2030թ․ Փարիզում հրատարակւել է ֆրանսիացի լրագրող Անտուան Դիւբուայի «Հայաստանի աւարտը» 254 էջանոց աշխատութիւնը։ Գրքի նախաբանում հեղինակը ներկայացնում է, թէ ինչու է սկսել հետաքրքրւել Հայաստանով եւ հայ ժողովրդով։ Անտուան Դիւբուայի հայրը՝ պարսկագէտ Ժան Պոլ Դիւբուան եւ ճանաչւած ֆրանսիացի հայագէտ Ֆրեդերիկ Ֆէյդին եղել են կոլեգաներ, երկար տարիներ աշխատելով Փարիզի Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութիւնների կենտրոնում։
2030թ․ Փարիզում հրատարակւել է ֆրանսիացի լրագրող Անտուան Դիւբուայի «Հայաստանի աւարտը» 254 էջանոց աշխատութիւնը։ Գրքի նախաբանում հեղինակը ներկայացնում է, թէ ինչու է սկսել հետաքրքրւել Հայաստանով եւ հայ ժողովրդով։ Անտուան Դիւբուայի հայրը՝ պարսկագէտ Ժան Պոլ Դիւբուան եւ ճանաչւած ֆրանսիացի հայագէտ Ֆրեդերիկ Ֆէյդին եղել են կոլեգաներ, երկար տարիներ աշխատելով Փարիզի Արեւելեան լեզուների եւ քաղաքակրթութիւնների կենտրոնում։
Պատանեկան տարիներից Անտուան Դիւբուան հետաքրքրւել է Հայաստանով եւ Ֆրեդերիկ Ֆէյդիի մօտ սովորել հայերէն եւ հայոց պատմութիւն։ Աշխատութեան յաջորդ գլուխներում Դիւբուան ներկայացնում է իր հետազօտութիւնները հայոց պատմութեան որոշ դրւագների, տարբեր տարիներին Հայաստան այցելութեան, ֆրանսահայ գաղութի մասին։
Գրքի վերջին գլուխն ամենածաւալունն է։ Այն ներկայացնում է 2020-22 թթ․ պատերազմական, յետպատերազմական ժամանակաշրջանը։
Մէջբերենք մի քանի հատւած Անտուան Դիւբուայի աշխատութեան վերջին գլխից։
«Երբ 2020թ․ հոկտեմբերի 5-ին ժամանեցի Երեւան, ինձ զարմացրեց քաղաքում տիրող անհասկանալի մթնոլորտը։ Բոլորովին չէր զգացւում, որ գտնւում ես պատերազմող երկրում։ Երեւանի կենտրոնում ծաղկում էր փողոցային առեւտուրը, սրճարաններն ու ռեստորանները լեփ-լեցուն էին ժպտերես յաճախորդներով։ Եւ զարմանալիօրէն, քաղաքի տարբեր հատւածներում, սնունդ եւ հագուստ եւ դրամական միջոցներ էին հանգանակւում ճակատի համար։ Հետաքրքրութիւնից դրդւած, մօտեցայ Հիւսիսային պողոտայում տեղակայւած հանգանակութեան կէտերից մէկին։ Մարդիկ բերում էին հնամաշ հագուստ, պոլիէթիլենէ շշերով ջուր, բանջարեղէն։ Կազմակերպիչներից մէկին հարցրեցի․ «Ի՞նչ նպատակով էք անում այս հանգանակութիւնը, սա ո՞ւմ նախաձեռնութիւնն է՝ պետութեա՞ն, ինչպէ՞ս էք այն հասցնելու մարտական գօտի»։ Երիտասարդը շփոթւեց․ «Ի՞նչ իմանամ, մի փոքր համբերէք, Վիլէնը կը գայ, կասի»։
