Հա

Քաղաքական

19/09/2021 - 12:50

Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ

Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներին թէեւ վերջին 20 տարւայ ընթացքում մեզանում անդրադարձել են բազմիցս, բայց 2020 թ. 44-օրեայ պատերազմը, մեծ տէրութիւնների եւ ՀՀ հարեւան պետութիւնների, այդ թւում` Իրանի պաշտօնական յայտարարութիւնները եւ նրանց կողմից որդեգրւած դիրքորոշումները ստեղծել են որոշակի անհրաժեշտութիւն` վերանայելու Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ նշւած պետութիւնների, մասնաւորապէս Իրանի դիրքորոշումը՝ որը պայմանաւորւած էր նախկին պատերազմների ընթացքում եւ դրանց ակտիւ փուլերում (1992-1994 թթ. եւ 2016 թ. ապրիլ) ու առհասարակ 1992 թւականից մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատւածում արձանագրւած իրողութիւններով։

ԱՐՏԵՕՄ ՏՕՆՈՅԵԱՆ

 

Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումներին թէեւ վերջին 20 տարւայ ընթացքում մեզանում անդրադարձել են բազմիցս, բայց 2020 թ. 44-օրեայ պատերազմը, մեծ տէրութիւնների եւ ՀՀ հարեւան պետութիւնների, այդ թւում` Իրանի պաշտօնական յայտարարութիւնները եւ նրանց կողմից որդեգրւած դիրքորոշումները ստեղծել են որոշակի անհրաժեշտութիւն` վերանայելու Արցախեան հիմնախնդրի վերաբերեալ նշւած պետութիւնների, մասնաւորապէս Իրանի դիրքորոշումը՝ որը պայմանաւորւած էր նախկին պատերազմների ընթացքում եւ դրանց ակտիւ փուլերում (1992-1994 թթ. եւ 2016 թ. ապրիլ) ու առհասարակ 1992 թւականից մինչեւ 2020 թ. սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատւածում արձանագրւած իրողութիւններով։

 

Արցախեան առաջին պատերազմ

Արցախեան առաջին պատերազմի տարիներին Իրանը եղել է միջնորդական առաքելութիւն իրականացրած ամենաակտիւ պետութիւններից։ Լինելով աստւածապետական կառավարում եւ շիայադաւան մեծամասնութիւն ունեցող պետութիւն՝ Իրանը մեծ մասամբ կարողացել է գործնականում չէզոքութիւն պահպանել հակամարտող կողմերի միջեւ այն դէպքում, երբ Ադրբեջանի բնակչութեան մեծամասնութիւնը նոյնպէս իսլամի շիայական ուղղութեան հետեւորդ է, եւ ադրբեջանական իշխանութիւններն էլ, օգտւելով այդ հանգամանքից, պարբերաբար փորձել են կրօնական երանգաւորում տալու հակամարտութեանը եւ ջիհադի քողի տակ ստանալու մուսուլմանական աշխարհի, այդ թւում եւ` Իրանի աջակցութիւնը։ Թէեւ պաշտօնական Թեհրանը Արցախեան առաջին պատերազմի ժամանակ արել է առնւազն երեք յայտարարութիւն, որոնցում ձեւականօրէն պաշտպանել է Ադրբեջանի շահերը, սակայն այնպիսի գործնական աջակցութիւն, ինչպիսին ակնկալում էին Բաքւում եւ Անկարայում, եւ որը կարող էր որեւէ ազդեցութիւն ունենալ ռազմական գործողութիւնների եւ պատերազմի ելքի վրայ, չի ցուցաբերել։

