Ադրբեջանը ամբողջ դիւանագիտական կորպուսը վերցնում է, բերում Արցախից օկուպացւած տարածքներ, խօսում է Զանգեզուրի մասին, դա սադրանք չէ, բայց որ Հայաստանի ղեկավարութիւնը Արցախի տօնին մասնակցէր՝ դա կարող էր դիտւել որպէս սադրա՞նք՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը այսպես արձագանգեց դիտարկումներին, իբրեւ թէ Փաշինեանի այցը Արցախ Ադրբեջանը կարող էր ընդունել իբրեւ սադրանք։
«alikonline.ir» - Ադրբեջանը ամբողջ դիւանագիտական կորպուսը վերցնում է, բերում Արցախից օկուպացւած տարածքներ, խօսում է Զանգեզուրի մասին, դա սադրանք չէ, բայց որ Հայաստանի ղեկավարութիւնը Արցախի տօնին մասնակցէր՝ դա կարող էր դիտւել որպէս սադրա՞նք՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանը այսպես արձագանգեց դիտարկումներին, իբրեւ թէ Փաշինեանի այցը Արցախ Ադրբեջանը կարող էր ընդունել իբրեւ սադրանք։
«Հարց է՝ Նիկոլն ուզո՞ւմ էր գալ, եթէ ադրբեջանցիների հետ պայմանաւորւածութիւն չունէր»,- ասաց նա։
Լրատւամիջոցները մինչ այդ էլ գրում էին, որ Հայաստանի բարձրագոյն ղեկավարութիւնը չի ցանկանում գնալ Արցախ, քանի որ 44-օրեայ պատերազմից յետոյ Բաքուն յստակ պահանջ է դրել եւ արգելք սահմանել այցերի վրայ: Դեռ այս տարւայ յունւարին Ադրբեջանի ղեկավարութիւնը շատ նեարդային էր արձագանգել Հայաստանի այն ժամանակւայ արտգործնախարար Արա Այւազեանի Ստեփանակերտ կատարած այցին` այն անւանելով անօրինական:
«Արցախում ամենից շատ կայ ուշադրութեան կարիք համայն հայութեան կողմից, ամենից շատ։ Այդ ուշադրութիւնը նաեւ իշխանութիւններին է վերաբերում, ինչպէս գիտէք առաջին անգամ Արցախի անկախութեան 30-ամեակին ՀՀ ղեկավարութիւնից ոչ մէկը չմասնակցեց․ սա շատ վատ ազդակ է մեզ համար եւ շատ լաւ ազդակ է Ադրբեջանի համար»,- ասաց Արթուր Մոսիեանը։
Անկախութեան յոբելեանի օրը ՀՅԴ-ն Արցախում Հայ Դատի գրասենեակ բացեց․ Արթուր Մոսիեանը սա շատ կարեւոր է համարում, որովհետեւ, նշում է, որ այս պահին Արցախի դէմ բազում մարտահրաւէրներ կան՝ անվտանգային, կարգավիճակի հարց եւ այլն։
«Գիտենք, որ Հայ Դատի գրասենեակները աշխարհով մէկ սփռւած արդէն տարիներ շարունակ աշխատում են մեր հանրապետութեան ճանաչման համար։ Այս պայմաններում՝ 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծւած իրավիճակում, է՛լ աւելի է կարեւորւում Արցախի կարգավիճակի հարցը որպէս ժողովրդի անվտանգութեան կարեւոր բաղադրիչ։ Հայ Դատի գրասենեակները աշխարհում հետապնդում են այդ դատը․ շատ կարեւոր է, որ այստեղից ինֆորմացիան նոյն գետնի վրայ լինի եւ Արցախի գրասենեակը նոյնպէս առաջին ձեռքից կարողանայ մասնակցել, ուղղորդել այդ գործընթացները»,- ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչը։
Նա վստահեցրեց , որ ՀՅԴ բազմակողմանի ծրագրերը Արցախում ընթանում են բնականոն հունով։
Արցախը անկախութիւնը թէեւ վիրաւոր նշեց, բայց անկախութեան շարունակականութիւնը պարտադիր է, ասաց Արթուր Մոսիեանը։
«Այլ ելք չկայ, մենք պիտի ունենանք մեր պետականութիւնը, որպէսզի մեր ժողովուրդը կարողանայ փրկւել թուրք-ադրբեջանական եաթաղանից»,- նշեց նա։
Արթուր Մոսիեանը լրահոսից է տեղեկացել, որ Աֆղանստանից փախստականների անւան տակ կարող են գրոհայիններ տեղափոխել Արցախից օկուպացւած տարածքներ, բայց, ճանաչելով հակառակորդին, դա չի բացառում։
«Սա շատ մեծ վտանգ կարող է լինել․ մենք տեսանք 44-օրեայ պատերազմի ընթացքում սիրիացի ահաբեկիչների մուտքը տարածաշրջան, եթէ դրան էլ գումարենք աֆղանական փախստականների մուտքը տարածաշրջան, կարծում եմ, այս անգամ ոչ միայն Արցախի կամ Հայաստանի, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի համար կը ստեղծւի սպառնալիք»,- ասաց նա։
Արթուր Մոսիեանը համոզւած է, որ ամէն ինչ պէտք է անել դա թոյլ չտալու համար։
Աննա Բալեան