Հա

Քաղաքական

28/08/2021 - 12:20

Բանկային բեսպրեդե՞լ… Ի՞նչ է սա

Ներքաղաքական աղմուկը, որի մէջ ապրում ենք արդէն 3 տարուց աւելի, լռութեան ու անտարբերութեան է մատնել բազմաթիւ խնդիրներ, որոնք լրջագոյն սպառնալիքներ են պարունակում իրենց մէջ եւ, ըստ էութեան, կարող են լաւ նախադրեալ հանդիսանալ ՀՀ իշխանութիւնների վարած (ես կասէի՝ չվարած) տնտեսական քաղաքականութիւնը պայթեցնելու համար: Որքան էլ տարօրինակ հնչի՝ խնդրայարոյց իրավիճակներ ստեղծող կառոյցներից մէկն էլ ՀՀ պետական բանկն է, որ կա՛մ չի կարողանում վերահսկել միւս բանկերի աշխատանքը, կա՛մ ուղղակի կախւածութեան մէջ է այդ բանկերից եւ նրանց հետ համախորհուրդ՝ իրականացնում է դրսից թելադրւող բանկային քաղաքականութիւն: 

Էդիկ Անդրէասեան

 

Ներքաղաքական աղմուկը, որի մէջ ապրում ենք արդէն 3 տարուց աւելի, լռութեան ու անտարբերութեան է մատնել բազմաթիւ խնդիրներ, որոնք լրջագոյն սպառնալիքներ են պարունակում իրենց մէջ եւ, ըստ էութեան, կարող են լաւ նախադրեալ հանդիսանալ ՀՀ իշխանութիւնների վարած (ես կասէի՝ չվարած) տնտեսական քաղաքականութիւնը պայթեցնելու համար: Որքան էլ տարօրինակ հնչի՝ խնդրայարոյց իրավիճակներ ստեղծող կառոյցներից մէկն էլ ՀՀ պետական բանկն է, որ կա՛մ չի կարողանում վերահսկել միւս բանկերի աշխատանքը, կա՛մ ուղղակի կախւածութեան մէջ է այդ բանկերից եւ նրանց հետ համախորհուրդ՝ իրականացնում է դրսից թելադրւող բանկային քաղաքականութիւն: Խնդիրը, որի մասին կը խօսենք ստորեւ, նոր չի ծագել, բայց եթէ նախկինում քաղաքացիների բողոքից յետոյ այն որոշ չափով կարգաւորւել է, ապա այս իշխանութիւնների օրօք բանկերին ազատութիւն է տրւել անելու այն, ինչը թելադրւում է համաշխարհային ֆինանսական կենտրոնների կողմից:

Այս հարցերի շուրջ «Հրապարակ» օրաթերթը զրուցել է ծնունդով Իրանից, արդէն 12 տարի ՀՀ քաղաքացի, իրանագէտ Սարգիս Մկրտչեանի հետ, ով բոլորովին վերջերս առիթ է ունեցել համոզւելու, որ Հայաստանում գործող առանձին բանկեր, չունենալով, գուցէեւ ունենալով ՀՀ կենտրոնական բանկի յատուկ թոյլտւութիւնն ու կարգաւորումը, կրկին սկսել են խտրական վերաբերմունք ցուցաբերել ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

 

- Պարոն Մկրտչեան, օրերս մամուլով Ձեր անհանգստութիւնն էիք յայտնել բանկային համակարգում կրկին գլուխ բարձրացրած անընդունելի երեւոյթի կապակցութեամբ: Խօսքը որոշ բանկերի կողմից իրանահայ ՀՀ քաղաքացիներին բանկային քարտեր չտրամադրելու մասին է: Մի փոքր մանրամասնէք խնդիրը նաեւ մեր ընթերցողի համար:

- 2021թ. օգոստոսի 24-ին այցելել եմ Էւոկաբանկի գլխամաս, գումար աւանդ դրել եւ դիմել դոլարային Visa քարտ ստանալու համար։ Պատասխանել են, որ չեն կարող քարտ տրամադրել, որովհետեւ ծնունդով Իրանից եմ։ Անմիջապէս չեղարկել եմ աւանդի հետ կապւած գործարքը եւ գումարս հանել դրամատնից։ Էւոկաբանկը միակը չէ։ Կան նաեւ այլ դրամատներ, ինչպէս Ամերիաբանկը, որոնք յստակ խտրական քաղաքականութիւն են վարում ծնունդով իրանցիների, այս պարագայում՝ իրանահայերի նկատմամբ։ Անձամբ ինձ համար նոյն բանը պատահել է Ամերիաբանկում։ Ես ՀՀ քաղաքացի եմ։ Տեղեակ եմ, որ նոյն վերաբերմունքը կայ ՀՀ 10 տարւայ յատուկ կեցութեան կարգավիճակ ունեցող իրանահայերի նկատմամբ։ Սա վիրաւորական է։ Սա անարգանք է ՀՀ քաղաքացու անձնագրի նկատմամբ։ Այս պարագայում ստացւում է, որ Իրանում ծնւած լինելը յանցագործութիւն է։

 

