Հա

Քաղաքական

14/09/2021 - 08:30

«ՀՀ-ում ընտրւեց մի իշխանութիւն, որի համար հայրենիքից եւ պետականութիւնից աւելի թանկ սեփական իշխանութիւնն է». Լիլիթ Գալստեան

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանի ելոյթը ԱԺ-ում․

«alikonline.ir» - ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան անդամ Լիլիթ Գալստեանի ելոյթը ԱԺ-ում․

«Կենտրոնական ընտրական յանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է ընտրութիւններ եւ վերահսկողութիւն է իրականացնում ընտրութիւնների օրինականութեան նկատմամբ։ Այս հաստատումը ամրագրւած է ՀՀ Սահմանադրութեամբ՝ ինչպէս նաեւ «Հայաստանի Հանրապետութեան ընտրական օրէնսգիրքի» յօդւած 51-ով այսպիսով ԿԸՅ-ին վերապահելով Սահմանադրական մարմնի բարձր կարգավիճակ։

Եթէ Ազգային ժողովի ընտրութիւններն անցած լինէին շատ սովորական պայմաններում, եթէ չլինէր ներքաղաքական ողջ համատեքստը, եթէ չլինէին Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեանն ու առհասարակ պետականութեան գոյութեանն ուղղւած դեռեւս անյաղթահարելի սպառնալիքները, եթէ Հայաստանի Հանրապետութիւնում գնալով չխորանար ներազգային անհանդուրժողականութեան ու թշնամանքի մթնոլորտը, եթէ ՀՀ-ից արտագաղթն այսքան ահագնացող չլինէր, եթէ գնալով չխորանար երկրի բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը, թերեւս անդրադառնայի Հայաստանի Հանրապետութեան կենտրոնական ընտրական յանձնաժողովի գործունէութեան հաղորդմանն ու կարեւորէի ընտրական տեղամասերի պատշաճ կահաւորումը, գովազդային վահանակները ճիշտ վայրերում փակցնելը, էլեկտրոնային քւէարկութեան կամ մասնագիտական դասընթացների կազմակերպումը։ Բայց միթէ սա է իրականութիւնը․․․

Կարդում ես հաղորդումն ու տպաւորութիւն է, թէ զուգահեռ, միմեանց հետ կապ չունեցող տարբեր երկրներում ենք ապրում։ Մի կողմում, քաղաքական մեծամասնութիւնն է, որ ալպիական մանուշակի ծաղկաթերթիկներում յայտնւած բզեզի երանութեամբ իրեն ու հասարակութեանը փորձում է ներշնչել, թէ երկրում անշրջելի ժողովրդավարութիւն է, սա մեր երազանքների իրականութիւնն է, միւս կողմում Հայաստանի անշպար դէմքն է՝ բռնութեամբ, պետական ինստիտուտների արժեզրկումով, օրէնքների եւ սահմանադրական նորմերի ոտնահարմամբ, պաշարւած սահմաններով, նւաստացած արժանապատւութեամբ, կորսւած ինքնիշխանութեամբ ու անստոյգ ապագայով։

Անդրադառնամ բուն ընտրական գործընթացին եւ միանգամից ասեմ, որ մեր մօտեցումներում սկզբունքային տարբերութիւնն այն է, որ ընտրութիւնը սոսկ ընտրութեան օրը չէ, ինչպէս փորձ է արւում ներկայացնել, այլ դրան նախորդող ողջ ժամանակարջանը, փաստացի կապիտուլեացիան, երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն ու քաղաքական իշխանութեան որակը։

Ըստ էութեան, նախընտրական փուլում Սահմանադրութեան 7-րդ յօդւածով ամրագրւած ժողովրդավարական ընտրութիւնների ազատութեան եւ հաւասարութեան սկզբունքը խախտւել է համատարած, խախտումները եղել են համակարգային եւ յատուկ սրութեամբ դրանք դրսեւորւել են Նիկոլ Փաշինեանի թէ խօսոյթում, թէ նրա վարքագծում։

Այսպէս, կարծեմ տեղին կը լինի յիշեցնել մի քանի համառօտ, բայց նախընտրական շրջանում կրկնւող մտքեր Ն․ Փաշինեանից․ «Դուք տւել էք մեզ կադրային ջարդ իրականացնելու մանդատ, մենք ստացել ենք թաւշեայ մանդատ, գնացէք տեղամասեր եւ դրանք փոխարինէք պողպատեայ մանդատով։ Պատրաստւէք քաղաքացիական վրէժի եւ քաղաքական վենդետայի։ Վզակոթից բռնելու ենք ու շպռտենք, կը ծանօթանաք չաքուջին, չաքուջը ձեր գլխին է ջարդւելու, բունտար համայնքապետերին լռեցնելու ենք, ուզո՞ւմ էք իրաւապահ մարմինների դուբինկեքի տակ մնալ, իրաւապահ մարմինների կրունկների տակ էք մնալու»։

