Հա

Քաղաքական

14/09/2021 - 13:10

Գունագեղ խրախճանք՝ յանձնւող Հայաստանում

Որեւէ մէկի սեփականութիւնն ուրիշին յանձնելու համար, ի թիւս այլ գործօնների, անհրաժեշտ է, որպէսզի սեփականատէրը յանձնւելիքն առնւազն հոգեբանօրէն չհամարի իրենը, այսինքն՝ ներքուստ հրաժարւի իրեն պատկանողից։ Հայաստանում հիմա տեղի է ունենում մօտաւորապէս դա․ հայ հասարակութեան լուռ համաձայնութեամբ կտոր-կտոր թշնամուն է յանձնւում Հայաստանը, որին անհրաժեշտաբար պէտք է նախորդէր Արցախի յանձնումը։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Որեւէ մէկի սեփականութիւնն ուրիշին յանձնելու համար, ի թիւս այլ գործօնների, անհրաժեշտ է, որպէսզի սեփականատէրը յանձնւելիքն առնւազն հոգեբանօրէն չհամարի իրենը, այսինքն՝ ներքուստ հրաժարւի իրեն պատկանողից։ Հայաստանում հիմա տեղի է ունենում մօտաւորապէս դա․ հայ հասարակութեան լուռ համաձայնութեամբ կտոր-կտոր թշնամուն է յանձնւում Հայաստանը, որին անհրաժեշտաբար պէտք է նախորդէր Արցախի յանձնումը։

Դրանից շատ աւելի առաջ ամենատարբեր տեխնոլոգիաների միջոցով այդ նոյն հասարակութեան մի մեծ հատւածն Արցախը յանձնել էր հոգեբանօրէն՝ կուլ տալով տարիներ շարունակ որոշ շրջանակների կողմից հմտօրէն նետւած խայծը, որ Արցախը խանգարում է լաւ ապրելուն։

Հիմա նոյնը, սակայն, արդէն փափուկ ուժի ռեժիմում տեղի է ունենում Հայաստանի հետ։ Չորս ամսից աւելի է՝ ադրբեջանական 1000-ից աւելի զինւորներ գտնւում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ մասին, սակայն, արդէն գրեթէ ոչ մէկը չի յիշում, հասարակութիւնը հաշտւել է հայրենիքի այդ հատւածի անկռիւ յանձնումի հետ։

Ադրբեջանն ու Թուրքիան միջանցք են ցանկանում Սիւնիքո՞ւմ, ոչ մի խնդիր․ սկզբում նրանք փակում են Հայաստանի կրկին ինքնիշխան տարածքի ճանապարհը, ապա Նիկոլ Փաշինեանը մի բանաւոր յայտարարութեամբ այդ տարածքներին շնորհում է ադրբեջանական պատկանելութիւն, որից յետոյ Ադրբեջանն արդէն ոստիկանական պահակակէտ է տեղադրում կրկին ՀՀ ինքնիշխան տարածքով անցնող աւտոճանապարհին, որը, սակայն, արդէն ոչ միայն երկրի ղեկավարի, այլ նաեւ ԱԱԾ-ի ու զանազան իշխանական պատգամաւորների կողմից ներկայացւում է ադբեջանական տեղանուններով։ Եւ կրկին հանրութեան զրօ դիմադրողականութեան պայմաններում։

Դժւար է միարժէք պատասխանել հարցին՝ ինչո՞ւ է սեփական բակի իւրաքանչիւր սանտիմետրի համար հարեւանին սպանելու պատրաստ հասարակութիւնն այդքան հեշտութեամբ համակերպւում հայրենիքի յանձնման հետ։ Բայց ի թիւս բազմաթիւ այլ պատճառների, դա հնարաւոր է դարձել նաեւ մեծ խաբէութեան շնորհիւ, որով գործող յեղափոխական իշխանութիւնն արդէն երեք տարի կերակրում է մեր հասարակութեանը։

Այդ խաբէութեան իմաստն այն է, որ «իշխանութիւնը պատկանում է ժողովրդին», եւ դա մեծագոյն, դարակազմիկ ձեռքբերում է հայ ժողովրդի համար։ Այդ կաղապարի հիմքում այն իրականութիւնն է, որ Հայաստանում ժողովրդին պատկանում է միայն իշխանութիւնը, որն իր ստացած «պողպատեայ մանդատով» իրաւունք ունի ժողովրդին այլեւս չպատկանող ամենայնի հետ վարւել սրտի ուզածով։ Հոգեբանական այս խաբէութեան արդիւնքն այն է, որ հասարակութիւնը կամ ժողովուրդն իրենը համարելով իշխանութիւնը, սեփականութեան, պատկանելութեան որեւէ զգացողութիւն չունի իշխանութիւնից շատ աւելի կարեւոր արժէքների, այդ թւում՝ սեփական հայրենիքի, հողի նկատմամբ։

Արդիւնքում՝ հայ հասարակութիւնը գրեթէ ուշադրութիւն չի դարձնում, որ մինչ «իշխանութիւնը պատկանում է ժողովրդին», այդ նոյն իշխանութեան թողտւութեամբ՝ Սեւ լիճն ու Գորիս-Կապան ճանապարհը պատկանում են Ադրբեջանին․․․

Հանրային դիմադրողականութիւնը ցանկացած պետութեան կարեւորագոյն ինստիտուտներից է, առանց դրա որեւէ պետութիւն չի կարող ոչ միայն կենսունակ լինել, այլ ընդհանրապէս գոյատեւել։

Հիմա Հայաստանը դեռեւս իներցիայով գոյատեւում է այդ կարեւորագոյն ինստիտուտի փաստացի բացակայութեան պայմաններում, ինչը Նիկոլ Փաշինեանին եւ նրա թիմին ոչ միայն չի մտահոգում, այլեւ քաջալերում է, քանի որ այս իշխանութիւնն ինքնին այդ դիմադրողականութեան չգոյութեան ամենացայտուն, աւելի ճիշտ՝ գունագեղ արտայայտութիւնն է։

Ճիշտ այնքան գունագեղ, որքան լինելու են սեպտեմբերի 21-ի միջոցառումներն ամէն օր յանձնւող Հանրապետութեան հրապարակում։

 

168.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։