Հա

Քաղաքական

09/09/2021 - 13:00

«Դադարէք «խաղաղութեան» անւան տակ մեր հայրենիքը մաս-մաս թշնամուն յանձնումը». Աւետիք Չալաբեան

Հասարակական-քաղաքական գործիչ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Աւետիք Չալաբեանը գրառում է արել «Թուրքիայից եկող ազդակների եւ տարածաշրջանային խաղաղութեան մասին» վերնագրով. 

«alikonline.ir» - Հասարակական-քաղաքական գործիչ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Աւետիք Չալաբեանը գրառում է արել «Թուրքիայից եկող ազդակների եւ տարածաշրջանային խաղաղութեան մասին» վերնագրով. 

«Այս տարւայ յունիսի 20-ին կայացած ընտրութիւններում Նիկոլ Փաշինեանը եւ իր գլխաւորած կուսակցութիւնը, ստանալով Հայաստանի Հանրապետութիւնում գրանցւած 2,955 մլն ընտրողներից լաւագոյն դէպքում 26%-ի ձայները, ոչ միայն կարողացաւ պահպանել վարչապետի պաշտօնը, այլեւ օգտւելով մեր օրէնսդրութեան աղաղակող անկատարութիւնից, Ազգային ժողովում ձեւաւորեց այնպիսի մեծամասնութիւն, որը նրան հնարաւորութիւն է տալիս փաստացի իրեն ենթարկել նաեւ իշխանութեան միւս բոլոր թեւերը՝ մասնաւորապէս, դատա-իրաւական մարմինները, հանրային հեռուստատեսութիւնը եւ Սահմանադրական դատարանը, եւ դրանով ձեւաւորել մէկ անձի բացարձակ իշխանութիւն։

Ընտրութիւնների այդպիսի արդիւնքը, պարտւած պատերազմից եւ նրանց յաջորդած ստորացուցիչ զիջումների շարանից յետոյ, ինքնին անհեթեթ եւ անտրամաբանական էր, եւ կարող էր բացատրւել միայն հիմնական ընդդիմադիր միաւորների բարձր հակառէյտինգով եւ գործող իշխանութեան կողմից ադմինիստրատիւ ռեսուրսի անխնայ շահագործմամբ, այն գիտակցութեամբ, որ յաղթողներին չեն դատում, մանաւանդ ՀՀ Սահմանադրական դատարանում։ Արդիւնքում մենք ստացել ենք Հայաստանում մի իշխանութիւն, որը բոլորովին էլ չի ներկայացնում հայ հասարակութեան մեծամասնութեանը, բայց շարունակաբար խօսում է նրա անունից, եւ նրա անունից խօսում եւ անում է նաեւ այնպիսի բաներ, որոնք ուղղակի հակասութեան մէջ են մտնում նոյն այդ հասարակութեան առաւել կենսական շահերի հետ։

Մասնաւորապէս, վերջերս թշնամու կողմից Գորիս-Կապան ճանապարհի շրջափակման հետ կապւած, Նիկոլ Փաշինեանը յայտարարերեց, որ «ադրբեջանցիները գործում են իրենց տարածքում, եւ ինչ կուզեն, կանեն», այն դէպքում, երբ նոյնիսկ միջազգային իրաւունքի տեսակէտից, այդ տարածքը լաւագոյն դէպքում «վիճելի» տարածք է Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի Հանրապետութիւնների միջեւ, եւ մինչեւ գոյութիւն չունի վաւերացւած խաղաղութեան պայմանագիր եւ դրանով փոխադարձ ճանաչւած սահմաններ, այն չի կարող որեւէ կերպ համարւել ադրբեջանական, առաւել եւս, որ թէ խորհրդային տարիներին, եւ թէ երկու հանրապետութիւնների անկախացումից ի վեր եւ մինչեւ այդ ճանապարհի միակողմանի յանձնումը նոյն Փաշինեանի կողմից 2020 թ․ դեկտեմբերին, այն գտնւել է հէնց հայկական կողմի վերահսկողութեան ներքոյ։ 

Նոյն հակապետական տրամաբանութեամբ, Նիկոլ Փաշինեանը խօսում է «ադրբեջանական» անկլաւների մասին, այն դէպքում, երբ այդ տարածքները խորհրդային տարիներին ընդամէնը մի քանի տասնամեակով կամայականօրէն խլւել են Խորհրդային Հայաստանից եւ տրամադրւել են Խորհրդային Ադրբեջանի վարչական ենթակայութեանը, սակայն երկու հանրապետութիւնների անկախացումից ի վեր, մէկ րոպէ էլ չեն գտնւել Ադրբեջանի Հանրապետութեան տիրապետութեան տակ, եւ որեւէ կերպ չեն կարող նրանը համարւել, առնւազն մինչեւ չկայ այդ եւ այլ վիճելի տարածքների պատկանելութեան փոխադարձ ճանաչում, եւ երկու երկրների միջեւ նոր սահմանագծում։