- Իսկ չէ՞ք կարծում, որ խնդիրն աւելի գլոբալ է եւ կապ ունի Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ նրա քաղաքացիների դէմ կիրառւող, այսպէս կոչւած, ֆինանսական պատժամիջոցների հետ:

- Այո, դա այդպէս է։ Ուղղակի կապւած է Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացեալ Նահանգների կիրառած պատժամիջոցների հետ։ Սակայն հարցը մի քանի հարթութիւն ունի։ Առաջին․ փաստօրէն ստացւում է, որ Հայաստանի Հանրապետութիւնը մաս է կազմում Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացեալ Նահանգների կիրառած պատժամիջոցների իրականացմանը։ Այսինքն, Հայաստանը պայքարում է իր բարեկամ եւ սահմանակից Իրանի դէմ։ Այսինքն, Հայաստանը չի կարողանում ԱՄՆ-ին կամ որեւէ այլ պետութեան բացատրել, որ, ելնելով աշխարհաքաղաքական եւ պատմական իրողութիւններից, ՀՀ քաղաքացիների շահերից եւ այլն, չի կարող մաս կազմել հակաիրանական պայքարին։ Սա զաւեշտալի է։ Երկրորդ․ կարո՞ղ եմ, արդեօք, ենթադրել, որ եթէ վաղը ԱՄՆ-ն կամ որեւէ այլ երկիր Հայաստանից պահանջի այս կամ այն վարքագիծը կիրառել Իրանում ծնւածների նկատմամբ՝ Հայաստանը դա կանի։ Իրաւունք ունե՞մ այսպէս մտածելու։ Երրորդ․ ԱՄՆ գաղթած ծնունդով իրանցիներն Ամերիկայի դրամատներից ստանում են քարտ։ Առանց դրա պարզապէս չեն կարող ապրել ԱՄՆ-ում։ Հետեւաբար, ինչո՞ւ Հայաստանը չի հարցնում ԱՄՆ-ին՝ ինչո՞ւ էք քարտ տրամադրում այդ մարդկանց։ Չորրորդ․ եթէ Իրանում ծնւած լինելը խնդիր է, վտանգ է, ապա ինչո՞ւ են ինձ (եւ ինձ նման շատերին) տւել Հայաստանի Հանրապետութեան անձնագիր։ Ստացւում է, որ Իրանում ծնւած լինելը յանցագործութիւն է։ Անկեղծ ասած՝ անձամբ ինձ համար դրամատնային քարտը ո՛չ էական է, ո՛չ էլ կարեւոր, որովհետեւ Հայաստանում դրա կարիքը չկայ՝ նկատի ունենալով, որ դեռ շատ ու շատ գումարային գործողութիւններ կատարւում են կանխիկ։ Խնդիրը երեւոյթն է, որը վիրաւորական է եւ ինքնին խտրականութեան դրսեւորում։ Ես ապրում եմ իմ հայրենիքում եւ, փաստօրէն, զրկւում եմ որոշ իրաւունքներից։

 

- Անշուշտ, տրամաբանութիւն չկայ այդ ամենի մէջ, եւ ակնյայտ է, որ Ձեր նշած դրամատները երկակի ստանդարտներ են կիրառում՝ մի կողմից աւանդներ ընդունելով Իրանում ծնւած ՀՀ քաղաքացիներից, իսկ միւս կողմից՝ բանկային գործարքների համար նրանց քարտ չտրամադրելով:

- Մեղմ ասած՝ «հարիֆի» տեղ են դրել։ Իրանում ծնւածի համար հաշիւ են բացում, նրանից, որպէս աւանդ, գումարներ ներգրաւում՝ 3-4 կամ մի քիչ աւել-պակաս տարեկան տոկոսադրոյքով եւ նոյն՝ այդ Իրանում ծնւած ՀՀ քաղաքացու գումարը որպէս վարկ 12-24 տոկոսով տրամադրում՝ ստանալով կարգին եկամուտ: Բայց երբ հարցը հասնում է քարտ տրամադրելուն, յիշում են, որ մարդը ծնունդով Իրանից է։ Իսկ հաճելի՞ է Իրանում ծնւածների գումարները որպէս աւանդ ներգրաւելը։ Ախորժաբե՞ր է։ Սա պարզապէս ծիծաղելի է։

 

- Ո՞վ պէտք է կարգաւորի այդ խնդիրը՝ ՀՀ կառավարութի՞ւնը, ՀՀ Կենտրոնական բա՞նկը, կոռուպցիայի դէմ պայքարի նոր ստեղծւելիք մարմի՞նը, Ազգային անվտանգութեան ծառայութի՞ւնը, թէ՞, ասենք, ՀՀ ժողովուրդը, որ, վարչապետի պնդմամբ, իշխանութեան գլխաւոր կրողն է ու ամէն ինչ որոշողը:

