Հա

Քաղաքական

21/08/2021 - 12:05

«Արցախի վերաբերեալ կառավարութեան ծրագրում չկայ յստակութիւն». Վահրամ Բալայեան

Արցախի Հանրապետութեան ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի խօսքով՝ օրերս Նիկոլ Փաշինեանի ներկայացրած ՀՀ կառավարութեան 5-ամեայ ծրագրի այն հատւածում, որտեղ Արցախի վերաբերեալ դրոյթներն են նշւած, չկայ հստակութիւն, պէտք է յստակ լինեն ապագայ այն քայլերը, որոնք պէտք է իրականացնի ՀՀ իշխանութիւնն Արցախի անվտանգութեան ապահովման եւ  կարգավիճակի առնչութեամբ։

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի խօսքով՝ օրերս Նիկոլ Փաշինեանի ներկայացրած ՀՀ կառավարութեան 5-ամեայ ծրագրի այն հատւածում, որտեղ Արցախի վերաբերեալ դրոյթներն են նշւած, չկայ հստակութիւն, պէտք է յստակ լինեն ապագայ այն քայլերը, որոնք պէտք է իրականացնի ՀՀ իշխանութիւնն Արցախի անվտանգութեան ապահովման եւ  կարգավիճակի առնչութեամբ։

«Արցախի վերաբերեալ կառավարութեան ծրագրում չկայ յստակութիւն, որոնք պէտք է հետապնդեն մի քանի նպատակ, առաջինը՝ հայ հասարակութեանը, տւեալ պարագայում՝ Հայաստանի, Արցախի ու սփիւռքի մեր հայրենակիցներին ինչ-որ տեղ մեսիջ ուղղւի, որ Հայաստանը շարունակում է կանգնել այն գծի վրայ, որի նպատակը Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է։ Արցախի առաջին պատերազմից յետոյ Ադրբեջանը՝ որպէս պարտւող կողմ, մշտապէս յայտարարել է, որ պարտւող կողմ չէ եւ ունի ծրագիր՝ Արցախն իրենցը դարձնելու, եւ այն տարածքները, որոնք ազատագրւել էին՝ վերադարձնելու։ Ինչպէս ասում են, Ադրբեջանը գրեթէ հասել է իր նպատակին։ Բայց հակառակորդ կողմը պէտք է իմանայ, որ Հայաստանն ու Արցախն ունեն նպատակ, ցանկութիւն Արցախը պահպանելու վերաբերեալ։ Նաեւ՝ բարեկամ երկրները պէտք է հասկանան, թէ վերջիվերջոյ մենք ինչ ենք ուզում։

Երկար տարիներ մենք խօսում էինք Արցախի անկախութեան ճանաչման մասին, բայց գործնական քայլեր չկային։ Միւս կողմից էլ՝ ՀՀ քաղաքական էլիտայի մէջ կային մարդիկ, որոնք կարծում էին, որ Արցախը պէտք է միացւի Հայաստանին, այսպիսի երկւութեան պայմաններում մեր կողմնակիցների ու բարեկամների շրջանում նման անորոշութիւն է առաջանում։ Կառավարութեան ծրագրում գտած դրոյթները պէտք է ուղերձ լինեն մեր բարեկամներին, որպէսզի հասկանան՝ մեր ընտրած ճանապարհին ի վիճակի՞ են մեզ աջակցելու, թէ՞ ոչ։ Այս հարցերը պէտք է յստակեցւեն։ Եթէ մենք ուզում ենք իսկապէս գործնական քայլեր կատարել եւ ըստ էութեան գործընթացներից դուրս չմնալ, ապա պէտք է կառավարութեան ծրագրի մէջ մեր բոլոր նպատակներն արտացոլւեն»,- 168.am-ի հետ զրոյցում ասաց Վահրամ Բալայեանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ կառավարութեան ծրագրում բացակայում է Արցախի Հանրապետութիւն եզրոյթը, Վահրամ Բալայեանը նկատեց՝ վերջին հաշւով այս ամէնն այն կուրսի շարունակութիւնն է, ըստ որի՝ ՀՀ իշխանութիւնը յստակութիւն չունի Արցախի Հանրապետութեան կարգավիճակի առումով, այդ պատճառով էլ խուսափում են Արցախի Հանրապետութիւն եզրոյթն օգտագործել։

«Միւս կողմից էլ՝ գուցէ փորձում են խուսափել Ադրբեջանի ճնշումներից, այդ թւում՝ դրսի ուժերի ճնշումներից։ Բայց մեծ հաշւով խոյս տալով՝ այդ ամէնը մեզ լաւ տեղ չի տանելու։ Չերչիլը յայտնի խօսք ունի, ասում է՝ եթէ խուսափում ես պատերազմից ու անարժանապատւութիւնից, ապա ստանում ես ե՛ւ առաջինը, ե՛ւ երկրորդը։ Այսինքն՝ եթէ կայ ազգային տեսլական, ապա այդ ամէնը պէտք է յստակ ներկայացւի, ինչը նաեւ դաստիարակչական նշանակութիւն ունի, որովհետեւ ի վերջոյ դպրոցում սովորող երեխան պէտք է հասկանայ, թէ ինչ է ուզում։ 10-20 տարի յետոյ գուցէ այդ երեխաները դառնան իշխանութիւն եւ փորձեն այդ տեսլականով առաջնորդւել»,- եզրափակեց Վահրամ Բալայեանը։

Յիշեցնենք՝ Նիկոլ Փաշինեանը օգոստոսի 18-ին կառավարութեան ծրագիրը ներկայացնելիս անդրադարձել էր նաեւ Արցախի հիմնախնդրի կարգաւորմանը, ծրագրով նախանշւած քայլերին։

«Մենք տարածաշրջանի խաղաղութեան եւ կայունութեան համար էական ենք համարում թշնամական մթնոլորտի կառավարումը եւ յաղթահարումը մեր տարածաշրջանում։ Տարածաշրջանի խաղաղութիւնն ու կայունութիւնը արձանագրում ենք՝ որպէս մեր երկարատեւ ռազմավարութիւն։

Յաջորդ գործօնը, որը կարող է էական ազդեցութիւն ունենալ մեր անվտանգութեան համակարգում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութիւնն է։ Մենք ընդգծում ենք համանախագահութեան դերը ղարաբաղեան հիմնախնդրի լուծման եւ ԼՂՀ վերջնական կարգավիճակի յստակեցման գործում։ Մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժէք վերականգնումն էական գործօն է տարածաշրջանային կայունութեան եւ անվտանգութեան ապահովման իմաստով։ Այս առումով ուզում եմ ընդգծել, որ կառավարութեան ծրագիրն ըստ էութեան որոշակի դիրքաւորում է ձեւակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուլիսի 29-ի յայտարարութեան նկատմամբ, այն առումով, որ մենք մեր ծրագիրը եւ ծրագրային դրոյթները ձեւակերպել ենք այնպէս, որպէսզի այն մաքսիմալ համարժէք լինի ԼՂՀ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի վերականգնման վերաբերեալ Մինսկի խմբի համանախագահութեան կոչին, նախապայմաններ չենք առաջադրել, ընդհակառակը՝ ամէն ինչ արել ենք, որպէսզի բանակցային պատշաճ միջավայր ձեւաւորւելու համար անհրաժեշտ մեր անելիքները ձեւակերպենք, եւ բանակցային գործընթացը որեւէ կերպ խոչընդոտելու միտում արտայայտւած չլինի ծրագրում»,- ասել էր Նիկոլ Փաշինեանը։

 

Զւարթ Խաչատրեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։