Նշւած յայտարարութիւններից առաջինը ԻԻՀ փոխարտգործնախարարի՝ 1992 թ. օգոստոսին արած յայտարարութիւնն էր, որում նա նշել է. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է եւ պէտք է մնայ նրա գերիշխանութեան տակ։ Մենք երբեք չենք ընդունի, որ Ղարաբաղը միանայ Հայաստանին կամ էլ առանձին պետութիւն դառնայ։ Մենք ոչ մի պարագայում չենք ընդունի ո՛չ բանակցութիւնների, ո՛չ պատերազմի հետեւանքով եւ ո՛չ էլ ճնշման տակ կատարւած սահմանների փոփոխութիւնը թէ՛ Ադրբեջանում, թէ՛ Նախիջեւանում։ Դա մեր պետութեան եւ ժողովրդի, ինչպէս նաեւ Ադրբեջանի ժողովրդի ցանկութիւնն է»։

Երկրորդ յայտարարութիւնն արւել է ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի կողմից 1993 թ. յուլիսին Թաւրիզ քաղաքում. «Հայաստանի կառավարութիւնը եւ Ղարաբաղի հայերը ճնշում են տարածաշրջանի մահմեդականներին։ Դատապարտելով Հայաստանի աջակցութեամբ արցախահայերի վերջին գործողութիւնները՝ իրանահայութիւնից ակնկալում ենք նմանօրինակ վերաբերմունք»։ Կայ այդ ժամանակաշրջանով թւագրւող եւ Ալի Խամենէիին վերագրւող եւս մէկ յայտարարութիւն կամ կրօնական հրովարտակ՝ ֆաթւա, ինչպէս դա անւանեց այս տարւայ յուլիսի 23-ին Կովկասի մուսուլմանների վարչութեան նախագահ Ալլահշուքիւր Փաշազադէն, ըստ որի՝ «Ղարաբաղը իսլամական հող է»։ Թէեւ չկայ այդ յայտարարութիւնը հաստատող որեւէ տեսահոլովակ կամ այլ ապացոյց, սակայն այն բազմիցս շահարկւել է ինչպէս պաշտօնական Բաքւի, այնպէս էլ Իրանի պանթիւրքական տարբեր խմբաւորումների անդամների եւ պրոադրբեջանական տրամադրւածութիւն ունեցող հասարակական, քաղաքական ու կրօնական գործիչների կողմից եւ առ այսօր պաշտօնապէս չի հերքւել։

Երրորդ յայտարարութիւնն արւել է Իրանի ԱԳՆ-ի կողմից 1993 թ. օգոստոսի 12-ին. «Իրանն անտարբեր չի մնայ հայկական ուժերի կողմից ադրբեջանական տարածքների նկատմամբ ագրեսիայի շարունակման դէպքում, եւ իսլամական աշխարհը նոյնպէս թոյլ չի տայ, որ մի անկախ իսլամադաւան երկիր ենթարկւի ագրեսիայի»։

Բերւած երեք յայտարարութիւնները թէեւ պաշտօնապէս ի ցոյց են դնում Իրանի արտաքին ձեւական աջակցութիւնը Ադրբեջանին Արցախեան առաջին պատերազմի ժամանակ, սակայն գործնական աջակցութիւն իրանական կողմից Ադրբեջանին չի ցուցաբերւել։ Ադրբեջանում ակնկալում էին, որ Իրանը, հետեւելով Թուրքիայի օրինակին, ոչ միայն չի հաստատի դիւանագիտական յարաբերութիւններ Հայաստանի հետ, այլեւ կը մասնակցի Հայաստանի շրջափակմանը, ինչն այդպէս էլ տեղի չունեցաւ։ Ադրբեջանում կայ տարածւած մի տեսակէտ, որ Արցախեան առաջին պատերազմում ադրբեջանցիների կրած պարտութեան հիմնական մեղաւորների շարքում առաջինն Իրանն է, որը, չմասնակցելով Հայաստանի սահմանների շրջափակման ադրբեջանա-թուրքական ծրագրին, ապահովել է Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ՝ պատճառ դառնալով Ադրբեջանի պարտութեանը։ Արցախեան առաջին պատերազմի ժամանակ Իրանի՝ Ադրբեջանին գործնական աջակցութիւն չցուցաբերելու կարեւոր պատճառներից մէկը Բաքւում «Ազգային ճակատ»-ի` իշխանութեան գալն էր, որի առաջնորդը՝ Աբուլֆազ Էլչիբէյը, պանթուրանական գաղափարախօսութեան կրող էր, հանդէս էր գալիս բացայայտ հակաիրանական յայտարարութիւններով եւ կասկածի տակ էր դնում Իրանի տարածքային ամբողջականութիւնը՝ չթաքցնելով պատմական Ատրպատականի կամ, այսպէս կոչւած, «Հարաւային Ադրբեջանի» հանդէպ ունեցած իր պանթիւրքական նկրտումները։