- Միանշանակ՝ պետութիւնը, կառավարութեան ղեկին կանգնած անձը եւ կառավարութիւնը։ Սակայն այս իշխանութիւնն ո՛ւր՝ քաղաքացի կամ ոչ-քաղաքացի հայ մարդու իրաւունքների պաշտպանութիւնն ո՛ւր։ Այս իշխանութիւնների եւ հայ մարդու շահերի մէջ սար ու ձորեր կան, այս իշխանութիւնն ո՛ւր, ազգային շահն ո՛ւր։ Եւ կրկնեմ, որ սա լոկ իմ անձի դէմ կատարւած քայլ չէ, այլ վերաբերում է բարեկամ եւ դաշնակից պետութեան հետ մեր յարաբերութիւններին։ Այնպէս որ, ստիպւած ենք զինւել համբերութեամբ եւ կամքով, որ խնդիրը շուտով կը կարգաւորւի:

 

Յարակից լուրեր

  • Սա է իմ մայրաքաղաքը, սա է իմ երկիրը եւ որեւէ մէկը չի կարող ինձ պարտադրել թուրքանալ կամ արտագաղթել
    Սա է իմ մայրաքաղաքը, սա է իմ երկիրը եւ որեւէ մէկը չի կարող ինձ պարտադրել թուրքանալ կամ արտագաղթել

    Սոցիոլոգ, իրանագէտ Սարգիս Մկրտչեանի ելոյթը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրութիւն» շարժման հանրահաւաքի ժամանակ.

  • Դիմում եմ ձեզ` ոստիկան առ ոստիկան, չին առ չին, բերետ առ բերետ, գլխարկ առ գլխարկ
    Դիմում եմ ձեզ` ոստիկան առ ոստիկան, չին առ չին, բերետ առ բերետ, գլխարկ առ գլխարկ

    Լրացաւ 4 տարին, ինչ այս անհասկանալի երեւոյթը յայտնւել է վարչապետի աթոռին ու ոչ մի կերպ չի ցանկանում հեռանալ: Այդ 4 տարում նա մեր երկրի ու ժողովրդի գլխին այնքան փորձանք է բերել, որ մենք չէինք տեսել ոչ խորհրդային իշխանութեան 70 եւ ոչ էլ մեր նոր անկախութեան 34 տարիների ընթացքում: Ազգի պառակտում, 44-օրեայ խայտառակ պատերազմ, կապիտուլեացիա, տասնեակ հազարաւոր զոհեր, վիրաւորներ, հաշմանդամներ, հարիւր հազարաւոր տնաւեր մարդիկ, հայկական աւանդական ընտանիքի բարոյական արժէքների վերացում, տնտեսական անդառնալի վնասներ...

  • Դաշնակցութիւն ունեցող ազգը չի մեռնի
    Դաշնակցութիւն ունեցող ազգը չի մեռնի

    Չէի ուզենայ աւելորդ բառեր գործածել բնութագրելու համար այս օրերին Հայաստանին պատուհասած համակողմանի աղէտը, որ ձգւում է արդէն 4 տարի: Աղէտ՝ այս մէկ հատիկ բառն էլ բաւական է, որ ՀՀ ներկայ կառավարիչների գործունէութիւնը ասոցացւի 1895 թ. Զէյթունում, 1915 թ. Արեւմտեան Հայաստանում, 1920 եւ 1988 թւականներին Խորհրդային Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձութիւնների հետ. զոհեր, տեղահանութիւն, նախճիր, պետականութեան կորուստ, փլատակներ… 

  • Իրանում ծնւած լինելու յանցանքը եւ Հայաստանի դրամատները
    Իրանում ծնւած լինելու յանցանքը եւ Հայաստանի դրամատները

    2021թ. օգոստոսի 24-ին այցելել եմ Էւոկաբանկի գլխամաս, գումար աւանդ դրել եւ դիմել դոլարով Visa քարտ ստանալու համար։

    Աշխատակցուհին նայել է ՀՀ անձնագրիս, խօսել իր կողքին նստած գործընկերուհու հետ, յետոյ հեռախօսով խօսել ինչ որ մէկի հետ եւ ինձ պատասխանել, որ «նկատի ունենալով, որ դուք Իրանում էք ծնուել, ձեզ քարտ չենք տրամադրում»։ Այդ պատասխանն ստանալուց յետոյ գումարս հանել եմ դրամատնից եւ դուրս եկել։

  • 2021`պարտութիւնը շարունակւում է
    2021`պարտութիւնը շարունակւում է

    Բա հիմա ի՞նչ է լինելու, երբ փաստ է, որ պարտութեան այս սիմւոլը մեզ հետ եկել է 2021 թւական: Երկու ոտքը դրեց մի կոշիկի մէջ ու հրաժարական չտւեց` խորտակելով ապագայի հետ կապւած բոլոր յոյսերը: Մենք ինչքան էլ գեղեցիկ խօսքեր ասենք միմեանց, ինչքան էլ ոգեւորենք իրար, թէ հայ ազգն այսպիսին ու այսպիսին է, միեւնոյն է, այս կարգի ջախջախիչ պարտութիւնից յետոյ երկար, շատ երկար ոտքի կանգնել չենք կարող, եթէ անգամ «Լուսաւոր Հայաստանի» եւ «Իմ քայլի» քաղաքական ամուսնութիւնից որեւէ բան ծնւի, ասենք` յետպատերազմական իրավիճակի անցումային վարչապետ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։