Հա

Քաղաքական

09/08/2021 - 12:05

«Ամէն ժողովուրդ արժանի է իր իշխանութեանը»․ բժիշկ Չարչեանի առաջին հարցազրոյցը որպէս պատգամաւոր

«Իզմիրլեան» բժշկական կենտրոնի նախկին տնօրէն, այժմ «Հայաստան» դաշինքից պատգամաւոր Արմէն Չարչեանը անկեղծօրէն պատմում է, թէ ինչն է դրդել իրեն վերցնել մանդատը եւ արդեօ՞ք պատրաստւում է հեռանալ բժշկութիւնից։

«alikonline.ir» - «Իզմիրլեան» բժշկական կենտրոնի նախկին տնօրէն, այժմ «Հայաստան» դաշինքից պատգամաւոր Արմէն Չարչեանը անկեղծօրէն պատմում է, թէ ինչն է դրդել իրեն վերցնել մանդատը եւ արդեօ՞ք պատրաստւում է հեռանալ բժշկութիւնից։

Իր ձերբակալութեան, բժշկական գործունէութեան, առողջապահութեան համակարգում կարեւոր բարեփոխումների եւ օրինաստեղծ աշխատանքի մասին խորհրդարանի 8-րդ գումարման պատգամաւոր, Հայաստանի վաստակաւոր բժիշկ, վնասւածքաբան-օրթոպեդ Արմէն Չարչեանը պատմել է գրաւի դիմաց ազատ արձակւելուց յետոյ Sputnik Արմենիային տւած իր առաջին հարցազրոյցում: Զրուցել է Լաուրա Սարգսեանը։

 

Քաղաքականութեան մասին

 

- Պարոն Չարչեան, Դուք առաջն բժիշկն էք, որը ձերբակալւել է ոչ թէ բժշկական, այլ քաղաքական գործունէութեան համար։ Ձերբակալւած ժամանակ ինչի՞ մասին էք ամենից շատ խորհել։ Ի՞նչն էր Ձեզ օգնում ամուր մնալ։

- Այո, ես առաջին ձերբակալւած բժիշկն եմ։ Ինչ վերաբերում նրան` գործը քաղաքական էր, թէ ոչ, ես գնահատական կը տամ դատական գործընթացի աւարտից յետոյ։ Յուսով եմ՝ դատարանը գործը կը փակի յանցակազմի բացակայութեան հիմքով։ Իմ քայլերում որեւէ յանցագործութիւն չեմ տեսնում։ Իսկ այս ամբողջ ընթացքում ինձ օգնում էր դիմանալ հաւատը։ Ես ինքս խորապէս հաւատացեալ մարդ եմ, եւ եթէ Տիրոջը հաճելի է եղել, որ այդ ժամանակահատւածում ես գտնւեմ այդ վայրում, ես ընդունում եմ դա եւ պատիժ չեմ համարում։ Ինձ համար դա փորձութիւն է։

Ուղիղ մէկ ամիս անազատութեան մէջ եմ եղել։ Այդ ընթացքում շատ բաների մասին էի մտածում, սկսեցի գնահատել ազատութիւնը․ ինձ այլեւս ոչ ոք չէր անհանգստացնում, չէին զանգում գիշերւայ 03։00-ին եւ վիրահատարան կանչում։ Նաեւ շատ էի կարդում, մտածում էի, վերլուծում, մաքրեցի ուղեղս անպէտք մտքերից։ Բաւականին հետաքրքիր գրքեր էի կարդում՝ Օմար Խայամ, Դաօ դէ Ցզի, Ուինսթոն Չերչիլի «Հատընտիր ճառերը», Աստւածաշունչ, Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան», Յովհաննէս Թումանեան եւ այլն։

 

- Ձեր ձերբակալութիւնը անակնկալի բերեց ոչ միայն Ձեր հարազատներին, մտերիմներին, գործընկերներին, այլեւ, իհարկէ, պացիենտներին։ Այդ պահի դրութեամբ քանի՞ բարդ վիրահատութիւն էր նախատեսւում, որոնք հէնց Դուք պէտք է անցկացնէիք։

