Հա

Քաղաքական

20/08/2021 - 11:30

«Թուրքիայի համար Արցախի հարցը շարունակում է Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու նախապայման մնալ». Սաֆրաստեան

Թուրքագէտի կարծիքով՝ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու լուրջ ցանկութիւն չունի նախ այն պատճառով, որ դա տնտեսական եւ քաղաքական օգուտներ չի տայ իրեն, եւ երկրորդը՝ Թուրքիան յոյս ունի, որ ուժով կը պարտադրի պատերազմից թուլացած Հայաստանին այն զիջումները, որն ինքն առաջ է քաշում 30 տարի շարունակ Արցախի հիմնահարցի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ տարածքային խնդիրների վերաբերեալ:

«alikonline.ir» - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման իրական հնարաւորութիւն այսօր չի տեսնում: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում անդրադառնալով Հայաստան-Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարներին եւ նոր կառավարութեան հնգամեայ ծրագրի արտաքին քաղաքականութեան բաժնում հայ-թուրքական յարաբերութիւններին վերաբերող կէտի մեկնաբանութեանը՝ Սաֆրաստեանը արձանագրեց, որ երկու կողմից դիրքորոշումները 30 տարւայ ընթացքում, փաստօրէն, չեն փոխւել, այսինքն՝ Հայաստանը առաջւայ պէս կողմ է դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը առանց նախապայմանների, իսկ Թուրքիան առաջւայ պէս իր նախապայմաններն է առաջ քաշում:

Թուրքագէտի կարծիքով՝ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու լուրջ ցանկութիւն չունի նախ այն պատճառով, որ դա տնտեսական եւ քաղաքական օգուտներ չի տայ իրեն, եւ երկրորդը՝ Թուրքիան յոյս ունի, որ ուժով կը պարտադրի պատերազմից թուլացած Հայաստանին այն զիջումները, որն ինքն առաջ է քաշում 30 տարի շարունակ Արցախի հիմնահարցի, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ տարածքային խնդիրների վերաբերեալ: Սակայն Ռուբէն Սաֆրաստեանը համոզւած է, որ Հայաստանը տուրք չի տայ այդ ճնշումներին եւ որեւէ զիջման չի գնայ, ինչպէս չի գնացել մինչ օրս:

Օգոստոսի 18-ին հրապարակւեց ՀՀ կառավարութեան 2021-2026 թթ. ծրագիրը, որի «Արտաքին քաղաքականութիւն» բաժնում կայ ենթակէտ նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների մասին: Ծրագրից պարզ է դառնում, որ այս հարցում Հայաստանի կառավարութիւնը մնում է իր նոյն դիրքորոշմանը՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը առանց նախապայմանների: Թէեւ, իհարկէ, հայ-թուրքական յարաբերութիւններին նւիրւած պարբերութեան մէջ մատնանշւած է Թուրքիայի բացայայտ ներգրաււածութիւնը 2020 թ. 44-օրեայ պատերազմում, ինչը, դիւանագիտական յարաբերութիւնների բացակայութեան եւ սահմանների փակ լինելու հետ միասին, բացասական ազդեցութիւն է ունենում տարածաշրջանի խաղաղութեան եւ կայուն զարգացման վրայ:

 

- Պարոն Սաֆրաստեան, փաստօրէն, ինչպէս նախկինում, այնպէս էլ այսօր Հայաստանի պաշտօնական դիրքորոշումը հայ-թուրքական յարաբերութիւնների հարցում մնում է նոյնը՝ պատրաստ ենք յարաբերութիւնների կարգաւորմանը առանց նախապայմանների: Ինչպէ՞ս էք գնահատում այս դիրքորոշումը՝ հաշւի առնելով վերջին մէկ տարւայ ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած զգալի փոփոխութիւնները:

- Այո՛, շատ ճիշտ էք ասում: Փաստօրէն, նորանկախ Հայաստանը իր գոյութեան ամենաառաջին օրւանից որդեգրել է առանց նախապայմանների Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման քաղաքականութիւնը, եւ միաժամանակ Թուրքիան հէնց սկզբից էլ Հայաստանի առջեւ դրել է նախապայմաններ յարաբերութիւնները կարգաւորելու համար: Այդ նախապայմանները շատ լաւ յայտնի են, երեքն են, չարժէ կրկնել:

Եւ երկրորդ հանգամանքը. պէտք է արձանագրենք, որ անցած 30 տարիների ընթացքում, երբ Հայաստանը յայտարարում էր, որ համաձայն է առանց նախապայմանների, Թուրքիան նախապայմաններ էր դնում, այդուհանդերձ, յարաբերութիւնները չեն հաստատւել: Այստեղից եզրակացութիւն է բխում, որ Թուրքիան ցանկութիւն չի ունեցել Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու: Յամենայն դէպս՝ լուրջ ցանկութիւն: Եւ Թուրքիայի այդ մօտեցումը, փաստօրէն, շարունակւում է: Այսինքն՝ երկու երկրներն էլ շարունակում են իրենց հին մօտեցումները:

Իսկ իրադրութիւնը պատերազմից յետոյ կտրուկ փոխւել է: Թուրքիայի մասնակցութիւնը այդ պատերազմին, ինչպէս նշւած է կառավարութեան ծրագրում, կտրուկ փոխեց իրադրութիւնը ոչ միայն հայ-թուրքական յարաբերութիւնների բնագաւառում, այլեւ ընդհանրապէս տարածաշրջանում: Եւ Թուրքիան, եթէ մինչեւ այդ Հայաստանի նկատմամբ անցկացնում էր հարկադրման քաղաքականութիւն, ապա հիմա արդէն բացայայտ թշնամական քաղաքականութիւն է վարում եւ նպատակ ունի Ադրբեջանին օգտագործելով՝ ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրայ եւ հասնել իր պահանջած զիջումներին Հայաստանի կողմից: Այնպէս որ, ներկայ պայմաններում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման իրական հնարաւորութիւն ես չեմ տեսնում:

 

- Իհարկէ, մասնագէտները եւ մենք յիշում ենք՝ որոնք էին Թուրքիայի այդ երեք նախապայմանները, բայց ընթերցողների համար եւս մէկ անգամ վերյիշենք:

- Դա ձեւակերպւում էր հետեւեալ կերպ, որ առաջին հերթին Հայաստանը ամենաբարձր մակարդակով վերահաստատի, որ հաւատարիմ է Կարսի պայմանագրին (1921 թ.): Երկրորդ նախապայմանը կապւած էր Արցախի հիմնահարցի հետ, որ Հայաստանը հրաժարւի Արցախի հայութեան ինքնորոշման իրաւունքը ճանաչելուց, Արցախի Հանրապետութեանը օգնելուց, նրա հետ դաշնակային յարաբերութիւններից եւ այլն: Եւ երրորդ՝ Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը հրաժարւի Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման քաղաքականութեան հետապնդումից:

 

- Մինչ 2020 թ. պատերազմը թուրքերը որպէս առաջնային նախապայման էին առաջ քաշում Լեռնային Ղարաբաղի հարցը, որ այն մօտաւոր ձեւակերպմամբ լուծւի Ադրբեջանին ցանկալի տարբերակով: Դժբախտաբար, 44-օրեայ պատերազմից յետոյ նրանք շատ մօտեցան այդ նպատակին՝ այդ թւում ու յատկապէս Թուրքիայի ջանքերով եւ Ադրբեջանին յատկացրած բազմակողմանի օժանդակութեամբ: Հիմա ի՞նչ պիտի ասեն: Եւ ի՞նչն է հիմա խանգարում առհասարակ Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորմանը:

- Գիտէք, իհարկէ, Ադրբեջանին եւ Թուրքիային չյաջողւեց Արցախի հարցը լուծել այնպէս, ինչպէս որ իրենք էին երազում: Ռուսական խաղաղապահները, փաստօրէն, այնտեղ այդ ծրագրերը խափանեցին: Դրա համար Արցախի հիմնահարցը մնում է որպէս նախապայման:

Բայց ի՞նչն է խանգարում: Շատ կարեւոր հարց էք տալիս: Խանգարում է, ինչպէս ասացի, Թուրքիայի չկամութիւնը Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու առումով, որովհետեւ թուրքերը գտնում են, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը իրենց ոչինչ չի տայ: Տնտեսական առումով Հայաստանը առանձնապէս մեծ շուկայ չէ: Քաղաքական առումով էլ դրա մէջ իրենց համար դրական որեւէ տեղաշարժ չեն տեսնում:

Միւս կողմից՝ Թուրքիան ունի իր աշխարհաքաղաքական հաշւարկները, եւ դրանք հետեւեալն են, որ Հայաստանը չունի ելք դէպի ծով եւ պէտք է շահագրգռւած լինի Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմամբ՝ դէպի ծով ելք ստանալու համար, եւ նաեւ գտնւում է շրջափակման պայմաններում ու հնարաւորութիւններ է փնտրում Թուրքիայի սահմանը բացելու համար: Կարծում են, որ դրա համար Հայաստանը կը գնայ զիջումների, բայց Հայաստանը մինչ օրս չի գնացել զիջումների եւ, համոզւած եմ, չի էլ գնայ:

Բացի այդ, պէտք է փորձենք հասկանալ, թէ Թուրքիայում ի՞նչ ծրագրեր կան Հայաստանի հետ կապւած: Ես կարծում եմ՝ Հայաստանի հետ կապւած նրանց ծրագրերը փոխւեցին պատերազմից յետոյ, որովհետեւ Ադրբեջանը իրենց օգնութեամբ յաղթանակ տարաւ, եւ իրենց թւում է, թէ կարող են աւելի մեծ զիջումներ կորզել Հայաստանից, քան մինչեւ հիմա են ստացել: Դրա համար գնալով ճնշումը ուժեղացնում են՝ աւելացնելով զօրավարժութիւնները, սաստկացնելով քաղաքական յայտարարութիւնները եւ այլն: Այլ խօսքով՝ նրանք կարծում են, որ մանաւանդ այս փուլում Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը իրենց ոչինչ չի տայ, դրա համար չեն ցանկանում յարաբերութիւնները կարգաւորել: Իսկ այն յայտարարութիւնները, որոնք արւում են Թուրքիայի այս կամ այն ղեկավարի կողմից, ես ընկալում եմ որպէս աւանդական թուրքական քաղաքականութեան դրսեւորում:

 

- Չեն ցանկանում, քանի որ կարծում են, թէ ուժո՞վ կարող են ստանալ այն, ինչ ուզում են:

- Այո, կարծում են, որ Հայաստանը պարտւեց պատերազմում, հիմա եթէ ճնշումն ուժեղացնեն՝ նոր զիջումներ կը ստանան Հայաստանից:

 

- Այս համատեքստում ամենաշատ քննարկւող հարցերից մէկը պանթուրքիզմի ծրագիրն է, որին, ի դէպ, մի քանի տարի առաջ Հայաստանում շատերը չէին հաւատում, բայց հիմա, երբ իրավիճակը կտրուկ փոխւել է, դրա վտանգը շատ յստակ սկսել է ուրւագծւել: Կարո՞ղ ենք ասել, որ սա այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական նպատակն է:

- Այո, եթէ մենք աւելի ենք խորանում թուրքական քաղաքականութեան մէջ, ապա ինքներս մեզ հարց պիտի տանք, թէ ի՞նչ նպատակներ ունի Թուրքիան ոչ միայն Հայաստանի վերաբերեալ, այլեւ տարածաշրջանում: Եւ, իհարկէ, այստեղ պէտք է ընդգծենք, որ պանթուրքիզմի գաղափարախօսութիւնը ներկայումս դարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականութեան շատ կարեւոր ուղղութիւն: Դա արտայայտւեց, օրինակ, այսպէս կոչւած, «Շուշիի հռչակագրում»: Ալիեւի եւ Էրդողանի ստորագրած այդ փաստաթղթում կար կէտ, համաձայն որի Թուրքիան եւ Ադրբեջանը պէտք է աւելի խորը ինտեգրւեն: Եւ ես դա բնութագրում եմ որպէս մի գործընթացի սկիզբ, որը տանելու է Թուրքիա-Ադրբեջան դաշնային պետութեան առաջացման՝ ինչպէս Ռուսաստանն ու Բելառուսն են: Բայց այնտեղ նաեւ կար կէտ պանթուրքիստական ուղղւածութեան մասին՝ շատ վառ արտայայտւած: Եւ կարելի է եզրակացնել, որ, փաստօրէն, Թուրքիան դիտարկում է իր ինտեգրումը Ադրբեջանի հետ որպէս առաջին քայլ պանթուրքիստական ծրագրերի իրականացման համար: Այլ պետութիւնների համար էլ, այսպէս ասած, ճանապարհ է բացում ինտեգրելու Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ այս ուղղութեամբ լուրջ աշխատանքներ են տարւում մանաւանդ ռազմական համագործակցութեան բնագաւառում, Թուրքիան ակտիւօրէն իր զէնք-զինամթերքն է վաճառում թիւրքալեզու պետութիւններին, շատ յաճախակի Թուրքիայի պաշտպանութեան նախարարն է այցելում այդ երկրներ, նրանց ղեկավարներն են գալիս Թուրքիա: Եւ հիմա արդէն կարելի է ասել, որ Թուրքիան պանթուրքիզմը դարձրել է իր արտաքին քաղաքականութեան կարեւոր ուղղութիւններից մէկը: Իհարկէ, մնում է նաեւ նէոօսմանականութիւնը եւ իսլամականութիւնը: Այդ երեք ուղղութիւններն էլ կան Թուրքիայի արտաքին քաղաքականութեան մէջ, բայց հիմա, այս պահին, կարծում եմ, նրանք աւելի շատ նախապատւութիւնը տալիս են պանթուրքիստական ծրագրերի իրականացմանը:

 

- Այսինքն՝ ժամանակները փոխւում են, բայց այդ մի քանի հիմնական ուղղութիւնները՝ ինչպէս ժամանակին պանօսմանիզմն էր, պանիսլամիզմը եւ պանթուրքիզմը, այդուհանդերձ, պահպանւո՞ւմ են Թուրքիայի օրակարգում:

- Իհարկէ, դրանք պահպանւում են, ուղղակի ժամանակ առ ժամանակ դրանցից մէկնումէկը ակտիւանում է, միւսներով աւելի քիչ են զբաղւում: Հիմա, կարծում եմ, այն շրջանն է, երբ աւելի ակտիւ հանդէս է գալիս հէնց պանթուրքիզմը:

 

- Վերջին օրերին Ալիեւը առանձնապէս աչքի էր ընկնում սանձարձակ եւ անընդունելի յայտարարութիւններով՝ հասնելով նրան, որ նոյնիսկ արդէն սեփական անւանումներն է տալիս հայկական բնակավայրերին: Սիւնիքի վերաբերեալ Ալիեւի յայտարարութիւնները ի՞նչ կապ ունեն պանթուրքիստական այդ ծրագրերի հետ:

- Բոլորս էլ, իհարկէ, լաւ հասկանում ենք, որ Սիւնիքը պանթուրքիստների համար ունի բանալու նշանակութիւն, որովհետեւ Սիւնիքը հնարաւորութիւն է տալիս ուղղակի կապ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Դրա համար ես դեռ տարիներ առաջ եմ ասել, որ Սիւնիքը Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիւ ձգտումների հիմնական թիրախն է: Երկրորդը՝ ի տարբերութիւն որոշ մեկնաբանների, ես լուրջ եմ ընդունում Ալիեւի յայտարարութիւնները այն առումով, որ թէեւ դրանք անհեթեթութիւն են թւում, բայց իրականում, իրենց հաշւարկներով դրանք հող են նախապատրաստում ու պիտի որպէս հիմնաւորում ծառայեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետագայ ագրեսիւ գործողութիւնների համար: Այնպէս որ, այդ յայտարարութիւններն էլ են իրենց նպատակին ծառայում:

 

- Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան տեքստում նշւում է տարածաշրջանի տնտեսական կապերը վերականգնելու եւ Նախիջեւանի ու Ադրբեջանի միջեւ հաղորդակցութիւնը ապահովելու մասին: Հայաստանը յայտարարում է, որ կողմ է տարածաշրջանային կոմունիկացիաների վերականգնմանը, իսկ Ադրբեջանը յամառօրէն խօսում է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ո՞րն է տարբերութիւնը Ադրբեջանի պատկերացրած «միջանցքի» եւ տրանսպորտային հաղորդակցութիւնը վերականգնելու միջեւ:

- Նրանք ձգտում են, որ այդ «միջանցք» ասւածը, որի մասին ոչ մի խօսք չկայ այդ համաձայնագրում, ձեռք գցեն եւ Հայաստանի սուվերեն տարածքի մի մասը վերցնեն իրենց հսկողութեան տակ եւ իրենց ցանկութեամբ կառուցեն երկաթգծի եւ աւտոմոբիլային ճանապարհները՝ այդ տարածքը դուրս բերելով Հայաստանի ինքնիշխանութիւնից: Դա է նրանց նպատակը: Բայց նման բան չկայ նոյեմբերի 9-ի յայտարարութեան մէջ: Այնպէս որ, չեմ կարծում, թէ նրանց կը յաջողւի այդ ճնշումները օգտագործելով հասնել իրենց նպատակին:

 

- Պատերազմից յետոյ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Թուրքիայի ղեկավարութիւնները խօսել են երկկողմ յարաբերութիւնների մասին: Նիկոլ Փաշինեանը ապրիլին ասաց, որ տարածաշրջանում ամուր խաղաղութեան հաստատման համար Թուրքիան պէտք է հրաժարւի Հայաստանի հանդէպ թշնամական քաղաքականութիւնից, իսկ Էրդողանը ապրիլի 24-ից մի քանի օր անց յայտարարեց, թէ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ բարիդրացիութեան սկզբունքի վրայ հիմնւած յարաբերութիւններ հաստատել, ինչին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ հայկական կողմն այդ «ուղերձը» ստացել է, սակայն կարեւորում է ոչ միայն խօսքը, այլեւ գործնական քայլերը Թուրքիայի կողմից: Ի՞նչ կարելի է կանխատեսել այս յարաբերութիւնների վերաբերեալ:

- Այո, Թուրքիան կիրառում է իր աւանդական դիւանագիտութիւնը՝ մի բան ասում է, մէկ այլ բան անում: Դրա համար, որպէսզի ապացուցի, որ ինքն ազնիւ է (թէեւ ինչպէ՞ս կարող է Թուրքիան ազնիւ լինել), պէտք է Թուրքիայի կողմից լինեն կոնկրետ քայլեր: 30 տարի շարունակ մենք տեսել ենք, որ Թուրքիան, ինչպէս ես ասացի, Հայաստանի նկատմամբ անցկացրել է հարկադրման, ճնշման քաղաքականութիւն, իսկ վերջին շրջանում աւելի է թշնամացրել իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Պէտք են կոնկրետ քայլեր, որ Հայաստանը համոզւի, թէ Թուրքիան փոխել է իր այդ քաղաքականութիւնը: Բայց ես չեմ տեսնում կոնկրետ քայլեր, այդ իսկ պատճառով փորձեցի բացատրել, որ, ելնելով Թուրքիայի վերաբերեալ ուսումնասիրութեան արդիւնքից, չեմ հաւատում, որ Թուրքիան իսկապէս ցանկանում է Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորել: Ընդհակառակը, փորձում է շարունակել ճնշումը Հայաստանի վրայ՝ իր նպատակներին հասնելու համար:

 

Հարցազրոյցը վարեց Արամ Սարգսեանը

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։