Վերջերս խորհրդարանում վարչապետ Փաշինեանը ասել է, որ Հայաստանի իշխանութիւնները, ի տարբերութիւն Ադրբեջանի ղեկավարութեան, չունէին ղարաբաղեան խնդրի կարգաւորման հայեցակարգ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Վերջերս խորհրդարանում վարչապետ Փաշինեանը ասել է, որ Հայաստանի իշխանութիւնները, ի տարբերութիւն Ադրբեջանի ղեկավարութեան, չունէին ղարաբաղեան խնդրի կարգաւորման հայեցակարգ:
Եթէ խօսքը Քոչարեանի, Սարգսեանի եւ իր մասին է, ապա այդ պնդման հետ դժւար է վիճել: Հայեցակարգ կար մինչեւ 1998 թւականը, եւ այն ձեւակերպւել էր արցախեան առաջին պատերազմի ժամանակ. մենք գրաւում ենք նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնւող շրջանները, որպէսզի հետագայում դրանց մի մասը վերադարձնենք Ադրբեջանին՝ Ղարաբաղի՝ միջազգայնօրէն ճանաչւած կարգավիճակի դիմաց:
Տէր-Պետրոսեանի այդ մօտեցումը աջակցութիւն չգտաւ նրա թիմի մի մասի, ինչպէս նաեւ Հայաստանի քաղաքացիների մեծ մասի մօտ: Դրանից յետոյ եւ առայսօր հայեցակարգ իսկապէս չկայ: Ասել, որ լուծումը պէտք է բաւարարի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին՝ հայեցակարգ չէր, պարզապէս գեղեցիկ ձեւակերպում էր, լաւագոյն դէպքում՝ բարի ցանկութիւն, որը չիրականացաւ: Ադրբեջանն, ի վերջոյ, գտաւ լուծում, որը հիմնականում բաւարարում է իրեն եւ ամենեւին չի բաւարարում մեզ:
Հիմա էլ են Հայաստանի իշխանութեան ներկայացուցիչները պարբերաբար խօսում Ադրբեջանի եւ Թուրքայի հետ յարաբերութիւնները կարգավորելու մասին: Ի տարբերություն «ուռա-հայրենասէրների»՝ ես գտնում եմ, որ դա կենսական անհրաժեշտութիւն է: Բայց այժմ էլ, ըստ էութեան, չի ասւում, թէ ինչպիսի հայեցակարգի հիման վրայ է դա տեղի ունենալու:
Ճանաչելո՞վ այդ երկրների տարածքային ամբողջականութիւնը, թէ՞ վերապահումներ անելով այդ հարցում: Ընդունելո՞վ, որ Արցախի Հանրապետութիւնից մնացել է մի փոքրիկ կտոր, թէ՞ չհամաձայնելով այդ իրողութեան հետ: Մենք պաշտօնապէս համարո՞ւմ ենք Շուշին եւ Հադրութը օկուպացւած, թէ՞ ոչ: Թուրքիայի հետ պիտի ստորագրւի 2009-ի ցիւրիխեան արձանագրութիւնների նման մի փաստաթո՞ւղթ, թէ՞ մշակւեն բոլորովին այլ գաղափարների վրայ հիմնւած բանաձեւեր:
Սովորաբար, երբ չկայ հայեցակարգ, իշխանութիւնները նման հարցերը «ցրում են» հետեւեալ նախադասութիւններով. «Այդ ամէնը պէտք է որոշւի բուն բանակցութիւնների ժամանակ»: Կամ՝ «մեր մօտեցումը հիմնւած է ազգերի ինքնորոշման սկզբունքի վրայ»: Բայց արդեօ՞ք Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք, ինչպէս պարզեցինք, հայեցակարգ ունեն, պատրաստ են բանակցութիւններ վարել այդ սկզբունքի շուրջ: Եթէ պատրաստ չեն, իսկ մենք պատրաստ չենք իրենց պայմաններին, ապա արդեօ՞ք բանակցային վիճակը սկզբունքօրէն նոյնը չէ, ինչ 1998-2018 թւականներին՝ այն տարբերութեամբ, որ պատերազմում յաղթած կողմերը հիմքեր ունեն էապէս կարծրացնելու իրենց դիրքորոշումը: Իսկ եթէ այդպէս է, ապա արդեօ՞ք այսօրւայ կարգավիճակն իր մէջ չի պարունակում նոր պատերազմի վտանգ:
Aravot.am