Հա

Քաղաքական

15/09/2021 - 11:55

«Ադրբեջանցի զինւորը մուտք է գործել աւտոբուս, անյարգալից վերաբերմունքով պահանջել է ուղեւորների անձնագրերը…». Իսակ Իւնանէսեան

Կովկասի եւ Թուրքիայի հարցերով փորձագէտ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում պատմեց, որ իր ընկերներից մէկն ադրբեջանական ոստիկանութեան կէտի գործարկման առաջին օրն այդ հատւածում աւտոբուսի մէջ է եղել եւ կապ է հաստատել իր հետ:

«alikonline.ir» - Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատւածում ադրբեջանական ոստիկանութեան կէտ է տեղադրւել։ Աւելի ուշ պարզւեց, որ Ադրբեջանի ոստիկանութիւնը Որոտանի հատւածում ստուգում է Իրանից եկած մեքենաները, անգամ՝ գումար գանձում իրանցի վարորդներից:

Կովկասի եւ Թուրքիայի հարցերով փորձագէտ, Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում պատմեց, որ իր ընկերներից մէկն ադրբեջանական ոստիկանութեան կէտի գործարկման առաջին օրն այդ հատւածում աւտոբուսի մէջ է եղել եւ կապ է հաստատել իր հետ:

«Իմ ընկերներից մէկն աւտոբուսի մէջ էր, ինձ իր տեղանքն ուղարկեց եւ ասաց, որ իրենց կանգնեցրել են, ադրբեջանցի զինւորը մուտք է գործել աւտոբուս, անյարգալից վերաբերմունքով պահանջել է ուղեւորների անձնագրերը, անունները մէկ-մէկ արձանագրել է եւ ամէն աւտոբուսից եւ բեռնատարից շուրջ 50-120 դոլարի չափ իբր մաքսատուրք են վերցրել՝ ասելով, որ՝ դուք մուտք էք գործել Ադրբեջանի տարածք եւ պէտք է վճարէք: Արդէն մի քաին օր է իրանական ԶԼՄ-ները, տելեգրամեան կարեւոր ալիքները դրա մասին էին խօսում, արդէն յորդորում էին, որ զբօսաշրջիկները չգան Հայաստան, վտանգաւոր է ճանապարհը:

Բեռնատարների վարորդների հետ էլ հարցազրոյցներ կային, որտեղ նրանք ասում էին՝ մենք Հայաստանի տարածք ենք մտել, ինչո՞ւ պէտք է երկու տեղում՝ մէկ Մեղրիում, մէկ Որոտանի հատւածում մաքսատուրք վճարենք: Այդ աղմուկն արդէն կայ Իրանում: Իրանի ԱԳՆ 13 սեպտեմբերի յայտարարութեան անդրադարձում էլ ընդգծւեց, որ Հայաստանն իրենց համար կարեւոր է, այդ հատւածն իրենց համար կարեւոր է: Ուրիշ վերլուծութիւն կար, ասւում էր, որ տարեկան շուրջ 400 մլն դոլարի չափ բիզնես ունի Իրանը Հայաստանի հետ, եւ Հայաստանի միջոցով են եւրասիական երկրներ դուրս գալիս, Հայաստանն իրենց համար կարեւոր է: Ամենացաւալին այն է, որ արդէն ժողովրդին յորդորում են, որ Հայաստան չգան: Բնականաբար, դա կազդի Հայաստանի տնտեսութեան վրայ, բեռնափոխադրումների վրայ, ապագայ ներդրումների վրայ, եթէ իրավիճակն այսպէս մնայ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինեանի մատնանշած այլընտրանքային գրունտային ճանապարհին, նա նշեց, որ այդ ճանապարհը չի կարող այլընտրանք լինել.

