Հա

Քաղաքական

18/09/2021 - 12:50

Արցախի անկախութեան 30-ամեայ ուղին

20-րդ դարավերջին Հայաստանի անկախութեան վերականգնումը եւ հայկական զոյգ հանրապետութիւնների (ՀՀ եւ ԼՂՀ) ստեղծումը շրջադարձային եղան մեր ժողովրդի պատմութեան մէջ։ 1980-ական թթ. երկրորդ կէսին, հաւատալով գորբաչովեան «վերակառուցման» քաղաքականութեանը, հայ ժողովուրդը փորձեց հասնել Արցախի ազատագրութեանը։ 

ԷԴԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

 

ԼՂՀ անկախութեան հռչակումը եւ պետականութեան ձեւաւորումը

20-րդ դարավերջին Հայաստանի անկախութեան վերականգնումը եւ հայկական զոյգ հանրապետութիւնների (ՀՀ եւ ԼՂՀ) ստեղծումը շրջադարձային եղան մեր ժողովրդի պատմութեան մէջ։ 1980-ական թթ. երկրորդ կէսին, հաւատալով գորբաչովեան «վերակառուցման» քաղաքականութեանը, հայ ժողովուրդը փորձեց հասնել Արցախի ազատագրութեանը։ Երկու տարւայ ծանր փորձութիւններից յետոյ, համոզւելով, որ ամբողջատիրական վարչակարգը եւ ժողովրդավարութիւնը անհամատեղելի են, համազգային պայքարը միաժամանակ ուղղւեց անկախ պետականութեան վերականգնմանը։ Յաղթահարելով բազմաթիւ դաւեր ու փորձութիւններ՝ հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականութիւնը։

Արցախի բնակչութիւնը շուրջ 70 տարի պայքարել էր ադրբեջանական իշխանութիւնների հայաւեր քաղաքականութեան դէմ։ 1988 թ․ փետրւարից սկիզբ առած արցախեան համաժողովրդական շարժմանը Ադրբեջանը հակադրեց բիրտ ուժ՝ դիմելով ցեղասպանական գործողութիւնների Սումգայիթում, Բաքւում եւ այլուր։ Սկսւեց բռնագաղթը Ադրբեջանի հայաբնակ վայրերից, որն ընթացաւ մի քանի փուլերով։

Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի շրջափակումը վատթարացրեց առանց այդ էլ ծանր իրադրութիւնը։ Սակայն այս ամէնը չընկճեց հայ ժողովրդին, որը որդեգրեց համազգային պայքարի ուղին։ Սոցիալ-տնտեսական ծանր կացութեան մէջ յայտնւած Հայաստանի Հանրապետութիւնն իր ունեցած բոլոր հնարաւոր միջոցներով օգնում էր Արցախին Ադրբեջանի դէմ մղւող ազատագրական պայքարում:

Ադրբեջանական իշխանութիւնները շարունակում էին զաւթել հայկական գիւղերը եւ բնակիչներին արտաքսել հայրենիքից:

1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական միլիցիայի` յատուկ նշանակութեան ջոկատները (ռուս.` ՕՄՕՆ) խորհրդային բանակի աջակցութեամբ բացայայտ պատերազմ սկսեցին Շահումեանի շրջանի եւ Գետաշէնի ենթաշրջանի հայ բնակչութեան դէմ:

1991 թ. մայիսին Ադրբեջանի կողմից հրահրւեց ղարաբաղա-ադրբեջանական պատերազմ: 1991 թ. յուլիսին Արցախում ստեղծւեցին ինքնապաշտպանութեան ընդյատակեայ կոմիտէ եւ ինքնապաշտպանական ուժերի շտաբ: Մարզի բոլոր շրջաններում ձեւաւորւեցին զինւած ջոկատներ, որոնք հետագայում համախմբւեցին մէկ միասնական հրամանատարութեան ներքոյ:

Երբ ակնյայտ դարձաւ ԽՍՀՄ փլուզման անխուսափելիութիւնը, 1991 թ. օգոստոսի 30-ին Բաքւում հրաւիրւած Ադրբեջանի Գերագոյն խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց Ադրբեջանական Հանրապետութեան անկախութեան վերականգնման մասին հռչակագիր: Հռչակագրում ասւում էր, որ Ադրբեջանի Հանրապետութիւնն ընդգրկելու է 1918-1920 թթ. մուսաւաթական Ադրբեջանի Հանրապետութեան սահմանները: Փաստօրէն, Բաքուն հրաժարւում էր Խորհրդային Ադրբեջանի իրաւայաջորդը լինելուց: Դա նշանակում էր, որ նրա կազմում չէին կարող լինել ո՛չ Նախիջեւանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը։ 1990 թ. ապրիլի 3-ից գործող «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութեան դուրս գալուն առնչւող հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրէնքով Խորհրդային Միութիւնից դուրս եկող հանրապետութեան սահմաններում գտնւող ինքնավար հանրապետութիւններին ու ինքնավար կազմաւորումներին եւ տւեալ տարածքում բնակչութեան մեծամասնութիւնը կազմող համահաւաք բնակւող ազգային խմբերին իրաւունք էր տրւում ինքնուրոյնաբար վճռելու իրենց պետական-իրաւական կարգավիճակի հարցը։ Հետեւաբար Լեռնային Ղարաբաղի հայութիւնն իրաւունք ունէր օրինական ճանապարհով անջատւելու Ադրբեջանից, մանաւանդ որ 1918-1920 թթ. Ղարաբաղը այդ պետութեանը մաս չէր կազմել: Բացի այդ՝ 1991 թ. հոկտեմբերի 18-ի անկախութեան մասին սահմանադրական ակտով Ադրբեջանը անվաւեր ճանաչեց Խորհրդային Միութեան գոյութեան շրջանում ընդունւած իրեն վերաբերող ակտերը: Դրանով իսկ Ադրբեջանը անվաւեր ճանաչեց նաեւ բոլոր ակտերը, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղին:

Առաջնորդւելով ԽՍՀՄ Սահմանադրութեամբ եւ նշւած օրէնքով` 1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հրաւիրւեց Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների համատեղ նստաշրջան: Ընդունւեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին»: Նախկին ԼՂԻՄ եւ Շահումեանի շրջանի տարածքում հռչակւեց անկախ հայկական պետութիւն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը (ԼՂՀ): Նրա տարածքում մինչեւ ԼՂՀ Սահմանադրութեան եւ օրէնքների ընդունումը գործելու էին ԽՍՀՄ Սահմանադրութիւնն ու օրէնսդրութիւնը:

Այսպիսով` Ադրբեջանի անկախութեան հռչակումից յետոյ ԼՂԻՄ-ը՝ որպէս ինքնավար կազմաւորում, եւ Շահումեանի շրջանը` իբրեւ ազգային փոքրամասնութեամբ համահաւաք բնակեցւած տարածք, մինչեւ ԽՍՀՄ-ի իրաւաբանական գոյութեան աւարտն իրականացրին իրենց պետաիրաւական կարգավիճակների որոշմանը նպատակաուղղւած, Խորհրդային Միութեան գործող օրէնսդրութեամբ սահմանւած իրաւական քայլեր: Հետեւաբար Ադրբեջանի յաւակնութիւնները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԽՍՀՄ օրէնսդրութեան շրջանակներում զուրկ են իրաւական հիմքերից: Միջազգային իրաւունքի տեսանկիւնից եւս նման հիմքեր գոյութիւն չունեն, քանի որ Ադրբեջանը, անկախութիւն հռչակելով, իրեն յայտարարել է 1918-1920 թթ. գոյութիւն ունեցած Ադրբեջանական Հանրապետութեան իրաւայաջորդը, որը չի ճանաչւել Ազգերի լիգայի կողմից այդ հանրապետութեան մէջ մտնող տարածքների սահմանների յստակ որոշման դժւարութեան պատճառով:

Ադրբեջանի յաւակնութիւնները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ զուրկ են նաեւ պատմական հիմքերից, քանի որ վերջինս անկախ Ադրբեջանի մաս երբեւէ չի եղել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումից անմիջապէս յետոյ Ադրբեջանի Գերագոյն խորհրդի նախագահութիւնն ընդունեց որոշում, որով տեղի ունեցածը համարեց դաւադրութիւն Ադրբեջանի ամբողջականութեան ու անկախութեան դէմ եւ հանրապետութեան ուժային գերատեսչութիւններին յանձնարարեց խափանել այդ հռչակագրի կենսագործման ցանկացած փորձ՝ պատասխանատւութեան ենթարկելով դրա հեղինակներին: Միաժամանակ հանրապետական կազմկոմիտէին յանձնարարւեց լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել ԼՂԻՄ-ի բնակչութեան զինաթափումն արագացնելու ուղղութեամբ: Այդ յանձնարարականները գործնականում անհնար էր կատարել, քանի որ մարզի մեծ մասը գտնւում էր հայկական ուժերի վերահսկողութեան ներքոյ։ Ադրբեջանը սաստկացրեց ռազմական գործողութիւնները Լեռնային Ղարաբաղում:

1991 թ. դեկտեմբերի 10-ին անցկացւեց հանրաքւէ, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը: Չնայած պատերազմական դժւարին կացութեանը, ԼՂՀ բնակչութեան` ձայնի իրաւունք ունեցողների 82%-ը մասնակցեց հանրաքւէին, իսկ քւէարկողների 99,8%-ը քւէարկեց անկախութեան օգտին:

1991 թ. դեկտեմբերի 28-ին կայացան Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի (հետագայում՝ Ազգային ժողով) պատգամաւորների ընտրութիւններ, որոնց ադրբեջանցիները չմասնակցեցին: 1992 թ. յունւարի 6-ին Ստեփանակերտում` նախկին մարզխորհրդի նիստերի դահլիճում, ընտրւած 51 պատգամաւորներից 48-ի մասնակցութեամբ (ճանապարհի փակ լինելու պատճառով 3 պատգամաւոր չէր հասել Ստեփանակերտ) եւ 80 դիտողների ու լրագրողների ներկայութեամբ տեղի ունեցաւ հանրապետութեան առաջին գումարման Գերագոյն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց «ԼՂՀ անկախութեան հռչակագիրը»։

Յունւարի 8-ին ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահ ընտրւեց 33-ամեայ պատմաբան Արթուր Մկրտչեանը: Ստեղծւեց ԼՂՀ Նախարարների խորհուրդ՝ Օլեգ Եսայեանի վարչապետութեամբ:

Մարտերի բովում կազմաւորւեց ԼՂՀ բանակը, որն ազատագրական պայքարում իրեն պսակեց յաղթանակների փառքով: Առաջնային համարւեց ղարաբաղեան հակամարտութեան գօտում խաղաղ բանակցութիւնների գործընթացը, որում որպէս միջնորդ կողմ ներգրաււեց Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւնը (ԵԱՀԿ): Բայց Ադրբեջանի իշխանութիւնները մերժում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի` քաղաքական մեթոդներով կարգաւորմանն ուղղւած ամէն մի առաջարկ: Աւելին՝ Թուրքիայի հովանաւորութեամբ ու աջակցութեամբ ադրբեջանցիներն իրենց ռազմական բազաներից սկսեցին անընդհատ ռմբակոծել Արցախի բնակավայրերը: Շրջափակումն ու շուրջօրեայ հրետակոծութիւններն աւերել ու կաթւածահար էին արել Արցախի տնտեսութիւնը: Առանց հակառակորդի ռազմական յենակէտերի ու կրակակէտերի ոչնչացման հնարաւոր չէր ապահովել բնակչութեան անվտանգութիւնը:

 

Արցախի ազատագրական մարտերը. Հայաստանի Հանրապետութեան ռազմաքաղաքական եւ դիվանագիտական աջակցութիւնը մարտնչող Արցախին

Կազմակերպչական լուրջ աշխատանքներ տանելուց յետոյ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը 1992 թ. յունւարից ձեռնամուխ եղան Ստեփանակերտի քաղաքամերձ ադրբեջանական կրակակէտերի ոչնչացմանը:

Զինւած ջոկատները համարւեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժեր եւ միաւորւեցին մէկ միասնական հրամանատարութեան ներքոյ: ԼՂՀ ԳԽ նախագահութեան 1992 թ. մարտի 4-ի նիստի որոշմամբ ինքնապաշտպանական ուժերի ընդհանուր հրամանատար նշանակւեց գնդապետ Արկադի Տէր-Թադէոսեանը (Կոմանդոս): Նոյն նիստի որոշմամբ ստեղծւեց ԼՂՀ պաշտպանութեան խորհուրդ՝ Արթուր Մկրտչեանի նախագահութեամբ: 1992 թ. մարտի 26-ին ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ստեղծւեց ԼՂՀ պաշտպանութեան կոմիտէ (ՊԿ): Հանրապետութեան ներքին կայունութիւնը պահպանելու նպատակով ԼՂՀ ԳԽ նախագահութիւնը որոշեց ՊԿ նախագահ նշանակել Սերժ Սարգսեանին:

1992 թ. մարտին վերջնականապէս ձեւաւորւեց ԼՂՀ գործադիր իշխանութիւնը: ԼՂՀ ԳԽ նախագահութիւնը գործադիր իշխանութեան կարեւորագոյն լիազօրութիւնները իրեն վերապահեց մինչեւ 1992 թ. օգոստոս (մինչեւ Պաշտպանութեան պետական կոմիտէի (ՊՊԿ) ստեղծումը): Սկսեց գրւել ազգային բանակի մարտական փայլուն կենսագրութիւնը, որի առաջին էջը դարձաւ Ստեփանակերտը շրջապատող կրակակէտերի ոչնչացումը։

 

Շուշիի ազատագրումը

1992 թ. մայիսի սկզբին ԼՂՀ մայրաքաղաքում եւ այլ բնակավայրերում դրութիւնն օրհասական էր: Անընդհատ ռմբակոծւող մայրաքաղաքը սովի եզրին էր: Քաղաքում չկար հեղուկ վառելիք, իսկ մայիսի 1-ից լրիւ անջատւել էր էլեկտրաէներգիան: Ստեփանակերտի եւ յարակից բնակավայրերի անվտանգութեան ապահովման համար Շուշին պէտք է ազատագրւէր: Գերխնդիր էր Շուշիի ազատագրմամբ ՀՀ-ի հետ ճանապարհային ուղիղ կապի ապահովումը:

1992 թ. մայիսի 4-ին որոշւեց իրագործել Շուշիի գրաւման «Հարսանիք լեռներում» գործողութիւնը: Ռազմական գործողութիւնները ղեկավարում էր գնդապետ Ա. Տէր-Թադէոսեանը, նրա կողքին էին գեներալ Գ. Դալիբալթայեանը, շտաբի պետ Ֆ. Գզօղլեանը եւ ուրիշներ:

Թշնամին ունէր 2300 զինեալ, իսկ գրոհող հայկական ուժերի թիւը հասնում էր 1700-ի: Շուշիի ազատագրման գործողութիւններին մասնակցում էր մօտ 60 ջոկատ: Մայիսի 8-ի գիշերը՝ 2-ն անց 30-ին, հրետանային կրակի ներքոյ բոլոր չորս ուղղութիւններով սկսւեց ընդհանուր գրոհը:

Մայիսի 8-ի կէսօրին Շուշիի պաշտպանութիւնը ճեղքւած էր հիւսիսից եւ արեւելքից: Ժամը 18-ին հայ ազատամարտիկներն ազատագրեցին քաղաքի կենտրոնը եւ ադրբեջանցիների հսկողութեան տակ թողեցին միայն հարաւային հատւածը: Մայիսի 9-ի կէսօրին մարտեր էին մղւում միայն յենակենտրոնի մօտ: Թշնամին խուճապահար դիմեց փախուստի: Երկու օրում թշնամու դիմադրութիւնը կոտրւեց: Շուշիի ազատագրմամբ եւ հակառակորդի միւս կրակակէտերի լռեցումով Ստեփանակերտը եւ յարակից բնակավայրերը շունչ առան:

Շուշիի ազատագրումից յետոյ ռազմական գործողութիւններն ընդունեցին ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային պատերազմի բնոյթ, իսկ ԼՂՀ անկախութիւնը դարձաւ ամբողջական ու անշրջելի:

Արցախի հինաւուրց մայրաքաղաքի ազատագրումն ամրապնդեց հայ ժողովրդի հաւատը յաղթանակի հանդէպ, բարոյահոգեբանական հարւած հասցրեց թշնամուն:

 

Պատերազմի յաղթական աւարտը

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առջեւ խնդիր դրւեց մի քանի օրւայ ընթացքում բացելու յոյժ կենսական կարեւորութիւն ունեցող Շուշի-Լաչին-Գորիս ճանապարհը, որը հնարաւորութիւն կը տար վերացնելու Արցախի շրջափակումը եւ ապահովելու հանրապետութեան բնակչութեան նորմալ կենսագործունէութիւնը: Հայ ազատամարտիկները մայիսի 15-ին ազատագրեցին Լիսագորը, իսկ մայիսի 17-ին՝ Բերդաձորի ենթաշրջանը:

Հետապնդելով խուճապահար հակառակորդին ու զարգացնելով ռազմական գործողութիւնները՝ ղարաբաղեան ուժերն առաջ շարժւեցին եւ մայիսի 18-ին մտան Լաչին: Դրանով ճեղքւեց շրջափակման օղակը, եւ Արցախը ցամաքային ճանապարհով միացաւ Հայաստանի Հանրապետութեանը: Բացւեց «կեանքի ճանապարհը», եւ Արցախը կապւեց մայր հայրենիքին: Այս յաղթանակները խթանեցին ԼՂՀ պաշտպանութեան բանակի կազմաւորման գործընթացը:

1992 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ազատագրւեցին Ասկերանի եւ Մարտունու մի շարք գիւղեր: 1993 թ. ապրիլին հայկական զօրքերն ազատագրեցին ռազմավարական նշանակութիւն ունեցող Քելբաջարի (Քարվաճառ) շրջանը, իսկ մայիս-յունիս ամիսներին՝ Մարտակերտի շրջանի գրաււած տարածքները: Ադրբեջանական Լաչին-Քելբաջար խմբաւորման ջախջախման շնորհիւ ապահովւեց անվտանգ երթեւեկութիւն «կեանքի ճանապարհով»:

1993 թ. առաջին կիսամեակի մարտական գործողութիւնների եզրափակիչ փուլը Մարտակերտ քաղաքի ազատագրումն էր: 1993 թ. յուլիսի 23-ին հայկական ուժերին յաջողւեց թշնամուն պարտութեան մատնել Աղդամի մօտ: Աղդամի խմբաւորման ջախջախումից յետոյ թշնամին ուժ ու միջոցներ կուտակեց Ֆիզուլիի (Դիզակ) եւ Ջաբրայիլի (Ջրակն) շրջաններում: Հակայարձակման անցնելով՝ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ջախջախեցին թշնամուն եւ գրաւեցին Ֆիզուլիի (օգոստոսի 22), Ջաբրայիլի (օգոստոսի 23), Կուբաթլուի (օգոստոսի 31) եւ Զանգելանի (Կովսական) (նոյեմբերի 1) շրջանները: Նոյն թւականի հոկտեմբերի 24-ին մի քանի ուղղութիւններով սկսւած յարձակման արդիւնքում ոչնչացւեցին Հորադիզի երկաթուղային հանգոյցի կրակակէտերը, եւ գրաււեց Հորադիզի շրջանը: 1993 թ. դեկտեմբերի կէսերին Ադրբեջանը լայնածաւալ յարձակում սկսեց ռազմաճակատի ողջ երկայնքով՝ փորձելով վերադարձնել կորցրած տարածքները, բեկում մտցնել պատերազմում:

Ադրբեջանական բանակը համալրւեց օտարերկրեայ ժամանակակից տեխնիկայով: Նրանց բանակի շարքերում կռւում էին աֆղան, թուրք, ուկրայինացի, չեչեն եւ հիւսիսկովկասցի այլ վարձկաններ:

Հաւաստի տւեալներով՝ Արցախում տեղաբաշխւել էին 1000-1500 վարձկաններ հիմնականում «Հեղբ ի էսլամի» խմբաւորումից: Վարձկանները գործել են Ֆիզուլիի, Ջաբրայիլի եւ Ալի Բայրամլիի շրջաններում: Նրանց շարքերում մեծ թիւ են կազմել «արաբ աֆղանները», որոնց մէջ է եղել հետագայում Չեչնիայում կռւող յայտնի ահաբեկիչ Խաթաբը: Վարձկանները ղեկավարել են խառը կազմ ունեցող զօրամիաւորումներ: Նրանց մէջ է եղել նաեւ չեչենական գումարտակը (հրամանատար՝ Շ. Բասաեւ), որը մտել է ադրբեջանական «Դ» խումբ կոչւող դիւերսիոն զօրամիաւորման մէջ: Ուկրայինայի վարձկանները յայտնի էին կրիւիչներ անունով: Վերսկսւեց Ռուսաստանից, Ուկրայինայից, Բելառուսից եւ ԱՊՀ այլ պետութիւններից ադրբեջանցի (ոչ միայն) կադրային սպաների` Ադրբեջան տեղափոխումը: Մեծ թւով սպաներ ու ռազմական հրահանգիչներ հրաւիրւեցին Թուրքիայից: 1993 թ. հոկտեմբերից մինչեւ 1994 թ. մայիսը անցկացւել էր չորս զինակոչ: Արտասահմանում գնւել էին մեծաքանակ ռազմական տեխնիկա եւ սպառազինութիւն: Ընդլայնւել էր ազգային զինւորական կադրերի պատրաստումը Թուրքիայի ռազմաուսումնական հաստատութիւններում: Սկսած 1993 թ. դեկտեմբերի 15-ից՝ ադրբեջանական զօրքերը յարձակումներ գործեցին Ֆիզուլիի, Մարտունու, Աղդամի, Մարտակերտի եւ Քելբաջարի ուղղութիւններով: Խախտելով Ռուսաստանի միջնորդութեամբ մինչ այդ հաստատւած տասնօրեայ երկկողմ զինադադարը՝ հակառակորդը մէկօրեայ հրետանային նախապատրաստութիւնից յետոյ՝ դեկտեմբերի 22-ին, տանկերի, հետեւակի եւ մարտական մեքենաների գործադրմամբ, 30 կմ ճակատային գծով վերսկսեց յարձակումը Ֆիզուլիի շրջանի ուղղութեամբ:

Ազատատենչ արցախցիները կարողացան կասեցնել հակառակորդի բոլոր յարձակումները եւ առանձին վայրերում հակայարձակման անցնելով՝ հսկողութեան տակ վերցնել նոր տարածքներ: Աւելի քան մէկամսեայ յամառ մարտերի ընթացքում հակառակորդը չկարողացաւ որեւէ յաջողութեան հասնել:

1993 թ. փետրւարի 18-ին Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի հիւսիսային մասի եւ Օմարի բարձրադիր լեռնանցքի ազատագրումով, ապահովւեց Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող պաշտպանական ուժերի թիկունքը: Աղդամի շրջանի եւ Միրբաշիրի (Թարթառի) ուղղութեամբ ձեռնարկւած լայնածաւալ գործողութիւնները կատարելապէս խուճապի մատնեցին ադրբեջանցիներին:

Ազատագրւեցին Մարտակերտի եւ Ասկերանի շրջանների բնակավայրերը: Շուրջ երեքամսեայ թէժ մարտերի ընթացքում թշնամին կորցրեց 5000-ից աւելի զինւոր եւ սպայ, 72 միաւոր տեխնիկա:

Չկարողանալով ռազմական ուժի օգնութեամբ իր օգտին լուծել ղարաբաղեան հիմնահարցը եւ հետագայ խայտառակութիւնից խուսափելու համար ադրբեջանական իշխանութիւնները հարկադրւած էին Ռուսաստանի միջնորդութեամբ եւ Մինսկի խմբի օգնութեամբ 1994 թ. մայիսին հրադադար խնդրել: Մայիսի 5-ին Բիշքեկում Ռուսաստանի, Ղրղզստանի եւ ԱՊՀ միջնորդական խորհրդաժողովի միջնորդութեամբ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանների ղեկավարները (Յ. Մամեդով, Կ. Բաբուրեան եւ Բ. Արարքցեան) ստորագրեցին արձանագրութիւն կրակի դադարեցման վերաբերեալ: Բիշքեկեան արձանագրութեանը Ադրբեջանը միացել է աւելի ուշ՝ մայիսի 8-ին: ՌԴ պաշտպանութեան նախարար, բանակի գեներալ Պաւէլ Գրաչովի միջնորդական ջանքերով ՀՀ եւ ԱՀ պաշտպանութեան նախարարները (Ս. Սարգսեան եւ Մ. Մամեդով) եւ ԼՂՀ պաշտպանութեան բանակի հրամանատար Ս. Բաբայեանը մայիսի 11-ին համաձայնագիր ստորագրեցին կրակը դադարեցնելու վերաբերեալ։

1994 թ. մայիսի 12-ին համաձայնագիրն ուժի մէջ մտաւ: Յաջորդ օրը ադրբեջանական բանակը խախտեց այն: Վերջապէս, մայիսի 16-ին Պաւէլ Գրաչովի նախաձեռնութեամբ ու առաջարկութեամբ ՀՀ պետնախարար Վ. Սարգսեանը, ՀՀ եւ ԱՀ պաշտպանութեան նախարարները եւ ԼՂՀ ՊԲ հրամանատարը Մոսկւայում համաձայնութեան եկան կրակի դադարեցման շուրջ, որին մէկ ամիս անց Ադրբեջանը տւեց իր համաձայնութիւնը:

Դադարեցւեցին ռազմական գործողութիւնները, եւ սկսւեց ԼՂՀ հակամարտութեան կարգաւորման բանակցային փուլը:

Պատերազմում զոհւեցին շուրջ 6500 ազատամարտիկներ:

Արցախեան ազատագրական պատերազմին մասնակցեց նաեւ սփիւռքահայութիւնը: Նրա օգնութիւնը դրսեւորւեց ռազմական, տնտեսական ու բարոյական առումներով:

Սփիւռքահայերը ոչ միայն մասնակցեցին ռազմական գործողութիւններին, այլեւ ծանրակշիռ ներդրում ունեցան զինւորական կադրերի պատրաստման, մարտական ջոկատների եւ պաշտպանական շրջանների ձեւաւորման գործում: Սփիւռքահայ քաջերի մի մասը՝ Վիգէն Զաքարեան, Մհեր Ջուլհաճեան, Մոնթէ Մելքոնեան, Կարօ Քահքեջեան եւ ուրիշներ, զոհւեց:

* * *

Տանուլ տալով պատերազմը եւ չկարողանալով շօշափելի յաջողութիւնների հասնել դիւանագիտական ասպարեզում՝ 1990-ական թթ. կէսերից սկսած, յատկապէս 2000-ական թթ. սկզբներին, Ադրբեջանը որդեգրեց նոր՝ դիպուկահարների եւ դիրքային պատերազմ, դիւերսիոն յարձակումներ, գիւղերի եւ առհասարակ խաղաղ բնակչութեան թիրախաւորում եւ այլն: Թէեւ նմանատիպ գործողութիւնները մշտապէս տեղի են ունեցել յետհրադադարեան պայմաններում, այնուամենայնիւ, 2014, 2015 եւ 2016 թթ. քանակական եւ նպատակադրումների առումներով դրանք ձեռք բերեցին որակապէս նոր բովանդակութիւն: Ռազմաշունչ հռետորաբանութեանը զուգահեռ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը պարբերաբար եւ հետեւողականօրէն քայլեր էր ձեռնարկում առաջնագծում իրադրութիւնն արհեստականօրէն սրելու ուղղութեամբ:

2015 թ. հակառակորդը գործողութեան մէջ դրեց հրետանի եւ զենիթային կայանքներ: 2016 թ. թշնամին որոշեց հարցը լուծել ռազմական ճանապարհով՝ խախտելով զինադադարը:

 

Քառօրեայ պատերազմը

Չնայած 1994 թ. հաստատւած զինադադարին՝ շուրջ 22 տարի ադրբեջանական կողմը մշտապէս խախտել է այն՝ պարբերաբար ռմբակոծելով արցախա-ադրբեջանական սահմանային հայկական դիրքերն ու հայ-ադրբեջանական սահմանամերձ գիւղերը կամ դիպուկահարների օգնութեամբ սպանելով հայ սահմանապահ զինւորներին ու խաղաղ բնակչութեանը: Այս ամենին հայկական կողմը շատ յաճախ պատասխանում էր պատժիչ գործողութիւններով:

Ադրբեջանի յանկարծակի, կայծակնային յարձակումը («բլիցկրիգը») տապալւեց: ՀՀ նախագահ, ԶՈՒ գերագոյն գլխաւոր հրամանատար Ս. Սարգսեանը ապրիլի 4-ին՝ ԵԱՀԿ անդամ պետութիւնների դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ, յստակօրէն մատնանշեց Թուրքիայի խիստ բացասական դերը Ադրբեջանի սանձազերծած պատերազմում: Նա նշեց, որ «Թուրքիան, որը յաճախ յիշեցնում է իր՝ Մինսկի խմբի անդամակցութեան մասին, հանդէս է գալիս տարածաշրջանում պատերազմ հրահրողի դիրքերից եւ բացայայտ քաջալերում է ադրբեջանական ղեկավարութեան արկածախնդիր քաղաքականութիւնը»:

Պաշտպանական բանակի հերոսամարտերի, Հայաստան-Արցախ-Սփիւռք ամուր եռամիութեան, հայ հասարակութեան համախմբման շնորհիւ հակառակորդը յուժկու հակահարւած ստացաւ եւ պարտադրւած գնաց զինադադարի. ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, նա առաջարկեց հրադադար ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով:

Արցախեան պատերազմի 2-րդ փուլում իր համախմբւածութեամբ, զինւորի ու բանակի կողքին կանգնելու հաստատակամութեամբ մեր ժողովուրդն ապացուցեց, որ կարողանում է համախմբւել առանց կոչի, զինւորագրւել ազգային կարեւոր խնդրի լուծման գործին, նեցուկ կանգնել հայոց պաշտպանական վահանին՝ հայկական բանակին:

 

«Դրօշակ», թիւ 9(1658), սեպտեմբեր, 2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։