Հա

Քաղաքական

11/09/2021 - 11:35

Արցախեան հակամարտութեան ադրբեջանանպաստ հանգուցալուծումը Թուրքիայի համար եղել ու մնում է Հայաստանին ներկայացւած նախապայմաններից ընդամէնը մէկը

Հայաստանի կողմից տարածաշրջանի երկրներին ուղղւած խաղաղութեան եւ կայունութեան մասին ուղերձների վերլուծութիւնը եւ այս փուլում դրանց վերաբերեալ ինտենսիւ քննարկումների ծաւալումը կարեւոր է հանրային իրազեկման, հնարաւոր մարտահրաւէրների շուրջ լայն խորհրդակցութիւններ ծաւալելու եւ գիտական ու փորձագիտական շրջանակների կարծիքները եւ փորձը հաշւի առնելու առումներով։

ՎԱՀՐԱՄ ՏԷՐ-ՄԱՏԹԷՈՍԵԱՆ

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Թուրքիայի բաժնի առաջատար գիտաշխատող,

պատմական գիտութիւնների դոկտոր,

Հայաստանի ամերիկեան համալսարանի քաղաքագիտութեան եւ միջազգային յարաբերութիւնների ամբիոնի վարիչ

 

Հայաստանի կողմից տարածաշրջանի երկրներին ուղղւած խաղաղութեան եւ կայունութեան մասին ուղերձների վերլուծութիւնը եւ այս փուլում դրանց վերաբերեալ ինտենսիւ քննարկումների ծաւալումը կարեւոր է հանրային իրազեկման, հնարաւոր մարտահրաւէրների շուրջ լայն խորհրդակցութիւններ ծաւալելու եւ գիտական ու փորձագիտական շրջանակների կարծիքները եւ փորձը հաշւի առնելու առումներով։

Հայաստանի վարչապետի վերջին յայտարարութիւններից կարելի է դատել, որ այս պահին Հայաստանը չորս երկրների հետ ինտենսիւ բանակցութիւնների մէջ է տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան հաստատման համար, քանի որ «մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար»։ Նման յայտարութիւնները վերլուծելուց առաջ ցանկալի է իմանալ, թէ պատերազմից ու աւերից յետոյ, Հայաստանն ինչպէ՞ս է վերասահմանել իր երկարատեւ ռազմավարութիւնը, ի՞նչ հաշւարկներ են դրանում տեղ գտել, որպէսզի այժմ այն դառնայ ինքնասահմանւած պատասխանատւութիւն։

Տարակուսելի է նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանին հասցէագրւած ուղերձների տարընթերցումը։ Եթէ «Թուրքիայից գալիս են դրական ուղերձներ» ասելով, Փաշինեանը նկատի ունի Էրդողանի վերջին յայտարարութիւնները, ապա առնւազն մտահոգիչ է, որ Էրդողանի շարունակւող նախապայմանների լեզուն ընկալւում է, որպէս Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման մասին խօսակցութիւնը վերագործարկելու ցանկութիւն։ Գուցէ կան գաղտնի բանակցութիւններ եւ շփումներ, գուցէ ընթանում են կուլիսային հանդիպումներ, դժւար է ասել, սակայն, եթէ այս պահին ունենք այն, ինչ որ հրապարակային է, ապա, գործ ունենք գործընթացի մտահոգիչ մեկնաբանման հետ։ Իրականում, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերաբերեալ Թուրքիայի պատկերացումները չեն փոխւել։ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը շարունակում են դիտել նախ եւ առաջ երկկողմ պատմաքաղաքական, ապա նոր միայն՝ Կովկասում Թուրքիայի երկարաժամկէտ շահերի հետապնդման ու Թուրքիա-Ադրբեջան յարաբերութիւնների տեսանկուններից։ Մինչդեռ, Հայաստանը շարունակում է Թուրքիայի հետ միջպետական յարաբերութիւնների կարգաւորումը դիտել 90-ականների սկզբին հաստատւած տրամաբանութեան դիտանկիւնից, կարծելով, որ Արցախեան հարցը միակ խոչընդոտն էր, որպէսզի Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորւեն։ Իրականում, դա ամենաշատ քննարկւողներից ու բարձրաձայնածներից մէկն էր, բայց Թուրքիայի համար Արցախեան հակամարտութիւնը եղել ու մնում է նախապայմաններից ընդամէնը մէկը։ Իսկ իր կարեւորութեամբ, թերեւս, այն զիջում է, հայ-թուրքական եւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների խորքում առկայ մի շարք արմատական բնոյթի հիմնահարցերին, որոնց մասին ես բարձրաձայնել եմ վերջին 15 տարւայ ընթացքում եւ վերջերս ամփոփել լոյս տեսած իմ գիտական յօդւածում։ Ցեղասպանութեան ու դրա հետեւանքների վերացման, սահմանների ճանաչման, գոյքային պահանջների վերաբերեալ մտահոգութիւնները, Ռուսաստան-Թուրքիա մրցակցային յարաբերութիւններում Հայաստանի տեղի ու դերի հարցերը շատ աւելի խորքային են ու բազմաշերտ։ Պատահական չէ, որ Էրդողանը խօսում է յարաբերութիւնների աստիճանական կարգաւորման մասին, մինչդեռ Հայաստանի վարչապետը շտապողականութիւն է ցուցաբերում օր առաջ սկսելու «կարգաւորման մասին խօսակցութիւնները»։ Էրդողանն ակնարկում է վստահութեան պակասի ու պատմութիւնը չքաղաքականացնելու մասին, մինչդեռ Հայաստանի վարչապետը խօսում է արեւելքը արեւմուտքին, հիւսիսը հարաւին կապելու գործում Հայաստանի խաչմերուկ դառնալու մասին։