Զարմացած էի նաեւ, որ ստեղծւում են կամաւորական ջոկատներ, անփորձ, միմեանց անծանօթ, կուսակցական, համայնքային հիմքերով։ Առաջին անգամ էի լսում, որ պետութեան մէջ, փոխանակ համընդհանուր զօրահաւաքի, կազմաւորւում են կամաւորական ջոկատներ։ Երեկոյեան հետեւելով պաշտօնական լուրերին, գօտեպնդւեցի հայոց բանակի յաջողութիւններով եւ անկեղծ մտածեցի, թէ Հայաստանի ղեկավարութիւնը, ինչպիսի իմաստուն քաղաքականութիւն է որդեգրել, որ ժողովրդին զուր տեղը չի անհանգստացնում։ Եւ որ թող ժողովուրդը չանհանգստանայ եւ ապրի իր առօրեայով, իսկ պատերազմը եւ յաղթանակը պետութեան գործն է»։
․․․
«Եւ ահա, նոյեմբերի 9-ին, բոլորի համար անսպասելիօրէն յայտարարւեց Հայաստանի պարտութեան մասին։ Հարիւրաւոր մարդիկ փողոց դուրս եկան… սակայն յաջորդ իսկ օրն ամէն ինչ հանդարտւեց։ Զարմանալիօրէն Երեւանում ոչինչ չփոխւեց։ Երեւանեան ռեստորաններն ու այլ ժամանցի վայրերը լիքն էին, մարդիկ կատակում էին, ուրախանում։
Որոշ ժամանակ անց, Հայաստանի գործիչները համախմբւեցին եւ ստեղծեցին «Հայրենիքի փրկութեան շարժում» ընդդիմադիր խումբ։ Այն համախմբում էր 17 կուսակցութիւն։ Ինձ զարմացրեց, որ փոքր Հայաստանում գործում են այդքան կուսակցութիւններ։ Սակայն ինձ ասացին, որ իրականում, Հայաստանում գործում է աւելի քան 100 կուսակցութիւն։ Ինչեւէ, արդէն համոզւած լինելով, որ կառավարութեան օրերը հաշւած են, վերադարձայ Ֆրանսիա»։
․․․
«Լիոնից հետեւում էի Հայաստանի իրադարձութիւններին։ Փետրւարին հայկական զինւած ուժերի շտաբը նոյնպէս պահանջեց վարչապետի հրաժարականը։ Արդէն համոզւած էի, որ յաջորդ իսկ օրը Հայաստանում իշխանափոխութիւն կը լինի։ Բայց, տեղի ունեցաւ հակառակը՝ պաշտօնանկ արւեց գեներալը։
Պարզւեց, որ հայկական պատմական Արցախը գրաւելուց յետոյ, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի Հանրապետութեան տարածք։ Զարմանքով կարդացի Հայաստանի պաշտօնեաների խօսքերը․ «Սեւ լճի 30%-ի համար պատերազմ չենք սկսի», «Այդ սարերի ձիւնածածկ տարածքները ում են պէտք», «Բանակը ոչ թէ ամայի տարածքները, այլ բնակչութեանը պաշտպանելու համար է»։
Ապրիլին նորից այցելեցի Հայաստան։ Այս անգամ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի միջնորդութեամբ հանդիպումներ ունեցայ, ինչպէս Հայաստանի վարչապետի, այնպէս էլ այլ քաղաքական գործիչների հետ։
Վարչապետի հետ հանդիպումը շոկային էր, ողջ կեանքումս այն չեմ մոռանայ։ Զարմանալի էր, այդ հինաւուրց ժողովուրդը ինչպէս է հանդուրժում այդպիսի ղեկավարի։ Վարչապետը գաւառամիտ, անհաւասարակշիռ, դիւրաբորբոք անձնաւորութիւն էր։ Կարճատեւ խօսակցութիւնից երեւացին նաեւ նրա կիսագրագէտ, մակերեսային դատողութիւնները։ Հետագայում իմացայ, որ նա նոյնիսկ բարձրագոյն կրթութիւն չի ունեցել, ընդամէնը եղել է ընդգծւած ընդդիմադիր թերթի խմբագիր։
