Հա

Քաղաքական

08/09/2021 - 09:50

Ստի ոտքերը երկար են

Դեռեւս խորհրդային տարիներից հետաքրքրւել եմ հայոց պատմութեամբ, յատկապէս 19-րդ դարից մինչեւ 1920-ական թւականներով, կարդացել տարբեր քաղաքական կողմնորոշումների, այդ թւում, խորհրդային շրջանում արգելւած գրականութիւն։ Սակայն, ինձ այդ շրջանի պատմութեան հմուտ գիտակ երբեք չեմ համարել։

«Սեւի», այսինքն՝ ստի աստիճանն ինչքան մեծ լինի եւ լայն տարածում ստանայ, այնքան շատ մարդ կը հաւատայ այդ ստին: Այստեղ կարեւորն այն է, որ այդ համադրութիւնների արդիւնքում մարդիկ հաւատան պրոպագանդային:

Եոզէֆ Գեբելս

 

Դեռեւս խորհրդային տարիներից հետաքրքրւել եմ հայոց պատմութեամբ, յատկապէս 19-րդ դարից մինչեւ 1920-ական թւականներով, կարդացել տարբեր քաղաքական կողմնորոշումների, այդ թւում, խորհրդային շրջանում արգելւած գրականութիւն։ Սակայն, ինձ այդ շրջանի պատմութեան հմուտ գիտակ երբեք չեմ համարել։

Մի քանի օր առաջ հեռուստատեսային բանավէճի մասնակցեցի քաղաքագէտ Արա Պապեանի հետ։ Պարոն Պապեանն, ի տարբերութիւն ինձ, իրեն համարում է ոչ միայն հայոց պատմութեան, այլ քաղաքականութեան, աւելին՝ աշխարհաքաղաքականութեան (գէոպոլիտիկա) հզօրագոյն մասնագէտ։

Ինչեւէ, բանավէճի ընթացքում, երբ ես բերում էի այդ շրջանի պատմութեան մասին յայտնի փաստեր, պարոն Պապեանը ինքնավստահ տոնով դրանք հերքում եւ համարում էր «սովետական պրոպագանդա» եւ բերում իր կողմից «յայտնաբերւած փաստեր», նաեւ Ազգերի Լիգայի որոշումներից։

Անկեղծ ասած, Արա Պապեանի այս ինքնավստահ դիրքորոշումները, որոշակի կասկած յարուցեցին իմ իմացած փաստերի նկատմամբ։ Արդէն մի քանի օր է, զբաղւած եմ մեր բանավէճի հիմնական կէտերի ուսումնասիրութեամբ, ոչ միայն վիքիպեդիայի եւ այլ աղբիւրներն ուսումնասիրելով, այլեւ հարցումներ անելով այդ շրջանն ուսումնասիրող պատմաբաններին, այդ թւում՝ սփիւռքահայ։

Եւ այսպէս, սկսենք Արցախ, Սիւնիք շրջանների 1918-19թթ․ պատմութիւնից։

Ես պնդում էի, որ այս շրջանները այդ թւականներին համարւել են վիճելի տարածքներ։ Արա Պապեանն ասում էր, որ դրանք, ըստ Ազգերի Լիգայի 1920թ․ ընդունած որոշման, համարւել են Հայաստանի Հանրապետութեան մաս։

Յաջորդ օրը, նա իր ֆէյսբուքեան էջում հրապարակեց նաեւ Ազգերի Լիգայի կողմից ընդունւած Հայաստանի քարտէզը, ինձ մեղադրելով չիմացութեան մէջ, մեկնաբանութեան մէջ նաեւ տգետ անւանելով։ Նաեւ իմ այն պնդմանը, որ Արցախին օգնութեան հասնելու համար անգլիացիներն արգելել են զօրավար Անդրանիկին, նոյնպէս արժանացաւ Արա Պապեանի կողմից ժխտմանը, պաշտպանելով, իբր հայասէր գեներալ Թոմսոնին։

