Իմ տպաւորութեան Հայաստանի պաշտպանութեան նախարարը լրիւ այլ իրականութեան մէջ է ապրում:
«alikonline.ir»- Իմ տպաւորութեան Հայաստանի պաշտպանութեան նախարարը լրիւ այլ իրականութեան մէջ է ապրում: Այս մասին ըստ Yerkir.am-ի՝ իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:
«Իմ տպաւորութեան Հայաստանի պաշտպանութեան նախարարը լրիւ այլ իրականութեան մէջ է ապրում։
Ես չգիտեմ, թէ իր ներկայիս դերի մէջ սեփական, թէ այլ անձանց խորհրդով է մտել, բայց ակնյայտ է, որ բանակի մարտունակութեան կամ հեղինակութեան վերականգնումը չպէտք է սկսել նախարարի ուռճացւած կերպարի ստեղծմամբ։ Դա գործին որեւէ ձեւով չի օգնում։
Ու սա այն դէպքում, որ ներկայիս նախարարը պատերազմից առաջ, դրա ընթացքում վարչապետի ռազմական հարցերով խորհրդականն էր, մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժման ժամանակ ԳՇ պետի առաջին տեղակալը, իսկ Գորիս-Կապան ճանապարհահատւածին ստեղծւած ճգնաժամի ժամանակ գործող նախարարը։
Էլ չեմ խօսում այն մասին, որ ՊՆ-ն նոյն օրւայ լրահոսով հաղորդում է Սոթքում ինտենսիւ փոխհրաձգութեան, Արցախի Թաղաւարդում հայ զինծառայողի վիրաւորման մասին, իսկ պաշտպանութեան նախարարը «ուժեղ տղայ» ոճի մէջ տեսանիւթեր է տեղադրում՝ տարբեր զինատեսակներից կրակահերթեր արձակում։
Ես որպէս կանոն բովանդակային եմ արձագանգում իմ ոլորտային խնդիրներին, սակայն պաշտպանութեան նախարարի վարքագիծը ցաւօք ստիպում է վերջինիս յիշեցնել, որ «մկաններ պէտք է ցուցադրել» սահմանագծին թշնամուն զսպելուց եւ անհրաժեշտ հարւածներ հասցնելուց, բանակի մարտունակութեան վերականգնմամբ, անհրաժեշտ պաշտպանական համակարգի ստեղծմամբ։
Բոլոր միւս դէպքերում դրսեւորւող վարքագիծն անընկալելի է եւ ոչ մի տեղ չտանող»,- գրել է նա: