Հա

Քաղաքական

09/08/2021 - 12:10

«Թուրքիան լուրջ խաղեր է խաղում տարածաշրջանում, որոնց ռազմավարական նպատակն է՝ հնարաւորինս թուլացնել Ռուսաստանի ազդեցութիւնը». Թուրքագէտ

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխաւորութեամբ տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհրդի նիստը, որի աւարտին ընդունւած յայտարարութեան մէջ առանձին անդրադարձ կայ նաեւ Հայաստանին։

«alikonline.ir» - Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխաւորութեամբ տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհրդի նիստը, որի աւարտին ընդունւած յայտարարութեան մէջ առանձին անդրադարձ կայ նաեւ Հայաստանին։

Թուրքական «Anadolu» պետական գործակալութեան փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԱԽ-ի յայտարարութեան մէջ նշւել է հետեւեալը. «Հայաստանը պէտք է հրաժարւի ագրեսիւ հռետորաբանութիւնից ու գործողութիւններից եւ պէտք է գնահատի Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան հնարաւորութիւնը, որն ի յայտ է եկել երկար ժամանակ անց»։

Բացի դրանից՝ Հայաստանի ղեկավարութեանը կոչ է արւել «զարգացնել համագործակցութիւնը տարածաշրջանի երկրների հետ՝ հաւատարիմ մնալով վերցրած պարտաւորութիւններին»։

Թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի գնահատմամբ՝ այս յայտարարութիւնն արւել է իբրեւ այն սպառնալիքների եւ ճնշման քաղաքականութեան շարունակութիւն, որը 44-օրեայ պատերազմից յետոյ որդեգրել են Ադրբեջանը եւ Թուրքիան:

«Ըստ էութեան, այդ ճնշումները Հայաստանի վրայ գնալով կուժեղանան, եւ դրանք արւում են ոչ միայն հռետորաբանութեան մակարդակով, այլ տեսնում ենք՝ Թուրքիայի կողմից անընդհատ զօրավարժութիւններ են արւում Հայաստանի հետ սահմանի հարեւանութեամբ, ադրբեջանական ստորաբաժանումներն են մտնում Հայաստանի տարածք եւ դուրս չեն գալիս, ադրբեջանցիներն անընդհատ պրովոկացիաներ են իրականացնում, եւ այլն:

Այսինքն՝ այդ ամբողջը պէտք է դիտարկել այդ ճնշումների քաղաքականութեան շրջանակներում»,- ասաց թուրքագէտը 168.am-ի հետ զրոյցում:

Քանի որ յայտնի է դարձել, որ հոկտեմբերին սպասւում են համատեղ զօրավարժութիւններ նաեւ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի մասնակցութեամբ՝ Ռուբէն Սաֆրաստեանից հետաքրքրւեցինք՝ արդեօ՞ք Թուրքիան այսպիսով նաեւ Վրաստանին է փորձում ներքաշել Հայաստանի դէմ տարւող խաղի մէջ, նա ի պատասխան՝ նշեց.

«2006 թւականից Թուրքիան մեր տարածաշրջանում սկսել է ակտիւօրէն ստեղծել մի առանցք, որը պէտք է կազմւած լինի Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան երկրներից, եւ դրա նպատակներից է՝ մի կողմից՝ թուլացնել Ռուսաստանի ազդեցութիւնը մեր տարածաշրջանում, եւ միւս կողմից՝ մեկուսացնել Հայաստանը:

Բայց, կարծում եմ՝ 44-օրեայ պատերազմից յետոյ Թուրքիայի համար այդ առանցքը այնքան մեծ նշանակութիւն չունի, ինչպէս մինչ պատերազմն էր, որովհետեւ պատերազմը փոխեց աշխարհաքաղաքական իրադրութիւնը մեր տարածաշրջանում. Թուրքիան հնարաւորութիւն ստացաւ մտնել տարածաշրջան ռուս-թուրքական մինտորինգային կենտրոնի միջոցով: Այժմ Թուրքիայի համար արդէն առաւել առաջնային է դառնում՝ իր ազդեցութիւնը ոչ միայն առանցքի միջոցով տարածել, այլ ընդհանրապէս՝ ամբողջ տարածաշրջանի վրայ, եւ հէնց դրան է ծառայում Թուրքիայի կողմից պատերազմից յետոյ ներկայացւած «3+3» նախաձեռնութիւնը»:

Յիշեցնենք՝ դեռ յունւարին Ստամբուլում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ հանդիպումից յետոյ տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն յայտարարել էր, որ Թուրքիայի իշխանութիւնները ծրագրում են ընդլայնել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը՝ ձեւաւորելով «3+3» ձեւաչափը։ Դեռ յունւարի 29-ին «3+3» ձեւաչափ ասելով՝ Թուրքիայի արտաքին գերատեսչութեան ղեկավարը նկատի ունի Հայաստանին, Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին, Վրաստանին եւ Թուրքիային։

«Այնպէս որ, Թուրքիան լուրջ խաղեր է խաղում մեր տարածաշրջանում, որոնց ռազմավարական նպատակն է՝ հնարաւորինս թուլացնել Ռուսաստանի ազդեցութիւնը, եւ եթէ հաջողւի՝ Ռուսաստանին նաեւ ընդհանրապէս դուրս մղել տարածաշրջանային գործընթացներից»,- նշեց Ռ. Սաֆրաստեանը՝ նկատելով, սակայն, որ տեսանելի ապագայում Թուրքիային չի յաջողւի հասնել այդ գերագոյն նպատակին:

Նրա համոզմամբ՝ Թուրքիան կը ձախողի նաեւ Հայաստանի վրայ ճնշումը մեծացնելու համար Վրաստանին օգտագործելու հարցում, քանի որ, թէեւ Վրաստանում Թուրքիայի դիրքերը գնալով ուժեղանում են, սակայն Վրաստանի համար առաջնահերթութիւն է մնում Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի հետ ինտեգրումը, եւ քանի որ հայ-վրացական բարեկամական յարաբերութիւնները եւս ունեն իրենց դերակատարումը:

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական օրակարգերից չիջնող «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկումներին՝ թուրքագէտը շեշտեց. «Հայկական կողմը պէտք է ամէն ինչ անի, որ այդ միջանցքը չստեղծւի, պէտք է դրան հակազդել բոլոր միջոցներով, եւ պէտք է պայքարել՝ բացի Ռուսաստանից դրանում ներգրաւելով նաեւ մեր այլ դաշնակիցներին, որոնք հասկանում են, որ այդ միջանցքը փոխելու է աշխարհաքաղաքական իրադրութիւնը մեր տարածաշրջանում: Այն պանթուրքիստական ծրագրի մաս է կազմում եւ ռազմական նշանակութիւն ունի Թուրքիայի համար»:

Ի պատասխան հարցին էլ, թէ՝ գործող իշխանութիւններն ի վիճակի՞ են հակազդել՝ մեր զրուցակիցը նկատեց, որ Արտգործնախարարութիւնում կան պրոֆեսիոնալներ:

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։