«Սա պլանաւորւած, միտումնաւոր, նենգ վրէժխնդրութիւն էր մեզանից. իշխանութեան ներկայացուցիչներն անընդհատ սադրում են, չեն կարողանում «մարսել», որ մենք ԱԺ-ում ենք». Վ. Յակոբեանը՝ ծեծկռտուքի մասին
«alikonline.ir»- Եթէ անգամ ես ասէի՝ իշխանութիւններն ինչքան լաւն են, բարեկիրթ են, նոյնբանը կատարւելու էր, որովհետեւ իրենք նպատակային էին անում, մի քանի թիրախ ունէին, որոնցից մէկը ես էի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Վահէ Յակոբեանը՝ անդրադառնալով խորհրդարանում եղած ծեծկռտուքին, երբ իր ելոյթի ընթացքում իշխանական պատգամաւոր Վահագն Ալեքսանեանը ոտքով հարւածեց Յակոբեանին:
«Սա պլանաւորւած, միտումնաւոր, նենգ վրէժխնդրութիւն էր մեզանից: Սա ԱԺ չէ, իշխող խմբակցութիւնն իրեն այնպէս է պահում, կարծես ընդդիմադիր լինի, այսպէս չի կարելի: Անընդհատ սադրում են, չեն կարողանում «մարսել», որ մենք ԱԺ-ում ենք: Միտումնաւոր լինելը փաստում էր նաեւ այն հանգամանքը, որ վարչապետի աթոռն զբաղեցնող անձն իր թիկնազօրի հետ մնաց դահլիճում, հետեւում էր, մնացածը թիրախաւորւած էր»,-ասաց Յակոբեանը՝ նշելով, թէ ինքը լուրջ վնասւածք չի ստացել:
«Ես նրանցից շատերին ճանաչում եմ, ԱԺ-ից դուրս ձայները դուրս չէին գալիս: Կատարւածը բարոյական ու իրաւական հետեւանքներ պէտք է ունենայ, մենք խմբակցութեամբ, դաշինքով նիստ կանենք, կորոշենք մեր անելիքները: Սա նրա հետեւանքն է, որ փողոցը բերում են ԱԺ»,-ասաց պատգամաւորը:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի այն յայտարարութեանը, թէ Յակոբեանն ԱԺ-ում երկար չի մնայ՝ ընդդիմադիր պատգամաւորն արձագանգեց, թէ նրանց երազանքն է իրեն կալանքի տանել: