Հա

Քաղաքական

01/09/2021 - 16:30

«Այն, ինչ կատարւում է պրոֆեսոր Արմէն Չարչեանի հետ, դասական քաղաքական բռնութեան դրսեւորում է». Լիլիթ Գալստեան

Այն, ինչ կատարւում է պրոֆեսոր Արմէն Չարչեանի հետ, դասական քաղաքական բռնութեան դրսեւորում է: Սրանք քաղաքական բռնաճնշումներ են, որոնք Հայաստանում գնալով թանձրանում են Նիկոլ Փաշինեանի պաշտօնավարման շրջանում․ Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

«alikonline.ir» - Այն, ինչ կատարւում է պրոֆեսոր Արմէն Չարչեանի հետ, դասական քաղաքական բռնութեան դրսեւորում է: Սրանք քաղաքական բռնաճնշումներ են, որոնք Հայաստանում գնալով թանձրանում են Նիկոլ Փաշինեանի պաշտօնավարման շրջանում․ Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը:

Յիշեցնենք, որ նախօրէին Արմէն Չարչեանի փաստաբան Էրիկ Ալեքսանեանը տեղեկացրել էր, որ պրոֆեսորի առողջական վիճակը վատացել է, եւ նրան նման պայմաններում կալանքի տակ պահելը չի բխում անձնական ազատութեան իրաւունքի բուն էութիւնից եւ պարունակում է խոշտանգման տարրեր։

Պատգամաւորի խօսքով՝ իշխանութիւնը փորձում է քաղաքական հաշւեյարդար տեսնել ոչ միայն Արմէն Չարչեանի նկատմամբ, այլ նաեւ իրենց միւս պատգամաւորների:

«Հայաստանում հիմա քաղաքական բռնաճնշումներ են, առհասարակ Հայաստանում վաղուց արդէն արձանագրել ենք ժողովրդավարութեան մահը, պառլամենտարիզմի մահը, վերջին ծեծկռտուքը նաեւ ձեզ օրինակ»,- ընդգծեց Լիլիթ Գալստեանը եւ յաւելեց, որ իշխանութիւնն ուղղակի օգտւում է իրավիճակին հանրային ոչ ադեկւատ գնահատականներից, հասարակութեան պասիւութիւնից եւ իր քաղաքական մեծամասնութեան այսպէս ասւած՝ բոլշեւիզմից, որովհետեւ պատգամաւորի գնահատմամբ՝ ըստ էութեան, սա բոլշեւիզմ է:

«Այն քաղաքական հաշւեյարդարը, որ իրականացւում է Արմէն Չարչեանի նկատմամբ, եւս մէկ անգամ ապացուցում է, որ իրաւական համակարգը ամբողջութեամբ ծառայում է Նիկոլ Փաշինեանի քաղաքական թելադրանքին եւ ուղղորդումներին: Սա մեզ համար նորութիւն չէ, որովհետեւ Փաշինեանն, իրօք, իր քաղաքական ճանապարհը սկսեց դատարանների բռնաճնշումով: Եւ, առհասարակ, Հայաստանում գոյութիւն չունեն օրէնքներ, Սահմանադրութիւն»:

Լիլիթ Գալստեանի գնահատմամբ՝ Արմէն Չարչեանի նկատմամբ նաեւ կտտանքներ են իրականացւում. «Լաւ կը լինէր, եթէ իսկապէս Հայաստանն իրաւական երկիր լինէր, բայց մենք վաղուց իրաւական երկիր չենք, որտեղ Փաշինեանն ու իր թիմն իրենց գերսահմանադրական երեւոյթներ են հռչակել: Իսկ Արմէն Չարչեանի նկատմամբ նաեւ կտտանքներ են իրականացնում, որովհետեւ Չարչեանն արդէն շարունակ առողջական խնդիրների պատճառով մէկ յայտնւեց քրէակատարողական հիւանդանոցում, իսկ հիմա նրա վիճակն այնքան է բարդացել, որ տեղափոխել են քաղաքային հիւանդանոց: Սա կտտանք է, սա հիւանդ մարդու հաշւեյարդար է»: Ընդդիմադիր պատգամաւորը նաեւ համոզմունք յայտնեց, որ Հայաստանը խորապէս յայտնւել է դիկտատուրայի ռեժիմում. «Նիկոլ Փաշինեանը մեծ կրքով ու ջանասիրութեամբ Հայաստանում ներքին թշնամիներ է փնտրում: Ինքը, ներքին թշնամիներ փնտրելով, Արցախ գնաց երկու տարի առաջ եւ տեսանք, թէ դա ինչով աւարտւեց, որովհետեւ ինքը բացարձակապէս ոչ կամք ունի, ոչ ուժ ունի, չի կարողանում: Նա յանձնւած է թուրք-ադրբեջանական ագրեսիային եւ նրա քաղաքական գոյութիւնը նպատակաուղղւած է թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը: Եւ այն ծուռ վզով, երբ ինքը ներկայանում է միջազգային հարթակներում, փորձում է այդ պակասը լրացնել Հայաստանում՝ ներքին թշնամիներ նշանակելով եւ քաղաքական հաշւեյարդարներով: Հայաստանը խորապէս յայտնւել է դիկտատուրայի ռեժիմում, Հայաստանը խորապէս կորցրել է ինքնիշխանութիւնը, Հայաստանը խորապէս ոչ իրաւական երկիր է, սահմանադրական կարգի մասին խօսք էլ չկայ, որովհետեւ այստեղ, շահարկելով ժողովրդի անունը եւ իրենց ստացած քւէն, ջարդում են պետական ինստիտուտները եւ ամենակարեւորը՝ իրաւական համակարգը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։