Հա

Քաղաքական

14/09/2021 - 11:40

«Ադրբեջանը մշտապէս փորձելու է խաթարել Հայաստանի յարաբերութիւններն արտաքին աշխարհի հետ». իրանագէտ

Ընդհանուր առմամբ արցախեան վերջին պատերազմից յետոյ ադրբեջանական կողմը, նաեւ օգտւելով առիթից, բաւականին մեծ ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետութեան վրայ բոլոր ոլորտներում։ Ադրբեջանական կողմում լաւ գիտակցում են, որ հայ-իրանական յարաբերութիւնները եւ հայ-իրանական ցամաքային սահմանը Հայաստանի համար յաւելեալ ուժ ունենալու, նաեւ աշխարհաքաղաքական առումով դիրքերն ամրապնդելու լաւագոյն ճանապարհներից է, եւ այդ առումով փորձում են խաթարել յարաբերութիւնները։

«alikonline.ir» - Գորիս-Կապան ճանապարհահատւածում ստեղծւած իրավիճակի, ադրբեջանական ոստիկանութեան կողմից անցակէտ տեղադրելու, իրանական պետհամարանիշներով բեռնատարները ստուգելու շրջանառւող լուրերի մասին Hetq.am-ը զրուցել է իրանագէտ Գարիկ Միսակեանի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ.

 

- Պարոն Միսակեան, ԱԱԾ-ն յայտարարել է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատւածում ադրբեջանցիներն ստուգում են իրանական բեռնատարները։ Ադրբեջանն իր հերթին բողոքի նամակ է ուղարկել Ռուսաստանի ՊՆ-ին եւ խաղաղապահ ուժերի հրամանատարութեանը Արցախ գնացող արտասահմանեան բեռնատարների վերաբերեալ, այսինքն՝ այդ երկիրն ամէն ինչ անում է՝ Հայաստան-Իրան կոմունիկացիան եւ Արցախի բեռնափոխադրումները խափանելու համար։ Տեղի ունեցածը սպասելի՞ էր Ձեզ համար։ Ինչպէ՞ս կը մեկնաբանէք ներկայ իրավիճակը։

- Ընդհանուր առմամբ արցախեան վերջին պատերազմից յետոյ ադրբեջանական կողմը, նաեւ օգտւելով առիթից, բաւականին մեծ ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետութեան վրայ բոլոր ոլորտներում։ Ադրբեջանական կողմում լաւ գիտակցում են, որ հայ-իրանական յարաբերութիւնները եւ հայ-իրանական ցամաքային սահմանը Հայաստանի համար յաւելեալ ուժ ունենալու, նաեւ աշխարհաքաղաքական առումով դիրքերն ամրապնդելու լաւագոյն ճանապարհներից է, եւ այդ առումով փորձում են խաթարել յարաբերութիւնները։

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհահատւածում ստեղծւած իրավիճակին, ադրբեջանական կողմից բաւականին մեծ թափով օգտագործւում են միջոցներ՝ հայ-իրանական ապրանքաշրջանառութիւնը քչացնելու համար։ Պէտք է նշել նաեւ, որ իրանական կողմից արդէն եղաւ ԱԳՆ խօսնակի մակարդակով յայտարարութիւն, ըստ որի՝ հարեւանների հետ յարաբերութիւնները, այդ թւում՝ Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացումը Իրանի համար առաջնահերթութիւն է, եւ Իրանը պատրաստ է միջնորդել կամ մասնակցել հայ-ադրբեջանական այս լարւածութեան թուլացմանը։ Այսինքն՝ իրանական կողմը նշում է, որ, այնուամենայնիւ, Հայաստանի հետ յարաբերութիւնները զարգացնելու մեծ ցանկութիւն կայ, եւ ադրբեջանական այս գործողութիւնները չեն կարող խանգարել դրան, եթէ հայկական կողմում վերջապէս լուծւի տարածքների, Սիւնիքի, ընդհանուր հայ-իրանական ճանապարհների հետ կապւած խնդիրը։

 

