168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը տեսակէտ յայտնեց, որ Թուրքիայի հետ հնարաւոր յարաբերութիւնների հաստատման շուրջ վերջին շրջանում առաջացած աժիոտաժը որեւէ կապ չունի Թուրքիայի՝ Հայաստանի դէմ դրած պահանջների հետ, որոնք ինչպէս կային 30 տարի առաջ, այնպէս էլ նոյնութեամբ կրկնւում են այժմ։
«alikonline.ir» - ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երէկ (սեպտ. 3-ին, Խմբ.) յայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների բարելաւմանը: Զախարովան այս մասին ասել է ճեպազրոյցի ընթացքում:
«Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երեւանի եւ Անկարայի միջեւ. նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել եւ հաշւի ենք առել: Մենք հիմա էլ ենք պատրաստ ամէն կերպ նպաստել երկու հարեւան պետութիւնների մերձեցմանը՝ հիմնւած փոխադարձ յարգանք վրայ եւ հաշւի առնելով միմեանց շահերը»,- ասել է Զախարովան:
168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը տեսակէտ յայտնեց, որ Թուրքիայի հետ հնարաւոր յարաբերութիւնների հաստատման շուրջ վերջին շրջանում առաջացած աժիոտաժը որեւէ կապ չունի Թուրքիայի՝ Հայաստանի դէմ դրած պահանջների հետ, որոնք ինչպէս կային 30 տարի առաջ, այնպէս էլ նոյնութեամբ կրկնւում են այժմ։
«Թուրքիայի երեք նախապայմանները՝ Ցեղասպանութեան ճանաչումից հրաժարում, Կարսի պայմանագրի ճանաչում, Արցախի հարցի փակում, շարունակւում են նոյնութեամբ պահպանվել։
Օրերս Էրդողանն ասաց, որ Թուրքիան պնդում է, թէ Հայաստանը պէտք է ընդունի, որ գերակայութիւն է այլ երկրների տարածքային ամբողջականութիւնը. տարածքային ամբողջականութիւն ասելով՝ Էրդողանը նկատի ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ ներառեալ Արցախը, իր տարածքային ամբողջականութիւն ասելով՝ նկատի ունի իր տարածքը եւ մեր կողմից Կարսի պայմանագրի ճանաչումը։ Էրդողանն ասում է, որ պէտք է մոռանալ անցեալի հիման վրայ թշնամանքի մասին, իսկ դա նշանակում է, որ պէտք է մոռանալ Ցեղասպանութեան մասին, իսկ երբ յաւելում է, որ պէտք է հրաժարւել միակողմանի մեղադրանքներից, նկատի ունի, որ ոչ միայն հայերն են կոտորւել, այլեւ՝ թուրքեր։
Այնպէս որ, այս երեք նախապայմանները Թուրքիան ներկայացրել է ՀՀ երեք բոլոր նախորդ նախագահներին, հիմա էլ ներկայացնում է Փաշինեանին, որովհետեւ հիմա կայ մի իշխանութիւն, որոնց համար Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումն ու Ցեղասպանութեան ճանաչումից հրաժարւելը վատ երեւոյթ չէ»,- ասաց Մելքոնեանը՝ պնդելով, որ Փաշինեանի ասած դրական ազդակներն իրականում բացարձակ դրական չեն, պարզապէս Փաշինեանի իշխանութեան կողմից են այդպէս ընկալւում։
Հարցին՝ երբ Հայաստանի կառավարութեան ղեկավարը Թուրքիայի՝ մեր առաջ տասնամեակներ շարունակ դրւած պահանջները համարում է դրական ազդակ, կարո՞ղ ենք արդեօք արձանագրել, որ բաւարարում է այդ պահանջները, թուրքագէտը պատասխանեց.
«Այն իշխանութիւնը, որը ասում էր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», այն իշխանութիւնը, որը ասում էր, թէ Արցախի հարցը լուծելիս հարցնելու է ժողովրդի կարծիքը, այն իշխանութիւնը, որն ընդունել է Կառավարութեան հնգամեայ ծրագիր, որտեղ ասել է, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ յարաբերութիւն հաստատելու կողմնակիցն է, իր քայլերով անում է բոլորովին հակառակը։ Գործնական մակարդակում ասում են, որ թուրքերին պէտք է ներել, խորհրդարանում մարդիկ են, որոնք թուրքական տարատեսական նախագծերի մէջ են ներգրաււած եղել, այսօր իշխանութեան մէջ կան պատգամաւորներ, որոնք ընդդիմադիր պատգամաւորին ասում են, թէ՝ դու ի՞նչ իրաւունք ունես Էրդողանին միջազգային յանցագործութեան մէջ մեղադրել․․․
Մենք հասել ենք մի իրավիճակի, որ Հայաստանի խորհրդարանում պաշտպանում են Էրդողանին, կան Թուրքիայի հետ ամէն գնով յարաբերութիւն հաստատելու բիզնես ջատագովներ։ Այս ամենին ականատես լինելով՝ խօսել Թուրքիայի պահանջները մերժելու մասին, սխալ է»,- ասաց Մելքոնեանը՝ շեշտելով, որ հայ-թուրքական յարաբերութիւնների բացման ջատագովները պէտք է յստակ յիշեն, թէ ի՞նչ արեց Թուրքիան մէկ շաբաթւայ ընթացքում Սիրիայում, եւ պէտք է գիտակցեն՝ հայ-թուրքական սահմանի բացումը չի նւազեցնելու Թուրքիայից եկող անվտանգային մարտահրաւէրները։
«Պէտք է նաեւ յիշել, թէ ինչպէ՞ս մեր Արտգործնախարարութեան լաւ դիւանագէտները հրաժարական տւեցին եւ հեռացան։ Նրանց ասած հակապետական քայլի համատեքստում պէտք է դիտարկել նաեւ հէնց հայ-թուրքական յարաբերութիւնների հաստատումն ու առաջարկւող հնգակողմ կովկասյան պլատֆորմը, որը, ի դէպ, նորութիւն չէ. այն առաջարկւել է նախորդ նախագահների ժամանակ եւս։ Այնպէս որ՝ երբ Փաշինեանն ասում է, որ արտգործնախարարը պէտք է լինի քաղաքական թիմի անդամ՝ դրանով չի հերքում հակապետական քայլի մասին ահազանգած դիւանագէտներին։ Երբ դրանից յետոյ Արարատ Միրզոյեանին է նշանակում արտգործնախարար, այդ նշանակումը ցոյց է տալիս, որ նա քաղաքական թիմի անդամ է եւ չի հրաժարւելու անել այն, ինչ չարեցին փորձառու դիւանագէտները»,- ասաց նա։
Աղաւնի Սուքիասեան