Հա

Քաղաքական

22/08/2021 - 12:20

«Փաշինեանին ո՞վ թոյլ կը տայ, որ Արցախ մեկնի. Ալիեւն ասում է՝ դէ տղայ ես՝ գնայ». Արթուր Խաչատրեան

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի կարծիքով՝ երբ այսօր Փաշինեանն ասում է, որ օրէնքի դիկտատուրա է հաստատելու, ուրեմն՝ ընդունում է, որ իր ղեկավարման նախորդ երեք տարիներին օրէնքը դրսեւորւել է կամայականօրէն՝ երբ ուզել են՝ օրէնքի պահանջներն իրականացրել են, երբ չեն ուզել՝ չեն իրականացրել:

«alikonline.ir» - ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի կարծիքով՝ երբ այսօր Փաշինեանն ասում է, որ օրէնքի դիկտատուրա է հաստատելու, ուրեմն՝ ընդունում է, որ իր ղեկավարման նախորդ երեք տարիներին օրէնքը դրսեւորւել է կամայականօրէն՝ երբ ուզել են՝ օրէնքի պահանջներն իրականացրել են, երբ չեն ուզել՝ չեն իրականացրել:

«Ալիեւը շարունակում է ՀՀ-ից զիջումներ կորզել, խօսել ուժի լեզւով, եւ Փաշինեանը Հայաստանի ներսում փորձում է ընդդիմութեանը բանտերում փակել, որպէսզի Հայաստանի ներսում չլինի ուժ, որը կը կարողանայ պահանջել, որպէսզի ՀՀ-ն զիջումների չգնայ, եւ կը դիմագրաւի, կը պայքարի Ադրբեջանի ծաւալապաշտական նկրտումների դէմ: Սիւնիքն այսօր ամենախոցելի տարածաշրջանն է, բայց ինքը որոշեց սկսել Սիւնիքից, որովհետեւ Սիւնիքում եւ Սիւնիքից հիւսիս՝ դէպի Գեղարքունիք, զիջումների խնդիր կայ: Չեմ զարմանայ, որ վաղը այդ ռեպրեսիաները տարածւեն նաեւ Տաւուշում, որովհետեւ այնտեղ որոշակի պրոցեսներ են գնում: Պատահական չէ այնտեղ ռուսական ուղեկալների ստեղծումը, պատահական չեն քաղաքական իշխանութիւնների յայտարարութիւնները, որ կան հայկական վերահսկողութեան տակ գտնւող ադրբեջանական տարածքներ: Ներսում կը լինի, չէ՞, դիմադրութիւն, հիմա այդ դիմադրութիւնը պէտք է կոտրեն»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հարցին՝ այսինքն՝ ՀՀ իշխանութիւններն Ալիեւի հետ պայմանաւորւա՞ծ են գործում, թէ՞ ճնշումներն են շատ, եւ չեն կարողանում պողպատեայ մանդատով հակադարձել, օրինակ, Ալիեւին, նա պատասխանեց.

«Այն, ինչ ես ասում եմ, օբիեկտիւ իրականութիւնն է, մնացածը սուբիեկտիւ դատողութիւնների դաշտն է: Հնարաւոր է, որ ՀՀ-ն ստանձնել է որոշակի պատասխանատւութիւն, որոշակի պարտականութիւններ, եւ դրանք իրականացնելու համար նաեւ դրսից ճնշումներ են գործադրւում»:

Արթուր Խաչատրեանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինեանը չի գնում Արցախ, որովհետեւ նրան թոյլ չեն տալիս. «Տեսէք՝ նախկին արտգործնախարար Արա Այւազեանը գնաց Արցախ, դրան հետեւեց Ադրբեջանի շատ կոշտ արձագանգը, դրանից յետոյ որեւէ բարձրաստիճան պաշտօնեայ Արցախ չի գնացել: Ես չգիտեմ՝ Ալիեւը թոյլ չի տալի՞ս, թէ՞ Ալիեւն ասում է՝ դէ տղայ ես՝ գնայ: Երբ ԱԺ փոխխօսնակն ասաց, որ երբեք Հայաստանն ու Արցախը այսքան ինտեգրացւած չեն եղել, ասացի՝ դէ, եթէ ինտեգրացւած էք, սեպտեմբերի 2-ին այց կազմակերպէք, գնանք Արցախ: Երկրորդ՝ ինքն ի՞նչ երեսով պէտք է գնայ Արցախ, ի՞նչ երեսով պէտք է զբօսնի Ստեփանակերտում, ի՞նչ երեսով պէտք է հանդիպի Շուշիից, Հադրութից, Քարվաճառից, Քաշաթաղից գաղթած, փախստական դարձած մեր հայրենակիցների հետ»:

Պատգամաւորը նկատեց՝ Հայաստանի իշխանութիւնները կանգնել են քաղաքում եւ «էստի համեցէք» են անում. «Ասում են՝ թող ՀԱՊԿ-ը գայ՝ մեր անվտանգութիւնն ապահովի, ֆրանսիացիները գան, ամերիկացիները գան, վաղն էլ կարող են ասել՝ պապուասները գան, եւ այլն: Դեմարկացիա եւ դելիմիտացիա արւում է, երբ կայ խաղաղութեան պայմանագիր, եւ կողմերը համաձայնութեան են գալիս՝ որոշակի սկզբունքների հետ: Ինքն ասում է՝ ադրբեջանցիները կրակում են, մենք էլ հօ Սեւ լճի համար չե՞նք կռւելու: Այսինքն՝ ինքը Սեւ լճի համար չի կռւելու, բայց Բելառուսը պէտք է գայ՝ կռւի՞: Ինչո՞ւ պէտք է ֆրանսիացին գայ՝ կռւի Սեւ լճի համար, եթէ Հայաստանն ասում է՝ Սեւ լճի համար հօ կռիւ չե՞նք անելու:

Երկրորդ հարցն է գալիս՝ իսկ Երասխի համար կռիւ անելո՞ւ ես, Երեւանի համար կռիւ անելո՞ւ ես, որովհետեւ միջազգային յարաբերութիւնները շատ նման են փողոցի յարաբերութիւններին: Այդ հարցը, ի դէպ, տւեցի Տաւուշում, երբ «Հայաստան» դաշինքի պատգամաւորների մեծ խմբով գնացել էինք այնտեղ. Ասացի՝ եթէ քո կօշիկները տալիս ես, վաղը ի՞նչ է ուզելու, այդ մարդն ասաց՝ սպիտակեղենս է ուզելու: Այսինքն՝ այդ երիտասարդ տղան, որն ապրում է Տաւուշում, աւելի շատ է հասկանում, քան սրանց քաղաքական ղեկավարութիւնը: Այսօր Սեւ լճի համար կռիւ չանես՝ վաղը Գորիսը կուզեն, Կապանը կուզեն»:

Անդրադառնալով ԱԺ-ում տիրող իրավիճակին եւ ԱԺ նախագահութեան կամայականութիւններին, նա ընդգծեց. «Մեզ ասում են՝ «Նիկոլ», «կապիտուլեանտ» բառերը մի ասէք, որովհետեւ վիրաւորական են, չնայած՝ իրենց բոլոր պաստառների վրայ գրւած է՝ «Նիկոլ»: Յետոյ էլ ասում են՝ մտքեր էք արտայայտում, որոնք վիրաւորական բառեր չեն պարունակում, բայց կարող են որոշ պատգամաւորների դուրը չգալ: Է յետո՞յ, մենք հօ չե՞նք եկել՝ ձեզ կոմպլիմենտներ անելու համար, մենք եկել ենք ձեր դէմ պայքարելու՝ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս, որովհետեւ գտնում ենք, որ դուք Հայաստանը տանում էք կործանման: Դուք Հայաստանը հասցրիք նոյեմբերի 9-ի կապիտուլեացիային, դրանից յետոյ էլ Հայաստանը զիջում է իր դիրքերը»:

Նա յաւելեց. «Եթէ չբռնենք այս իշխանութիւնների ձեռքը, մեզ սպասւում է երկրորդ եւ երրորդ կապիտուլեացիան՝ «խաղաղութեան պայմանագիր» Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նկրտումները: Այսօրւայ իշխանութիւնները դա կամ չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ, որ Ադրբեջանն այս մի յաղթանակով չի բաւարարւելու: Դա կը լինի պայմանագիր, որն Ադրբեջանին հնարաւորութիւն կը տայ պատրաստւել յաջորդ յաղթանակին, իսկ մեզ կը զինաթափի»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։