«Ես եղել եմ այդտեղ. Հազիւ մի մեքենայ է անցնում: Դա չի կարող այլընտրանք լինել, բայց եթէ նման բան գուշակում էին, որ վարչապետը նման արտայայտութիւն է արել, պէտք է նախապէս այդ ճանապարհը սարքէին»:

Նրա խօսքով՝ 30 տարւայ ընթացքում Հայաստանի թէ՛ ներկայիս, թէ՛ նախորդ իշխանութիւնները չեն հասկացել Իրանի կարեւորութիւնը Հայաստանի համար. «Բայց նախագահներ Քոչարեանի եւ Սարգսեանի ժամանակ աւելի հարթ յարաբերութիւններ էին ընթանում Հայաստանի եւ Իրանի միջեւ: Կային դժւարութիւններ, օրինակ՝ գազի հարցում, օրինակ՝ Հիւսիս-Հարաւ ճանապարհը, որն այդպէս էլ չսարքւեց, եթէ սարքւած լինէր, հիմա գուցէ Ադրբեջանն իրեն այդպէս չպահէր, բայց դժբախտաբար, այս վերջին 3 տարւայ մէջ ամէն ինչ փչացաւ:

Մի կողմից՝ Իրանն իր պաշտօնական յայտարարութիւններում ասում է, որ Հայաստանն իր ամենալաւ հարեւանն է, ունեն ամենալաւ դրացիական յարաբերութիւնները, Հայաստանն էլ նոյնն է ասում, բայց Հայաստանի դէպքում այն, ինչ ասում են, շատ տարբեր է նրանից, ինչ անում են:

Օրինակ՝ Իրանի հետ յարաբերութիւնները փչացրին՝ Իսրայէլում դեսպանատուն բացելով, Բոլթոնի այցից յետոյ յարաբերութիւնները փչացրին՝ ասելով, որ երբ յարմար լինի՝ սահմանը կը փակեն, ՔՊ-ական պատգամաւորի անունը չտամ, որ նոյն բանը խորհրդարանում ասաց: Եւ ամենակարեւորը՝ նախագահ Սարգսեանի ժամանակ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին նախագահն այդ բացատրութիւնը տւել էր ԱՄՆ-ին, որ՝ մեր միակ ապահով սահմանն Իրանի հետ սահմանն է, դուք մեզ որ ճնշում էք, որպէսզի միանանք ձեր հակաիրանեան սանկցիաներին, մենք ենք տուժում: Նախագահ Սարգսեանի ժամանակ այդ խնդիրը չկար: Բայց նոր իշխանութեան ժամանակ այդ յայտարարութիւններից յետոյ Հայաստանը չուզեց սանկցիաների հարցում էլ շրջանցել եւ օգնել Իրանին, եւ պարսկական մամուլում եւ նաեւ պարսիկ վերլուծաբանների, քաղաքական գործիչների, պատմաբանների, լրագրողների հետ մեր հանդիպումներում բոլորը այդ հարցը բարձրացնում են, որ նախկինում Հայաստանն օգնում էր իրենց՝ շրջանցելու պատժամիջոցները, իսկ Հայաստանի նոր վարչակազմն ընդհանրապէս ընթացք չի տալիս»:

Դիտարկմանը՝ Հայաստանի իշխանութիւնները խօսում են տարածաշրջանային ապաշրջափակման մասին, ասում են՝ Նախիջեւանով երկաթուղով կը կարողանանք գնալ Իրան, նա արձագանգեց.

