Հա

Քաղաքական

20/09/2021 - 13:10

«Թուրքիան, օգտագործելով Ադրբեջանին, փորձում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրայ՝ նոր զիջումներ կորզելու համար». Ռուբէն Սաֆրաստեան

«Հետք»-ի հարցազրոյցը ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի հետ:

«alikonline.ir» - «Հետք»-ի հարցազրոյցը ակադեմիկոս, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանի հետ:

 

- Պարոն Սաֆրաստեան, Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, որոնք իրենք կը գնահատեն եւ դրականին դրականով կպատասխանեն: Ի տարբերութիւն սրա՝ պոլսահայ որոշ քաղաքական-հասարակական շրջանակներ չեն տեսնում նման ազդակներ, հակառակը՝ նշում են, որ Թուրքիայի նպատակը Հայաստանին ծնկի բերելն է: Դուք վստահաբար հետեւում էք Թուրքիայի տրամադրութիւններին: Ինչպիսի՞ն է այդ երկրի իրական դիրքորոշումը Հայաստանի հանդէպ:

- Կարծում եմ՝ իրական դիրքորոշումը խորապէս տարբերւում է այն հռետորաբանութիւնից, որ վերջին ժամանակներս լսում ենք Թուրքիայից: Թերեւս նմանատիպ հռետորաբանութիւն արդէն լսել ենք տասնեակ տարիներ: Իսկ դա հետեւեալն է՝ Թուրքիան պատրաստ է կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ, բայց իրական քաղաքականութիւնը դրանից տարբերւում է այն առումով, որ Թուրքիան շարունակում է հաւատարիմ մնալ իր նախապայմանների քաղաքականութեանը եւ նոյնիսկ ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրայ:

Իմ գնահատմամբ՝ ոչ մի իրական դրական քայլ չի արւել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու ուղղութեամբ, իսկ մինչեւ այդ դրական քայլը չլինի, յոյս ունենալ, թէ Թուրքիան փոխել է քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ, կարծում եմ՝ իմաստ չունի:

 

- Երբ 2009 թւականի Սարգսեան-Գիւլ ֆուտբոլային դիւանագիտութիւնը ձախողւեց, նոյն թուրք փորձագէտների մի մասը պնդում էր, որ դրանում իր դերակատարումն է ունեցել այն ժամանակւայ վարչապետ Էրդողանը: Այն ժամանակ Թուրքիան նախապայմաններ առաջադրեց Արցախի հարցում: Հիմա, երբ իրավիճակը փոխւել է, Թուրքիան էլի պայմաններից է խօսում, մասնաւորապէս՝ տարածքային ամբողջականութիւն ճանաչելուց: Կարո՞ղ ենք յստակ արձանագրել, որ Թուրքիան գոնէ Էրդողանի օրօք միշտ էլ նախապայմաններ է առաջադրելու Հայաստանին:

- Թուրքիան երեք նախապայման է առաջադրել Հայաստանին եւ դա արել է սրանից տասնեակ տարիներ առաջ: Բացի Արցախի խնդրից, որ Հայաստանը դադարի պաշտպանել Արցախի Հանրապետութեան իրաւունքները, կարեւոր երկու նախապայման են Թուրքիայի համար այն, որ Հայաստանը հրաժարւի Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման քաղաքականութիւն վարելուց, երկրորդ՝ Հայաստանը պաշտօնապէս յայտարարի, որ ճանաչում է Կարսի պայմանագիրը, այսինքն՝ ժամանակակից Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները: Այսինքն՝ երեք նախապայման, որոնք տասնեակ տարիներ առաջադրւած են եղել Թուրքիայի կողմից, մինչեւ հիմա մնում են ուժի մէջ:

Պատահական չնշեցի, որ Թուրքիան, փաստօրէն, արցախեան այս երկրորդ պատերազմը հրահրելով, մասնակցելով, սպաներ, վարձկաններ, զէնք-զինամթերք ուղարկելով ադրբեջանական բանակ եւ ղեկավարելով գործողութիւնները, փոխեց քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ՝ դարձնելով աւելի թշնամական: Պատերազմից յետոյ տեսնում ենք, որ Թուրքիան շարունակում է կոշտ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ՝ անընդհատ տեղի են ունենում զօրավարժութիւններ, հրահրում է Ադրբեջանի կողմից գործողութիւնները, սադրանքները, այսինքն՝ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ եւ օգտագործելով Ադրբեջանին՝ փորձում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրայ՝ նոր զիջումներ կորզելու համար:

 

- Երբ Էրդողանը խօսում է տարածքային ամբողջականութիւնից, դա միայն իրե՞ն է վերաբերում, մասնաւորապէս՝ Կարսի պայմանագիրը ճանաչելուն ու Ցեղասպանութեան հարցում պահանջատիրութիւնից հրաժարաւելուն, թէ՞ նաեւ Ադրբեջանին՝ Արցախի կարգավիճակից հրաժարւելուն:

- Իհարկէ, դա վերաբերում է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելուն: Պատահական չէ, որ Էրդողանի յայատարարութիւնից յետոյ Թուրքիայի արտգործնախարար Չաւուշօղլուն յայտարարութեամբ հանդէս եկաւ, որտեղ պահանջեց, որ Հայաստանը հրաժարւի հարեւան երկրների նկատմամբ տարածքային պահանջներ ունենալուց: Նա չնշեց Թուրքիայի նկատմամբ, այլ հարեւան երկրների, նկատի ունէր նաեւ Ադրբեջանը՝ Արցախի հիմնահարցը, այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, Արցախի Հանրապետութիւնը եւ այլն: Թուրքիան, փաստօրէն, համարում է, որ մենք պաշտպանում ենք Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետութեան իրաւունքները, եւ դա համարում տարածքային ոտնձգութիւն Ադրբեջանի դէմ: Դա այն դիրքորոշումն է, որը 100 տոկոսով համընկնում է Ադրբեջանի դիրքորոշման հետ:

 

- Ըստ Ձեզ՝ նոր պատերազմի հաւանականութիւն կա՞յ:

- Կարծում եմ՝ միշտ պէտք է հաշւի առնենք պատերազմի հաւանականութիւնը, պէտք է պատրաստ լինենք, մանաւանդ, որ ունենք այնպիսի հարեւաններ, ինչպիսիք Թուրքիան եւ Ադրբեջանն են: Եթէ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատենք, կարծում եմ՝ կոնկրետ այս պահին անմիջական պատերազմի վտանգ չկայ, սակայն ինչպէս ասացի, միշտ պէտք է պատրաստ լինենք դրան: Եւ դա չի նշանակում, թէ մօտ ապագայում այդ վտանգը չի դառնայ 100-տոկոսանոց իրական: Դրա համար էլի ասում եմ, որ վերականգնենք մեր զինւած ուժերը, մեր անվտանգային համակարգը, մեր հեղինակութիւնը միջազգային թատերաբեմում, աւելի ակտիւ, թիրախաւորւած արտաքին քաղաքականութիւն վարենք, ամէն րոպէն պէտք է օգտագործենք, որ վերացնենք այն բացասական հետեւանքները, որ թողել է արցախեան վերջին պատերազմը: Այդ ուղղութեամբ պէտք է շատ լուրջ աշխատել:

 

- Այլ ոչ թէ խօսենք խաղաղասիրութիւնից, որ պարբերաբար կրկնում են իշխանութիւնները:

- Տասնեակ տարիներ ուսումնասիրելով Թուրքիայի քաղաքականութիւնը՝ կարող եմ ասել, որ դա հռետորաբանութիւն է, որը նպատակ ունի, այսպէս ասած, մոլորութեան մէջ գցել աշխարհին: Թուրքական դիւանագիտութիւնը հէնց դրանով էլ աչքի է ընկնում՝ մի բան ասում է, հակառակ բանն անում է: Այնպէս որ, սա եւրոպական երկիր չէ, սա Թուրքիան է: Մենք միշտ պէտք է հաշւի առնենք դա:

 

- Թւում է, թէ ներկայ իրավիճակում ԱԳՆ-ն առաւել քան երբեւէ ունի մասնագիտական խորհրդատւութեան կարիք թուրքագէտների կողմից: Շփումներ եղե՞լ են արեւալեգէտների հետ պատերազմից յետոյ:

- Պատերազմից առաջ եղել են, պատերազմից յետոյ արդէն Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն չէի եւ չեմ կարող ասել՝ մեր ինստիտուտի հետ եղել են, թէ ոչ: Բայց, կարծում եմ, ԱԳՆ նոր ղեկավարութիւնը եկել է, որ որոշ ժամանակ խորամուխ լինի գործերում, շփումներ կը լինեն:

 

- Իսկ անձամբ Ձեզ հետ՝ որպէս թուրքագէտի, եղե՞լ են շփումներ պատերազմից յետոյ:

- Արտգործնախարարութիւնից չեն եղել, բայց անվտանգութեան խորհրդից եղել են:

 

- Եթէ հրապարակաւ մի քանի կարճ խորհուրդ տալու լինէիք, ի՞նչ կասէիք ՀՀ իշխանութիւններին այս թեմայի շուրջ:

- Պէտք է փորձենք հաշւի առնել մի քանի կարեւոր հանգամանք եւ աշխատել դրանց վրայ:

Առաջին՝ տասնամեակների փորձից ելնելով, ոչ միայն ուսումնասիրել եմ Թուրքիան, այլեւ շփւել եմ թուրքական վերնախաւի ամենատարբեր ներկայացուցիչների հետ, համոզւած եմ, որ այն, այսպէս ասած, դրական, խաղաղասէր հռետորաբանութիւնը, որ ժամանակ առ ժամանակ կիրառում է Թուրքիան, զուտ հռետորաբանութիւն է, դա պէտք չէ լուրջ ընդունել:

Երկրորդ՝ ընդհանրապէս մեր քաղաքականութիւնը ոչ միայն Թուրքիայի, Ադրբեջանի նկատմամբ, այլեւ գլոբալ առումով պէտք է ենթարկւի փոփոխութեան: Մեր քաղաքականութիւնը պէտք է հիմնւած լինի այն արժէքների վրայ, որոնք մեր ժողովուրդը ստեղծել է հազարամեակների ընթացքում, եւ դրանք մաս են կազմում համաշխարհային քաղաքակրթութեան, այն արժէքների, որոնք հայկական քաղաքակրթութիւնն է ստեղծել: Պարզ ձեւակերպելով դա՝ մենք պէտք է ճանաչելի լինենք աշխարհի համար, պէտք է տարբերւենք այլ երկրներից: Դրա համար ունենք համապատասխան նախադրեալներ:

Արտաքին քաղաքականութեան այս մօտեցումը, որ հիմնւած կը լինի արժէքների վրայ, իհարկէ, պահպանելով ազգային շահերը, դիւանագիտական այլ միջոցներ, այսինքն՝ ինքնութեան վրայ հիմնւած արտաքին քաղաքականութիւնը, վերջին շրջանում սկսել է տեսական հետազօտութիւնների թեմա դառնալ: Սա նոր ուղղութիւն է միջազգային յարաբերութիւնների տեսութեան մէջ, եւ մենք այն երկիրն ենք, այն ժողովուրդն ենք, որը կարող է այդպիսի քաղաքականութիւն անցկացնել:

Բացի դրանից, կարծում եմ, մեր արտաքին քաղաքականութիւնը պէտք է հնարաւորինս կարողանայ օգտւել այն հնարաւորութիւններից, որ մեզ տալիս է ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ, եւ ըստ իս, այստեղ կան հնարաւորութիւններ աւելի լաւ օգտւելու: Միւս կողմից՝ պէտք է աւելի բազմաբնոյթ, բազմազան ուղղութիւններով վարենք արտաքին քաղաքականութիւնը, աւելի խորացնենք մեր համագործակցութիւնն աշխարհի տարբեր երկրների հետ՝ լինեն արեւմտեան, թէ արեւելեան, մասնաւորապէս՝ մեզ համար լաւ հնարաւորութիւններ են բացւում համագործակցութիւնը խորացնելու Հնդկաստանի հետ: Պակիստանն ակնյայտօրէն արդէն հանդէս է գալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակից: Սա շատ կարեւոր հանգամանք է, որ կարողանանք Հնդկաստանի նման կարեւոր երկիրը դարձնենք մեր դաշնակից: Էլ չեմ ասում Չինաստանի հետ յարաբերութիւնների մասին: Եթէ որոշ առումով Չինաստանի հետ յարաբերութիւնները զարգացրել ենք, եւ այդ ուղղութեամբ աշխատանքներ են տարւում, ապա Հնդկաստանը լրիւ նոր ուղղութիւն է մեր արտաքին քաղաքականութեան համար:

Այսինքն՝ սկզբունքօրէն պէտք է փոխել մեր արտաքին քաղաքականութիւնը՝ արժէքային դարձնելով, այն ուղղութիւնները, որոնք մինչ այս ունէինք, աւելի խորացնել եւ նոր ուղղութիւններ բացել մեր արտաքին քաղաքականութեան համար:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։