Հա

Քաղաքական

15/09/2021 - 10:05

«Թուրքիան զօրավարժութիւններ է անցկացնում ՌԴ-ի եւ Իրանի կենսական շահերի գօտում». իրանագէտ

Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններին։

«alikonline.ir» - Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զօրավարժութիւններին։

Կասպից ծովի տարածաշրջանն էրդողանական վարչախմբի ծաւալապաշտական քաղաքականութեան շրջանակներում կարեւորագոյն տեղ է զբաղեցնում, եւ թուրքական կողմն ըստ էութեան համարում է, որ իր ելքը դէպի Կենտրոնական Ասիա պէտք է ապահովւի Ադրբեջանում եւ մերձկասպեան տարածաշրջանում թուրքական գերակայութեան հաստատմամբ, Sputnik Արմենիայի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Վարդան Ոսկանեանը։

«Այդ գերակայութիւնն ապահովելու ուղղութեամբ գործադրւում են ոչ միայն տնտեսական լծակներ։ Մենք առերեսւել ենք մի իրավիճակի հետ, երբ թուրքական կողմը լկտիաբար զօրավարժութիւններ է անցկացնում Ռուսաստանի եւ Իրանի կենսական շահերի այնպիսի գօտում, ինչպիսին Կասպից ծովի աւազանն է։ Պարզ է, որ իրանական կողմից արձագանքը պէտք է լինէր շատ կոշտ»,- նշեց իրանագէտը։

Ոսկանեանի կարծիքով` Թուրքիայի գործելաոճը բխում է էրդողանական վարչախմբի արկածախնդիր ծրագրերից, որովհետեւ թուրքական ծաւալապաշտութիւնը որոշակի յաջողութիւններ է գրանցում տարբեր տարածաշրջաններում։ Բայց եւ այնպէս Թուրքիան սահմանափակ ռեսուրսներ ունի, ուստի շատ խնդիրներ չի յաջողւելու լուծել։

Ըստ նրա` Անկարան քիթը խոթելով ՌԴ-ի ու Իրանի կենսական շահերի տարածք` կը փորձի զիջումներ կորզել այլ տարածաշրջաններում։ Իրանագէտի գնահատմամբ` Թեհրանը ձգտում է բոլոր հակասութիւնները հարթել դիւանագիտական ճանապարհով, առաւել եւս, որ Կասպեան աւազանի երկրների կոնւենցիան ձեռք է բերւել մեծ ջանքերի գնով։ Դրա խախտումը թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից կարող է ունենալ լուրջ հետեւանքներ, քանզի հակազդեցութեան բացակայութեան պայմաններում կարող է նախադէպ հանդիսանալ հետագայում կոնւենցիայի դրոյթները չպահպանելու համար։

Ըստ Ոսկանեանի` վերոյիշեալ զօրավարժութիւնները նաեւ կարող են Ադրբեջանի համար ստեղծել նոր ոգեւորութեան ֆոն, ու Բաքւի բռնապետը կարող է փորձել այլ խնդիրներ լուծել` ձգտելով զիջումներ կորզել ՌԴ-ից արցախեան խնդրում եւ Իրանից, այսպէս կոչւած, զանգեզուրեան միջանցքի հարցում։

Յիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Բաքուն եւ Անկարան Կասպից ծովում զօրավարժութիւններ են անցկացրել յարձակման եւ պաշտպանութեան գծով։ Իրանի դիւանագիտական գերատեսչութեան ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն յայտարարել է, որ «Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին» կոնւենցիան յստակ պատասխան է տալիս դրան, քանի որ աւազանի բոլոր հինգ երկրները պայմանաւորւել են, որ այլ պետութիւնների ռազմական ներկայութիւնն անօրինական է։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։