«Հէնց հիմա սահման ունենք Մեղրիի հատւածում, ինչո՞ւ Նախիջեւանով: Այսինքն՝ դուք մտածում էք՝ հայկական բեռնատարները Նախիջեւանով կը գնա՞ն Իրան: Դա աբսուրդ է: Իրանը 10 տարուց աւելի լինելով սանկցիաների տակ՝ իր համար Մեղրիի հատւածը շատ կարեւոր է: Իզուր չէ, որ դոկտոր Զարիֆն իր պաշտօնավարման վերջին օրերին թէ՛ Երեւանում, թէ՛ Իրանում շեշտեց, որ Մեղրին իրենց կարմիր գիծն է: Դա նշանակում է, որ իրենց համար կարեւոր է, եւ յայտարարութիւնները, որ անուղղակի կամ ուղղակի կատարւում են Իրանի քաղաքական գործիչների կողմից, Իրանի խորհրդարանի պատգամաւորների, խորհրդարանի անվտանգութեան յանձնաժողովի նախագահի, փոխնախագահների կողմից՝ վկայում են, որ Սիւնիքը Իրանի համար բաւականին կարեւոր է: Իրանի համար եթէ այդ ապաշրջափակումը օգտակար լինէր, շատ վաղուց գուցէ մտածէր դրա մասին եւ այլընտրանք ունենար՝ Ադրբեջանի հողով բեռնափոխադրում իրականացնելու: Ինչո՞ւ է շեշտում, որ իրենց համար կարեւոր է Հայաստանով բեռնափոխադրումը դէպի եւրասիական երկրներ. երէկ էլ են նոյնը շեշտել»:

Նրա խօսքով՝ Իրանում Հայաստանի դեսպանատունն էլ 2018թ. իշխանափոխութիւնից յետոյ ոչ մի բանով չի զբաղւում. «Փոքր գործարաններ են այցելում, նման բաներով են զբաղւում, չենք տեսել, որ մեծ պրոյեկտներով զբաղւեն, օրինակ՝ Հնդկաստանի կամ Չինաստանի առաջարկները քննարկւեն: Նախքան 2018թ. իրադարձութիւնները կար համայնք-դեսպանատուն շատ սերտ յարաբերութիւններ, բայց դժբախտաբար, վերջին 3 տարւայ մէջ այդ բաժնում էլ խնդիրներ ունեցանք: Օրինակ՝ մենք ամէն տարի Ցեղասպանութեան յիշատակի օրը կազմակերպում ենք միջոցառում՝ պարսիկ հանդիսատեսի համար, շուրջ 400 հոգու ենք հրաւիրում՝ քաղաքական գործիչներ, պատգամաւորներ, վերլուծաբաններ, միջազգային յարաբերութիւնների ուսանողներ, եւ փորձում ենք նրանց բացատրել՝ Ցեղասպանութեանը ինչ է եղել: Բացման խօսքում խօսում ենք Ցեղասպանութեան, պահանջատիրութեան, հատուցման մասին, ֆիլմեր ենք ցուցադրում, յետոյ պարսիկ բանախօսն է գալիս՝ մեր սրտի խօսքն է ասում, յետոյ Հայաստանի դեսպանը գալիս եւ ասում է՝ մեր արտաքին քաղաքականութեան մէջ պահանջատիրութեան օրակարգ չկայ: Հասկանո՞ւմ էք՝ ինչ է ստացւում, պարսիկը գալիս-ասում է՝ մենք ձեզ հաւատա՞նք, թէ՞ ձեր իշխանութեան ներկայացուցչի խօսքին: Ամօթալի վիճակ է ստեղծւում մեզ համար»:

Թուրքիայի հարցերով փորձագէտը որեւէ դրական ազդակ չի տեսել Թուրքիայից. «2001 թւականից, երբ Էրդողանի կուսակցութիւնն անցաւ գործի, մենք անտեսեցինք Թուրքիայի քաղաքականութիւնը: Եթէ նկատած լինէք՝ հէնց այդ 2000-2001 թւականներից է, որ թուրք մտաւորականներ յայտնւեցին, ասացին, որ ընդունում են Ցեղասպանութիւնը, հրաւիրւեցին Հայաստան, եկան Սփիւռք: Դրանք մեր հոգեբանութիւնն էին ուսումնասիրում: Ես գիրք ունեմ «Թուրքերը եւ քրդերը խօսում են Հայոց Ցեղասպանութեան մասին» անւանումով, այնտեղ մօտ 60 թուրք եւ քուրդ մտաւորականի արտայայտութիւններ կան Ցեղասպանութեան վերաբերեալ. 2 հոգի են այդ բոլորից, որ խօսել են մեր հողային պահանջի մասին՝ Ռաքիբ Զարաքօղլուն է եղել, որ հիմա աքսորւած է Թուրքիայից, եւ Իւսուֆ Հալաչօղլուն: Թաներ Աքչամը, որին այդքան հրաւիրել ենք, մեծարել ենք, ոչ մի տեղ չի ասում հողային պահանջատիրութեան մասին: Թուրքիայի քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ 2001թ. յստակ որոշումով եղաւ, եւ նրանք Արցախի, Ցեղասպանութեան վերաբերեալ մեր հոգեբանութիւնն ուսումնասիրեցին: Եթէ նկատէք՝ հէնց այդ ժամանակից էլ Հայաստանից ուսանողներ, լրագրողներ գնացին Թուրքիա, սկսեցին ասել՝ դէ, 100 տարի առաջ մի բան է՝ պատահել է, պէտք է մոռանանք»:

Իսակ Իւնանէսեանը անդրադարձաւ նաեւ Նիկոլ Փաշինեանի կողմից հայկական տեղանունների ադրբեջանական անւանումների հնչեցմանը. «Երբ այդ ժամանակ Ադրբեջանը փակեց Գորիս-Կապան ճանապարհը, մենք մեր ծանօթ պարսիկ լրագրողներին խնդրեցինք իրենց լրատւամիջոցներում գրել այդ մասին: Խեղճերը պատրաստեցին, որ՝ մենք դատապարտում ենք ճանապարհը փակ պահելը, յետոյ սպասում էի, որ արդէն նիւթերը կտարածւեն, կէս ժամ անց ինձ զանգեցին, ասացին՝ պարոն Իւնանէսեան, Դուք ձեր կառավարութեան նիստին հետեւո՞ւմ էք, ձեր վարչապետը այդ տարածքները ադրբեջաներէն անւանումներով է կոչում, մենք ինչո՞ւ վատամարդ դուրս գանք, եւ չհրապարակեցին դատապարտման լուրը»:

Նա ընդգծեց, որ թէպէտ Հայաստանի իշխանութիւնները խօսում են ապաշրջափակման մասին, բայց Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու դէպքում Հայաստանը շրջափակւելու է թուրքերով. «Քիչ-քիչ դառնալու ենք եզդիների եւ քրդերի նման մի ազգ, որ անընդհատ սարերում, ձորերում պէտք է պայքարի մէջ լինի թուրքերի հետ»:

Նա նշեց, որ իրանահայ համայնքում էլ շատ են մարդիկ, որ հետեւում են լուրերին եւ մտահոգւած են Հայաստանում կատարւող իրադարձութիւններով. «3 տարի առաջ շատ մարդիկ կային, որ ցանկանում էին տեղափոխւել Հայաստան՝ մշտական բնակութեան, բայց մի մասը եկան, մի մասը չեկան, հիմա Հայաստանում գտնւող հատւածն ասում է՝ եթէ նոյնը շարունակւի, կը վերադառնան Իրան կամ կը մեկնեն ԱՄՆ: Բայց կայ հատւած էլ, որ ընդհանրապէս անտարբեր է, ինչպէս Հայաստանում կամ առհասարակ Սփիւռքում: Դժբախտաբար, այս վերջերս սեւի ու սպիտակի բաժանումը, պառակտումը Սփիւռքում էլ են փորձում անել: Հայաստանի նախորդ խորհրդարանի որոշ պատգամաւորներ, որ այս խորհրդարանից արդէն դուրս են մնացել, կարծես գործուղւել են Սփիւռքում պառակտում ստեղծելու: Իրանում պառակտում ստեղծելու կորիզներ են փնտրում՝ իրանահայութեան մէջ, ինչը ցաւալի է: Նպատակը Սփիւռքին սառեցնելն է այն ամենից, ինչ կատարւում է Հայաստանում»:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։