Շաբաթ, 28 օգոստոսի կէսօրին, իր մահկանացուն կնքեց Իրանի կինոլաբորատորիայի ասպարէզում մեծ ճանաչում ունեցող՝ Տիգրան Թումանեանը:
«ԱԼԻՔ» - Շաբաթ, 28 օգոստոսի կէսօրին, իր մահկանացուն կնքեց Իրանի կինոլաբորատորիայի ասպարէզում մեծ ճանաչում ունեցող՝ Տիգրան Թումանեանը:
Թումանեանը ծնւել է 1946 թւականին Նոր Ջուղայում: 1969-ին աւարտել է Հեռուստատեսութեան ու կինոյի կոլէջը: Իրանի Պետական հեռուստատեսութիւնում աշխատանքի անցնելուց յետոյ, նա աշխատել է լաբորատորիայի բաժնում, որտեղ երեւակել է տեսանիւթերի նեգատիւ լենտերը, ինչպէս նաեւ կտրում, տրոկաժ եւ տիտրաժ աշխատանքներն է իրականացրել:
Թումանեանը տարիների ընթացքում համագործակցել է բազմաթիւ սերիալների եւ ֆիլմերի հետ: Սամուէլ Խաչիկեանի նկարած՝ «Արծիւները» (Օղաբհա) յեղափոխութիւնից յետոյ Թումանեանի առաջին ֆիլմերից էր, որով կինոասպարէզ վերադարձաւ նա: Նրա միւս աշխատանքներից կարելի է յիշատակել «Քրիզանտեմներ» (Գոլհայէ Դաւուդի), «Անցում», «Աստղ ու ադամանդ», եւ «Գավիար»-ը, որոնք հետագայ ֆիլմերն են, որոնց հետ համագործակցել է Տիգրան Թումանեանը:
«Սիրոյ ջոկատ»-ը, «Արագութիւն», «Տերմինատոր» եւ «Հաբութը»-ը հետագայում համալրեցին նրա աշխատանքային հաւաքածոն:
Նրա ստեղծագործութիւնների թւում են նաեւ Եադօլլահ Սամադիի «Դոմրոլ»-ի տեսողական էֆեկտները: Թումանեանն աշխատել է «Բադի» ստուդիայում եւ նրա վերջին գործունէութիւնը ներառում է «Ես Թարանէն եմ, 15 տարեկան եմ», «Վերջին ընթրիքը», «Լքւած կայարան»-ը, «Անտող թղթեր»-ը եւ «Տունը ջրի վրայ» ֆիլմերը:
Յատկանշական է, որ Տիգրան Թումանեանը մեծ ներդրում ունեցաւ նաեւ յեղափոխութիւնից յետոյ իրանահայ շախմատի աւանդոյթների վերականգնման աշխատանքնրում: Նշենք նաեւ, որ Իրանի Շախմատի ազգային հաւաքականի կազմում է հանդէս եկել նրա որդին՝ Համլետ Թումանեանը: