընթացքում մենք պէտք է կառուցենք նոր ճանապարհ, որը շրջանցելու է առնւազն Բերձոր քաղաքը։

Սա էր պատճառը, որ ամիսներ շարունակ ՀՀ իշխանութիւնները լռելեայն խրախուսում էին Բերձորի հայաթափումն ու թալանը, աչք էին փակում դրա վրայ եւ այս 3 բնակավայրերի հայերին խոստանում փոխհատուցում։ Դա իր հետ բերեց մի վիճակ, երբ շատ քաշաթաղցիներ թեւաթափ եղան ու յոյս այլեւս չկապեցին Բերձոր, Աղաւնօ կամ Սուս վերադառնալու հեռանկարի հետ՝ իրենց տները թողնելով նորայայտ թալանչիներին։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կայ առանձին կէտ այսպէս կոչւած Լաչինի միջանցքի երթուղու մասին՝ նշելով, որ այն պէտք է յստակեցւի կողմերի համաձայնութեամբ։ Ադրբեջանի համար ռազմավարական կարեւորութիւն ունի Բերձոր քաղաքում ոչ թէ հայերի, այլ հէնց ադրբեջանցիների բնակւելը, հետեւաբար նրանք պէտք է ամէն ինչ անեն՝ դրան հասնելու համար։ Սակայն ռուսական կողմը եւս լաւ է հասկանում, որ Բերձորն Ադրբեջանին տալով՝ հէնց իրենք վտանգի տակ են դնելու իրենց զօրակազմի գոյութիւնը, ինչպէս նաեւ Արցախի անվտանգութիւնը։ Բերձորը ամբողջ Արցախի շնչուղին է։ Այդ մասին բազմաթիւ քննարկումներ ենք ունեցել մի շարք պատասխանատուների հետ։

Սա է պատճառը, որ ամիսներ շարունակ հանդիպումներ եմ ունենում տարբեր գործիչների ու պաշտօնեաների հետ, ներկայացնում ու բացատրում Բերձորի նշանակութիւնը, ինձ վրայ վերցնում բանակցելու մի աշխատանք, որն ի պաշտօնէ պէտք է անէին այլ անձինք։ Դրա դիմաց, իհարկէ, ստանում եմ նաեւ որոշ անհայրենիք սրիկաների անեծք ու հայհոյանք, թէ ես խանգարում եմ փոխհատուցման անւան տակ իրենց փող աշխատելուն։ Ամէն սրբապղծութեան կը գնան, միայն թէ պետութիւնից փող պոկեն։

Սրան զուգահեռ, բազմաթիվ գործոններով ու ջանքերով պայմանաւորւած, Ադրբեջանն արդէն սկսում է համակերպւել Բերձորը չստանալու մտքի հետ՝ յայտարարելով այս քաղաքը շրջանցող այլընտրանքային ճանապարհի շինարարութեան մասին։ Դա կապելու է Քաշաթաղի հարաւը հիւսիսի հետ՝ շրջանցելով Բերձորը։ Բնականաբար, Ադրբեջանը հիմա դա բացատրում է իր շահերի տեսանկիւնից, բայց մենք՝ լրագրողներն ու քաղաքագէտները հօ կարդո՞ւմ ենք տողերի արանքում ասւածը։

Բերձոր, Աղաւնօ եւ Ներքին Սուս համայնքները կը մտնեն Արցախն ու ՀՀ-ն կապող միջանցքի մէջ, իսկ այնտեղի հայերն աստիճանաբար կը վերադառնան իրենց տներ։

Այսօր Աղաւնօ գիւղը մեծ մասամբ վերադարձել է իր բնականոն կեանքին, Բերձոր քաղաքում գրեթէ 200 հայ ապրում է, ինչը դրական ընթացք է՝ համեմատած 2-3 ամիս առաջւայ հետ։ Մեր յամառ աշխատանքը բերելու է արդիւնքի, որ Բերձորում առնւազն 1000 հայ ապրի, ինչի շնորհիւ լիարժէք կաշխատեն դպրոցը, մանկապարտէզը, հիւանդանոցը եւ միւս հանրային կառոյցները։ Հիմա կարեւոր է կանգնեցնել Բերձորի թալանը, որը շարունակւում է թշնամուն յանձնելու ցինիկ պատճառաբանութեամբ։ Բոլորս գիտենք, թէ ովքեր եւ ում հովանու ներքոյ են թալանում Բերձորը։

Միամիտ չեմ՝ կարծելու, թէ բոլոր բերձորցիները կը վերադառնան, դրա համար չեմ նշում 3000, այլ բաւարարւում եմ 1000-ով։ Բայց դա այն կորիզն է, որը ապրում է ոչ թէ ստամոքսի, այլ ուղեղի եւ հայրենիքի համար։ Իսկ Բերձորի, Աղաւնոյի եւ Սուսի հայկականութիւնը ամբողջ Արցախի հայկականութեան երաշխիքն է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։