Հա

Քաղաքական

22/09/2021 - 10:00

Սպասողական հայեացքը՝ դէպի կնքահայր Էրդողանը

Փաշինեանական իշխանութիւնն ուղիղ այս օրերին՝ անկախութեան 30-ամեակի յոբելեանական փուլում, դարաւոր թշնամու հետ մութ, գաղտնի եւ դաւաճանական գործարքների մէջ է, ինչի արդիւնքում արեամբ ներկւած հայրենիքն օրէցօր մասնատւում եւ յանձնւում է թշնամուն:

ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆ

 

Հայաստանի Հանրապետութիւնն երէկ՝ սեպտեմբերի 21-ին, նշեց Անկախութեան տօնը:

30 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին՝ ընտրելով ապրելու եւ արարելու` անկախութեան ուղին:

Հանրապետութեան հրապարակում 1991 թ. սեպտեմբերի 21-ին տօն էր, ինքնաբուխ, համաժողովրդական տօն, որին հայ ժողովուրդը երկար էր սպասել:

«Ոչ մի կասկած չունեմ, որ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կարտայայտի իր վաղուց հասունացած կարծիքն ու վճռականութիւնը՝ ասելով «Այո՛»: Երեւի պատմութեան ընթացքում ոչ մի խնդրի նկատմամբ մեր ժողովուրդն այդ չափով միասնական ու միաձոյլ չի եղել: Բոլորս գիտենք, որ անկախ կեանքի ճանապարհին կարող են լինել դժւարութիւններ, բայց համոզւած եմ, որ մեր միասնականութեան ուժով դրանք կը յաղթահարւեն: Առանց տատանւելու եւ միասնաբար մօտենանք քւէատուփերին եւ ասենք՝ «Այո՛»: Ցանկանում եմ մեր ժողովրդիւն միասնութիւն, միասնութիւն եւ վերստին միասնութիւն». ՀՀ ԳԱԱ նախագահ, ականաւոր գիտնական Վիկտոր Համբարձումեանի այս պատգամը, ցաւօք, հիմնովին անտեսւած է այսօր՝ անկախութեան 30-ամեայ պատմական յոբելեանին:

ՀՀ գաւառամիտ, հողի ու հայրենիքի, հայոց ազգային արժէքների ու դարաւոր աւանդոյթների հետ ընդհանուր աղերս գրեթէ չունեցող, այլասերւած բարքերի տէր ու դրանց անխնայ քարոզիչ իշխանութիւնները նաեւ անդառնալի կերպով պառակտել են հայ ժողովրդին՝ բաժանելով սեւերի ու սպիտակների, հների ու նորերի, նախկինների ու ներկաների եւ այլ արհեստածին ճամբարների ու թեւերի:

Փաշինեանական իշխանութիւնն ուղիղ այս օրերին՝ անկախութեան 30-ամեակի յոբելեանական փուլում, դարաւոր թշնամու հետ մութ, գաղտնի եւ դաւաճանական գործարքների մէջ է, ինչի արդիւնքում արեամբ ներկւած հայրենիքն օրէցօր մասնատւում եւ յանձնւում է թշնամուն:

Հայոց պետականութեան վերականգնման 30-ամեայ յոբելեանի սեմին կորսւած է Արցախի մեծագոյն հատւածը, անորոշ՝ մնացեալ փոքր հատւածի ու մի բուռ մնացած արցախահայութեան ճակատագիրը: ՀՀ սահմանները գրեթէ բաց են թշնամու առջեւ, միջպետական ճանապարհների մի հատւածը` յանձնւած, միւս հատւածը՝ յանձնւելու շեմին: Սահմանամերձ շրջաններում տիրում է ոչ թէ ապրելու եւ արարելու կամքն ու վճռականութիւնը, այլ թշնամու ստւերն ու սպանիչ անորոշութիւնը:

ՀՀ անկախութեան 30-րդ տարում թշնամին հայոց պետութեան տանիքի տակ սրտի ուզած պահին առեւանգում է հայ մարդկանց, եւ դա միմիայն այն պատճառով, որ հայոց պետութեան ղեկավարը հայրենիքի այդ կտորը դաւաճանաբար յայտարարել է ոչ հայապատկան:

Յոբելեանական այս օրը հայ ժողովուրդը դիմաւորում է թշնամանքի ու ատելութեան, լեւոնիզմի մոդեռնացւած տեսակի՝ նիկոլիզմի քայքայիչ ճիրաններում՝ արտաքին թշնամու դէմ միասնաբար հանդէս գալու փոխարէն խժռելով սեփական ներուժը, խամրեցնելով իր եւ սերունդների ապագան:

Անկախութեան 30-ամեակը ՀՀ-ում դիմաւորում են քանդւած պետական ինստիտուտների, գոմի կամ ախոռի վերածւած պետական հիմնարկութիւնների, ամէն օր բռնաբարւող օրէնքների ու մարդկանց իրաւունքների կոպտագոյն ոտնահարման մղձւանջային պայմաններում:

…Անկախութեան 30-ամեակը հայ ժողովրդի մտածող հատւածը դիմաւորում է ատամները սեղմած, վշտի, սարսափի մէջ, կոտրւած սրտով ու նեարդայնացած, տոտալ անորոշութեան մէջ լուռ մտորելով: Փոխարէնը՝ իշխանութիւնը զաւթած հակապետական ու հակազգային մի խմբաւորում այն դիմաւորում է գունագեղ հրապարակներում՝ սատանայական խորհրդանիշերով ու ճչոցներով, դիմաւորում է անասելի հարստացած, սակայն հոգով ու մտածողութեամբ, վարքուբարքով ու վարքագծով գաւառական նոյն ստրուկը մնացած, դիմաւորում է խրխինջով ու հորթային հրճւանքի մէջ՝ սպասողական հայեացքն ուղղած դէպի իրենց ծրագրերի ու երազանքների կնքահայր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

Yerkir.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։