Հա

Քաղաքական

08/08/2021 - 12:25

«Նոր ռազմական էսկալիացիայի դէպքում միջազգային հանրութեան արձագանգը այլ է լինելու եւ ոչ Ադրբեջանի օգտին». Արմէն Պետրոսեան

Ըստ արեւելագէտ Արմէն Պետրոսեանի՝ Ադրբեջանի գործողութիւնները եւս վերահսկելիութեան տիրոյթում են:

«alikonline.ir» - Ըստ արեւելագէտ Արմէն Պետրոսեանի՝ Ադրբեջանի գործողութիւնները եւս վերահսկելիութեան տիրոյթում են:

«Տարածաշրջանում հետաքրքրութիւն ունեցող հիմնական դերակատարներն այս պահին կարծես թէ ունեն այլ առաջնահերթութիւններ»,-«Առաւօտ»-ի դիտարկմանը՝ Ադրբեջանն իր oրակարգն է թելադրում, ու նրան զսպող չկայ, ո՞րն է պատճառը, այսպէս պատասխանեց արեւելագէտ, վերլուծաբան Արմէն Պետրոսեանը:

Ըստ նրա՝ հայկական կողմի առաւել զուսպ եւ կառուցողական մօտեցման, դիրքորոշման պայմաններում, այնուամենայնիւ, յաջողւում է զսպել տարածաշրջանում նոր պայթիւնավտանգ իրավիճակի ձեւաւորումը, որը գնահատւում է յատկապէս տարածաշրջանում շահեր ունեցող մի շարք առանցքային դերակատարների կողմից: Ըստ նրա՝ Ադրբեջանի գործողութիւնները եւս վերահսկելիութեան տիրոյթում են:

Հետաքրքրւեցինք՝ ի՞նչ սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Իրան այցից, օրեր առաջ էլ ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել էր Սիւնիք, սրանք Իրանից եկող ազդակներ չե՞ն եւ արդեօք ՀՀ-ն բաւարար չափով օգտագործո՞ւմ է այն ռեսուրսները, որ կան Իրանի հետ յարաբերութիւններում, Արմէն Պետրոսեանը պատասխանեց. «Միանշանակ է, որ 44-օրեայ պատերազմից յետոյ տարածաշրջանում ձեւաւորւած նոր իրողութիւնների պայմաններում Իրանն, իր դիրքերում լինելով որպէս կորցրած, զիջած դերակատար, ակնյայտ ակտիւութիւն էր դրսեւորում ինչպէս տարածաշրջանային գործընթացներում, այնպէս էլ ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ երկկողմ յարաբերութիւններում: Ակնյայտ է, որ Իրանի կողմից առկայ է շահագրգռւածութիւն կորցրած դիրքերը վերականգնելու առումով: Եւ այս առումով, եթէ գնահատենք պատերազմի ամիսները, ապա յատկապէս հայկական կողմի հետ բաւականաչափ ակտիւ բանացութիւններ, քննարկումներ են տեղի ունենում տարբեր մակարդակներում: Սա պէտք է դիտարկել Իրանի կողմից տարածաշրջանի քաղաքականութեան վերանայման տեսանկիւնից: Այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի՝ վերանշանակւելուց յետոյ առաջին արտագնայ աշխատանքային ուղղութիւնն Իրանն է, սա չափազանց կարեւոր ուղերձ է ինչպէս տարածաշրջանում, այնպէս էլ երկկողմ յարաբերութիւնների համատեքստում՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների կառավարութիւններն ըստ էութեան գտնւում են ձեւաւորման մեկնակէտում: Կարելի է համարել, որ ստարտային կարեւոր պայմանները ձեւաւորւած են»:

Մեր յիշեցմանը՝ մի առիթով ասել էիք, որ ՀՀ-ն չունի մանեւրելու հնարաւորութիւն եւ հարցին՝ չի՞ կարծում, որ ՄԽ վերջին յայտարարութիւնները դեռ բաց են պահում Հայաստանի հնարաւորութիւնների դուռը, արեւելագէտը պատասխանեց. «Կիսում եմ այդ տեսակէտը: Պարզապէս խնդրի էութիւնն այն է, որ ադրբեջանական կողմն է հրաժարւում այլեւս ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում Արցախի հիմնախնդրի քննարկման հնարաւորութիւնից: Հետեւաբար միայն յայտարարութիւնների մակարդակում ակնկալել, որ այս գործընթացը տեղաշարժւում է, միանշանակ, այդպէս չէ: Հայկական կողմը չպէտք է բաւարարւի այդ յայտարարութիւններով: Մենք տեսնում ենք զուգահեռ երկու ոչ համադրելի գործընթացներ: Մի դէպքում հայկական կողմից, միջնորդ երկրների, շահագրգիռ դերակատարների կողմից հնչում են յայտարարութիւններ, միւս դէպքում մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից յստակ գործողութիւններ, քայլեր ուղղւած Արցախի օկուպացւած տարածքներում հայկական հետքի վերացմանը, տարբեր քաղաքական միջոցառումների տեսքով ադրբեջանական օկուպացիայի իրաւական, քաղաքական քարոզչական ամրագրմանը միտւած գործողութիւններ: Այս համատեքստում գործընթացներն անհամադրելի են»:

Մեր այն հարցին՝ ԱՄՆ-ի կողմից Բաքւին ռազմական օգնութեան դադարեցմանը կարո՞ղ են յաջորդել պատժամիջոցները, եթէ այս կերպ շարունակի Ադրբեջանը, արեւելագէտը պատասխանեց. «Վստահ եմ՝ Արդբեջանի, նաեւ Թուրքիայի իշխանութիւնների՝ նման գործելաոճը, որը միտւած է տարածաշրջանում իրավիճակն անընդհատ անկայուն պահելուն, անվտանգութեան վտանգմանը, միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի պարբերական խախտմանը, որոշակի փուլում յանգեցնելու է միջազգային հանրութեան առանցքային դերակատարների աւելի կոշտ դիրքորոշմանը՝ պատժամիջոցների տեսքով: Այս ուղղութեամբ պէտք է որոշակի նպատակային քայլեր իրականացւեն նաեւ ՀՀ կողմից: Ադրբեջանական կողմը, զգալով Թուրքիայի աջակցութիւնը թիկունքում, յստակ օրակարգ է ձեւաւորել եւ հնարաւոր բոլոր եղանակներով՝ տարաբնոյթ ճնշումների կիրառման մեխանիզմներով, գնում է այն ուղեգծով, որը սպառնում է տարածաշրջանում ձեւաւորւած բաւականին փխրուն խաղաղութեանը, անվտանգութեանը: Եթէ սրանից մէկ տարի առաջ աշխարհաքաղաքական այլ իրավիճակ էր, ներկայումս կան աշխարհաքաղաքական զգալի փոփոխութիւններ, եւ վստահաբար նոր ռազմական էսկալիացիայի դէպքում՝ դարձեալ միանշանակօրէն հրահրւած Ադրբեջանի կողմից, միջազգային հանրութեան արձագանքը այլ է լինելու եւ ոչ Ադրբեջանի օգտին»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։