Հա

Քաղաքական

16/09/2021 - 11:35

Բողոքի ակցիա՝ ընդդէմ կեղծ ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների ոտնահարման

ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութիւնը նախաձեռնութեամբ սեպտեմբերի 15-ին՝ Ժողովրդավարութեան միջազգային օրը ԱՀ Արտաքին գործերի նախարարութեան շէնքի դիմաց կազմակերպել է բողոքի լուռ ակցիա՝ ընդդէմ կեղծ ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների ոտնահարման:

«alikonline.ir» - ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութիւնը նախաձեռնութեամբ սեպտեմբերի 15-ին՝ Ժողովրդավարութեան միջազգային օրը ԱՀ Արտաքին գործերի նախարարութեան շէնքի դիմաց կազմակերպել է բողոքի լուռ ակցիա՝ ընդդէմ կեղծ ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների ոտնահարման: Այս մասին տեղեկացնում է «Ապառաժ»-ը:

Ակցիայի մասնակիցները պարզել էին «Մարդու իրաւունքնե՞ր», «Չկայ արդարութիւն, չկայ խաղաղութիւն», «Ձեր լռութիւնը նոր ցեղասպանութիւն է», «Ո՞ւր է իմ ազատութիւնը, ո՞ւր են իմ իրաւունքները», «Կոյր մի՛ եղէք», «Որտե՞ղ է ձեր մարդասիրութիւնը» եւ այլ գրութիւններով պաստառներ:

«2007թ. ՄԱԿ-ի գլխաւոր ասամբելայի կողմից ընդունւած օրը խորհրդանշում է ժողովրդի ազատկամ արտայայտումը, մարդու իրաւունքներն ու ազատութիւնները: Սակայն 44-օրեայ պատերազմը, մեր ժողովրդի իրաւունքների եւ ազատութիւնների բացայայտ ոտնահարումը եւ այդ ամենի նկատմամբ շարունակւող անտարբերութիւնն ու լռութիւնը, մեզ թոյլ են տալիս ասելու, որ գործում են ժողովրդավարութեան երկակի չափանիշներ:

1988թ. սկսւած արցախեան շարժման յաղթանակով համայն հայութիւնը կարողացաւ դուռ բացել դէպի ազատութիւն՝ վերագտնելով Արցախի եւ Հայաստանի անկախութիւնը: Հայ ժողովուրդը հաւատալով միջազգային իրաւունքում ամրագրւած ազգերի ինքնորոշման, ազատ ապրելու իրաւունքներին հռչակեց իր անկախութիւնը՝ միջազգային բոլոր օրէնքներին համապատասխան, միջազգայնօրէն ընդունւած ձեւով՝ հանրաքւէի միջոցով:

Սակայն 30-ամեայ մեր պայքարում Արցախն ու արցախցին դուրս մնացին միջազգային հանրութեան ուշադրութեան կենտրոնից: Խիստ մարդասէր Եւրոպան աչք էր փակում տարիներ շարունակ ադրբեջանի կողմից իրականացւող անմարդկային արարքների վրայ: Չճանաչելով Արցախի անկախութիւնը միջազգային հանրութիւնը հող նախապատրաստեց Ադրբեջանի սանձարձակ գործողութիւնների համար: 2016թ.-ի քառօրեայ պատերազմի ընթացքում ադրբեջանի կողմից խաղաղ ժողովրդի խոշտանգումները, հայ զինւորների գլխատումները չդատապարտելը յանգեցրին 2021թ.-ին ադրբեջանի կողմից 44-օրեայ պատերազմի սանձազերծմանը:

Այդ պատերազմի ընթացքում դաժանաբար սպանւում էր մի ողջ ազգի կորիզ, բռնի տեղահանւում էին հազարաւոր արցախցիներ: Սակայն միջազգային հանրութիւնը լուռ էր: Կոչեր էին հնչում, բառեր էին ասւում բարձր ամբիոններից, կեղծ մարդասիրութեան քողի տակ: Միջազգային հանրութեան յանցաւոր լռութիւնն այսօր յանգեցրեց համամարդկային մեծ աղէտի՝ Արցախի տարածքների բռնազաւթման եւ բնակչութեան տեղահանման տեսքով:

ՀՅԴ ԱԵՄ-ը դատապարտում է միջազգային հանրութեան յանցաւոր ու մեղսակից լռութիւնը, վարւող ջայլամային քաղաքականութիւնը: Համամարդկային ամենաբարձր արժէքների ջատագովն ու քարոզիչ երկրները գայթակղւելով ադրբեջանական նաւթ ու գազով, ամէն օր վաճառում են իրենց իսկ որդեգրած սկբունքները: Դադարէ՛ք երկակի ստանդարտներ կրելը: Ամօ՛թ ձեզ՝ ձեր լռութեան համար»,- նախքան լուռ ակցիայի սկսելը ասել է ՀՅԴ ԱԵՄ-ի անդամ Լարիսա Ներսիսեանը:

ԱՀ Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշեց, որ այս ակցիան կարեւոր է այն առումով, որպէսզի աշխարհին եւս մէկ անգամ ահազանգենք, որ արցախում ապրող մարդը հաւատարիմ է մարդու իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեանը եւ, ի վերջոյ ժողովրդավարական երկրները պէտք է տէր կանգնեն արցախի ժողովրդի իրաւունքներին, որովհետեւ մարդու իրաւունքներն ու ազատութիւնը համընդհանուր է, անկախ նրանից, թէ մարդն աշխարհի որ կէտում է ապրում։ 

ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշեց, որ ակցիայի հիմնական հասցէատէրը միջագային հանրութիւնն է։

«Մեզ համար այդքան էլ տարօրինակ չէ միջազգային հանրութեան անտարբեր քաղաքականութիւնը։ Հայեացք նետելով մեր անցեալին, տեսնում ենք որ թէ՛ Համիդեան ջարդերը, թէ՛ Հայոց Ցեղասպանութիւնը, թէ՛ Շուշիի կոտորածը, թէ՛ Սումգայիթի ու Բաքւի ջարդերը, եւ թէ՛ արցախեան 3 պատերազմներում թուրքերի վայրագութիւնները իրականացւել է միջազգային հանրութեան աչքի առջեւ ու նրանց լուռ համաձայնութեամբ»,- ասել է Վահագն Խաչատրեանը։

Նրա կարծիքով՝ 2020թ․ 44-օրեայ պատերազմի ընթացքում աշխարհի կեղծ մարդասիրութիւնն ու հումանիզմը վերջնականապէս կնքեցին իրենց վախճանը։

«30 տարի առաջ Արցախը հռչակեց իր անկախութիւնը՝ ընտրելով ժողովրդավարութեան ուղին՝ հիմնւելով ազգերի ինքնորոշման իրաւունքի վրայ։ Սակայն աշխարհի կողմից այդ փաստի անտեսումը յանգեցրեց հետագայ բոլոր այն ոճրագործութիւններին, որոնք իրականացւել են Ադրբեջանի կողմից այս տարիների ընթացքում եւ որն իր դաժանութեան գագաթնակէտին հասաւ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից յետոյ»,- նշել է նա։

Նրա խօսքով այսօր, երբ հազարաւոր մեր հայրենակիցներ զրկւել են իրենց բնակավայրերից ու ունեցւածքից, խախտւել է հազարաւոր մարդկանց ապրելու իրաւունքը, դաժանաբար սպանւել են հազարաւոր երիտասարդներ, հազարաւոր երեխաներ զրկւել են իրենց ծնողներից, խախտւել է Արցախի տարածքային ամբողջականութիւնը, անիմաստ է խօսել ժողովրդավարութիւնից եւ մարդու իրաւունքներից։

«Մենք այսօր այստեղ ենք դատապարտելու աշխարհում գործող երկակի ստանդարտներն ու միջազգային հանրութեան յանցաւոր լռութիւնը»,- եզրափակել է նա։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։