Եթէ այս ամենը քիչ էր, սեպտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինեանը, ելոյթ ունենալով կառավարութեան նիստում, յայտարարեց, որ Թուրքիայի նախագահի վերջերս կայացած ելոյթում դրական ազդակներ է տեսնում Հայաստանի նկատմամբ, եւ իր կողմից պատրաստակամութիւն է յայտնում հետեւողական քայլերով հասնել հայ-թուրքական հաշտեցման եւ Հայաստանն արդիւնքում վերածել տարածաշրջանային խաչմերուկի (ենթադրաբար, հիմնականում թուրքական եւ ադրբեջանական բեռնատարների համար)։

Թուրքիայի նախագահի ելոյթը լսած հազւադէպ մարդիկ կարող են պատկերացնել, թէ կոնկրետ ինչ դրական ազդակների մասին էր խօսքը, երբ նախագահ Էրդողանը շարունակում էր կրկնել իր ստորացուցիչ պահանջները, եւ պատերազմում Հայաստանի կրած պարտութիւնը անթաքուց օգտագործում էր որպէս շանտաժի միջոց՝ սպառնալով մեզ նոր կորուստներով։ Փաշինեանը, սակայն, փոխանակ իրապէս հակազդելու թուրք-ադրբեջանական տանդեմի ծաւալապաշտական գործողութիւններին, փոխարէնը փորձում է թշնամու սպառնալիքները իրեն յատուկ «գունագեղ» փաթեթաւորմամբ ներկայացնել իր ընտրողներին՝ որպէս երկար սպասւած խաղաղութեան հնարաւորութիւն եւ «դրական զարգացում»։

Այս ամէնը ինձ բերում է մի պարզ եզրայանգման՝ կամ Նիկոլ Փաշինեանին ընտրած քաղաքացիները չեն հասկացել, թէ իրենք իրականում ինչ «ապագայ» են ընտրում եւ հիմա պէտք է սառը շոկ ապրեն, կամ էլ իրենց համար ոչ մի տարբերութիւն չկայ, եւ իրենք պատրաստ են ապրել թուրքերի իշխանութեան տակ, ինչպէս մի քանի հարիւրամեակ ապրել է մեր ժողովրդի մի հատւածը։

Յիշեցնեմ սակայն, որ թուրքի իշխանութիւնը վերջացել է Հայոց Ցեղասպանութեամբ եւ Հայրենազրկմամբ, ուստի բոլոր այն միամիտները, մոլորեալները, անտարբերները, ընչաքաղցները, որոնք սպասում են թուրքերի նոր գալստեանը, ոչ միայն վտանգի են ենթարկում իրենց ու իրենց երեխաների ապագան, այլ նաեւ հայ հասարակութեան այն մեծ մասի, որը այդպիսի ապագայ բոլորովին էլ չի ցանկանում, եւ պատրաստ է, գուցէ մի վերջին ճիգով, պայքարել մեր երկրի ազատութեան  համար։

Ես իմ մասով պատրաստ եմ այդ ազատութեան համար պայքարել եւ կնախընտրեմ մեռնել, քան իմ սեփական երկրում ապրել թուրքական լծի տակ, ուստի կանեմ ինձնից կախւած հնարաւոր ամէնը, որպէսզի դա կանխեմ։

Ինչ վերաբերւում է թուրք-ադրբեջանական օրակարգը Հայաստանում ակտիւօրէն առաջ մղող Նիկոլ Փաշինեանին, ապա խորհուրդ կը տամ նրան դադարել պատեհ-անպատեհ շահարկել ժողովրդի անունը՝ Դուք նրանից մեր երկիրը դարաւոր թշնամու ողորմածութեանը յանձնելու որեւէ մանդատ չէք ստացել, նոյնիսկ եթէ յաղթել էք խորհրդարանական ընտրութիւններում։ Եթէ համարում էք, որ ճիշտ էք, գնացէք այս հարցով հանրաքւէի, եւ կամ ընտրողներից Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ «հաշտեցման» բացայայտ մանդատ ստացէք, եւ կամ էլ դադարէք «խաղաղութեան» անւան տակ մեր հայրենիքը մաս-մաս թշնամուն յանձնումը»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։