- Մինչեւ հիմա փորձում եմ սահմանափակել շփումը պացիենտների, աշխատակիցների հետ, որպէսզի դատախազութիւնը դրանում գործընթացի վրայ ազդելու փորձ չտեսնի։ Ձերբակալման պահին մօտ տասը բարդ վիրահատութիւն էր պլանաւորւած։ Սովորաբար ամսական մօտ 30 բարդագոյն վիրահատութիւն էի անցկացնում եւ կանոնակարգում էի մօտ 250-300 վիրահատութեան ընթացքը Երեւանի տարբեր կլինիկաներում, որտեղ աշխատում են իմ աշակերտները։ Չհաշւած մօտ 500 խորհրդատւութիւններն ու կոնսերւատիւ բուժումները։ Իմ խորհրդատւութիւնը շատ թանկ արժէ, դրա գինը ժպիտն է, քանի որ չկայ աւելի թանկ բան, քան մարդկանց ժպիտ պարգեւելը։

 

- Դուք որոշեցիք վերցնել մանդատը եւ յայտարարեցիք, որ «պլանաւորում էք բուժել հասարակութեանը»։ Ի՞նչը վճռորոշ դարձաւ Ձեր սովորական առօրեան քաղաքականութեամբ փոխելու որոշումը կայացնելու հարցում։ Չէ՞ որ Ձեր մասնագիտութեան հարցում Հայաստանում հաւասարը չունէք, մինչդեռ խորհրդարանում Դուք շարքային պատգամաւոր էք։ Ինչպէ՞ս էք պատկերացնում Ձեր աշխատանքը խորհրդարանի ներկայիս կազմում։

- Ես երբեք քաղաքական գործիչ չեմ եղել։ Դա իմը չէ։ Ես իմ ողջ էութեամբ բժիշկ եմ եւ բժիշկ էլ կը մնամ։ Քաղաքականութեանն եւ պատգամաւորական մանդատին հասնելու համար ես ներքեւ եմ իջել։ Սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է։ Երբ երիտասարդ բժիշկ էի, օրական մեկ վիրահատութիւն էի անում, հետեւաբար օրը մէկ կեանք էի փրկում։

Երբ բաժանմունքի վարիչի պաշտօնում էի, մենք մինչեւ 10 վիրահատութիւն էինք անում, այսինքն՝ օրական այդքան կեանք էինք փրկում։ Յետոյ ես դարձայ «Իզմիրլեան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրէնը, հիւանդանոցը օրական 35-40 վիրահատութիւն էր անում, մենք 35-40 կեանք էինք փրկում։ Բայց, ցաւօք, դա բաւարար չէր, եւ ես որոշեցի օգտագործել իմ բոլոր գիտելիքները, փորձը, հնարաւորութիւնները, այն ամէնը, ինչ ձեռք եմ բերել իմ բաւական հետաքրքիր կեանքի ընթացքում, որպէսզի հասարակութեան վրայ այլ տեսանկիւնից ազդեցութիւն ունենամ։

Այո, ես սովորական պատգամաւոր եմ եւ աւելիին չեմ յաւակնում։ Բայց փաստը մնում է փաստ, որ սովորական պատգամաւոր լինելով՝ ես կարող եմ ազդել ճակատագրական որոշումների վրայ յատկապէս առողջապահութեան ոլորտում։ Եւ կանեմ ինձնից կախւած ամէն ինչ, որպէսզի ինչ-որ կերպ ուղղեմ այն սխալները, որոնք վերջին երեք տարւայ ընթացքում թոյլ են տւել գործող իշխանութիւնները։

 

Բժշկութեան մասին

 

- Որո՞նք են գլխաւոր սխալները։ Ձեր կարծիքով ի՞նչ է պէտք է փոխել Հայաստանի առողջապահական համակարգում, հաշւի առնելով կորոնավիրուսի համավարակի եւ նոր մանրէահիմքերի հետ կապւած մարտահրաւէրները։

- Պէտք է փոխել մօտեցումները, առողջապահութեան հայեցակարգը։ Առողջապահութեան կազմակերպիչը չպէտք է բուժող բժշկին թելադրի` ինչ անել։ Նրանց թւում է, որ եթէ նախարարական աթոռին են նստած կամ պաշտօններ ունեն, ապա իրենց որոշումն ամենաճիշտն է։

Նրանց խնդիրը բժիշկների աշխատանքի համար նորմալ պայմաններ ապահովելն է։ Բայց թղթի վրայ մի բան է, իրական կեանքում՝ բոլորովին այլ բան․ թող գան, 2-3 գիշեր անցկացնեն վիրահատարանում եւ տեսնեն, թէ ինչպէս է ամէն ինչ կազմակերպւած, ինչպէս է այդ պահին արիւն ճարւում ուժեղ արիւնահոսութիւն ունեցող պացիենտի համար։

