Հա

Քաղաքական

05/09/2021 - 10:25

Ամայի, ձիւնածածկ, անպէտք հողերի մասին

Իշխանութեան ներկայացուցիչներն ու մերձիշխանական վերլուծաբանները տարբեր առիթներ են փնտրում արդարացնելու պարտութիւնն ու Արցախի կորուստը։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Իշխանութեան ներկայացուցիչներն ու մերձիշխանական վերլուծաբանները տարբեր առիթներ են փնտրում արդարացնելու պարտութիւնն ու Արցախի կորուստը։

Արդէն պարտութիւնից յետոյ նրանց կուռքը Շուշին յանձնելն արդարացրեց՝ այն անւանելով «դժբախտ ու դժգոյն», յաւելելով, թէ այն «նախկինները» չեն վերակառուցել։ Եւ այսպիսի պարզունակ քարոզչութիւնը շարունակւեց, շարունակւում է եւ զարմանալիօրէն բաւականին ազդեցիկ է։

Քիչ առաջ էլ աչքիս ընկաւ մի ականաւոր վերլուծաբան, պարտութեան քարոզիչի գրառումը։ Վերջինս հիացմունքով տեղադրել է Ադրբեջանի կողմից կառուցւած Վարակնա (Ֆիզուլի)-Շուշի աւտոմայրուղու լուսանկարը։ Լուսանկարի տեղադրման մտայնութիւնը նոյնն է՝ տեսէ՛ք, տեսէ՛ք Ադրբեջանը կառուցում է, իսկ մենք․․․ ու սկսւում է՝ կոռուպցիա, դղեակներ եւ այլն։ Նկատենք, որ այս գործիչներն իրենց կուռքի հետ միասին, բառացիօրէն կրկնում են Ադրբեջանի նախագահի խօսքերը․ «Եթէ հայերը Շուշին համարում են հայկական, ապա ինչու չեն կառուցել»։

Կրկնեմ, այս ամենը քողարկւած ձեւով արդարացնում է պարտութիւնն ու Արցախի կորուստը։

Այժմ, ըստ էութեան․

Այն որ, յատկապէս Արցախի շուրջ ազատագրւած տարածքները (իրականում Արցախի Հանրապետութեան տարածքները), Հայաստանի ոչ մի իշխանութիւն չի համարել հայրենիքի մաս, անժխտելի է։ Դրանք համարւել են բանակցութիւնների ժամանակ սակարկութեան առարկայ: Յիշենք, Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տարիների, պաշտպանութեան նախարար Սերժ Սարգսեանի յայտնի խօսքերը «Աղդամը մեր հայրենիքը չի»։ Էլ չեմ խօսում առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի դիրքորոշման մասին։ Ի դէպ, այսօր այդ տարածքների համար, իբր կոկորդիլոսի արցունքներ թափող նոյն գործիչներն ու վերլուծաբանները, մշտապէս եղել են միակողմանի զիջումների կողմնակիցներ, բայց այժմ պարտութիւնն ու տարածքների յանձնումը արդարացնելու համար մեղադրում են նախկիններին այնտեղ ներդրումներ չանելու համար։

Ի դէպ, ներդրումների մասին։ Ամէն դէպքում ողջ Արցախում կատարւել են հսկայական ներդրումներ՝ կառուցւել են տասնեակ ՀԷԿ-եր, զօրամասեր, բնակավայրեր, գինու գործարաններ, հիմնւել եւ մշակւել մրգատու այգիներ, ցորենի դաշտեր, եւ այլն։ Նոյն Շուշիում բացւած էին հրաշք թանգարաններ, կառուցւել հիւրանոցներ։

Իսկ արդեօ՞ք նոյն Ադրբեջանը զերծ է կոռուպցիայից։ Կարծում եմ բոլորին է պարզ, որ՝ ոչ։ Ուղղակի Ադրբեջանն իր նաւթադոլարների շնորհիւ ցուցադրաբար առաւել մեծ ծախսեր է անում։

Եւ վերջապէս, ենթադրենք այս 30 տարիների ընթացքում, իսկապէս Արցախում լուրջ ներդրումներ չեն եղել եւ տարածքի մեծ մասը եղել է ամայի։ Ուստի՞․․․ Ուստի այն մեզ բնաւ պէտք չէ՞ր եւ կարելի էր նւիրել թշնամուն, որ նա ծաղկեցնի՞։ Բազմաթիւ ամայի, չմշակւած տարածքներ, չկառուցւած, քայքայւած ճանապարհեր առկայ են հէնց Հայաստանի Հանրապետութիւնում։ Եւ եթէ Ադրբեջանը պատրաստ է դրանք մշակել, կառուցել, ապա նոյն հոգեբանութեամբ կարելի է եւ դրանք յանձնել՝ պատերազմով, թէ խաղաղութիւն մուրալով, արդէն կարեւոր չէ։ Այստեղ կարեւորը հոգեբանութիւնն է, պարտւողի, յանձնողի, հայրենիքի զգացողութիւնից զուրկ լինելու հոգեբանութիւնը։

Այդ հոգեբանութեան արգասիք են վարչապետի եւ նրա մանկուրտներից մէկի խօսքերը՝ ձնածածկ եւ ամայի տարածքների մասին։ Իսկապէս զարմանալի հայկական հոգեբանութիւն։ Ցանկացած այլ ժողովուրդ, պետութիւն «յանուն խաղաղութեան» չի զիջի, կը կռւի, կը պատերազմի ամէն մի սմ, թէկուզ բացարձակապէս անպէտք, աւազուտ, ճահճոտ հողակտորի համար։ Եւ ցանկացած ժողովրդի համար այդ մէկ սմ անպէտք աւազաթումբը հայրենիքի մաս է։ Յանձնեցի՞ր այդ մէկ « անպէտք» սմ-ն, կը յանձնես ողջ երկիրդ․․․ ինչին մենք ականատես ենք լինում։

 

Aravot.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։