Հա

Քաղաքական

09/09/2021 - 11:35

«Թշնամին Շուշի չի ունեցել, բայց մարդկանց սնուցել է՝ ապրելու ենք էնտեղ․ նոյնը մենք պէտք է անենք»․ Շուշիի նախկին քաղաքապետ

Շուշեցիների մեծ մասն այսօր էլ Արցախում են։ Բայց դէ Գարիգին Նժդեհն էր ասում՝ ով տիրեց Շուշիին, կը տիրի Արցախին։ Հիմա թշնամու ափի մէջ ենք, ամէն պահի վտանգ է սպառնում՝ կրակոցներ դիրքերի վրայ, վաղը-միւս օրն, ո՞վ է իմանում, ինչ կը կատարւի,- Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծւիկ Սարգսեանը։

«alikonline.ir» - Շուշեցիների մեծ մասն այսօր էլ Արցախում են։ Բայց դէ Գարիգին Նժդեհն էր ասում՝ ով տիրեց Շուշիին, կը տիրի Արցախին։ Հիմա թշնամու ափի մէջ ենք, ամէն պահի վտանգ է սպառնում՝ կրակոցներ դիրքերի վրայ, վաղը-միւս օրն, ո՞վ է իմանում, ինչ կը կատարւի,- Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծւիկ Սարգսեանը։

Նրա խօսքով՝ ովքեր նախքան Շուշին յանձնելը աշխատում էին քաղաքի ուժային կառոյցներում, մեծամասամբ տեղւորւել են աշխատանքի, բայց մի մասն էլ շարունակում է ապրել անօթեւանի կարգավիճակով, իսկ պետութեան տւած 68 հազար դրամ սոցիալական վճարն էլ քանի ամիս է՝ չեն ստանում։

«Էդ 68 հազար դրամը չտալը չաշխատող խաւին մեծ պրոբլեմների առաջ է կանգնացնում։ Տարբեր տեղերից սննդի ու այլ օգնութիւններ կային, դրանք էլ չկան արդէն։ Պէտք է ծրագրեր մշակեն, որ էս մարդկանց նորից կարողանան օգնութիւն ցուցաբերեն»,- ասաց Սարգսեանը։

Շուշեցի երեխաները, նախկին քաղաքապետի խօսքով, կարողանում են դպրոց գնալ Ստեփանակերտում, նոյնիսկ ուսուցիչներն են տեղաւորւել աշխատանքի։ Արծւիկ Սարգսեանն ասում է՝ Արցախի ու Հայաստանի չկողմնորոշւած վիճակն է այսօր իրենց շատ մտահոգում։

«Պիտի նախ Հայաստանը կարգաւորւի, որ Արցախն էլ կարգաւորւի։ բայց ոնց երեւում է՝ կամաց-կամաց մոռացւում է ամէն ինչ։ Բայց դա չպէտք է այդպէս լինի։ Եթէ Ադրբեջանը 30 տարի չի ունեցել Շուշի, Աղդամ, Զանգելան, բայց մարդկանց սնուցել են, որ վերադառնալու եք այնտեղ։ Հիմա նոյնը մենք պէտք է անենք։ Յայտարարութիւններ ենք լսում, ադրբեջանցիների ջրաղացին ջուր են լցնում, որ Շուշին ադրբեջանական է եղել, Ղարաբաղը ադրբեջանական է եղել։ Սրանք չեն մտածում, որ Ադրբեջանը 100 տարեկան է, բայց էն, ինչ եղել է, մերն է։ Դաշտային Արցախ ենք ունեցել, Բաքուն մերն է եղել։ Կարծես մոռացւել է ամէն ինչ, որը յանցագործութիւն է։ Շուշիում ինչը փորում ես, հայկական է, հայկական տառեր են բացւում։ Շուշիի տակ մի ուրիշ Շուշի էլ կայ»,- Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արծւիկ Սարգսեանը։

Ըստ նրա՝ վերջին տարիներին Շուշին շինհրապարակ էր դարձել․ քաղաքում շինարարութիւնը եռում էր, մարդիկ ապահով ու անվտանգ էին ապրում։ Իսկ նա, ասում է Սարգսեանը, ով Շուշին ադրբեջանական քաղաք է համարում, պիտի պապանձւի։ Արծւիկ Սարգսեանն ասում է՝ 7 տարի ղեկավարում էր Շուշին, ամէն անգամ հիացմունքով էր նայում շինարարական եռուզեռին, իսկ այսօր, մէկ ստորագրութեամբ, քաղաքը յանձնւեց թշնամուն։

«Եթէ ադրբեջանական անուններ են տալիս, ուրեմն պայմանաւորւածութիւն է։ Թշնամին սոցցանցերում գրում է՝ տեսնո՞ւմ էք՝ Հայաստանի իշխանութիւնը ադրբեջանական գիւղերի անուններ է տալիս։ Թէ՛ խօսքով, թէ՛ գործով չպէտք է զիջենք թշնամուն»,- ասաց Սարգսեանը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։