- Իսկ ի՞նչ արձագանգ եղաւ իրանական մամուլում։

- Մինչ ԱԳՆ խօսնակի այս յայտարարութիւնը որեւէ արձագանգ, կարծես, իրանական մամուլում չկար, դրանք հիմնականում սոցցանցային էին։ Սակայն ԱԳՆ խօսնակի յայտարարութիւնը տարածւեց իրանական բոլոր լրատւական ցանցերում՝ մատնանշելով, որ, այնուամենայնիւ, Հայաստանի հետ յարաբերութիւններն իրանական կողմի առաջնահերթութիւններից են։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ իրանական կողմը մտահոգւած է այս իրավիճակով եւ ցանկանում է, որ այն որքան հնարաւոր է շուտ հանգուցալուծւի՝ հաշւի առնելով նաեւ այն փաստը, որ հայ-իրանական ցամաքային սահմանը եւ, ընդհանրապէս, Հայաստանի տարածքով տարանցման ուղիները Իրանի համար մեծ կարեւորութիւն ունեն, քանի որ դրանով իրանական կողմը փորձում է շրջանցել ձեւաւորւած պանթիւրքիստական առանցքը իր հիւսիսային սահմաններում եւ ունենալ այլընտրանքային ճանապարհներ՝ Հարաւային Կովկաս դուրս գալու համար։

 

- ԱԱԾ-ն նաեւ յայտարարել էր, որ ռուսական կողմի հետ փորձում են կարգաւորել հարցը։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կը լինի այդ կարգաւորումը, եւ ընդհանրապէս, հնարաւո՞ր է կարգաւորում այդ հարցում։

- Կը դժւարանամ պատասխանել, թէ ինչպիսին կը լինի կարգաւորումը, որովհետեւ, կարծես թէ, դա միջպետական բանակցային գործընթաց է։ Ընդհանրապէս, ադրբեջանական եւ նաեւ թուրքական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ այն է, որ առաւելագոյն կերպով փորձում են թուլացնել Հայաստանի Հանրապետութեան եւ՛ կշիռը, եւ՛ աշխարհաքաղաքական ներկայութիւնը տարածաշրջանում, այսինքն՝ որեւէ կերպ չեմ նկատում որեւէ խաղաղասիրական ձգտում Ադրբեջանի կամ նոյնիսկ Թուրքիայի կողմից, որպէսզի կարգաւորւեն յարաբերութիւնները, կամ գոնէ գործընթաց սկսւի, քանի որ այդ ամենին զուգահեռ ընթանում են նաեւ Թուրքիա-Ադրբեջան համատեղ զօրավարժութիւններ։

 

- Ձեր կարծիքով՝ սպասելի՞ է, որ ադրբեջանական կողմից շարունակական կը լինեն այսպիսի գործողութիւնները։

- Ադրբեջանական կողմը, արցախեան պատերազմից յետոյ որոշակի էյֆորիկ առաւելութիւն զգալով Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, մշտապէս փորձելու է խաթարել Հայաստանի յարաբերութիւններն արտաքին աշխարհի հետ, նաեւ անվտանգային առումով են ձգտում թուլացնել Հայաստանը, այսինքն՝ շարունակւելու են այնքան, մինչեւ մեր կողմից չլինեն յստակ պատասխաններ կամ գործողութիւններ։ Ինչքան Հայաստանը թոյլ դիրքերից հանդէս գայ, այդքան շարունակւելու է Ադրբեջանի ծաւալապաշտական քաղաքականութիւնը Հայաստանի հանդէպ։

 

- 44-օրեայ պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ Իրանը հաւասարութեան նշան էր դրել պատերազմող կողմերի միջեւ, այսինքն՝ եթէ հիմա նման գործողութիւններ են կատարւում իրանական բեռնատարների նկատմամբ, Իրանը շարունակելո՞ւ է նոյն դիւանագիտութիւնը։

- Իրանը մշտապէս յայտարարում է հարեւանների հետ հաւասարակշռւած քաղաքականութեան մասին, այդ թւում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, սակայն ի տարբերութիւն Արցախի հետ կապւած իրավիճակի՝ այստեղ խնդիրը Հայաստանի միջազգայնօրէն ճանաչւած սահմանների հետ է, եւ իրանական կողմը կարող է որոշակիօրէն ոչ հաւասարակշռւած դիրքորոշում որդեգրել, եթէ հայկական կողմից լինեն համապատասխան յայտարարութիւններ կամ գոնէ սահմանային այս իրավիճակի յստակեցում տեղի ունենայ, քանի որ իրանական կողմը առանց այդ յայտարարութիւնների կամ յստակեցումների չի կարող որեւէ գործիքակազմ կիրառել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։