 

2016 թ. Ապրիլեան պատերազմ

2016 թ. Ապրիլեան քառօրեայ պատերազմի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը շարունակել է պահպանել իր գործնական չէզոքութիւնը եւ ինչպէս առաջին պատերազմի, այնպէս էլ Ապրիլեան քառօրեայի ժամանակ փորձել է իրականացնել միջնորդական առաքելութիւն։ Պատերազմի երկրորդ օրը Իրանի խորհրդարանի անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան հարցերով յանձնաժողովում հրաւիրւել է արտահերթ նիստ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցով, որի աւարտից յետոյ ԻԻՀ ԱԳՆ գլխաւոր քարտուղարը յայտարարել է, որ Իրանը ԼՂ հակամարտութեան հարցում որդեգրում է անկողմնակալ դիրքորոշում։ Պատերազմի օրերին ինչպէս Ադրբեջանի, այնպէս էլ ՀՀ եւ ԱՀ նախագահների հետ հեռախօսազրոյց է ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, նաեւ երկու երկրների համապատասխան գերատեսչութիւնների ներկայացուցիչների հետ հեռախօսազրոյցներ են ունեցել ԻԻՀ արտաքին գործերի, պաշտպանութեան եւ ԶՈՒ աջակցման նախարարները՝ շեշտելով ռազմական գործողութիւնները դադարեցնելու եւ խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու կարեւորութիւնը։ 2016 թ. Ապրիլեան պատերազմի ժամանակ ԻԻՀ-ն պահպանել է չէզոքութիւն ոչ միայն գործնականում, այլեւ պաշտօնական յայտարարութիւնների մակարդակում՝ ի տարբերութիւն Արցախեան առաջին պատերազմի, որի ժամանակ թէեւ պահպանել էր գործնական չէզոքութիւն, սակայն պաշտօնական յայտարարութիւնների մակարդակում մի քանի անգամ որոշակիօրէն խախտել էր հաւասարակշռութիւնը եւ չէզոքութիւնը։

 

Արտաքին միջամտութիւն:

Պաշտօնական Թեհրանի ընդհանուր մօտեցումները հակամարտութեան համեմատաբար պասիւ եւ ոչ պատերազմական շրջաններում

Տարբեր ժամանակահատւածներում ԻԻՀ նախագահների եւ արտաքին գործերի նախարարների՝ Արցախեան հիմնախնդրի առնչութեամբ կատարած յայտարարութիւններում կարմիր թելի պէս անցել են հետեւեալ ցանկութիւնները, որոնց հիման վրայ էլ, ըստ էութեան, ձեւակերպւել է իրանական կողմի ընդհանուր դիրքորոշումը խնդրի վերաբերեալ.

- արդար լուծում,

- երկխօսութիւն,

- խաղաղ բանակցութիւններ,

- խնդրի լուծում միջազգային օրէնքների շրջանակներում,

- խնդրի լուծում բանակցային եղանակով,

- խաղաղութիւն եւ կայունութիւն տարածաշրջանում,

- միջնորդական առաքելութեան ստանձնում:

Ստորեւ կներկայացնենք մի քանի պաշտօնական յայտարարութիւններ, որոնցում ընդգծւում է վերը թւարկւած սկզբունքների կարեւորումը Իրանի կողմից.