Այս ծաղկաքաղը հնչեցնում եմ նողկանքով, բայց ստիպւած եմ թարմացնել մեր հայրենակիցների յիշողութիւնը: Իհարկէ, այս ամբիոնն ու դաստիարակութիւնս թոյլ չեն տալիս յիշեցնել Փաշինեանի շուրթերից հնչած սեռական բնոյթի հայհոյանքը։

Սրանք հանրային պաշտօնեայի բարեվարքութեան անմակարդակութեան մասին չեն խօսում միայն, սրանք ատելութեան, ահաբեկչութեան, նւաստացման, վախի եւ բռնութեան մթնոլորտ տարածող ուղերձներ են, որոնք հնչել են ողջ ընթացքում եւ չէին կարող չազդել ազատ եւ հաւասար ընտրութեան սահմանադրական սկզբունքի վրայ։

Սրանք ժողովրդավարութիւնից հազարաւոր կմ հեռու արժէքներ են եւ կոնկրետ վարքագիծ, որոնք, աւաղ, արդէն երեք տարի մեր իրականութեան անբաժանաելի մասն են եւ չեն կարող լինել ոչ ազատ ընտրութիւնների եւ ոչ էլ ժողովրդավարական երկրի բաղադրիչ։

Բնականաբար, հանրապետութեան թիւ մէկ պաշտօնեայի շուրթերից հնչող սպառնակիքներն ու ահաբեկչութեան խօսքը, եւ վերջինիս հրապարակային խրախուսումը կեանքի կոչւելու մեծ պոտենցիալ ունեն, եւ, օբիեկտիւօրէն, Փաշինեանի հաշւեյարդարի եւ ճնշումների կոչերը շատ հանրային պաշտօնեաների կողմից ընկալւեցին որպէս ուղիղ հրահանգ եւ հանրային հանդուրժելի վարքագիծ եւ գործադրւեցին բազմաթիւ դրւագներով։

«Հայաստան» դաշինքի շատ ակտիւիստներ այդ օրերին եւ դրանից յետոյ ենթարկւեցին բռնութիւնների, մարզպետի կողմից ծեծի ենթարկւեց Օձունի համայնքապետը, վրէժխնդրութեան եւ ապօրինի հեռացումների ցանկում յայտնւեցին այլախոհ համայնքապետեր, մի քանի տասնեակ վարչական աշխատողներ, դպրոցների տնօրէններ։

Նիկոլ Փաշինեանի սպառնալիքներն ուղիղ ցուցում էին նաեւ իրաւապահ համակարգին, ինչի օրինակները եւս ունեցանք։ «Հայաստան» դաշինքի պատգամաւորութեան թեկնածու Մխիթար Զաքարեանը կամաւոր ներկայացաւ ոստիկանութիւն, սակայն նրա նկատմամբ կիրառւեց ցուցադրական անհամաչափ ուժ, ինչը ոչ այլ ինչ էր, քան ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, թաթիկները կտրելու փաշինեանական հիւանդագին օպերացիային հաւատարմութեան շքերթ։

Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու նւաստացումները, ես կասէի՝ ՀՀ սահմանադրականութեան եւ օրէնքի ոչնչացումը եղել է համատարած է։ Ի դէպ, քաղաքական մեծամասնութեան մի շարք ներկայացուցիչներ սա չեն էլ թաքցրել․ ԱԽՔ քարտուղարն անթաքոյց յայտարարում է՝ պետական համակարգը պէտք է ծառայի իշխող ուժին։

Բայց դուք, քաղաքական մեծամասնութիւն, իսկապէս, հասկանում էք ո՞ւր էք տանում երկիրը․ թէեւ աւելի վատ էլ ինչ կարող էր լինել, քան այն իրականութիւնը ինչի մէջ յայտնւել է Հայաստանը․․․

Պրն. Մուկուչեան, Ձեր, այդ թւում նաեւ իրաւական համակարգի կրաւորական եւ հայեցողական, քաղաքական պատւերառուի վերաբերմունքը ոչ միայն լրջօրէն խաթարել են Հայաստանում ազատ ընտրութեան իրաւունքն ու ինստիտուտը, պետութեան վարկն ու հեղինակութիւնը, այլեւ արմատաւորել վատ նախադէպերեր եւ բացասական մշակոյթ։

