Հա

Քաղաքական

06/09/2021 - 12:50

«30 տարի է՝ Ադրբեջանն ասում է, թէ այս հողն իրենցն է, դեռ մի տարի չկայ, որ մեր տարածքներն օկուպացրել են, մենք արդէն հրաժարւում ենք՝ այդպէս չի կարելի». Շուշիի քաղաքապետ

Օգոստոսի 24-ին ԱԺ-ում Կառավարութեան ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինեանը կրկին անդրադարձաւ Արցախի տարածքների մեծ մասին, որոնք այսօր Ադրբեջանի օկուպացիայի տակ են: Նիկոլ Փաշինեանը դիմելով ընդդիմութեանը՝ նշեց, թէ՝ որ այդքան ասում էք՝ տարածքներ ենք կորցրել, ի՞նչ էք տեսել այնտեղ, ինչքա՞ն ներդրում է արւել:

«alikonline.ir» - Օգոստոսի 24-ին ԱԺ-ում Կառավարութեան ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինեանը կրկին անդրադարձաւ Արցախի տարածքների մեծ մասին, որոնք այսօր Ադրբեջանի օկուպացիայի տակ են: Նիկոլ Փաշինեանը դիմելով ընդդիմութեանը՝ նշեց, թէ՝ որ այդքան ասում էք՝ տարածքներ ենք կորցրել, ի՞նչ էք տեսել այնտեղ, ինչքա՞ն ներդրում է արւել:

168.am-ը Արցախի Հանրապետութեան Շուշիի քաղաքապետ Արծւիկ Սարգսեանի հետ զրոյցում փորձեց հասկանալ, թէ կոնկրետ Շուշիում ի՞նչ ներդրումներ են արւել, եւ պատերազմից առաջ ի՞նչ վիճակում էր քաղաքը:

«1992 թւականին, երբ ազատագրւեց Շուշին, այն վերածւած էր աւերակների, տները վառւած էին: Այն ժամանակ, երբ մարդիկ փայտ չունէին վառելու, այդ փլուզւած տներից փայտ էին հանում ու վառում էին, այսինքն՝ այդ ժամանակ քաղաքն ահաւոր վիճակում էր: Վերջին 7 տարիներին ես եմ եղել քաղաքապետ ու տեսել եմ՝ ինչ ներդրումներ է արւել քաղաքում: Ազատագրումից յետոյ Շուշիում մեծ թափով սկսւել էր շինարարութիւն, իսկ վերջին տարիներին այն վերածւել էր շինհարթակի: Օրինակ, Շուշիի մշակոյթի տունն ամբողջովին կապիտալ նորոգւել էր, պատերազմի ժամանակ, որ ոստիկանները մէջն էին, ու այն ռմբակոծւել էր, այդ շէնքի մասին է խօսքը: Թաղամասեր կային, որոնք լուսաւորութիւն չունէին, լուսաւորել էինք, ասֆալտապատել էինք բոլոր շէնքերի բակերը»,- նշեց Շուշիի քաղաքապետը:

Նա նաեւ յաւելեց, թէ այս տարիների ընթացքում քաղաքում բազում մանկապարտէզներ են բացւել, վերանորոգւել է դպրոցը։ Վերջին 5-6 տարիներին արդէն ջուրը մշտական էր: Արդէն ստեղծւել էր ֆիլտրման կայան, որի բացումը նախատեսւած էր յունւարին:

«Շուշիում հիմնւել եւ գործում էր սկզբում՝ ագրարային, յետոյ՝ տեխնոլոգիական համալսարանը, արհեստագործական ուսումնարանը, այն զրոյից կառուցւել էր, աշակերտների թիւն էլ շատ մեծ էր: Գործող երաժշտական դպրոց ունէինք: Ծրագիր կար, որ Շուշիի մշակոյթի տան կողքի նորակառոյց շէնքը վերածւէր ԱԺ շէնքի: Արայիկ Յարութիւնեանն ընտրութիւններից յետոյ եկաւ այնտեղ ու ասաց, որ այդ շէնքը կա՛մ ԱԺ շէնքի կը վերածւի, կա՛մ նախագահականի, 2022 թւականին շէնքն արդէն պիտի տեղափոխւէր: Վարանդա-6 շէնքը վերակառուցւում էր, որպէսզի բազմազաւակներին ու զոհւածների ընտանիքներին տրամադրւէր: Ընդհանուր քաղաքն այս տարիների ընթացքում վերակառուցւել ու նորմալ քաղաքի տեսք էր ստացել: Մենք Ստեփանակերտից յետ չէինք մնում, հէնց այնտեղ մի բան էր լինում, մենք մտնում էինք «մրցակցութեան» մէջ ու ասում էինք՝ մենք էլ անենք, այդպէս տարբեր ներդրումներով ու հովանաւորներով քաղաքը զարգացրել էինք:

Մարդիկ իրենց բնակարանները վերանորոգում էին, պետութիւնը որքանով կարողանում, գումար էր տրամադրում, մնացածն իրենց միջոցներով էր: Շուշիում կեանքը փոխւել էր: Հիմա ադրբեջանցիներն էլ են զարմանում, ասում են՝ այսքան տո՞ւն է նորոգւել, այն էլ այդպէս ճաշակով: Հիմա թշնամին սկսել է սեփական տները քանդել, 6 բարձրայարկ շէնք են քանդել, հիմա էլ սեփական տները, վերեւի թաղամասից քանդելով գալիս են, երեւի ուզում են հայկական հետքը վերացնեն»,- յաւելեց նա:

Արծւիկ Սարգսեանի խօսքով՝ 30 տարիների ընթացքում ամէն տարի երեւում էր, որ Շուշիում կեանքը նորմալանում է, աշխուժանում, այդ թւում՝ մշակութային կեանքը:

Քաղաքում գործում էր հինգ թանգարան՝ Գորգերի, Կերպարւեստի, Երկրաբանական, Պատմութեան եւ Դրամի: Մեծ թւով հիւրանոցներ կային, որոնք ակտիւ գործում էին, այսինքն՝ կար այն ամէնը, ինչ անհրաժեշտ էր քաղաքային կեանքը կազմակերպելու համար:

«Ես միշտ ասում էի, որ Շուշին շատ ուրախ քաղաք է, ամէն օր քաղաքում պսակադրութիւն էր կատարւում, երաժշտութեամբ մտնում էին քաղաք ու դուրս գալիս: Մեծ թւով սպաներ էին ապրում Շուշիում: Մենք այսօր չպէտք է դադարենք լռել մեր հողերի մասին, ծննդավայր ենք կորցրել, կորցրել ենք այն ամէնը, ինչ ունեցել ենք այս ընթացքում, յիշողութիւններ ենք կորցրել:

Առհասարակ սովորութիւն ունէի ամէն մի առիթ նկարահանել ու որպէս յիշողութիւն պահել՝ հարսանիքներ, մկրտութիւն, ընտանեկան հաւաքոյթներ, այդ բոլոր յիշողութիւններս այժմ չկայ, մնացել է Շուշիում: Չգիտեմ՝ ինչ ասեմ այն մարդկանց, որոնք այդքան շուտ են հողը մոռանում, դրանք մեր տարածքներն են, 11 եկեղեցի ունեցող քաղաքն ինչպէ՞ս կարող է ադրբեջանական լինել: Մեր հողից հրաժարւելը յանցագործութիւն է, թշնամութիւն հայրենիքի հանդէպ: 30 տարի է՝ Ադրբեջանն ասում է, թէ այս հողն իրենցն է, դեռ մի տարի չկայ, որ մեր տարածքներն օկուպացրել են, մենք արդէն հրաժարւում ենք, այդպէս չի կարելի: Որքան հնարաւոր էր, այնքան ներդրումներ եղել են, ու ամենաշատը Շուշիում են եղել ներդրումներ: Հիմա ես չեմ յուսահատւում, թող Ադրբեջանը սարքի, մէկ է՝ ուշ թէ շուտ այդ սարքածները մեզ են մնալու»,- եզրափակեց Արծւիկ Սարգսեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։