Print this page
26/08/2021 - 08:25

«Շուշիի մօտակայքում ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ու մօտակայ բնակավայրերի ուղղութեամբ, վնասւել է բնակիչներից մէկի տունը»․ Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը յայտարարութիւն է տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Շոշ եւ Մխիթարաշէն համայնքների ուղղութեամբ:

«alikonline.ir» - Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը յայտարարութիւն է տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Շոշ եւ Մխիթարաշէն համայնքների ուղղութեամբ. հաղորդում է Tert.am-ը:

Յայտարարութիւնն ամբողջութեամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Օգոստոսի 24-ին օրւայ ընթացքում եւ մինչեւ ուշ գիշեր Շուշիի մօտակայքում՝ մասնաւորապէս Շոշ եւ Մխիթարաշէն համայնքների ուղղութեամբ տեղակայւած դիրքերից ադրբեջանական կողմը ակտիւօրէն եւ տեւական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի եւ դրանց մօտակայքում տեղակայւած հայկական խաղաղ բնակավայրերի ուղղութեամբ։

Ասկերանի շրջանի Մխիթարաշէն գիւղի դիմաց տեղակայւած հայկական դիրքերի ուղղութեամբ արձակւած կրակոցներից տարբեր զինատեսակների բեկորները հասել են գիւղի բնակելի հատւած, իսկ օգոստոսի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Շուշիի հատւածից արձակւած կրակոցներից տուժել է համայնքի բնակիչներից մէկի տունը։

Ադրբեջանի վարքագիծը եւս մէկ անգամ ի ցոյց է դնում, որ խաղաղ բնակավայրերի հարեւանութեամբ տեղակայւած ադրբեջանական դիրքերը պէտք է հեռացւեն բնակավայրերից այնպիսի հեռաւորութեան վրայ, որտեղից հնարաւոր չի լինի ուղիղ դիտարկմամբ նշանառութեան տակ պահել քաղաքացիական բնակավայրերը, քանի որ դրանք անմիջական եւ իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կեանքի, առողջութեան եւ այլ կենսական իրաւունքների, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիութեան համար։

Ադրբեջանական զինւած ուժերի անօրինական գործողութիւնների պատճառով խաթարւում է սահմանամերձ դարձած բնակավայրերում խաղաղ բնակչութեան բնականոն կեանքն ու գործուէութիւնը։

Եւս մէկ անգամ ընդգծում եմ միջադէպերի քննութեան յստակ մեխանիզմների ներդրման կարեւորութիւնը, ինչը հնարաւորութիւն կը տայ պատասխանատւութեան ենթարկել միջադէպերի հեղինակներին եւ կանխել դրանց հետագայ կրկնութիւնը»։

 

Յարակից լուրեր