Յետընտրական օգոստոսը քաղաքական ուժերի համար «արձակուրդային սիրավէպի» պէս մի բան էր՝ կարճաժամկէտ իմպուլսիւ գործունէութիւն. գոռացինք, ելոյթ ունեցանք, իրար վիրաւորեցինք, «ընտանեկան բռնութեան» դրւագներ եւ այլն։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ ԱԺ նախկին պատգամաւոր Վահէ Յովհաննիսեանը:
«alikonline.ir» - Յետընտրական օգոստոսը քաղաքական ուժերի համար «արձակուրդային սիրավէպի» պէս մի բան էր՝ կարճաժամկէտ իմպուլսիւ գործունէութիւն. գոռացինք, ելոյթ ունեցանք, իրար վիրաւորեցինք, «ընտանեկան բռնութեան» դրւագներ եւ այլն։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ ԱԺ նախկին պատգամաւոր Վահէ Յովհաննիսեանը:
Նա, մասնաւորապէս, նշել է.
«Հիմա սկսւում է երկարատեւ փուլը, որը, ի տարբերութիւն նախորդի, ուղղակիօրէն պէտք է կապ ունենայ Հայաստանի հետ։
Հասարակութեան եւ ընտրազանգւածների երկիրը
Հայ հասարակութիւնն այս պահին բաժանւած է երեք խոշոր հատւածների.
- 680 հազարը ձայն է տւել Նիկոլին
- 400 հազարը մերժել է Նիկոլին
- 800 հազարը տանն է մնացել (անտարբեր է, մերժել է երկուսին էլ, սպասում է նորութեան, չի մոտիւացւել. պատճառները տարբեր են)։
Փաշինեանն ընտրութիւններից յետոյ պարբերաբար շեշտում է. «ստացել ենք ժողովրդի քւէն՝ տարածաշրջանում խաղաղութեան նոր դարաշրջան բացելու համար»։ Տարածաշրջանային խաղաղութեան նոր փուլ ուզում է ցանկացած բանական մարդ՝ անկախ նրանից, թէ ում է քւէարկում։ Բայց 680 հազարի ճնշող մեծամասնութիւնը դրա համա´ր չի Նիկոլին ձայն տւել։ Մենք բոլորս գիտենք, ու գիտի Նիկոլը, որ այդ 680 հազարը առանձնապէս չի պատկերացնում, թէ ինչ է տարածաշրջանը, եւ առաւել եւս՝ խաղաղութեան դարաշրջանը։ Բայց Նիկոլն իր տեսանկիւնից ճիշտ է անում՝ իր առաջիկայ օրակարգը տեղաւորում է իր ընտրազանգւածի իբրեւ թէ պատւէրի տակ։ Աւելին, նա օգտագործում է «ժողովրդի մեծամասնութեան քւէ» ձեւակերպումը։ Դա իրականութեանը չի համապատասխանում, բայց տեխնոլոգիապէս ինքը ճիշտ է անում։ Նիկոլը ոչ միայն ՔՊ-ի, ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ մօտ 10 մլն հայութեան միակ դէմքն է, որը մօտաւորապէս պատկերացնում է, թէ ինչ ասել է «տարածաշրջանային խաղաղութեան դարաշրջան», այսինքն՝ գիտէ, թէ ինչ են պայմանաւորւել Պուտինն ու Էրդողանը, Պուտինն ու Ալիեւը, գիտէ, թէ Պուտինն իրեն ինչ է ասել, ինչին է ինքը համաձայնել եւ մօտաւորապէս ինչ ժամկէտներում, թէ ինչ պրոցես է գնալու։ Նա հարկ չի համարում որեւէ մէկի համար բացել փակագծերը։ Յանուն ճշմարտութեան ընդունենք, որ նման պահանջ էլ առանձնապէս չկայ։ Նրանից դա ո´չ հասարակութիւնն է պահանջում, ո´չ սեփական թիմը։ Սա վկայում է ազգային դեֆոլտի մասին, երբ մի ողջ ժողովրդի ու պետութեան հարիւր տարւայ ճակատագիրը լուծում է ՄԷԿ հոգի, այն էլ՝ այս ամենից յետոյ։
Շատ աւելի բարդ հարց է՝ ընդդիմութեան համար ձեւակերպել իր 400 հազարի պատւէրը։ Մենք բոլորս գիտենք այդ պատւէրը, բայց 29+7 դաշինքների ձեւաւորումից յետոյ գործնականում չի մնացել որեւէ չափիչ, որեւէ խողովակ, յետադարձ կապի որեւէ մեխանիզմ՝ իրենց 400 հազարի հետ։
- Չկայ հանրային կոնսոլիդացիոն օրակարգ երկրում, հետեւաբար՝ չկայ պրոցես հանրութեան մէջ, եւ հետեւաբար՝ չկայ պրոցես փողոցում
Խորհրդարանական ընդդիմութիւնը գնում է իր համար ամենավտանգաւոր ճանապարհով՝ թուլացնում է կապերը սեփական ընտրազանգւածի հետ։
Այս պայմաններում 29+7-ը եւ նրանցից իւրաքանչիւրը ցանկացած քայլ, ցանկացած գործունէութիւն կամ անգործութիւն կարող են հիմնաւորել 400 հազարի պատւէրով, որովհետեւ այս պահին չկայ մեխանիզմ՝ դա ճշտելու կամ հակափաստարկ բերելու։ Այդպէս աղաւաղւում է հանրային ու քաղաքական օրակարգը։
Հարցը, թէ ինչո´ւ իշխանութիւնը յանդգնեց կազմակերպել ֆիզիկական յարձակում ընդդիմադիրների վրայ, ունի պարզ պատասխան. այն ֆիքսեց, որ այդ պահին դա 29 հոգու ընդդիմութիւնն էր, եւ ոչ՝ 270 հազարի։ Չլինէր այդպէս, ոչ մի իշխանութիւն չէր գնայ նման քայլի։ Ինչո՞ւ է իշխանութիւնը «Հայաստան» դաշինքից երեք հոգու այդքան հեշտ պահում բանտում. նոյն պատճառով՝ չի տեսնում 29-ի յետեւում 270 հազարի գործօնը։
Եւ, վերջապէս, կայ ամենամեծ ընտրազանգւածը՝ 800 հազարը, որը մնաց տանը։ Անհնարինութեան չափ դժւար է հասկանալ հասարակութեան այս ամենամեծ խմբի մոտիւացիաները։ Դա երկարատեւ ուսումնասիրութիւն է պահանջում։ Մի բան թւում է իրատեսական՝ ճիշտ աշխատելու, ճիշտ ձեւակերպումների ու երկխօսութեան ճիշտ խողովակներ ձեւաւորելու դէպքում այս 800 հազարից մի զգալի հատւած կարող է ներգրաււել հանրային պրոցեսում։
Ես չեմ ասում, որ նրանք կը դառնան 29+7-ի նոր լրացուցիչ յենարանը։ Աւելին, նրանք կարող են երբեք չընդունել 29+7-ը, բայց նրանք 400 հազարի եւ 680 հազարից անխուսափելիօրէն պոկւող շերտերի հետ կարող են ձեւաւորել նոր մթնոլորտ երկրում, քաղաքական-հասարակական նոր հոսանքներ, հետեւաբար՝ նոր իրավիճակ։ Հայաստանն այսօր փակուղի է, որից դուրս գալու ելքը հանրային նոր կոնսոլիդացնող գաղափարներն են եւ պրոցեսները։
Շարունակելի