Քրքրելով տարբեր աղբիւրներ, որեւէ փաստ չգտայ գեներալ Թոմսոնի հայանպաստ որոշումների մասին, այլ ճիշտ հակառակը։ Փաստերը բազմաթիւ են՝ նոյնը, հակառակ փաստեր, ուղղակի գոյութիւն չունեն։ Հրապարակւած փաստերից բերենք որոշ հատւածներ․ «1918թ. աշնանը թուրքերը հաստատւել էին Շուշիում, նորաստեղծ Ադրբեջանի իշխանութիւններն անգլիացիների աջակցութեամբ (գեներալ Թոմսոն) պահանջում էին ընդունել իրենց գերիշխանութիւնը, իսկ Ղարաբաղ հասնելու Անդրանիկի փորձերը յաջողութեամբ չէին պսակւել»։ «1919թ. սկզբին Շուշիի, Զանգեզուրի, Ջեբրայիլի եւ Ջիւանշիրի հայկական գաւառներում նահանգապետ է նշանակւում Խոսրով բեկ Սուլթանովը, որը յայտնի էր իր հակահայ գործողութիւններով։ Նա Զանգեզուրի Հաջիսամլու գիւղի քրդական ծագում ունեցող Սուլթանովների մեծահարուստ ու յայտնի ընտանիքից էր, եւ նահանգապետ էր դարձել անգլիացիների աջակցութեամբ»։ «Անգլիացիք, սակայն, փոխանակ Ղարաբաղի մէջ եւս իրենցմէ մին նշանակելու, բժիշկ Սուլթանովը կարգեցին իբր իրենց ներկայացուցիչն ու ընդհանուր կառավարիչը» (Յարութիւն Խաչատուրեան, Անգլիական քաղաքականութիւնն ի Անդրկովկաս, Հայրենիք, 1945, թիւ 3, Բոստոն)։ «Նահանգապետ դառնալուն պէս Սուլթանովը սկսում է ճնշումներ գործադրել Ղարաբաղի Ազգային խորհրդի եւ հայ բնակչութեան վրայ։ Թէեւ նախապէս որոշւած էր, որ զօրքերի տեղաշարժ չպէտք է լինի, սակայն, Եղիշէ Իշխանեանի վկայութեամբ, 1919 թւականի յունւարի 27-ին ադրբեջանական մի գունդ անգլիական գումարտակի հետ մտնում է Խանքենդ (Ստեփանակերտ – խմբ․) եւ գրաւում զորանոցներն ու սպայական ակումբը»։

1919թ. փետրւարին տեղի է ունենում Ղարաբաղի հայոց 4-րդ համագումարը, որն ընտրում է նոր Ազգային խորհուրդ եւ մէկ անգամ եւս հաստատում, որ մարզը չի ընդունում Ադրբեջանի իշխանութիւնը: Համագումարը Շուշիում անգլիական ներկայացուցիչ մայոր Մոնք-Մեսընին յայտնում է, թէ «Ղարաբաղի հայութեան գերագոյն լիազօր ներկայացուցիչները իրենց 4-րդ համագումարում միաձայն վճռել են չճանաչել Ադրբեջանի իշխանութիւնը»։

«Հայկական Ղարաբաղի հարցը Անդրկովկասի քաղաքական կեանքի ամենացաւոտ հարցն է այսօր։ Այդ շատ պարզ խնդրի շուրջը ինչ ու ինչ դրդապատճառներով այնպիսի մթնոլորտ է ստեղծւել, որ յղի է ամէն տեսակ անախորժ անակնկալներով։ Ազերբայջանի փաշայական հանրապետութեան … ձգտումները՝ ի մեծ զարմանս հայ դեմոկրատիայի՝ պաշտպանութիւն եւ օժանդակութիւն է գտնում անգլիական հրամանատարութեան կողմից։ …Մեր ժողովուրդը ապշանքով հարցնում է.