Ոչ պակաս շոկային էին հանդիպումներս այլ գործիչների հետ։ Նրանցից շատերն իմանալով, որ ֆրանսիացի եմ, կամ ուրախութիւնից ցնծում էին եւ փայլատակող աչքերով հարցնում, թէ Ֆրանսիան երբ է զօրքեր բերելու Հայաստան, կամ՝ նոյն ֆրանսիական ռազմական օգնութեան ակնկալիքով, զայրացած նախատում։
Տպաւորութիւն ստացայ, որ նրանց առանձնապէս չի յուզում Արցախի կորուստն ու պարտութիւնը։ Նրանցից շատերը պարտութեան համար մեղադրում էին Ռուսաստանին, նախկին իշխանութիւններին եւ զարմանալիօրէն պաշտպանում կառավարութեանն ու վարչապետին։ Նաեւ տպաւորութիւն ստացայ, որ արմատական ընդդիմադիրներին ոչ այնքան Արցախի կորուստն ու պարտութիւնն էին յուզում, որքան իրավիճակից օգտւելով, իշխանութեան հասնելը։ Իսկ ժողովրդի հիմնական մասն, ինչպէս միշտ անտարբեր էր եւ շարունակում էր զբաղւել իր առօրեայով՝ առեւտուր, ժամանց, շքեղ հարսանիքներ։ Այլեւս հիասթափւած վերադարձայ Ֆրանսիա»։
․․․
«Ամէն դէպքում, ուղղակի ցնցւած էի, իմանալով, որ ընտրութիւններում մեծ առաւելութեամբ յաղթել է գործող իշխանութիւնը։ Եւ որոշեցի վերջին անգամ այցելել Հայաստան»։
․․․
«Ընտրութիւններով ամրապնդելով իշխանութիւնը, վարչապետը սկսել էր հետապնդումները այլախոհների նկատմամբ։ Այն լուսանկարները, որոնք յայտնւում էին լրատւամիջոցներում, թէ ինչպէս են դիմակաւորւած ոստիկանները մարդկանց ձերբակալում, կարծես միջնադարեան կադրեր լինէին, ժամանակակից, բայց սարսափազդու համազգեստներով։ Այս ամենին զուգահեռ պատերազմը շարունակւում էր։ Հայաստանի սահմաններում ամէն օր կրակահերթեր, զոհեր, թշնամու առաջխաղացում։ Բայց, կրկնեմ, ուղղակի ապշեցուցիչ էր, որ այս ամէնը չէր յուզում Հայաստանի քաղաքացուն։ Հայերը սովորութիւն ունեն շքեղ հարսանիքներ, մկրտութիւններ անելու։ Եւ երկրի համար այդ ծանր օրերին, պարզւեց, որ հարսանեաց սրահների համար հերթագրւում են։
Ինձ շատ հետաքրքրեց հայկական հարսանիքը եւ հայ ընկերներիցս մէկը ինձ հրաւիրեց եղբօր աղջկայ հարսանիքին։ Դահլիճը լեփ-լեցուն էր, շուրջ 500 հիւր, շքեղ հիւրասիրութիւն։ Ինձ հետաքրքրեց, թէ ընկերոջս եղբայրն ինչով է զբաղւում։ Պարզւեց պատգամաւոր է։ Երբ ընկերս նկատեց իմ տարակուսանքը, դէմքի մռայլ արտայայտութեամբ հեռացաւ։ Հարսանեաց խնջոյքից արագ հեռացայ, անտանելի էր յատկապէս հնչող երաժշտութիւնը։ Այն անճաշակ, անմեղեդի, աղմկոտ, արեւելեան կլկլոց յիշեցնող ինչ-որ խառնուրդ էր, որի հնչիւնների