Գլխաւոր սխալները ոչ պրոֆեսիոնալիզմն ու մարտնչող յիմարութիւնն են։ Տիկին նախարարի (Անահիտ Աւանէսըան,-Խմբ.) հանդէպ իմ յարգանքով հանդերձ, նա շատ սիրալիր մարդ է, վստահ եմ, որ շատ լաւ մայր է, կին, խիստ գրագէտ իրաւաբան, բայց դա բաւարար չէ։ Առողջապահութեան նախարար լինելու համար անհրաժեշտ է իմանալ «փարիզեան բակի բոլոր գաղտնիքները», իմանալ բուժական գործի բոլոր նրբութիւնները, գլուխ հանել հանրային առողջապահութիւնից։

 

- Ինչի՞ց էք սկսելու նոր խորհրդարանում։ Ծրագրո՞ւմ էք օրէնքի նախագծով հանդէս գալ։

- Ես առայժմ դիտում եմ, քանի որ ինձ համար դա անծանօթ ոլորտ է։ Մինչեւ օրս մենք մի տեսակ ռաֆինացւած խորհրդարան ենք ունեցել, ինչ-որ մոխրագոյն բան՝ փափուկ պաստելային գոյներով։ Կարծում եմ՝ մեզ կը յաջողւի կոտրել դա եւ մի քիչ թարմութիւն մտցնել օրէնսդիր մարմնի գործունէութեան մէջ։

 

- Արդէն ասացիք, որ կը շարունակէք վիրահատել։ Ազատ ժամանակ։ Պատգամաւորական մանդատը, այնուամենայնիւ, ստիպում է որոշակի ռեժիմով աշխատել։ Ինչպէ՞ս էք համատեղելու։

- Ես ուժերիս սահմաններում առաւելագոյնը կանեմ ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ։ Ուղղակի պէտք է կանոնակարգել աշխատանքը, իսկ հասցնել ամէն ինչ էլ կարելի է։ Ինձ, որպէս պատգամաւորի, արգելւած է բժշկական եւ բուժական գործունէութեամբ զբաղւել։ Բայց օրէնքը չի արգելում դրանով զբաղւել բացառապէս գիտական նպատակով։ Իմ բոլոր վիրահատութիւնները կանցկացւեն աւելի շատ գիտական նպատակներով, այս կամ այն խնդիրը հետազօտելու համար։ Ես կը կարողանամ սովորեցնել եւ կլինիկական օրդինատորներին ցոյց տալ, թէ ինչպէս է պէտք վիրահատել, ինչ է պէտք անել։ Իմ խորհրդատւութիւններն անվճար կը մնան, ինչպէս եւ եղել են։

Սակայն նրանք, ովքեր հնարել են այդ արգելքներն ու օրէնքները, ինչպէս կը նայեն այն բանին, եթէ գիշերը ինձ զանգեն հիւանդանոցից եւ խնդրեն շտապ գա՞լ։ Իսկ եթէ վիրահատական սեղանին նրանց ազգականը լինի, այդ դէպքում նրանք թոյլ կը տա՞ն վիրահատել, թէ՞ ոչ։ Ոչ ոք եւ ոչինչ չի կարող բժշկին արգելել վիրահատել եւ կեանքեր փրկել, զբաղւել սիրելի գործով։

 

- Ազատւելուց յետոյ եղե՞լ էք «Իզմիրլեան» ԲԿ-ում։ Ինչպիսի՞ն էր գործընկերների հետ հանդիպումը չարաբաստիկ ժողովից յետոյ։

- Առաջին հանդիպում չի եղել, քանի որ այս ամբողջ ընթացքում ընդամէնը մէկ անգամ եմ եղել բժշկական կենտրոնում․ վիրահատում էի վթարի ենթարկւած պացիենտի` ազգականների խնդրանքով։ Գնացել եմ, վիրահատական արտահագուստը հագել, իմ գործն արել ու դուրս եկել։ Հիմա ուզում եմ վայելել ազատութիւնս, այն ինձ դուր է եկել։ Եթէ առաջ օրական մօտ 140 զանգ էի ստանում եւ կատարում, ապա հիմա դրանց թիւը կրճատւել-հասել է 10-ի։

 

- Մարտական գործողութիւնների բազմաթիւ մասնակիցներ յենաշարժողական համակարգի հետ կապւած խնդիրներ ունեն։ Ունէ՞ք այդպիսի պացիենտներ, եւ ինչպէ՞ս կը գնահատէք վիրաւորների վերականգնողական ծրագրերը՝ հաշւի առնելով Ձեր փորձը Սպիտակի երկրաշարժից յետոյ: Երկար տարիներ վնասւածքաբանութեան ոլորտում աշխատելով, ի՞նչ բացթողումներ եւ ձեռքբերումներ կը նշւք այս ոլորտում:

- «Իզմիրլեան» բժշկական կենտրոնն ակտիւ մասնակցութիւն է ունեցել պատերազմի օրերին եւ դրանից յետոյ զինւորներին օգնելու գործում: Մենք շարժական խմբեր էինք ձեւաւորել, որոնց կազմում կային վիրաբոյժներ, վնասւածքաբան-օրթոպեդ, անեսթեզիոլոգներ, կլինիկական օրդինատոր, վիրահատական քոյր եւ այլն։ Խմբերը միմեանց փոխարինելով աշխատում էին Վարդենիսում, Գորիսում, Ստեփանակերտում։ Նոյնիսկ մեր բժիշկներից մէկն էր վիրաւորւել։ Այդ ժամանակ ես առողջապահութեան նախարարի վնասւածքաբանութեան եւ օրթոպեդիայի գծով գլխաւոր խորհրդականն էի, կանոնակարգում էի նաեւ կադրային հարցերը։

Այսպիսի հասկացութիւն կայ՝ յուզական սպառման համախտանիշ։ Որպէսզի դա տեղի չունենայ, պահանջում էի, որ բժիշկները հերթափոխով աշխատեն։ Նոր խումբ էի ուղարկում, որ այնտեղ գտնւողները վերադառնան, հանգստանան, հակառակ դէպքում նրանք կարող էին հոգեբանօրէն սպառւել։

Պատերազմի առաջին իսկ օրը կապւեցի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մեր ընկերների հետ։ Բառացիօրէն երկու օր անց Ռուսաստանից, իսկ մի քանի օր անց՝ ԱՄՆ-ից, ձեռքի ուղեբեռով բերւեցին Իլիզարովի ապարատն ու Հոֆմանի արտաքին ֆիքսացիայի սարքերը: Դա հսկայական օգնութիւն էր, այդ մասին ՀՀ առողջապահութեան նախարարութիւնը նոյնիսկ չգիտէր։ Բացի այդ, ժամանեցին մեր գործընկերները Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից։ Բացերի մի մասը նրանք էին փակում, միւս մասը՝ մենք` տեղական ուժերով։

Իմ հաշւարկներով՝ այս պահին վերականգնման կարիք ունի վիրաւորների ընդհանուր թւի 10 տոկոսը, այսինքն՝ մօտ հազար զինւոր։ Չգիտեմ` ՀՀ առողջապահութեան նախարարութիւնն այդ ուղղութեամբ աշխատանքներ կատարում է, թէ ոչ։

Վերականգնողական գործընթացի ձգձգումը բարդացնում է ցանկալի արդիւնքի հասնելու հարցը, ազդում է պացիենտի կեանքի որակի վրայ։ Եթէ վաղ շրջանում պատշաճ վերականգնում չանցկացւի, յետոյ կարող են բարդութիւններ առաջանալ:

 

- Դուք յաճախ էք պացիենտներին ընդունել գործընկերների եւ ծանօթների խնդրանքով, չէք մերժել օգնութիւն ցուցաբերել նրանց։ Վերջին իրադարձութիւններն ինչ-որ բան փոխե՞լ են մարդկանց հանդէպ Ձեր վերաբերմունքի հարցում։ Ո՞րն է Ձեր կեանքի նշանաբանը։

- Իմ գահը վիրահատարանն է, անկախ նրանից, թէ ով է իմ առջեւ կանգնած։ Ես բժիշկ եմ, որ բուժում է Աստծոյ արարածին՝ մարդուն։ Ես համոզւել եմ, որ իւրաքանչիւր ժողովուրդ արժանի է այն կառավարութեանը, որն ունի։

Վերջին իրադարձութիւնների լոյսի ներքոյ իմ ժողովրդի վերագնահատում տեղի ունեցաւ։ Կարծում եմ, որ վերջին ժամանակներում ժողովուրդը հիւանդացել է, այդ պատճառով էլ ես գնացի խորհրդարան, որպէսզի բուժեմ այդ հիւանդութիւնը։ Միաժամանակ պացիենտների հանդէպ վերաբերմունքը չի փոխւել։ Ինչպէս սիրում էի բուժել, այդպէս էլ շարունակելու եմ։ Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին, որոնք անդադրում պայքարել են յանուն արդարութեան յաղթանակի, շնորհակալ եմ նաեւ նրանց, ովքեր հրաժարւել են միանալ իմ ազատութեան համար կազմակերպւած ստորագրահաւաքին։