- Մի՞թէ Անգլիան էլ…

Մի՞թէ Անգլիան - ազատական ու ռամկավար Անգլիան է՞լ չէ հասկանալու մեզ։ Մի՞թէ Անգլիան էլ պէտք է մեղանչէ արդարութեան ու ազատութեան դէմ եւ նւիրագործէ փաշայական բռնապետական ձգտումները» (Յառաջ, 11 մարտի, 1919թ․, թիվ 46):

Կարծում եմ վերոնշեալ մէջբերումները բաւարար են, որ յօդս ցնդեն գեներալ Թոմսոնի «հայասիրական» հեքիաթները։

Այժմ Ազգերի Լիգայի Հայաստանը եւ դեռ մի բան էլ, համապատասխան սահմաններով քարտէզով ճանաչելու մասին․

Փնտրեցի, փնտրեցի եւ հայերէն, եւ ռուսերէն եւ անգլերէն վիքիպեդիայում Ազգերի Լիգայի անդամների, նրանց որոշումների մասին եւ․․․Եւ միայն այս յայտնաբերեցի․

«Հայաստանի Հանրապետութիւնն ակնկալում էր Ազգերի լիգայի օգնութիւնն իր կենսական խնդիրների լուծման գործում։1920 թւականի մայիսին Հայաստանի կառավարութիւնը պաշտօնապէս դիմեց Ազգերի լիգայի խորհրդին՝ անդամակցելու խնդրանքով։ Սակայն Ազգերի լիգան մերժեց Հայաստանի խնդրանքը. բուն պատճառը Անգլիայի եւ Ֆրանսիայի կողմից Թուրքիային սիրաշահելու քաղաքականութիւնն էր։

Ազգերի լիգան Հայկական հարցին անդրադարձել էր նաեւ Հայաստանի մանդատի կապակցութեամբ, որը քննարկւում էր 1919-1920 թւականների ընթացքում։ Մանդատը որպէս կառավարման ձեւ հանդէս եկաւ Ազգերի լիգայի ստեղծման հետ։ Ազգերի լիգան կառավարման մանդատ կարող էր տալ արեւմտեան որեւէ զարգացած երկրի՝ Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի նախկին գաղութները կամ ենթակայ երկրները կառավարելու համար։ Հայաստանի մանդատի գլխաւոր յաւակնորդն Ամերիկայի Միացեալ Նահանգներն էր։ Սակայն այս հարցում ԱՄՆ -ի նախագահ Վիլսոնը չցուցաբերեց հետեւողականութիւն եւ ճկունութիւն։ Հայաստանի մանդատի ընդունումը կապակցւեց Անատոլիայի եւ Կ․ Պոլսի մանդատի ընդունման հետ, որը նոր բարդութիւններ եւ խոչընդոտներ առաջացրեց։ Հարցի լուծումը ձգձգւեց, իսկ այդ ընթացքում փոխւեց քաղաքական իրադրութիւնը։ Եւ երբ Վուդրօ Վիլսոնը Հայաստանի մանդատի հարցը ներկայացրեց ԱՄՆ-ի սենատի քննարկմանը, վերջինս 1920 թւականի յունիսի 1-ին մերժեց նրա խնդրանքը։

Հայկական հարցն Ազգերի լիգայի քննարկման առարկայ դարձաւ նաեւ 1920 թւականի աշնանը, երբ քեմալական Թուրքիան յարձակւեց Հայաստանի Հանրապետութեան վրայ։ Հայաստանի կառավարութիւնը դիմեց Ազգերի լիգային՝ խնդրելով համապատասխան օգնութիւն ընդդէմ թուրքական ագրեսիայի։ Սակայն վերջինս ոչ մի գործնական քայլ չձեռնարկեց։ Հայկական թեման Ազգերի լիգայում մէկ անգամ եւս հնչեց այսպէս կոչւած «հայկական օջախ» ստեղծելու կապակցութեամբ։ Այդ հարցը երեւան եկաւ այն ժամանակ, երբ պարզ դարձաւ, որ Սեւրի պայմանագիրը չի իրագործւելու։ Հայերին ինչ-որ չափով «սիրաշահելու» նպատակով Մեծ Բրիտանիան հրապարակ նետեց «հայկական օջախի» հարցը»։

Լաւ, բա Արա Պապեանի հրապարակած գունաւոր, հրաշք, աչք շոյող քարտէզը որտեղի՞ց։ Փնտրտուքներս բերեցին, հասցրեցին Foreign policy journal կայքում 2012թ․ յուլիսի 14-ին, Արա Պապեանի Longstanding International Decision on Armenian-Azerbaijani Borders as a Basis for a Conflict Resolution յօդւածին։ Պարզւում է, որ յայտնի քարտէզն առաջին անգամ հրապարակւած է այս յօդւածում։ Յօդւածը «փաստարկւած» է յղումներով։ Եւ ինչ է պարզւում։ Պարզւում է, ըստ վերջին՝ 8-րդ յղման, քարտէզը պահւում է Ազգային արխիւի վարչութիւնում եւ հրապարակւած է Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռում։ Ա՛յ քեզ բան, մենք էլ կարծում էինք, որ Վիլսոնի իրաւարար վճիռը վերաբերում է Սեւրի Հայաստանին։