«Պատրաստ ենք մեր բոլոր հնարաւորութիւններն օգտագործելու Ղարաբաղի հարցի արդար լուծման համար» (2001 թ., ԻԻՀ արտգործնախարար Քամալ Խարազի)։

«ԼՂ հակամարտութիւնը պէտք է լուծւի արդարութեան սկզբունքի հիման վրայ» (2011 թ. սեպտեմբեր, ԻԻՀ նախագահ Մ. Ահմադինեժադ):

«Թեհրանը շահագրգռւած է այդ հակամարտութեան` խաղաղ ճանապարհով կարգաւորմամբ միջազգային իրաւունքի շրջանակներում: Մենք միշտ ցանկացել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութեան յաջող աւարտ եւ հակամարտութեան` խաղաղ ճանապարհով կարգաւորում։ Իրանը` որպէս հարեւան երկիր, միշտ պատրաստ է դերակատարում ստանձնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործում» (2015 թ. փետրւար, ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆ)։

«Ադրբեջանը եւ Հայաստանը մեր գործընկերներն են, եւ մենք յուսով ենք, որ բանակցութիւնների ու քաղաքականութեան միջոցով Ղարաբաղի հարցում հնարաւոր կը լինի հասնել տեւական խաղաղութեան: Նման խաղաղութիւնը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Անկասկած, խաղաղութեան հասնելու համար գոյութիւն չունի ռազմական ճանապարհ: Եւ յուսով ենք, որ խնդիրը կը լուծւի միջազգային օրէնքների շրջանակներում՝ խաղաղ բանակցութիւնների միջոցով» (2016 թ. դեկտեմբեր, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի)։

Հակամարտութեան համեմատաբար պասիւ եւ ոչ պատերազմական շրջաններում հարցի առնչութեամբ իրանական դիրքորոշումը հնարաւոր է դուրս բերել նաեւ այն բացառումներից եւ անթոյլատրելի համարւած կէտերից, որոնք շեշտադրել են ԻԻՀ նախագահները, արտգործնախարարները եւ դիւանագէտները։

Դրանք են՝

- լարւածութեան բացառում,

- ցանկացած տեսակի ռազմական բախման բացառում,

- ռազմական ճանապարհով հարցի լուծման բացառում։

Օրինակ.

«Իրանը` իբրեւ միակ երկիր, որն ընդհանուր սահման ունի հակամարտութեան գօտու հետ, իր մտահոգութիւնն է յայտնում տարածաշրջանում լարւածութիւն եւ ցանկացած տեսակի բախում ստեղծելու կապակցութեամբ» (2012 թ. մարտ, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատուն)։

«Անկասկած, խաղաղութեան հասնելու համար գոյութիւն չունի ռազմական ճանապարհ» (2016 թ. դեկտեմբեր, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի):

Նշւած կէտերից բացի՝ յատկապէս վերջին տարիներին եղել է «պետութիւնների տարածքային ամբողջականութեան յարգում» սկզբունքի խնդիրը, որը կիրառւել է Իրանի մասնակցութեամբ տարածաշրջանային երկրների նախագահների եւ արտգործնախարարների եռակողմ (Իրան, Վրաստան, Ադրբեջան) կամ քառակողմ (Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան) հանդիպումների համատեղ յայտարարութիւնների տեքստերում եւ Ադրբեջանի Հանրապետութիւնում ԻԻՀ դեսպանների յայտարարութիւններում։

Նշւած տարիների ընթացքում ոչ մէկ անգամ բացայայտ ադրբեջանամէտ դիրքորոշումներ են արտայայտել Ատրպատականի խոշոր քաղաքների (Թաւրիզ, Արդաբիլ, Ուրմիա) ուրբաթօրեայ աղօթապետերը, Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի որոշ գեներալներ, Ադրբեջանում Իրանի դեսպաններ, որոնք չեն համարւել պաշտօնական Թեհրանի դիրքորոշում եւ յաճախ մեկնաբանւել են ու բացառւել որպէս պաշտօնական Իրանի դիրքորոշում ՀՀ-ում Իրանի դեսպանների կամ ռազմական կցորդների կողմից։

