Հա

Քաղաքական

16/09/2021 - 11:20

Այդ ո՞ւր՝ առանց բարոյականութեան

1919 թ.-ին Արամ Մանուկեանը` Առաջին հանրապետութեան հիմնադիրներից մէկը, մահացաւ տիֆից, 39 տարեկանում: Նրան՝ որպէս երկրի ղեկավարի, առաջարկել էին բուժւել արտասահմանում: Նա չգնաց, որովհետեւ այդ ժամանակ հազարաւոր այլ մարդիկ եւս տիֆից մահանում էին, եւ բարոյական պատասխանատւութիւնը թոյլ չտւեց զատւել նրանցից:

ԼԻԼԻԹ ԱՒԱԳԵԱՆ

 

1919 թ.-ին Արամ Մանուկեանը` Առաջին հանրապետութեան հիմնադիրներից մէկը, մահացաւ տիֆից, 39 տարեկանում: Նրան՝ որպէս երկրի ղեկավարի, առաջարկել էին բուժւել արտասահմանում: Նա չգնաց, որովհետեւ այդ ժամանակ հազարաւոր այլ մարդիկ եւս տիֆից մահանում էին, եւ բարոյական պատասխանատւութիւնը թոյլ չտւեց զատւել նրանցից:

Բարձր աշխատավարձ, առանձնատներ, սպասարկող մեքենաներ, պարգեւավճարներ, լրացուցիչ՝ 250000 դրամ՝ պատգամաւորներին՝ գրպանի ծախսերի համար, անվճար բուժհետազօտութիւն՝ պետութեան առաջին դէմքերի եւ նրանց ընտանիքների համար: Այս ամենը՝ յետպատերազմեան, աւելի ստոյգ՝ չաւարտւած պատերազմի մէջ գտնւող Հայաստանում:

Զոհւած, անհետ կորած, գերիներ ունեցող ընտանիքները, պատերազմից ուշքի չեկած հասարակութիւնը չպէտք է հարկեր մուծեն պետական բարձրաստիճան պաշտօնեաների կոմֆորտը, ձրի կեանքը ապահովելու համար: Հազիւ շնչող պետութեան միջոցներից նման ծախսերը դիակապտութեան պէս բան են: Պարզ լեզւով ձեւակերպենք՝ «Պետական պաշտօններ զբաղեցնող անձանց վարձատրութեան մասին» օրէնքի համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատավարձը 1256660 դրամ է, Ազգային ժողովի նախագահինը՝ 1190520 դրամ, ՀՀ նախագահինը՝ 1322800 դրամ:

Հայաստանի պայմաններում՝ ամենաբարձր վարձատրւող պաշտօններն են: Ուսուցիչը ստանում է 80-100 հազար դրամ: Իր միջոցներով գնում է դպրոց, բուժզննութիւն է անցնում, մուծում կոմունալ վարձերը, յոգում ընտանիքի կարիքները:

Մէկ միլիոն դրամից աւելի աշխատավարձ ստացող պաշտօնեաները նախատեսում են իրենց աշխատավարձը տնտեսել՝ անձնական կեանքի համար, իսկ ապրել, սնւել, ճամփորդել, բուժւել՝ քաղաքացիների հաշւին:

Հարկատուների հաշւին ապրող պաշտօնեան պարտաւոր է պատշաճ ծառայութիւն մատուցել հարկատուներին՝ պետութիւնը կառավարել խելամիտ: Պետութիւնը ցնցոտիների մէջ է, անպաշտպան, անորոշ ապագայով: Նման որակի ծառայութեան համար նման աշխատավարձ ու արտօնութիւններ ակնկալելը պարկեշտ չէ:

Զանազան արտօնութիւններ սահմանւում են՝ նախապէս գիտենալով, որ դա ծանր բարոյական հարւած է քաղաքացիներին: Ամէն անգամ բարոյական նշաձողի հերթական անկումը հասարակութիւնն ընդունում է զայրոյթով, սակայն իշխանութիւնները դա էլ են հաշւի առել՝ իրենց անկումը հասարակութեանը մատուցում են փոքր դոզաներով, որ հասցնենք յարմարւել:

Անձնական բարեկեցութեան, առողջութեան ու երջանկութեան մասին մտահոգւելը հազիւ շնչող Հայաստանում հնարաւոր է երկու դէպքում՝ կա՛մ այս իշխանութիւնն ուզում է արագ հեռանալ՝ զգալով, որ պետութեան կառավարումն իր խելքի բանը չէ, կա՛մ իր քաղաքացիներին չի յարգում: Առաջին տարբերակը բացառւում է, քանի որ դրա համար բարոյական այնպիսի նշաձող պիտի ունենաս, որը կը բացառէր երկրորդը:

Ունենք երկրորդ տարբերակը՝ քաղաքացիների կարծիքը իշխանութիւնների համար բարոյական զսպող ազդեցութիւն չունի: Ընտրութիւններից յետոյ իշխանութիւնը պարզեց, որ ընտրողների քաղաքական, ինքնապաշտպանական իմունիտետն ընկած է: Եւ որոշեց, որ իրեն կարող են թոյլ տալ ամէն ինչ:

Ինչպէս Ադրբեջանն է այսօր օգտւում թոյլ, պարտւած, բարեկամներ չունեցող Հայաստանից՝ պոկում է այն, ինչ հնարաւոր է, քանի որ լուրջ դիմադրութիւն չկայ: Այդպէս էլ Հայաստանի իշխանութիւնն է իր օրակարգն առաջ մղում՝ անձնական բարեկեցութիւնը կարեւորելով աւելի, քանի դա կարող է իրեն թոյլ տալ պարկեշտ մարդը:

Ինչպէս դուրս գալ այս վիճակից. Հայաստանի քաղաքական միտքը չունի այս հարցի պատասխանը: Հետեւաբար՝ իշխանութիւններն ու խորհրդարանական ընդդիմութիւնը բանավէճի նիւթ են դարձնում անձնական խնդիրները, հին հաշիւները: Ներքաղաքական դատարկ օրակարգն իշխանութիւնը լցնում է սեփական հեղինակութեան անկման տեսարաններով:

Սա վտանգաւոր միտում է, քանի որ ոչ բարոյական իշխանութիւններին քաղաքացիները արձագանքում են նոյն վարքով: Ունենում ենք իշխանութիւնների գործողութիւններն ու բարոյական անկումն ընդօրինակող քաղաքացիներ, հասարակութիւն: Պետութեան ղեկավարները սպառող են, օգտւում են իրենց դիրքից՝ հնարաւոր բոլոր եղանակներով, նոյնը կանի նաեւ քաղաքացին՝ արդէն իր հնարաւորութիւնների սահմանում:

Հասարակութեան տոտալ ապաբարոյականացումը ծանրագոյն հարւած ու կեանքի համար անբարենպաստ մթնոլորտ է բարոյական արժէքներ ունեցող մարդկանց համար, որոնք րոպէ առաջ կը փորձեն /փորձում են/ փախչել այս գրոտեսկային իրականութիւնից: Բարոյական արժէքներով ապրող քաղաքացիների կրիտիկական զանգւածը Հայաստանում քչանում է. նրանցից շատերը կամաւոր մեկնեցին ու զոհւեցին պատերազմում:

Գործող իշխանութիւնը ջանքեր է գործադրում ինչ-որ կերպ շրջել պատմութեան անիւը, «խաղաղութեան դարաշրջան» բացել հայ ժողովրդի համար, սակայն նման մանր-մունր ճարպկութիւններով, կեանքի հանդէպ սպառողական վերաբերմունքով դարաշրջանային մակարդակի որեւէ գործողութիւն անել հնարաւոր չէ: Ամենաշատը՝ խաղաղութեան ու բարեկեցութեան դարաշրջանի կարելի է հասնել անձնական, ընտանեկան մասշտաբով:

Պատերազմները յաղթում են, կամ պարտւած ժողովուրդները ոտքի են կանգնում՝ նախեւառաջ բարոյական գերբարձր չափանիշներ սահմանելով, երբ իւրաքանչիւրն իր անձնական երջանկութիւնը պատկերացնում է միայն հանրային երջանութեան պայմաններում: Հակառակ դէպքում՝ ունենում ենք ճարպիկ, խորամանկ, սպառող, սեփական շահը պետութեան, պետականութեան գաղափարից գերադասող հանրութիւն: Բայց ոչ պետութիւն…

 

Hetq.am

 

Յարակից լուրեր

  • Չափը, այնուամենայնիւ, նշանակութիւն ունի
    Չափը, այնուամենայնիւ, նշանակութիւն ունի

    Դեկտեմբերի 25-ին Արմաւիր քաղաքի աւագանու նիստում դրւած էր Մանուէլ Գրիգորեանին «պատւաւոր քաղաքացու» կոչումից զրկելու հարցը: Նիստի ընթացքում պարզւել է, որ Արմաւիրը, գեներալից բացի, այլ պատւաւոր քաղաքացիներ եւս ունի, որոնց «պատւաւոր» լինելը եւս վիճարկելի է՝ Սերժ Սարգսեան, Յովիկ Աբրահամեան եւ այլք: Հարցը ժամանակաւորապէս առկախւել է:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։