Իսկ իրականում, Հայաստանը եւ Թուրքիան շարունակում են խօսել տարբեր լեզուներով, որովհետեւ տարիների ընթացքում առաջացած վիհը չի կարող փակւել տարածաշրջանային խաղաղութեան եւ կայունութեան մասին ոչ հողեղէն պնդումների ազդեցութեամբ։ Պաշտօնական Երեւանը պէտք է թուլացնի տեմպը, հաշւի նստի ներհայաստանեան ինստիտուցիոնալ իրողութիւնների ու կարողութիւնների հետ եւ ճիշտ վերլուծի Թուրքիայից եկող յայտարարութիւնների առաջնային եւ երկրորդային շերտերը։ Հեռու մնալու համար ցանկալին իրականութեան տեղ ընկալելու գայթակղութիւնից, դասեր քաղի վերջին 30 տարւայ ձեռքբերումներից ու սայթաքումներից։ Հաշւի առնելով Թուրքիայի յաւակնութիւնները՝ անհեռանկարային է Թուրքիայի հետ խօսել տարածաշրջանում խաղաղութեան համահեղինակ դառնալու ակնկալիքով։ Թուրքիան 30 տարի շարունակ Հայաստանին ենթարկել է շրջափակման, խոչընդոտել նրա զարգացմանը՝ չկրելով ոչ մի պատասխանատւութիւն։ Արդեօք միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտմամբ իրականացւող այդ քաղաքականութեան հետեւանքների մասին խօսւում է խաղաղութեան առաքելութեան մասնակիցների կողմից։ Իսկ յարաբերութիւնների վերաբերեալ Ռուսաստանից հնչած յայտարարութեանը եւս պէտք է վերապահումներով մօտենալ։

Թուրքիան խօսել է ու կը շարունակի Հայաստանի հետ խօսել նախապայմանների լեզւով, քանի դեռ Հայաստանը նման շտապողականութիւն է դրսեւորում։ Եթէ Ցիւրիխեան արձանագրութիւններում Թուրքիան դժւարութեամբ, սակայն հասաւ իր համար ցանկալի որոշ ձեւակերպումների, ապա այս անգամ նախկինում մերժւած եւ Հայաստանում ու Սփիւռքում դիմադրութեան արժանացած թեզերը կը լինեն նրա նոր նախապայմանները։ Արդեօք Հայաստանը պատրաստ է մտնել այդ գործընթացի մէջ, միաժամանակ շարունակելով Ադրբեջանի հետ խաղաղութեան օրակարգը, որի մասին Փաշինեանն անընդհատ խօսում է։ Քաղաքական յաւակնութիւններից ու կամքից բացի, արդեօ՞ք ՀՀ կառավարութիւնն ունի բաւարար մասնագիտական եւ բիւրոկրատական աջակցութիւն գործընթացն առաջ տանելու եւ ներսից ու դրսից եկող ճնշումներին դիմակայելու համար։

 

 

Yerkir.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։