Հա

Քաղաքական

12/08/2021 - 09:34

«ԱԺ խօսնակն ակնյայտօրէն գերազանցել է լիազօրութիւնները, խիստ դատապարտելի է նաեւ նիստերի դահլիճում կոնֆլիկտային վիճակը նկարահանելու՝ անվտանգութեան աշխատակիցների կողմից կիրառւած արգելքը». յայտարարութիւն

Լրագրողական մի շարք կազմակերպութիւններ յայտարարութիւն են տարածել, որում անդրադառնում են ՀՀ ԱԺ-ում լրագրողների իրաւունքների սահմանափակումներին:

«alikonline.ir»- Լրագրողական մի շարք կազմակերպութիւններ յայտարարութիւն են տարածել, որում անդրադառնում են ՀՀ ԱԺ-ում լրագրողների իրաւունքների սահմանափակումներին. տեղեկացնում է Tert.am-ը:

Յայտարարութիւնում ասւում է․
«Օգոստոսի 11-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում իշխանական եւ ընդդիմադիր պատգամաւորների միջեւ տեղի ունեցած վիճաբանութեան հետեւանքով իրավիճակը թէժանալու պահին ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը հրահանգել է անջատել ուղիղ եթերը։ Բացի այդ, անվտանգութեան աշխատակիցները խորհրդարանում հաւատարմագրւած լրագրողներին եւ օպերատորներին արգելել են իրենց յատկացւած օթեակից նկարահանել միջադէպը։
Մենք՝ ներքոստորագրեալ լրագրողական կազմակերպութիւններս, արձանագրում ենք, որ Ազգային ժողովի խօսնակն ակնյայտօրէն գերազանցել է իր լիազօրութիւնները․ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրէնքը չի նախատեսում այդպիսի գործառոյթ։ ՀՀ քաղաքացիներն իրաւունք ունեն եւ պէտք է տեղեկանան, թէ ինչ է կատարւում խորհրդարանում եւ ինչ վարքագիծ է դրսեւորում իւրաքանչիւր պատգամաւոր, անկախ նրանից՝ դա դրական, թէ բացասական գնահատականների կարժանանայ։
Խիստ դատապարտելի է նաեւ անվտանգութեան աշխատակիցների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառւած արգելքը՝ նկարահանելու նիստերի դահլիճում ստեղծւած կոնֆլիկտային իրավիճակը։
Վրդովմունք յայտնելով խորհրդարանում հաւատարմագրւած լրագրողների գործունէութիւնը հերթական անգամ անհիմն սահմանափակելու, ՀՀ քաղաքացիների տեղեկացւած լինելու իրաւունքը խախտելու առիթով եւ վերահաստատելով մեր ս․թ․ օգոստոսի 5-ի յայտարարութեան գնահատականները՝ ԱԺ ղեկավարութիւնից պահանջում ենք․
- հրապարակաւ բացատրութիւններ տալ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակման ընդհատման իրաւական հիմքերի վերաբերեալ եւ դրանց բացակայութեան պարագայում hայցել հանրութեան ներողամտութիւնը, երաշխաւորել, որ նմանատիպ դէպքեր ապագայում չեն կրկնւի,
- բացառել ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունէութեան խոչընդոտման եւ անհիմն սահմանափակումներ կիրառելու որեւէ քայլ,
- միջոցներ ձեռնարկել, որպէսզի անվտանգութեան աշխատակիցները չգերազանցեն իրենց լիազօրութիւնները եւ որեւէ կերպ չմիջամտեն ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին, բացառութեամբ կանոնակարգերով նախատեսւած դէպքերի, որոնց մասին լրագրողները նախապէս տեղեկացւած են,
- չեղարկել ս․ թ․ օգոստոսի 2-ից ԱԺ-ում մեր գործընկերների նկատմամբ կիրառւող բոլոր սահմանափակումները, մինչեւ հաւատարմագրւած լրագրողների եւ շահագրգիռ կազմակերպութիւնների մասնակցութեամբ մշակւի խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նոր կանոնակարգը։

 

 
ԽՕՍՔԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԷ
ԵՐԵՒԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԷԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՒՈՒԹԵԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՅԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՅԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։