տակ, ձեռքերը վեր պահած եւ փորերը դուրս գցած պարում էին հարսանքաւորները։ Ծանօթ լինելով հայկական մշակոյթին, զարմացած էի, որ ունենալով այնպիսի երգահաններ, ինչպիսիք են Կոմիտասը, Արմէն Տիգրանեանը, Ալեքսանդր Սպենդիարեանը, Արամ Խաչատուրեանը, Նիկոլ Գալանտերեանը, նաեւ սփիռքահայ Շառլ Ազնաւուրը, Միշէլ Լեգրանը, այս աստիճան ցածրորակ ճաշակ ունեն ժամանակակից հայերը։
Յաջորդ մի քանի օրերը ճամբորդեցի, դէպի հիւսիս եւ հարաւ, սահմանամերձ գօտիներ։ Ճանապարհներն անցնում էին գեղատեսիլ վայրերով՝ լեռներ, անտառներ։ Սակայն, ճանապարհների շուրջ բոլորը աղբակոյտեր էին, լքւած աւերակներ, բայց ճանապարհներին, բարձունքների վրայ տեղադրւած յաճախակի հանդիպող փայտեայ կամ մետաղեայ խաչեր։
Հանդիպումներ ունեցայ թշնամու կրակի տակ ապրող գիւղացիների, զինւորականների հետ։
Շրջելով գիւղերով, տպաւորութիւն ստացայ, որ յայտնւել եմ 19-րդ դարում։ Կիսաքանդ տներ, ժանգոտած, քայքայւած ցանկապատեր, դարչնագոյն աղիւսաձեւ նիւթից բուրգեր, որը պարզւեց գիւղացիների հիմնական վառելիքն է։ Գիւղացիներն ապրում էին ահուսարսափի մէջ, կրակոցներ, զոհեր։ Նրանց մեծամասնութիւնն ընտրութիւնների ժամանակ ձայն էին տւել գործող իշխանութեանը, ասելով, որ այդպէս իրենց հրահանգել էին մարզպետն ու գիւղապետը։ Մէկ այլ գիւղում, որտեղ գիւղացիների մեծամասնութիւնը մերժել էր իշխանութեանը, գիւղապետի դէմ յարուցւել էր քրէական գործ եւ նա կալանաւորւել էր։ Գիւղացիների մեծամասնութիւնը երազում էր արտագաղթի մասին։
Հանդիպեցի նաեւ սահմանամերձ ուղեկալի հրամանատարի հետ։ Ուղեկալում ներկայ էր սեւ սքեմով հոգեւորականը, որը խաչը ձեռքին օրհնում էր զինւորներին։ Հրամանատարը հպարտութեամբ նշեց, որ զինւորները կռւում են, մի ձեռքին զէնքը, միւս ձեռքին Աստւածաշունչը»։
...
Գրքի վերջաբանում Անտուան Դիւբուան ամփոփում է իր տպաւորութիւնները։
«Այսպիսով, ես եկայ այն համոզման, որ հազարամեակների պատմութիւն ունեցող հայ ժողովուրդը, կորցրել է իր ինքնապահպանման բնազդը։ Երկրի, պետութեան ճակատագիրը նրան չի հետաքրքրում, այլ միայն սեփական անձի եւ ընտանիքի գոյատեւումը։ Նոյնիսկ ֆրանսիական նախկին գաղութներում՝ Ալժիր, Մալի, Կամերուն, այս աստիճան անտարբերութիւն չեմ տեսել։ Ինչ-որ չափով Հայաստանը համեմատելի է Հայիթիի հետ՝ խեղճուկրակ ժողովուրդ, մի դէպքում աւանդական քրիստոնեայ, միւս դէպքում Վուդուի պաշտամունք։ Սակայն Հայիթին շրաջապատւած չէ թշնամիներով։ Այնպէս որ, Հայաստանի կործանումն ինձ համար անսպասելի չէր»։
«Թարգմանութիւնը»
Աւետիք Իշխանեանի
aravot.am