Իմ նշանաբանն է՝ եթէ ոչ ես, ապա ո՞վ։ Ո՞վ կը պայքարի այս երկրի համար, տխմարութիւնը, յիմարութիւնը դուրս մղելու համար, ինտելեկտուալ, քաղաքակիրթ հասարակութեան համար։ Ես ոչ մի բանի համար չեմ զղջում, ափսոսում եմ միայն չհասցրածի համար։

 

- Բժշկութեան մէջ գլխաւորը ճիշտ ախտորոշելն է։ Եթէ բժշկի լեզւով խօսենք, ի՞նչ է պատահել Հայաստանին։ Արդեօ՞ք Դուք երկրում տիրող ներքաղաքական ճգնաժամի լուծման սեփական բանաձեւն ունէք։

- Միայն մէկ լուծում կայ՝ իշխանութիւնը պէտք է հեռանայ։ Պէտք է հեռանան բոլոր նրանք, ովքեր պատերազմ վարելու անհեռատես ձեւով, կադրային, տնտեսական անհեռատես քաղաքականութեամբ, հանրութեան սոցիալական իմացութեան անհեռատեսութեամբ մեզ յանգեցրել են նրան, ինչ ունենք։ Երեք տարի առաջ նման բան չկար։ Մենք ճահճից դուրս եկանք եւ կրակն ընկանք։

Յետոյ, երբ ամէն բան հանդարտւի, ես կը վերադառնամ վիրահատարան, որպէսզի հանգիստ խղճով աշխատեմ` առանց իմ ժողովրդի առջեւ պատասխանատւութեան։ Հիմա այդ պատասխանատւութիւնը գերիշխող է։

 

Յարակից լուրեր

  • «Մարդիկ մեզնից կտրուկ միջոցառումներ են պահանջում»․ Լիլիթ Գալստեան
    «Մարդիկ մեզնից կտրուկ միջոցառումներ են պահանջում»․ Լիլիթ Գալստեան

    Hraparak.am-ի հարցազրոյցը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հետ։

  • ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...
    ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...

    Որպէս շարունակութիւն մեր երէկւայ ԽՕՍՔ-ի, հարկաւոր ենք համարում անդրադառնալ հայկական հանրոյթում շրջանառւող մէկ այլ երեւոյթի, որն էլ համացանցային «քննարկումների» տիրոյթում է գտնւում եւ որ փաստօրէն միտւած է վարկաբեկել Հայոց Ազգային գաղափարախօսութիւնն ու նրա 130-ամեայ պաշտպան ՀՅԴ-ին...

  • ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...
    ՄԵՆՔ ԵՒ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ...

    Սիրելի ընթերցող, յանուն անկեղծութեան ու անաչառութեան պարտաւորեցնող է, թէկուզ հպանցիկ, բայց մի քանի շրջանառւող երեւոյթների անդրադառնալ, աւելի պարզորոշ դարձնելու մեր՝ որպէս լրատւամիջոցի դիրքորոշումները: Մեր կարծիքով՝ այսպէս ուղիղ ու անմիջական հաղորդակցումը յարգելի ընթերցողի հետ, փարատում-քողազերծում է հաւանական, կամ էլ՝ Աստւած մի արասցէ՝ միտումնաւոր չարաշահումները, որոնք յատկապէս ապակողմնորոշիչ միջոցների են վերածւում համացանցային տեղեկատւութիւններում…:

  • «Չարչեանի նկատմամբ իրականացւող քաղաքական հետապնդումը վերածւել է վերջինիս կեանքին եւ առողջութեանն ուղղւած սպառնալիքի». «Հայաստան» դաշինք
    «Չարչեանի նկատմամբ իրականացւող քաղաքական հետապնդումը վերածւել է վերջինիս կեանքին եւ առողջութեանն ուղղւած սպառնալիքի». «Հայաստան» դաշինք

    «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները վերջին մէկ շաբաթւայ ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը եւ հրապարակավ յայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրւած խափանման միջոցի հետ, եւ կալանաւորումը անյապաղ պէտք է վերացւի: Այս մասին յայտարարութիւն է տարածել «Հայաստան» դաշինքը։

  • Այս իշխանութիւնը ձեռքերը լւացել է Արցախից
    Այս իշխանութիւնը ձեռքերը լւացել է Արցախից

    Hraparak.am-ի հարցազրոյցը ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։