Ունենալով ընդհանուր առմամբ արտաքուստ բացասական բովանդակութիւն հայկական շահերի տեսանկիւնից, այնուամենայնիւ, ո՛չ այդ յայտարարութիւնները, ո՛չ անգամ ԻԻՀ մասնակցութեամբ Իսլամական համագործակցութեան կազմակերպութիւնում Արցախի խնդրով հակահայկական բանաձեւերի կամ յայտարարութիւնների ընդունումը չեն ազդել Իրանի՝ գործնական չէզոքութիւն պահպանելու եւ ՀՀ-ի հետ բարձր մակարդակի քաղաքական յարաբերութիւններ կառուցելու քաղաքականութեան վրայ:

 

2020 թ. 44-օրեայ պատերազմ եւ յետպատերազմական շրջան

Թէեւ Իրանը 2020 թ. 44-օրեայ պատերազմի առաջին փուլում ունեցել է համեմատաբար չէզոք դիրքորոշում, պաշտօնական յայտարարութիւններում անընդհատ շեշտել տարածաշրջանում ահաբեկիչների տեղակայման անթոյլատրելիութեան մասին, դարձեալ հանդէս եկել միջնորդական առաքելութիւն ստանձնելու առաջարկներով, սակայն երկրորդ փուլում՝ ադրբեջանական զօրքերի առաջխաղացմանը եւ իրավիճակի փոփոխութեանը զուգահեռ, վերանայել է կողմերի միջեւ չէզոքութեան եւ հաւասարակշռութեան պահպանման իր նախկին սկզբունքներն ու հաշւի նստել պատերազմի դաշտում տեղի ունեցող փոփոխութիւնների եւ դրանց հետեւանքով ձեւաւորւող նոր իրողութիւնների հետ։

Ի վերջոյ, 2020 թ. նոյեմբերի 3-ին ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին ձեւակերպել է ԻԻՀ վերանայւած դիրքորոշումը արցախեան հակամարտութեան առնչութեամբ եւ սահմանել հետեւեալ սկզբունքները.

- Ադրբեջանի գրաւեալ տարածքները պէտք է վերադարձւեն։

- Այդ տարածքի հայերի անվտանգութիւնը պէտք է ապահովւի։

- Երկու կողմերն էլ չպէտք է թիրախաւորեն պետութիւնների միջազգայնօրէն ճանաչւած սահմանները։

- Եթէ ահաբեկիչները մօտենան Իրանի սահմաններին, կտրուկ գործողութիւնների կը հանդիպեն։

Պատերազմի աւարտից յետոյ՝ 2021 թ. յունւարի 25-ին, ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը շնորհաւորել է Ադրբեջանի կառավարութեանն ու ժողովրդին` «վերջին յաղթանակների կապակցութեամբ», իսկ յուլիսի 15-ին Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհաւորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ «բռնազաւթւած տարածքների ազատագրման, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանութեան վերականգնման եւ պետական սահմանների վերահսկողութեան հաստատման կապակցութեամբ»։

Ամփոփելով պէտք է նշել, որ 2020 թ. 44-օրեայ պատերազմում հայկական կողմի անյաջողութիւններին եւ իրավիճակի փոփոխութեանը զուգահեռ տեղի է ունեցել նաեւ արցախեան հակամարտութեան առնչութեամբ իրանական պաշտօնական դիրքորոշումների եւ մինչ այդ օգտագործված եզրաբանութեան, բառերի ու արտայայտութիւնների յստակ փոփոխութիւն, որը հաստատւել է նաեւ պատերազմից ամիսներ անց երկրի նախկին արտգործնախարարի եւ նորընտիր նախագահի՝ Ադրբեջանի նախագահին, կառավարութեանը եւ ժողովրդին ուղղւած շնորհաւորանքներով, դրանցում կիրառւած տերմիններով եւ արտայայտութիւններով։

 

«Դրօշակ», թիւ 9 (1658), սեպտեմբեր, 2021 թ.

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։