«Վերածնւող Հայաստան» կուսակցութիւնը յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ․
«alikonline.ir» - «Վերածնւող Հայաստան» կուսակցութիւնը յայտարարութիւն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Արդէն 3-րդ օրն է՝ ադրբեջանական զինուժը շարունակում է փակ պահել Սիւնիքի Գորիս-Կապան միջպետական աւտոճանապարհի երկու կարեւորագոյն՝ Նոր Առաջաձորի եւ Վանանդի հատւածները:
Այն ժամանակահատւածում, երբ ադրբեջանցիները տեղաւորւում էին ՀՀ միջպետական ճանապարհին եւ ձեռնարկում բոլոր քայլերը՝ Սիւնիքի մարզը Հայաստանի Հանրապետութիւնից կտրելու ուղղութեամբ, ՀՀ Կառավարութիւնը, անտեսելով Երեւանից ընդամենը 250կմ հեռաւորութեան վրայ թշնամու ձեռնարկած գործողութիւնները Սիւնիքում հաստատւելու ուղղութեամբ, բոլոր հնարաւոր մեթոդներով անցկացնում էր Կառավարութեան հնգամեայ ծրագիրը՝ ԱԺ-ում ձեռնամարտ-շոուներ ծրագրելով, անձնական հարցերն ու տարաձայնութիւններն ԱԺ բերելով ու երկրի առաջ ծառացած անվտանգային թեմաներից հասարակութեանը շեղելով:
Այս իրադարձութիւնների ֆոնին առաւել հասնակալի եւ տրամաբանական է դառնում «Վերածնւող Հայաստան» կուսակցութեան վարչութեան անդամներ Սիւնիքի համայնքապետերին անհիմն եւ շինծու գործերով, 1 հոգուց կորզած սուտ ցուցմունքներով կալանքի տակ ապօրինի պահելու հանգամանքը՝ այդպիսով փաստացի գլխատելով Սիւնիքը: Սիւնիքի համայնքապետերն այն անձիք են, ովքեր 44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում եւ դրան յաջորդած ժամանակահատւածում սեփական ուժերով ու կամաւորական ջոկատներն առաջնորդելով՝ պահում էին Սիւնիքի մարզը՝ թշնամուն 1 միլիմետր հող չզիջելու նպատակադրմամբ, եւ ամբողջովին կատարել են իրենց առաջ դրւած խնդիրը՝ մինչեւ իշխանութեան կողմից բռնի ուժով նրանց խրամատներից հեռացումը:
Ստեղծւած իրավիճակում Հայաստանը կանգնում է ոչ միայն անվտանգային, այլեւ տնտեսական լրջագոյն խնդիրների առջեւ՝ ունենալով 2 փակ սահման հարեւան թշնամական պետութիւնների հետ եւ, ըստ էութեան, կտրւելով նաեւ բարեկամական Իրանից՝ փաստացի արձանագրելով Հայաստան-Իրան-Հայաստան բեռնափոխադրումների անհնարինութեան հանգամանքը:
Հաշւի առնելով վերոգրեալը՝ «Վերածնւող Հայաստան» կուսակցութիւնը խստագոյնս դատապարտում է իշխանութեան նման գործելաոճը եւ պահանջում ձեռնարկել բոլոր հնարաւոր գործողութիւնները՝ Սիւնիքում առաջացած խնդիրները շուտափյթ լուծելու եւ Հայաստանի քաղաքացիներին անվտանգութեան երաշխիքներով ապահովելու ուղղութեամբ»։