Եւ նոյն բանավէճի ժամանակ երբ ես պնդեցի, որ Սեւրով Արցախը չէր համարւում Հայաստանի մաս, Արա Պապեանն ասաց, որ ինքը նկատի ունի Ազգերի լիգայի ճանաչած Հայաստանը։ Յարգելի պարոն Պապեան, եղէք անկեղծ եւ հրապարակային ընդունէք, որ Ազգերի լիգայի կողմից գծւած այդպիսի քարտէզ գոյութիւն չունի եւ որ այդ քարտէզի հեղինակը դուք էք։

Այսքանից յետոյ ինչպէս հաւատաս Արա Պապեանի այն ինքնավստահ պնդումներին, թե 1993թ․ Թուրքիայի կողմից Հայաստան ներխուժումը կասեցրել են ամերիկացիները եւ որ այդ ձայնագրութեան պաշտօնական սղագրութիւնն ինքն անձամբ կարդացել է։ Էլ չեմ ասում 44-օրեայ պատերազմի մասին նրա, նոյնպէս ինքնավստահ պնդումների մասին, թէ իբր ռուսներն են հրահրել պատերազմը, կառավարել հայ գեներալներին, որ կարող էին ցանկացած պահի կանգնեցնել պատերազմը․․․բայց եւ այն հարցին, թէ ինչու ռուսական կողմի առաջարկը պատերազմը դադարեցնելու մասին չի ընդունել ՀՀ վարչապետը, մեծ դիւանագէտը պատասխանեց․ «Հաւանաբար նրան սխալ տեղեկութիւն էին հաղորդում, որ յաղթում ենք»։

Արա Պապեանը ֆէյսբուքեան յայտարարութիւն է տարածել․ «Այն գաղափարական, թէ իբր Արեւմուտքը Հարաւային Կովկասում ներկայացւած է Թուրքիայի տեսքով՝ ոչ այլ ինչ, քան ռուսական պրոպագանդա»։ Հրաշք, ես էլ կասկածեցի իմ աշխարհագրական գիտելիքների վրայ եւ եւս մէկ անգամ նայեցի քարտէզին։ Եւ իսկապէս Հայաստանը արեւմուտքից սահմանակցում է Կանադայի հետ։
Ցանկացած գիտութիւն յենւում է փաստերի եւ տրամաբանութեան վրայ։

Արա Պապեանը մոգոնում է «փաստեր» եւ իրականացնում քարոզչութիւն։

Իսկ թէ որն է այս պարզունակ , բայց եւ հետեւողական, ագրեսիւ քարոզչութեան նպատակը, կարծում եմ քիչ թէ շատ մտածող եւ տրամաբանութիւն ունեցողները հասկանում են։

Յ․Գ․ Սոյն յօդւածը չի ենթադրում հակաարեւմտեան տրամադրութիւնների սերմանում։ Մեր քաղաքական միտքն այդպէս էլ չհասկացաւ, որ բոլոր պետութիւնները շարժւում են իրենց շահերով եւ ոչ մարդասիրական, առաւել եւս հայասիրական շարժառիթներով։ Արեւմտամէտներին խորհուրդ կը տամ հետեւել 19-րդ դարի Բրիտանիայի վարչապետ Հենրի Ջոն Թեմփլ Փալմերստոնի յայտնի ասոյթին․ «Մենք չունենք յաւերժ դաշնակիցներ եւ յաւերժ թշնամիներ, յաւերժ եւ մշտական են մեր շահերը։ Մեր պարտքն է՝ պաշտպանել այդ շահերը»։ Հասկացա՞ք, մեր, այլ ոչ այլ երկրների շահերը։

 

Աւետիք ԻՇԽԱՆԵԱՆ

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։