Գիւմրում այլախոհի կացնահարումը, յանցագործութիւնների, ինքնասպանութիւնների եւ յատկապէս կենցաղային հողի վրայ սպանութիւնների աճն ու դատաստանները այս մթնոլորտի եւ այս կոչերի ածանցեալներն են։

Ի դէպ, ԿԸՅ հեղինակութեանը լրջագոյն հարւած հասցրեց նաեւ այն հանգամանքը, որ առանց ԿԸՅ համաձայնութեան, ինչն սահմանւած է օրէնքով, ձերբակալւեցին պատգամաւորութեան թեկնածուներ։ Այս փաստը հետագայում դատարանի կողմից ճանաչւեց ոչ իրաւաչափ։

Բայց քաղաքական պատւէրը տրւած է եւ ոչնչացնելով անձեռնմխելիութեան ինստիտուտի վրայ, այսօր շարունակւում են «Հայաստան» դաշինքի անդամ սիւնեցի համայնքապետերի պատանդառումն ու քաղաքական վենդենտան։ Իսկ պրոֆեսոր Չարչեանի նկատմամբ իրականացւողն ուղղակի կտտանք է, կեանքի իրաւունքի ոտնահարում։

Ազատ ընտրութեան իրաւունքի ոտնահարումները եղել են համատարած եւ կրել են համակարգւած բնոյթ։ «Ողջ ընտրութիւններն անցել են բռնութեան սպառնալիքի, մուրճի եւ հայհոյախօսութեան մթնոլորտում» սա ՄԻՊ-ի արձանագրումն է, որը դարձեալ գալիս է ցրելու ժողովրդավարութեան մասին օրւայ իշխանութեան էյֆորիկ միֆերը՝ կասկածի տակ դնելով ընտրութիւնների արդիւնքները։

ՀՀ սթափ եւ մտածող տասնեակ հազարաւոր քաղաքացիների համար այս ընտրութիւնները կը մնան պողպատէ չաքուջով, սեռական բնոյթի հայհոյանքով, ՀՀ քաղաքացիների նւաստացմամբ իրականացւած ընտրութիւն, համեմւած պատմական ողբերգութեամբ՝ այդ ողջ ընթացքում ադրբեջանական զօրքը ծւատում էր ՀՀ քաղաքական քարտէզն ու գտնւում է ՀՀ տարածքում։

ԿԸՅ-ն ՝ որպէս ընտրութիւնների օրինականութեան նկատմամբ վերահսկողութիւն իրականացնող մարմին եւ անձամբ դուք՝ որպէս նրա ղեկավար, հնարաւորութիւն ունէիք ձեր լիազօրութիւնների շրջանակում ազդեցութիւն ունենալ, խմբագրել երկիրը բռնատիրութեան մէջ խորացնող ընթացքը, հակազդել օրինականութեան եւ սահմանադրականութեան շրջագծից դուրս արձանագրւող կամայականութիւններին։ Բայց դուք գերադասեցիք հնազանդութեան եւ լռութեան ռեժիմը։

Եւ վերջում, պրն. Մուկուչեան, դուք բոլորովին էլ նկարիչ չէք, ոչ էլ նախկին էք, ինչպէս ձեր մասին ասում էին այսօր իշխանական, ոչ վաղ անցեալում ընդդիմադիր գործիչները։

Հայաստանում պիտի ընտրւէր մի իշխանութիւն, որի համար Շուշին դժգոյն էր եւ դժբախտ։ Մի իշխանութիւն, որը պատրաստ էր Որոտանին Էյւազլի, իսկ Առաջաձորին Չայզամի կոչել, մի իշխանութիւն, որի համար հայրենիքից եւ պետականութիւնից աւելի թանկ սեփական իշխանութիւնն է։

Այս ամէնն, իհարկէ, պատասխանատւութիւնից ձեզ չի ազատում, նոյնիսկ եթէ այն բարոյական է։ Եւ իրականութիւնն այն է, այդ ընտրութիւնը մեր հաւաքական պարտութիւնն ամրագրող ակտ էր, ուր պարտւեց մեր պետականութիւնը, նւաստացաւ մեր հաւաքական արժանապատւութիւնը՝ անկախ այն բանից ԿԸՅ նախագահ ես, պատգամաւոր, թէ՝ գործազուրկ»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։