Հա

Քաղաքական

21/09/2021 - 09:55

«Սեպտեմբեր 27-ից ի վեր, ինչ յայտարարւում է թշնամու կողմից, ցաւօք սրտի, իրականութիւն է դուրս գալիս». Հրաչ Վարժապետեան

Գորիս-Կապան ճանապարհով իրենց աւտոմեքենայով ընթացող երկու հայ երիտասարդին ադրբեջանցիների գերեվարելը, եւ ՀՀ անվտանգութեան մարմինների կողմից դրա մեղքը հէնց երիտասարդների վրայ բարդելը Փաշինեանի ընդհանուր քաղաքականութեան մէկ բաժինն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը։

«alikonline.ir» - Գորիս-Կապան ճանապարհով իրենց աւտոմեքենայով ընթացող երկու հայ երիտասարդին ադրբեջանցիների գերեվարելը, եւ ՀՀ անվտանգութեան մարմինների կողմից դրա մեղքը հէնց երիտասարդների վրայ բարդելը Փաշինեանի ընդհանուր քաղաքականութեան մէկ բաժինն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը։

«Այս բոլորը պէտք է գնալ՝ նոյեմբերի 9-ի անձնատւական ստորագրութեան եւ անձնատւական քաղաքականութեան մէջ դիտել. ամբողջ փաթեթ է, որ կը գնայ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների մէջ։ Այս ամբողջ պարունակին մէջ կը դիտեմ նաեւ այդ ճանապարհային միջադէպերը. անշուշտ որ ցաւալի, ընդվզեցնող միջադէպեր են, իշխանութեան այս քաղաքականութիւնը, բնական է, որ անընդունելի է, բայց ինձ աւելի մտահոգող բաժինը գտնւում է մեր ժողովրդի մօտ․ ես զարմանում եմ, թէ ինչպէս մեր ժողովուրդը՝ ոչ միայն Հայաստանի, այլեւ ընդհանրապէս աշխարհով մէկ, չի ընդվզում, չի փոթորկում եւ դուրս չի գալիս՝ մերժելու այս ընթացքը, որ կարող է աւելի վատ վիճակի հասցնել մեր ժողովրդին»,- ասաց Հրաչ Վարժապետեանը։

Նա գործնական բացատրութիւն դժւարանում է գտնել ՀՀ իշխանութիւնների այս կեցւածքի համար, ասում է՝ կընդվզես, կը զարմանաս, բայց բացատրութիւն չկայ, որովհետեւ որեւէ առումով հնարաւոր չէ արդարացնել նման քայլը հայկական կողմից։

Այսօր իսկ խօսւում է Թուրքիայի հետ բացայայտ յարաբերութիւնների մասին, նշեց Հրաչ Վարժապետեանը, արդէն ՀՀ իշխանութիւնների կողմից «միջանցքների» մասին է խօսւում, եւ ոչ թէ միայն «մէկ միջանցքի»։

«Ո՞ւր կարող է հասնել այս քաղաքականութիւնը. այսուհետեւ մեր պետութեան պետականութեան եւ ազգային անվտանգութեան խնդիրն է, պետականութիւն կորցնելու, հայրենիքի սահմանների հետ երբ սեփական իշխանութիւնը վերաբերւում է այս տրամաբանութեամբ, նշանակում է պետականութեան կորցնելու խնդիր կայ»,- ասաց նա։

Հրաչ Վարժապետեանի համար ցաւալի է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանից ենք լսում, որ Նիկոլ Փաշինեանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպում է խնդրել, նա էլ պայման է դրել որ Սիւնքիով միջանցքը պէտք է տայ՝ նոր։

«Ցաւալի է, որ այս ամէնը լսում ենք թշնամու բերանից, եւ, ցաւօք, ապատեղեկատւութիւն չէ։ Սեպտեմբեր 27-ից ի վեր, ինչ յայտարարւում է թշնամու կողմից, ցաւօք սրտի, իրականութիւն է դուրս գալիս։ Փոխարէնը, հայկական իշխանութիւնների եւ նրանց արբանեակների կողմից անմիջապէս փորձում են յայտարարել հակառակը. այսօր (սեպտեմբերի 20-ին, Խմբ.) իսկ Մանէ Գէորգեանը յայտարարեց, որ այդպիսի բան գոյութիւն չունի, բայց այս ամէնը մեր ժողովրդին յիմարի տեղ դնելու փորձ է, որն անընդունելի է։ Եւ այստեղ է, որ Թուրքիայի նախագահը երբ բացայայտօրէն յայտարարում է, որ առաջարկ է եղել Նիկոլ Փաշինեանի կողմից, որ տեղի ունենայ հանդիպում եւ դիմացը Մանէ Գէորգեանը հակառակն է փորձում ասել, ինձ ցաւ է պատճառում, ցանկացած հայի ցաւ է պատճառում իմանալ, որ, ցաւօք սրտի, թշնամու յայտարարութիւնն էր ճիշտը եւ ոչ թէ մերը։ Սա իրապէս ցաւեցնող իրականութիւն է, որի առաջը միայն կարող են առնել ՀՀ իշխանութիւնները»,- ասաց Հրաչ Վարժապետեանը։

Նա այս ամէնը իրապէս տարօրինակ քաղաքականութիւն որակեց, որ կը շարունակեն ՀՀ իշխանութիւնները, որի արդիւնքը շատ վատ կարող է լինել։

Ամբողջ հայ ժողովուրդը, կարծես, չի տեսնում պետութիւն կորցնելու վտանգը, նշեց նա, կարծես թմբիրի մէջ է. վերազարթնելու անհրաժեշտութիւն կայ։

Նա վստահեցրեց՝ եթէ բանը հասնի նրան, որ Թուրքիայի նախագահը բացայայտօրէն պահանջի հրաժարւել Ցեղասպանութեան հարցի հետապնդումից, իսկ ՀՀ իշխանութիւնները համաձայնեն, առնւազն Սփիւռքը չի լռելու։

Հրաչ Վարժապետեանը նաեւ մտահոգութիւն յայտնեց, որ Փաշինեանի մասնատող քաղաքականութիւնը ազդում է նաեւ Սփիւռքի կառոյցների վրայ, ինչպէս նաեւ դժւարացնում է նրանց աշխատանքը պետական մարմիններից հայանպաստ որեւէ քայլ պահանջելու հարցում, որովհետեւ պետական մարմիններն անմիջապէս հակադարձում են, որ Հայաստանի իշխանութիւններն այլ քաղաքականութիւն են առաջ տանում։

 

Աննա Բալեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։